Հայեր, արտագաղթելու փոխարեն եկե’ք Քաշաթաղ, շրջանը սպասում է տարբեր մասնագետների
Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը շարունակվում է: Ավելին՝ վերջին տարիներին այն, կարելի է ասել, նոր փուլ է մտել: Վերաբնակիչներին տրվող հասանելիք արտոնություններից բացի, շրջվարչակազմի աշխատակազմը լուծում է նաև վերաբնակչի զբաղվածության հարցը:
Նոյեմբերի 1-ին «Հայք» տեղեկատվական կենտրոնում կայացավ քննարկում` “Քաշաթաղ, վերաբնակեցում, ԵՏՄ շուկայի օգտագործման հնարավորություններ” թեմայով: Քննարկմանը ներկա էին Քաշաթաղի վարչակազմի ներկայացուցիչները` վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, սոցապ վարչության պետ Վարդան Բաղդասարյանը, <<Մերան>> թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
Արցախի ազատագրումից ի վեր վերաբնակեցումը դարձել է առաջնային նպատակներից մեկը: Ավելի քանի 200 տարի գերության մեջ գտնված Քաշաթաղն այսօր արդեն իր դռներն է բացում հայորդիների առջև: Արցախի կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ Քաշաթաղում սկսվել է նոր կյանք՝ բավականին դրական միտումներով:
Քաշաթաղի շրջանի սոցապ վարչության պետ Վարդան Բաղդասարյանն այս առումով առանձնանում է «ծնելության և բազմազավակության խթանման մասին» 2009 թ. ստորագրված փաթեթը:
Հաշվի առնելով, որ այս ամենին զուգահեռ պետությունը վերաբնակիչներին հատկացնում է նաև բնակարան, ընձեռում աշխատանքի լայն հնարավորություններ, արդեն իսկ խոսում է ծնելության և հայրենադարձության աճի իրատեսական հեռանկերների մասին:
Իհարկե, հաշվի առնելով բարենպաստ պայմանները, վերաբնակեցումը բավականին պասիվ բնույթ է կրում: 2010 թվականից բնակչության թիվն ավելացել է 3000-ով: Շատ ավելի լավ կլիներ, եթե 3 հազարի փոխարեն, թիվն աճեր 30.000-ով, նկատեց «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:
Եվ իսկապես՝ արտերկրում աշխատանք փնտրելու փոխարեն, երիտասարդները կարող են աշխատանք գտնել հայրենի հողում և բավականին արտոնյալ պայմաններով: Այդ դեպքում, որն է խնդիրը, որ վերաբնակեցումը այդքան դանդաղ տեմպերով է առաջ գնում: Անտեղյակությունը, պարզաբանեց Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը. <Մեր հասարակությունը ապատեղեկացված է շրջանի իրական վիճակի մասին: Անցյալում են մնացել էլեկտրաէներգիայի, կապի, տրանսպորտի հետ կապված խնդիրները: ԼՂՀ-ի կառավարության` վերաբնակեցման մասին որոշումը բավականին շատ առավելություններ է սահմանում վերաբնակեցվող ընտանիքների համար. ցածր տոկոսադրույքներով վարկեր, առանձնաշենք, շինարարական նյութեր: Սակայն հաշվի առնելով այդ առավելությունները, իմ կարծիքով, վերաբնակեցման տեմպերը բավականին ցածր են», – նշեց Ռոբերտ Մաթեւոսյանը:
<<Պատճառը հիմնականում տեղեկացվածության ցածր մակարդակն է: Մարդիկ հաճախ ինձ զանգահարում եւ հարցնում են՝ ձեր մոտ արդյոք կրակո՞ւմ են, թե՞ ոչ: Այսինքն մարդիկ վախենում են, որ սա սահամանամերձ շրջան է: Սակայն ես բացատրում եմ, որ Հայաստանի Արարատի մարզը շատ ավելի մոտ է սահմանին, քան Քաշաթաղի շրջանը»:
Ռոբերտ Մաթեւոսյանը նաեւ հավելեց, որ շուտով Բերձորում (Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն՝ խմբ.) նոր հիվանդանոց կկառուցվի: «Եվ մենք մասնագետների կարիք կունենանք», – ընդգծեց նա:
Զարգացող Քաշաթաղն այսօր տարբեր մասնագետների կարիք ունի` բժիշկների, ուսուցիչների, հողագործների, շինարարների, գյուղատնտեսների, անասնապահների և այլոց: Արցախի Հանրապետության իշխանությունը շրջանում հաստատվողներին տալիս է բազմաթիվ արտոնություններ, ապահովում բնակարանով:
Շարունակելով վերաբնակեցման թեման վերաբնակեցման վարչության պետը նկատեց, թե ԼՂՀ Քաշաթաղի շրջանում սիրիահայ 28 ընտանիք է ապրում՝ նրանք հիմնականում բնակվնում են Կովսականում եւ Իշխանաձորում, Բերձորում (Լաչին): «Իշխանաձորում եւ Կովսականում նրանք հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Պետությունը նրանց գյուղատնտեսական արտոնյալ վարկեր է տրամադրել: Կան սիրիահայ ընտանիքներ, որոնք անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի Սիրիայի հետագա կարգավիճակը, կմնան Քաշաթաղում. նրանք արդեն իսկական քաշաթաղցիներ են դարձել»- ոգևորությամբ ընդգծեց Ռոբերտ Մաթեւոսյանը:
Ռոբերտ Մաթեւոսյանը նաև ընդգծեց, թե ԼՂՀ Քաշաթաղի շրջանը գտնվում է Հայաստանի հետ նույն տնտեսական գոտում եւ անպայմանորեն անհրաժեշտ չափով կօգտվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցումից և Հայաստանի միջոցով նոր շուկա դուրս կգա:
Քաշաթաղի գյուղատնտեսական արտադրանքը Հայաստան հասցնելուն միտված մի քայլ է հոկտեմբերի 31-ին Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության հետ հուշագրի ստորագրումը: «Այդ շրջանի գյուղատնտեսական ապրանքների շուկայում տեղ է հատկացվելու ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի ապրանքների համար, այսիքն` մեր ապրանքները Հայաստանի շուկա կմտնեն և դրա համար պետք է լուծել միայն տեխնիկական հարցեր: Իսկ հայկական շուկայից ԵՏՄ շուկա մեր ապրանքների արտահանման համար նույնպես անհրաժեշտ է տեխնիկական հարցերի լուծում», – ընդգծել է Ռոբերտ Մաթեւոսյանը:
Իր հերթին մյուս բանախոսը` ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն ընդգծեց, թե ԼՂՀ-ն կարող է ԵՏՄ երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերք արտահանել: «Մենք կարող ենք արտահանել մեղր, բանջարեղեն»: Նա նաև հավելեց` ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բրենդը մեղրն է:
Այսպիսով՝ Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետը բոլորին մեծ սիրով հրավիրում է Քաշաթաղ՝ ապրելու և միասին շենացնելու Արցախի ազատագրված տարածքները:












