Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՂԵՏԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

Հոկտեմբեր 31, 2014թ. 00:33

Երեկ «Հայաթ փլեյս» հյուրանոցում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ մասնագիտական քննարկում, որի ժամանակ նախատեսված էր քննարկել նաեւ Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր հետեւանքներն ու դրանց ազդեցությունը Ջերմուկի ու շրջակա միջավայրի վրա

Թվում է, թե միջոցառման կազմակերպիչների նպատակը բարի է, սակայն, ինչպես տեղեկացնում է «Էկոլուր» բնապահպանական ճակատի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆԸ, բարի նպատակներով կազմակերպված քննարկման անվան տակ շահագրգիռ կողմերը հավաքվել էին եւս մեկ հակաբնապահպանական ծրագրի առաջ կանաչ լույս վառելու մտադրությամբ:
Այդ մտադրությանը խոչընդոտելու նպատակով բնապահպանական կազմակերպությունը Ամուլսարի փրկության համար պայքարող մի շարք հասարակական նախաձեռնությունների հետ «Փրկենք Ամուլսարը» նշանաբանով բողոքի ակցիա էր կազմակերպել «Հայաթ փլեյսի» դիմաց։

Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանին, Ջերմուկ առողջարանային քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու իրավունքը Lydian International ընկերությանն է պատկանում, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրումներ են կատարում Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):

Դեռ 2011թ. Ջերմուկում ծրագրի քննարկումն ավարտվեց սկանդալով, եւ տեղի ակտիվիստների ու «Գեոթիմի» աշխատակիցների ընդհարմամբ: Երեք տարի անց Գնդեվազ գյուղում հանքի շահագործման մասին հասարակական լսումները աղմկահարույց պատմություն դարձան, գյուղի բնակիչները ծրագրի դեմ բողոքի մեծ ակցիա կազմակերպեցին ու տապալեցին քննարկումները: Ամուլսարի խնդրին 2011-2014թթ. ընթացքում նվիրված է եղել 3 գիտաժողով, 5 հանրային քննարկում, որոնց ընթացքում բացասական գնահատականներ են տրվել երկրաբանների, հիդրոերկրաբանների, տնտեսագետների, բուսաբանների, կենդանաբանների, իրավաբանների, բժիշկների ու կուրորտաբանների կողմից:

Ամուլսարի շահագործման հետեւանքով հնարավոր ռիսկերի մասին խոսելիս Ինգա Զարաֆյանը նշում է, որ նախեւառաջ այդ վայրում բաց հանքի շահագործումը կվնասի մեր երկրի ռազմավարական ջրային պաշարներին, քանի որ նախագծի ենթակառուցվածքը հիմնականում տեղակայված է Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաեւ Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սեւանա լճի ավազանի մեջ:
Փաստորեն այդ տարածքում հանքը կառուցելը «Սեւանա լճի մասին» օրենքի խախտում է: Հենց այդ պատճառով Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը դեռ 2012 թվականին բացասական եզրակացություն էր տվել Ամուլսարի հանքավայրի բաց շահագործման նախագծին:

Միջազգային կազմակերպությունների իրականացրած ուսումնասիրությունները եւ քարտեզները, որտեղ նշվել են կենսաբազմազանության կարեւորագույն եւ պահպանվող տարածքները, ապացույցն են այն բանի, որ Ամուլսարի շահագործմամբ վտանգի կենթարկվեն նաեւ բնապահպանական հատուկ տարածքներն ու Կարմիր գրքում ընդգրկված կենդանական տեսակներն ու բուսատեսակները:

