Լա՛վ, մենք չենք կարողանալու սթափվե՞լ, հե՞չ թասիբ չի մնացել մեջներս.Վլադիմիր Նազարյան
«Դուք աշխարհ տեսած, մեծ կենսափորձ ունեցող մարդ եք: Էս վիճակից դուրս գալու ելք տեսնո՞ւմ եք»:
Այս հարցը իմ շա՜տ սիրելի Վլադիմիր Նազարյանին ուղղել եմ դեռ 2000 թվին, երբ հերթական անգամ կառավարություն փոխվեց, երբ իշխանությունը զբաղված էր ուժերի վերադասավորման «լրջագույն» գործով, ժողովուրդն էլ, ինչպես Նարեկացին է ասել իր ժամանակին, «տարագրվում էր ու չէ՜ր տագնապում»:
«Ես ընդհանրապես լավատես մարդ եմ,-ասաց,-բայց տվյալ դեպքում չեմ կարողանում լավ բան տեսնել: Ուզում եմ ինձ համոզել, իբր, լավ կլինի, բայց չի ստացվում: Հորինե՛լ չի ստացվում: Բա մի պուճուր լույս, մի չնչին առաջխաղացում չլինի՞, որ դրա պոչից բռնես, էլի՛ հորինելով գնաս, հա՞: Էս իշխանություններն էլ մի արդարացում ունեն, հենց որ մեկին ապիկարության մեջ բռնացնում ես, պատասխանն արդեն ունի. «Քաղաքականությունը պոռնկություն է՝ Նապոլեոնն է ասել»: Է, հետո՞: Դա փրկություն է՞: Գիտե՞ք ինչի եմ նմանեցնում մեր էս վիճակը. ոնց որ ժողովուրդը տան հերը լինի, սրանք էլ՝ լկստված լակոտներ: Բայց ինչքա՞ն կարելի է ժողովրդին ախմախի տեղ դնել: …Չնայած, ճիշտը որ ասեմ, մի քիչ էլ բոշա ենք: Քոչելու էդ վարակը դարերի ընթացքում մեջներս սրսկեցին: Իրենք մեր հողի վրա նստակյաց դարձան, մեզ աստանդական սարքեցին:
Սա էլ մի ուրիշ ցավ է: Դրսում երկուսուկես անգամ ավելի շատ ենք, քան ներսում: Կան, չէ՞, հայեր, Լիբանանից եկել են Հայաստան, Հայաստանից գնացել Ամերիկա, Ամերիկայից՝ Կանադա, հիմա էլ Ավստրալիայում են: Էն փիս կկվի նման, որին անընդհատ թվում է, թե բունը հոտած է, իսկ հոտը իր վրայից է գալիս: Էդ տեսակն էլ կա մեջներս՝ չբավարարվող շրջագայողների տեսակը»:
«Մի պինդ տեսակ էլ կա,-փորձեցի հակաճառել:- Հրաչյա Ներսիսյան-Աթանեսի հոգեբանությունը ունի. «Ողջ աշխարհը թափառեցի, տո՜ւն վերադարձա»:
«Հա, իհարկե, էդ տեսակների վրա է երկիրը պահվում,-շարունակեց:-Բայց էսպես որ գնաց, վայ թե էդ տեսակի ողնաշարն էլ կոտրեն: Ժողովուրդն էսօր ռուբիկոնի առաջ է կանգնած, իսկ իշխանությունները քյանդրբազ են խաղում: Մեկը փահլևան է, մյուսը՝ յալանչի, թամաշա՜ են սարքել երկիրը: Լա՛վ, մենք չենք կարողանալու սթափվե՞լ: Հե՞չ թասիբ չի մնացել մեջներս»:
Գրում է` “Իրատես դե ֆակտո” շաբաթաթերթի փոխխմբագիր Լիլի Մարտոյանը իր ֆեյսբուքյան էջում












