Հայ-թուրքական երկխոսությամբ տարվածները ջուր են լցնում թուրքական ջրաղացին
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ
–2015-ի նախօրեին Թուրքիան գործի է դրել բոլոր հնարքները հայ-թուրքական “բարեկամության” պատրանք ստեղծելու համար, ինչի մասին է վկայում նաև Ֆրանսիա այցելած Էրդողանի ելույթը, ուր նշվում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենց ՙբարի մտադրությունները՚ մնում են անպատասխան: Եթե Էրդողանը իրեն ցանկացած կեղծիք կարող է թույլ տալ, ապա հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այդ սուտը ընկալվում Արևմուտքում:
-Արևմուտքը կարող է նաև աչք փակել նման հայտարությունների վրա, քանի որ դրանք ակնհայտորեն տեղավորվում են տեղեկատվական պատերազմի տրամաբանության մեջ: Փաստն այն է, որ 2015-ին ընդառաջ Թուրքիան փորձում է նախահարձակ քայլերի դիմել, պատրանքներ ստեղծել, թե հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր է անում: Եվ այս ամենում կա հստակ նպատակադրում. Թուրքիան նման հայտարություններով ուզում է ուշադրությունը շեղել բուն խնդրից՝ Հայոց ցեղասպանության հատուցման հարցի բարձրացումից, ու նաև հնարավորինս նվազեցնել 2015-ին ընդառաջ թուրքական պետության համար սպասվող անցանկալի հետևանքները:
-Էրդողանը դարձյալ հնչեցրեց թուրքական ավանդական առաջարկը՝ «հարցը չքաղաքականացնել ու թողնել պատմաբաններին», խոսեց նաև թուրքական արխիվների մասին:
-Նրա նպատակն է հարցը տեղափոխել՝ ցեղասպանություն եղել է, չի եղել հարթության մեջ ու դրանով խնդիրը շեղել ճիշտ ուղուց: Պատմաբանները այս ու նման հարցերի պատասխանները շատ վաղուց են տվել: Կատարված ու կատարվող պատմագիտական հետազոտությունները, տարբեր երկրների արխիվների, բազմաթիվ վավերագրերի ուսումնասիրությունն ընդամենը լրացնում է թուրքական պետության կողմից կազմակերպված հանցագործության որոշակի դրվագներ: Բայց էական իմաստով ոչինչ չի կարող փոխել. բոլորը վկայում են նույնի՝ կատարված հանցագործության փաստի մասին: Հետևաբար, այն ինչի մասին հայտարարում է Էրդողանը հերթական փորձ է վերադառնալու պատմաբանների հանձնաժողով ստեղծելու չարաբաստիկ դրույթին, ինչը մեզ համար խիստ անթույլատրելի է, անընդունելի:
Իսկ թուրքական արխիվները բացելու կարիք չկա, որովհետև այդ արխիվներում, իմ խորին համոզմամբ, այլևս ոչինչ չի մնացել: Մենք տվյալներ ունենք, որ թուրքերն առնվազն երեք անգամ մաքրազերծել են այդ արխիվները, այսինքն, հանվել է ամբողջ նյութը, որը կարող էր այս կամ այն չափով լույս սփռել Օսմանյան կայսրության, հետագայում նաև թուրքական հանրապետության առաջին տարիներին Արևմտյան Հայաստանի հայ բնակչության հետ կատարվածի վրա:
Հետևաբար, մենք՝ արխիվներ բացելու, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական այս ծեծված հարցադրումներին պետք է հակադարձենք ընդամենը մեկ փաստարկով. 1919-ին Թուրքիայի ռազմական դատարանի կողմից իրականացված դատավարության նյութերը լիուլի բավարար են, որ մենք հստակ հայտարարենք՝ թուրքական փաստաղթղթերը ապացուցում են, որ հայոց ցեղասպանությունն իրողություն է: Այնպես, որ Էրդողանի ասածները ծեծված վարկածներ են, որոնք անդադար, տարիներ շարունակ պտտում են թուրքերը, ըստ էության նոր բան չասելով:
-Չե՞ք կարծում, որ եկել է հայերիս՝ նոր բան ասելու ժամանակը, իսկ դա այն է, որ խնդիրը պետք է տեղափոխի իրավական հարթություն, դրանով հստակ փաստելով՝ հայ ժողովրդի դեմ կատարվել է հանցագործություն, իսկ հանցագործին պատժում են դատարանում: Ուրեմն, Հայոց ցեղասպանության փաստով ոչ թե պետք է զբաղվեն պատմաբանները, այլ իրավաբանները:
-Միանաշանակորեն համաձայն եմ դիտարկման հետ, քանի որ խնդիրը դադարել է պատմական լինելուց: Գործ ունենք միջազգային հանցագործության հետ, որովհետև ցեղասպանությունը, ըստ միջազգային իրավունքի, ծանր հանցագործություն է ու դրա իրականացումը նախատեսում է պատասխանատվություն: Ուրեմն՝ 100-րդ տարելիցին ընդառաջ մեր անելիքը պետք է լինի իրավական հիմքերի նախապատրաստումն ու շրջանառումը: Հայկական պետությանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամի ու 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված ՙՑեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին կոնվենցիայի՚ անդամ-պետություն պետք է համապատասախան հայցով դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան և պատասխանատվության կանչի Թուրքիայի Հանրապետությանը որպես նույն Կոնվեցիայի մասնակից, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և դրանով շարունակում իր իրավանախորդի՝ Օսմանյան կայսրության կատարած հանցագործությունը հայերի նկատմամբ:
Թուրք գործիչների նման հայտարարություններին, անշուշտ, արժանի պատասխաններ պետք է տրվեն, բայց մեծագույն սխալ կլինի, եթե 2015-ին՝ այդ նշանավոր տարելիցին ընդառաջ մենք տարվենք կամ բավարավենք միայն նման հարցուպատասխաններով:Մենք պետք է խոսքից անցնենք գործի: 100 տարի մենք բավարարվել ենք ընդամենը ճանաչմամբ, իսկ 100-րդ տարելիցը պետք է նշանավորվի բեկումով: Իսկ դա իրավական հայցի նախապատրաստումն է ու քաղաքական բարենպաստ մթնոլորտի ստեղծումը, որը հնարավորություն կտա ապահովել դատարանի օբյեկտիվ, անաչառ որոշման կայացումը: Պետք է ակտիվորեն աշխատեն մեր դիվանագետները, լոբբիստները, որպեսզի հզոր պետությունները ճնշում չգործադրեն միջազգային դատարանի վրա, երբ Հայաստանը Հայոց ցեղասպանության գործով հայցադիմում կներկայացնի այդ դատարան:
-Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ՙՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող՚ նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, 40-ից ավելի պատգամավորներ արդեն ստորագրել են այն, իսկ Բուայեն հույս է հայտնել, որ օրինագիծը կհայտնվի օրակարգում ու հիշեցրել Ֆրանսիայի նախագահի՝ հայերին տրված խոստումը: Ի՞նչ ճակատագիր է այս անգամ սպասվում օրինագծին:
-Սա կարևոր նախաձեռնություն է: Կարծում եմ, այս անգամ մեր դիվանագիտական ներկայացուցչությունը շատ ավելի ակտիվ ու հետևողականորեն պետք է պաշտպանի այն, և ի ցույց դնի, որ հայկական պետությունը նույնպես սատարում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի առաջարկը: Խնդիրը չպետք է թողնել միայն Ֆրանսիայի հայ համայնքի ուսերին: Հաշվի առնելով, որ կա Փերինչեքի գործի նախադեպը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որով բեկանվեց շվեյցարական դատարանի նրան դատապարտելու որոշումը, Հայաստանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետք է խնդրին տա ավելի գլոբալ լուծում, այն միայն Ֆրանսիա պետության ներքին խնդիրը չէ: Եթե մենք կարողանանք անել այդ անհրաժեշտ քայլերը, ապա կարող ենք նաև որոշակի հաջողություն ունենալ: Չնայած անցած անգամ էլ կային հույսեր, Ֆրանսիայի նախորդ նախագահը՝ Սարկոզին ևս նույնպիսի խոստումներն տվեց Երևանում, սակայն հետո տեսանք, թե ինչ եղավ, սահմանադրական խորհուրդը այդ ջանքերը ջուրը լցրեց: Հետևաբար, դժվար է լիովին վստահ լինել, որ Օլանդը ևս չի փորձի կրկնել իր նախորդի վարքագիծը: Մեծ տերություններն առաջնորդվում են իրենց շահերով ու մեր ողբերգությունը դարձրել են իրենց լծակը, որով փորձում են ներազդել Թուրքիայի վրա՝ նրա հետ իրենց հարաբերությունները կարգավորելիս: Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ինքներս չենք ստեղծում Հայոց ցեղասպանության հատուցման գործընթացի օրակարգը, քանի դեռ այն ստեղծվում է այլ մայրաքաղաքներում:
-Հայաստանյան տարբեր հասարակական կառույցներ լծվել են հայ-թուրքական երկխոսության կայացմանը, տեղից վեր կեցողը որոշել է երկխոսել, ինչը, պարզվում է, փող արժե. 2 միլիոն եվրոն հունվարից փոխանցվել է ու գրանտներով ոգևորվածները դարձել են մասնակիցը թուրքիական քարոզչության իրականացման: Միաժամանակ ակտիվացել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ջանքերը ուղղված հայ-թուրքական չեղած հարաբերությունների խթանմանը: Ի՞նչ է կատարվում ներսում ու դրսում:
-Նախ նման տխրչահռչակ երկխոսության փաստի հետ արդեն առնչվել ենք. 2001-2003-ին ԱՄՆ պետքարտուղարության հովանու ներքո ղեկավարվող հայ -թուրքական տխրահռչակ հանձնաժողովը մոտ երկու տարի աշխատեց ու մենք համոզվեցինք, որ այդ տարիներին վիժեցվում էին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման բանաձևերը, քանի որ բոլորը հղում էին կատարում այդ հանձնաժողովին, ասելով՝ չխանգարենք երկխոսությանը: Նույն դերն ունեցան նաև արձանագությունները: Այսօր ևս, ցանկացած նման երկխոսություն մեկ նպատակ ունի՝ հարցը շեղել բուն ուղղուց և դարձյալ տպավորություն ստեղծել, թե կա երկխոսության գործընթաց: Թուրքերի միակ ցանկությունն է իմիտացիա ստեղծել, որ թուրքերի ու հայրեի միջև ինչ-որ գործընթաց է գնում և դա ներկայացնել արտաքին աշխարհին: Եվ ուրեմն, բոլոր նրանք, ովքեր լծված են երկխոսության գործընթացին անուղղակիրորեն ջուր են լցնում թուրքական ջրաղացին:
Այս ամենը հնարավոր է կանխել, չեզոքացնել միայն հետևյալ կերպ. Հայաստանը պետք է նախաձեռնի և պաշտոնապես հայտարարի, որ սփյուռքի հետ միասին ձեռնամուխ է լինում իրավական գործընթացին: Վստահ եմ, դրանից հետո բոլոր հկ-ները, գրանտներով սնվողները, գրանտ տվողները կհասկանան, որ իրենց քայլերն այլևս անիմաստ են, ու ֆինասավորումը միանգամից կդադարի: Բայց քանի դեռ չկա հստակ ձևակերպված պաշտոնական դիրքորոշում ու չկա օրակարգ, այդպիսիք պղտոր ջրում ձուկ են որսալու: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, ասեմ, որ այդ երկրներում կան որոշակի կարծրատիպեր, նրանք դեռ շարունակում են իրենց իներցիոն քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, այսինքն, Թուրքիան համարելով իրենց դաշնակից երկիր, իսկ Հայոց ցեղասպանության խնդիրը դիտելով որպես սպառնալիք իրենց դաշնակցին՝ շարունակում են սատարել նրան: Հետևաբար, մեր դիվանագիտական ջանքերը պետք է ուղղվեն այս կարծրատիպի, միֆի չեզոքացմանը: Մենք պետք է ցույց տանք, որ Թուրքիան նախկինը չէ, ինչպիսին էր ԽՍՀՄ գոյության տարիներին, Թուրքիան այսօր մի պետությունը է, որն իր սեփակական խաղն է սկսել տարածաշրջանում, փորձում է իր ամբիցիաներին հագուրդ տալ, անգամ եթե այդ խաղը կհակասի ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի շահերին: Էրդողանը խոսում է նեոօսմանիզմի, իսլամական աշխարհում առաջատար լինելու մասին, ինչը բոլորովին չի տեղավորվում ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ քաղաքական շահերի ու նպատակների շրջանակում: Եթե մենք այս ամենը հասկացնենք հզորներին, գուցե ինչ-որ բան փոխվի: Այս իմաստով մենք մեծ անելիք ունենք:
-Արդեն մի քանի օր է, որ չեն հանդարտվում քննակումները, մանավանդ, սոցիալական ցանցերում, իսկ քննակման առարկան թուրքական ՙPosta Gazetesi՚-ում հայտնված հարցազրույցն է՝ իբրև թե Շառլ Ազնվուրի հետ: Ակնհայտ է, որ մեծ շանսոնյեն հայտնվել է թուրքական ծուղակում:
– Թուրքերը 2015-ին ընդառաջ դեռ կփորձեն հայ հեղինակավոր անձանց շուրջ նման պատմություններ ստեղծել: Պետք է պատրաստ լինել ժամանակին կանխելու թուրքական կեղծ հնարքները: Այս դեպքում ելքը կարծում եմ մեկն է, հայկական հեղինակավոր հեռուստաընկերություններից որևէ մեկը պետք է շտապ կազմակերպի մի հարցազրույց Շարլ Ազնավուրի հետ և խնդրի նրան անձամբ պարզաբանելու կատարվածը: Եթե թուրքական թերթում լույս տեսածը թուրքական հնարք է, ուրեմն հերքողը պետք է լինի ոչ թե Հայաստանի ԱԳՆ-ն, այլ մեծ հայն ինքն անձամբ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