Ամուլսարն ընդգրկված է որպես կարեւոր տարածք եւ միջանցք հայկական մուֆլոնների եւ բեզոարյան այծերի համար: Բացի դրանից, Ամուլսարի տարածքն ընդգրկված է կարեւորագույն թռչնաբանական տարածքների մեջ: Այնտեղ աճում է 18 ընտանիքի 38 տեսակի բույս, որից 26-ը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում, 2 տեսակը անհետացման եզրին է, 16-ը՝ վտանգված:
Անգամ եթե անտեսենք բնապահպանական վտանգները՝ Ամուլսարի հանքավայրի հակիրճ նկարագրությունից տեսանելի է, որ չնայած պաշարների մեջ հաստատված են միայն ու միայն ազնիվ մետաղները՝ ոսկին եւ արծաթը, այնուամենայնիվ այդ հանքավայրի հանքաքարերում հայտնաբերված են եւս 26 այլ հարակից տարրեր՝ ծանր մետաղներ ու թունահարույց տարրեր՝ մկնդեղ, բերիլիում, թալիում, սելեն, տելուր, սնդիկ, կադմիում, որոնք բոլորն էլ խիստ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար եւ կարող են տարատեսակ մուտացիաներ, թունավորումներ, սրտանոթային հիվանդություններ եւ քաղցկեղ առաջացնել:

Քանի որ հանքավայրը շահագործվելու է հսկայածավալ բաց հանքի եղանակով, որտեղ կատարվելու են զանգվածային պայթեցումներ, մթնոլորտ են շպրտվելու այդ թունավոր նյութերի պարունակությամբ փոշիներ, որոնք քամու միջոցով կտարածվեն դեպի Ջերմուկ, Սիսիանի շրջանի գյուղերն ու քաղաքները: Նստելով բույսերի, ջրի վրա, նաեւ տարրալուծվելով օդի մեջ՝ դրանք հեշտությամբ կհայտնվեն մարդկանց օրգանիզմում:

Պակաս վտանգավոր չեն լինելու ցիանիդների մնացորդները, որոնցով պետք է ոսկին ու արծաթը դուրս բերվի ապարներից՝ ցիանիդային մշակման միջոցով: Մասնագետների կանխատեսմամբ՝ հանքի շահագործման համար տրված 10 տարիների ընթացքում այդ թունավոր նյութերի արտանետման հետեւանքով ընդամենը մի քանի տարում Ջերմուկը եւ տարածքի մոտակա գյուղերը կվերածվեն մեռած գոտիների:

Ինգա Զարաֆյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հանքարդյունաբերական ընկերություններն ամբողջությամբ ազատված են պոչանքների, լցակույտերի եւ մակաբացման ապարների տեղադրման համար վճարներից, որոնք եթե հարկվեին նույնիսկ ամենացածր դրույքաչափերով, ապա ստացված գումարը շատ ավելին կլիներ, քան հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ներկայումս վճարվող տարեկան բոլոր հարկերն ու այլ վճարները միասին վերցված:

«Մեր Հայրենիքի շրջակա միջավայրն աղտոտելու եւ մարդկանց առողջությունը վտանգելու համար սահմանված են այնպիսի ցածր տուգանքներ եւ բնապահպանական վճարներ, որ աղտոտողին ավելի ձեռնտու է վճարել այդ չնչին գումարները, քան թե ներդնել նոր տեխնոլոգիաներ եւ մաքրման համակարգեր: Վերահսկողության գրեթե իսպառ բացակայության պայմաններում այդ ընկերությունները չեն պահպանում նույնիսկ այդ օրենքներն ու իրենց տված թույլտվություններում նշված պայմանները»,- ասում է ՀԿ-ի նախագահը:

Այն որ Ամուլսարն ամեն գնով փորձում են շահագործել՝ միջազգային կառույցների ու հայրենի կառավարության լուռ համաձայնությամբ, հասկանալի էր նաեւ երեկվա քննարկման կազմակերպիչ՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Ջերմուկի ծրագրի համակարգող ՏԻԳՐԱՆ ՕԳԱՆԵԶՈՎԻ խոսքից:

Թեեւ նա պարբերաբար պնդում էր, թե քննարկումներից հետո միայն քվեարկության արդյունքներով կորոշվի՝ Ամուլսարի շահագործումը հնարավոր ու թույլատրելի՞ է բնապահպանական առումով, թե՞ ոչ, բայց լրագրողների հետ զրույցի ընթացքում նաեւ չթաքցրեց այն ճշմարտությունը, թե իրենց արդեն իսկ հրահանգված է, որ հանքն ամեն գնով շահագործվելու է, եւ քննարկման ժամանակ փորձելու են շահագործման անվտանգ տարբերակներ գտնել։

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն