Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Շփման գծում հայկական զինուժը չի կանգնի մեկ դեպքում, եթե Ադրբեջանի զինուժը հետ քաշվի Քուռից աջ

Նոյեմբեր 5, 2014թ. 23:01

Հարցազրույց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ

-Մինչ համախագահները դրական գնահատեցին փարիզյան համադիպումը, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքըն էլ գրեց, թե ոգևորված է` երկու երկրների նախագահները հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև առկա թշնամանքը պետք է իր տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին: Սակայն այս ոգևորության վրա սառը ջուր լցրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարարելով, թե կողմերի միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորվի, եթե ՙադրբեջանական տարածքներում՚ հայկական զինուժ չլինի, և միայն այդ դեպքում դիպուկահարները շփման գծից հետ կքաշվեն:

-Ի՞նչ է նշանակում վստահության մթնոլորտ կձեւավորվի, եթե ադբեջանական տարածում հայկական զորքեր չլինեն. Մահմեդյարովի այս խոսքը կարելի է այսպես հասկանալ, եթե ԼՂՀ-ում հայեր չլինեն, ապա Ադրբեջանը Հայաստանի հետ որևէ խնդիր չի ունենա: Ծիծաղելի է: Գուցե հարկ է Ադրբեջանի ԱԳ նախարարին հիշեցնել, որ հայկական զինուժն այս տարածքներ չի ներխուժել, և գտնվելով այստեղ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործունեություն: Վերջապես ժամանակն է, որ այս մասին մենք բարձրաձայնենք ամենատարբեր ու ամենաբարձր մակարդակներով: Այո, հայկական զինուժը կանգնած է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանին որպեսզի թույլ չտա, որ ԼՂՀ-ում կրկնվի 1915թվականի ցեղասպանությունը: Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ 100 տարի անց հայության մեկ հատվածը ևս ենթարկվի ցեղասպանության: Հիշեցնեմ նաև. 1991-ի մայիս-հունիս ամիսներին ադրբեջանցիները 24 հայկական բնակավայրեր դատարկեցին, հայ բնակիչներին սպանեցին ու խոշտանգեցին ամենաանմարդկային ձևով, իսկ ողջ մնացածներին բեռնատար մեքենաներով տեղափոխեցին Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջան ու, բառիս բուն իմաստով, շպրտելով անմարդաբնակ տարածքներում՝ հեռացան: Թույլ տանք, որ այսօր էլ նույնը կրկնվի՞: Որպեսզի շփման գծում հայկական զինուժը չկանգնի, ուրեմն Ադրբեջանի զինուժը պետք է հետ քաշվի մինչև Քուռից աջ կողմը:

Անդրադառնալով բանակցություններին, դրանց իմաստը, ըստ իս, բացահայտվեց օրերս, երբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարարի հետ համատեղ ասուլիսում հիմնավորապես անդրադարձավ ինքնորոշման իրավունքին, որպես միջազգային վեճերի լուծման ամենաարդյունավետ եղանակի, ու նշեց, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում տարբեր կոնֆլիկտների առաջացման, հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման մերժումն է ստեղծում պարարտ հող՝ հակամարտությունների համար: Եվ հիշեցրեց, որ ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ անդամ երկրների թիվը 51 էր, իսկ այսօր այդ թիվը գրեթե քառապատկվել է՝ ՄԱԿ-ին անդամակցում են 193 պետություններ, որոնք ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունք են:

Մինչ Հայաստանն ու համանախագահները ազգերի իմքնորոշման իրավունքը համարում են ունիվերսալ իրավունք, Ադրբեջանը շարունակում է պնդել, թե ազգերի ինքնորոշման իրավունքը ենթակա է տարածքային ամբողջականությանը: Ահա, ես կարծում եմ, որ բանակցությունների գործընթացի ներկայիս ՙփորձաքարը՚ կամ հիմնական խոչընդոտը ազգերի ինքնորոշման իրավունքի հարցում առկա տարբեր մեկնաբանություններն են: Ադրբեջանը խեղաթյուրելով միջազգային իրավունքի նորմը, փորձում է ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասել տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, Ադրբեջանը որևէ հիմք չունի ԼՂՀ-ն համարել իր տարածքի մաս, որովհետև խորհրդային սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավարություն եղել է ոչ թե Ադրբեջան պետության մասը, այլ եղել է Խորհրդային միության պետական կազմավորում՝ իր պետական ինստիտուտներով, խորհրդային միության կենտրոնական իշխանության մեջ իր ներկայացվածությամբ: Այսինքն, Ադրբեջանը իրավունք չունի պնդելու, թե իր տարածքի մի մասը անկախացել է, որին ինքը դեմ է: Իսկ թե հիմա ի՞նչ է ասում Մահմեդյարովը, ի՞նչ է ասում Ուորլիքը, որը վերջին շրջանում կրկնում է իր նախորդներից մեկի՝ էքստրավագանտ Բրայզայի մոտեցումները, թե խաղաղության պատուհանը բաց է, ուրորէ կողմերը կգան համաձայնության, էական չէ: Ես չեմ կարծում, որ նման հայտարությունները որևէ կերպ ամրապնդում են բանակցային գործընթացը:

– Փարիզում խոսք գնաց համապարփակ խաղաղության համաձայնագրի մասին, մասնավորաբար, Ֆրանսուա Օլանդը հնչեցրեց այդ ուղղությամբ աշխատանք սկսելու առաջարկը, ինչին իր պատրաստակամությունն է հայտնում Ադրբեջանը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Նախ ասեմ, որ համապարփակ խաղաղության համաձայնագիրը շրջանառության մեջ է դրվել 2011-ի Կազանի ձախողված հանդիպումից հետո: Արդեն մի քանի տարի է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը այսօր ևեթ պատրաստ է աշխատանքներ սկսել խաղաղության մեծ պայմանագրի մշակման գործում: Միջնորդները հաշվի առնելով բանակցային գործընթացի նախորդ փուլերի բանավոր, գուցեև ջենտլմենական պայմանավորվածությունների վրա ձեռքբերված համաձայնությունները, մշակել են որոշակի սկզբունքներ, որոնք պետք է դառնան համապարփակ խաղաղության համաձայնագրի հիմքը:Մինչդեռ, եթե այս պահի դրությամբ չկան համաձայնեցված սկզբունքներ, ապա ինչի՞ վրա պետք է կառուցվի խաղաղության մեծ համաձայնագիրը: Բանն այն է, որ համանախագահները փորձում են իրենց գործն անել, այն է՝ պահպանել փխրուն խաղաղությունը: Նրանք պարզապես արտահայտում են իրենց ցանկությունները, որ ժամանակն է առճակատումից անցնել երկխոսության, թշնամանքի քարոզչությունը փոխարինել վստահության մթնոլորտի ձևավորմամբ, ժամանակն է, որ կողմերը սկսեն սկզբունքային բանակցային գործընթաց: Մինչդեռ համանախագահների նման ցանկություններին Ադրբեջանն արձագանքում է յուրովի. ասում են՝ ՙայո…բայց՚, ասում են, ՙպատրաստ եք՝ սակայն…՚: Այսպես չի լինում:

-Ի դեպ, խաղաղության համաձայնագրին զուգահեռ խոսվում է նաև ՙճանապարհային քարտեզ՚-ի մասին:

-Եթե Ադրբեջանը համառորն մերժում ու չի ընդունում ԼՂՀ ինքնորոշման փաստը, համառորեն մերժում է երկխոսությունը ԼՂՀ -ի օրինավոր ընտրված իշխանության հետ, ապա որևէ ՙճանապարհային քարտեզի՚ կամ ՙճանապարհային ուղեցույցների՚ մասին խոսակցություններն ավելորդ են: Արցախում այդպես ենք ընկալում:

Ի դեպ, այսպես կոչված՝ ՙՄինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնությունը՚, որում ընդգրկված են հայաստանյան և ադրբեջանական կառույցների ներկայացուցիչներ, հայատրարություն են տարածել, թե ստեղծված ստատուս քվոն չի կարող շարունակվել, թե սատարում են խաղաղության համաձայնագրի իրագործման ընթացքում միջազգային ուժերի օգտագործման գաղափարին…

-Միանգամից ասեմ՝ լուրջ նշանակություն մի տվեք դրան: Այդ քաղաքացիական նախաձեռնությունում ընդգրկված է Հայաստանից Դավիթ Շահնազարյանը, իսկ որտեղ նա է, այդտեղ է նաև ադրբեջանցի Էլդար Նամազովը, ով Ադրբեջանի նախագահի օգնական և քարտուղարության ղեկավարն էր 1993-99թվականներին: Կրկնում եմ, սրան լուրջ մի վերաբերվեք, ոչ էլ պետք է անհանգստանալ, պարզապես սպասեք՝ մոտ օրերս Բաքվում կձերբակալվի Էլդար Նամազովը, նա ևս կհայտնվի Լեյլա Յունուսովայի կողքին: Այլ մեկնաբանություններ չունեմ:

-Վերջին շրջանում հաճախացել են Հայաստանի ու Արցախի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումները: Քննակումների շարքում շեշտվում է նաև ԼՂՀ միջազգային ճանաչման կարևորությունը:Նոր գործընթացներ սպասվում ե՞ն այս առումով:

– Հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը ընդունված գործընթաց է: Արտակարգ որևէ բան չկա: Նոյեմբերի 7-ին Երևանում կայանալու է Արցախ- Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, իսկ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկեցինք օրակարգային հարցեր:
Ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, ես չեմ ուզում որևէ բան այսօր կանխորոշել, բայց ԼՂՀ-ն ու Հայաստանի դիվանագիտական կորպուսը, սփյուռքի կառույցների հետ միասին այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացնում: Իսկ դա նշանակում է՝ ճանաչումների շղթան շարունակվելու է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն