Գլխավոր » NKR, Թուրքիա, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ԹՈՒՐՔԻԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆՎՈՂԻ ԴԵՐՈՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ

Նոյեմբեր 6, 2014թ. 00:06

Միայն վերջին օրերի ընթացքում Թուրքիայից ստացվող լրահոսը բավական է պատկերացնելու քաղաքական տեխնոլոգիաների այն ճոխ «բազմազանությունը», որ փորձարկվում է այդ երկրի կողմից 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ։

Դրանց ընդհանուր ուղղվածությունը ակնհայտ դարձավ նախագահ Ռ.Էրդողանի փարիզյան վերջին այցի ընթացքում արված հայտարարություններից ու մեսիջներից։ Թուրքիան ցանկանում է, որ ֆրանսիական կողմը 2015-ին ընդառաջ «չմիջամտելու» կեցվածք որդեգրի, որովհետեւ զգուշանում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի ընդունումից։ Սա, այսպես ասած, «պաշտպանության սահմանագիծն» է, որի ամրացման համար պաշտոնական Անկարան միջոցների խտրականություն չի դնելու։

Թուրքիան մինչեւ 2015 թվականի ապրիլ 24-ը որդեգրելու է միայն ու միայն պաշտպանական մարտավարություն։ Դրան են ծառայելու հակահարձակման բոլոր մեծ ու փոքր փորձերը եւ դրանց ընթացքում կիրառվող հնարքները։

Դրանցից մեկը՝ Էթյեն Մահչուփյանի նշանակումը, թուրքական չափանիշներով ոչ երկրորդական պաշտոնում, կոչված է նոր իմպուլս հաղորդելու սկիզբ առած լայնածավալ նախապատրաստական աշխատանքներին, որոնց մեջ միմյանց են զուգորդվում 2015-ին սպասվող քաղաքական դիսկուրսը իր բուն նպատակից շեղելու եւ Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսումից խուսափելու բոլոր հնարավոր տարբերակները։

Դատելով վերջինիս հարցազրույցներից` թուրքական կողմն առաջիկայում պատրաստվում է Հայաստանի դեմ շրջել նույնիսկ Թուրքիայի նախագահին ներկայացված՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Երեւան այցելելու հրավերը։ Այդ նպատակով շուտով կսկսեն շրջանառվել որոշակի «նախապայմաններ», որոնց կատարման դեպքում Ռ. Էրդողանը իբր կայցելի Երեւան, եւ փորձ կարվի դրանց շուրջ «բազար» սկսել։

Այնուհետ, ելնելով դրա միանգամայն կանխատեսելի արդյունքներից, կհայտարարվի, որ Թուրքիայի նախագահը «երազում էր» այցելել Հայաստան ու «համատեղ վշտակցել», բայց հայերը, ինչպես միշտ, խախտեցին «պայմանավորվածությունները»։

Կարծում ենք, ցանկացած փորձ Ռ.Էրդողանի հնարավոր այցի շուրջ «քաղաքական կոնսուլտացիաներ» սկսելու ուղղությամբ պետք է իր սկզբնավորման պահից մերժվի Հայաստանի կողմից։ Իրեն «նոր սուլթան» համարող Ռ. Էրդողանը չի պատրաստվում կատարել այն քայլը, որը նրանից սպասում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Բայց միեւնույն ժամանակ՝ նա չի պատրաստվում նաեւ շեմից մերժել իրեն ուղղված հրավերը, ինչը չի ընկալի քաղաքակիրթ աշխարհը։

Պատահական չէ, որ ըստ «CNN-Turk»-ի հաղորդման՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն էլ իր հերթին Հայաստանի նախագահին է հրավիրել Թուրքիա ապրիլին նախատեսվող իր նիստին մասնակցելու համար։ Սա այն պատասխան քայլերի մի մասն է, որոնք կոչված են ցույց տալու, որ թուրքական ընդդիմությունը «դժգոհ է» իր հրավերի մերժման առիթով, ուստի պահանջում է իշխանություններից որպես պատասխան մերժել Հայաստան այցելելու առաջարկը։

Զուգահեռաբար գործի են դրվում նաեւ բոլոր հնարավոր քայլերը 2015-ի նախօրեին Արեւմուտքում հայ-թուրքական «եղբայրության» պատրանք ստեղծելու համար։ Դրանք այնքան շատ են, որ կարիք չկա մեկ առ մեկ թվարկել, բայց մի բան ակնհայտ է արդեն այսօր՝ թուրքական կողմը 2015-ին պատրաստ է ցանկացած քայլի՝ միայն թե հնարավոր լինի շրջանցել այն քայլը, որը նրանից սպասում է մարդկությունը։

Հենց սա է այն իրական «ախտորոշումը», որը հարկավոր է ամեն պահ հիշեցնել ոչ միայն Թուրքիայի ղեկավարությանը, այլեւ ողջ աշխարհին։ Իսկ դա նշանակում է, որ 2015-ին ընդառաջ պաշտոնական Անկարայի կողմից ձեռնարկվելիք քայլ պետք է գնահատվի միայն ու միայն այս դիտանկյունով։ Հակառակ պարագայում ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը կարող է ապակողմնորոշվել տեղի ունեցող «եղբայրության հրավառությունից»։

Ուստի չպետք է զարմանալ, որ թուրքական «Posta Gazetesi»-ի ում հայտնվում է մի հարցազրույց, ուր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը իբր հայտարարում է, թե իր մայրը թուրք է, որից հետո ստիպված հերքումով հանդես է գալիս մեր արտգործնախարարությունը։ Նույն աղբյուրում հայտնված՝ Ազնավուրին թուրքական մրցանակով պարգեւատրելու լուրը նույնպես ծանոթ հնարք է։

Բայց սրանք դեռ «ծաղիկներն» են, որոնց միջոցով թուրքական քարոզչամեքենան պատրաստվում է հասունացնել «պտուղները»։ Առաջիկայում պետք է սպասել նաեւ Թուրքիայի հայ համայնքի համար նախատեսված որոշակի «առանձնաշնորհումներ», որոնք կոչված են լինելու ցույց տալ նրա հանդեպ գոյություն ունեցող «հոգատար վերաբերմունքը»։
Շուտով իրենց «բաժինը» կստանան նաեւ մեր պատմաբանները, որոնց կսկսեն հրավիրել Թուրքիայում նախատեսվող մեծաթիվ քննարկումներին ու գիտաժողովներին։ Դրանց նպատակը նույնպես պարզ է ի սկզբանե, քանի որ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծման ձախողված փորձը մեր աչքերի առաջ է։

Միաժամանակ թուրքական քաղաքական բեմահարթակում առաջիկայում սպասվում է հայկական ու քրդական հարցերի «փոխատեղումը», քանզի Թուրքիայում քրդերի ներկայիս դիրքերն ու հնարավորությունները համեմատության եզր չունեն հայ համայնքի կշռի ու հեղինակության հետ։ Ուստի թուրքական փորձագետները մինչեւ 2015 թվականը նախապատրաստելու են նման «փոխատեղման ռազմավարության» ուրվագծերը, ինչը նպատակ է ունենալու հայկական հարցի «լուծման» պատրանք ստեղծելու միջոցով շրջափակել քրդական պահանջները։

Դատելով ամենից, մինչեւ 2015-ի ապրիլի 24-ը թուրքական կողմը պաշտպանվողի դերում է լինելու, որից հետո միայն կսկսվի ակտիվ հարձակումը հայ-քրդական նոր հակակշիռների ստեղծման նպատակով։ Այնպես որ հայ դիվանագիտությունն ու Սփյուռքը 2015-ի ապրիլի 24-ի հետ կապված որեւէ պատրանք չպետք է ունենան, իսկ դրանից հետո հնարավոր են մեծ ու փոքր «սյուրպրիզներ»։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել NKR, Թուրքիա, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն