“Եվրանեսթ”-ը չի անցել առանց հայ-ադրբեջանական լեզվակռվի
ՀՀ պատվիրակությունը ձախողել է ադրբեջանական հաշվարկները
Անցած շաբաթ՝ նոյեմբերի 4-ից 6-ը Բրյուսելում տեղի ունեցավ “Եվրանեսթ” ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որոնցում քննակվեց համապատասխան զեկույցը՝ 2014-2020թթ. ԵՄ հարևանության քաղաքականության գործիքները և դրանց կիրառումը Արևելյան գործընկերության անդամ պետությունների համար: “Զեկույցը շոշափում է մեր երկրի արտաքին, տնտեսական քաղաքականությանն առնչվող տարբեր խնդիրներ՝ փակ սահմաններից սկսած մինչև օդային անվտանգություն: Մենք կփորձենք զեկույցը ամբողջացնել՝ դրանում արտացոլելով մեր երկրի պատկերացումներն ու տեսակետները”,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով ՙԵվրանեսթ՚-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
Հայաստանյան պատվիրակությունը Բրյուսելից տուն է վերադարձել իր կատարած աշխատանքից գոհ ու դրական արդյունքներ գրանցած, ասում են՝ բոլոր հանձնաժողովներում աշխատել են միասնաբար, և ամենուր՝ քաղաքական ու տնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն ու մշակութային հարցերի հանձնաժողովներում առաջ են մղել մեր երկրի շահերն ու ներկայացրել Հայաստան պետության հստակ դիրքորոշումները:
Մերոնք նաև թիմային լուրջ աշխատանքը են տարել առանձին քաղաքական խմբերի հետ՝ ԵԺԿ-ի, սոցիալ դեմոկրատների ու պահպանողականների, ռեֆորմիստների, լիբերալ դեմոկրատների ու կանաչների հետ: Խորհրդարանական դիվանագիտությունը անընդհատ կատարվող աշխատանք է, ցանկացած առիթ, յուրաքանչյուր պահ պետք է ծառայեցնել նաև ապագայի հնարավոր խոչընդոտները կասեցնելու համար. սա պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի համոզմունքն է, իսկ պատվիրակության յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է այս սկզբունքով՝ թույլ չտալ, որ խնդիրները ծագեն, որից հետո միայն լծվեն դրանց լուծմանը, հակառակը՝ նախապես կողմնորոշվել է պետք ու իրականացնել նախաձեռնողական քաղաքականություն:
“ժամանակակից աշխարհը, արագության ներկայիս տեմպերը այդ աշխատաոճն են պարտադրում: Եվ սա պետք է դառնա հայաստանյան բոլոր պատվիրակությունների սկզբունքն ու քաղաքականությունը”,- հավելեց Զաքարյանը:
Մինչ ՙԵվրոնեսթ՚-ի կայացումը նախ տեղի է ունեցելՀայաստան-ԵՄ 2014-17թթ. համագործակցության ծրագրի ստորագումը. ՙՄի տեսակ հայկական Եվրանեսթ ստացվեց Բրյուսելում՚,- իրավիճակը այսպես բնութագրեց պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը: Հայաստանի պատվիրակների ակտիվության արդյունքում այնպես է ստացվել, որ խոսել են մերոնք, հարցեր տվել են մերոնք, արձագանքել են դարձյալ մերոք: Ինչպես հայտնի է Եվրախորհրդարանի նոր ընտրությունների արդյունքում զգալիորեն փոփոխվել է նաև ՙԵվրանեսթ՚-ի հանձնաժողովների կազմը, ու հայ պատվիրակները գործի են անցել՝ ծանոթացել են նոր կոլեգաների հետ, կապեր հաստատել, ու նրանց փոխանցել հայկական կողմի տեսակետները, մասնավորաբար, ԼՂ հակամարտության մասին:
“Հայոց Աշխարհ”-ը հետաքրքրվեց, թե հայկական պատվիրակները ի՞նչ մեթոդներով, մեխանիզմներով են փորձել ՙԵվրանեսթ՚-ի նորելուկներին ներկայանել Արցախյան հիմնախնդիրը, այն դեպքում, երբ Եվորպական այս կառույցը ԼՂ հակամարտության լուծման հարթակ չի հանդիսանում: “Հետաքրքիր հարց եք տալիս՝ ինչպե՞ս ենք տեղեկացնում, դա կատարվում է տարբեր մեթոդներով”. Թևան Պողոսյանի տեղեկատվությունից պարզ դարձավ, որ բացի աշխատանքային հանդիպումների ժամանակ հարց ու պատասխանների միջոցով պատմական փաստերի վրա հիմնված ճշգրիտ, արժեքավոր տեղեկատվություն փոխանցելը, որն “անտեղյակները լսում են անչափ հետաքրքրված”, մերոնք նոր գործընկերներին Արցախի ու Հայաստանի մասին պատմելու առիթը բաց չեն թողել անգամ ճաշի ու ընթրիքի սեղանի շուրջ:”Ջերմ մթնոլորտում ներկայացրինք մեր խնդիրները: Շատ կարևոր է հետաքրքություն առաջացնելը, որ այդ մարդիկ ցանկություն ունենան ուսումնասիրելու հարցը”: Ապա, Պողոսյանը դիմեց լրատվամիջոցնեին՝ “Օգնեք մեզ, գրեք հակամարտությունը ճշգրիտ՝ իրավական, պատմական տեսանկյունից ներկայացնող նյութեր, ուսումնասիրություններ, որպեսզի մենք էլ միջազգային կառույցներում դրանց հղում անենք”:
Պարզվեց նաև, որ հայ պատվիրակները եվրոպացի պատգամավորներին արցախյան հիմնախնդիրը ներակայացրել են բավական դիվանագիտորեն: Այս անգամ, օրինակ, Ալիկ Արզումանյանն իր ելույթում խոսել ու համեմատել է ժողովրդական զարգացումները Արցախում և Ադրբեջանում: Բնականաբար, այս կերպ ԼՂՀ-ն ներկայացրել որպես ժողովրդավար պետություն: Թևան Պողոսյանն իր բանավեճում անդրադարձել է քաղաքացիական հասարակության զարգացման խնդրին ու դրանով հիշեցրել ԵՄ-ի կողմից Արցախի քաղհասարակության զարգացման համար տրամադրված 6 մլն եվրոյի կարևորությանմասին: Մհեր Շահգելդյանը խոսել է բաց կոմունիկացիաների քաղաքականության մասին ու հավելել, որ Արցախի օդային տարածքը պետք է բաց տարածք դառնա, որովհետև ուզեք, թե չուզեք, ԼՂՀ անկախությունը ճանչում եք, թե ոչ, դա արևելյան գործընկերության տարածք է, ի վերջո, այստեղ կա հումանիտար խնդիր: ԼՂՀ-ի տնտեսական գրավչության ու տնտեսական կարողությունների, ինտեգրացման հնարավորությունների մասին է խոսել Հրանտ Բագրատյանը: Իրապես թիմային աշխատանք: “Ճանապարհները շատ են, մենք ամեն ինչից խոսում ենք, բոլոր կողմերով Արցախը ներկայացնում ենք, բայց նաև բոլորին ասում՝ ՙԵվրոնեսթ՚-ը հակամարտության կարգավորման հարթակ չէ: Հետևաբար, խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր կասեցնում են ադրբեջացիների նման ձգտումները”,- ասաց Արտակ Զաքարյանը:
Բայց դե, էլ ի՞նչ միջազգային հարթակ, եթե ադրբեջանական պատվիրակությունն իր հերթական որոգայթները չլարի ու չսկսի իր հակահայկական գրոհները: Ինչին, ի դեպ, ոչ միայն մերոնք, այլև եվրոպացիներն են սկսել վարժվել: ՙԵվրանեսթ՚-ում ևս ադրբեջանցիները անցել են իրենց նախահարձակ գրոհին ու 4-րդ խմբի աշխատանքները վերածել հայ-ադրբեջանական լեզվակռվի: “Ես, որ 23 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեմ, չեմ տեսել մի հարթակ, ուր մեկ ադրբեջանցի և հայ լինի և նման փորձ չարվի, սա նորմալ է”,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: Թևան Պողոսյանի գնահատականով էլ հայկական պատվիրակները արժանապատվորեն են արձագանքել, բերել հիմնովին փաստարկներ ու առավել համոզիչ ներկայացել եվրոպացիներին:
Ադրբեջանի պատվիրակությունը, սակայն, մինչև վերջ փորձել է խաթարել իրավիճակն ու Հայաստանի պատվիրակության համար նոր խոչընդոտներ ստեղծել, այս անգամ որպես առիթ օգտագործով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը: Հարց են հնչեցրել, թե ՝ ինչպե՞ս է, որ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ, շարունակում է նաև ԵՄ հետ իր համագործակցությունը: ՙՀենց եվրոպացիրները լռեցրին ադրբեջանցիներին, ասելով՝ դա ձեր խնդիրը չէ, ու հորդորեցին նրանց չծանրաբեռնել ՙԵվրանեսթ՚-ի օրակարգն այնպիսի խնդիրներով, որոնք դուրս են այս կառույցի իրավասություններից, չփորձել խոչընդոտել աշխատանքները: Ասացին նաև, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ հետագա երկխոսության զարգացմամբ՚,-ասաց Արտակ Զաքարյանը: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր շատ բան է փոխվել եվոպական կառույցներում, այլ են տրամադրությունները Հայաստանի ԵՏՄ ինտեգրացման հետ կապված. շատերը ընբռնումով են մոտենում, իսկ նրանք, ովքեր ժամանակին քննադատել են, այսօր բացահայտ ասում են, այնուամենայնիվ, ձեր ընտրությունը ճիշտ էր:
Չնայած ադրբեջացիների՝ հայ պատվիրակների համար տհաճ իրավիճակ ստեղծելու ջանքերին, պարզվում է, հենց իրենք են հայտնվել նման անհարմար իրավիճակում. ՙԸնտրել են այնպիսի զեկույց, որը Ադրբեջանի հետ շատ քիչ կապ ունի, ավելին, այս զեկույցի թույլ օղակը հենց Ադրբեջանն է՚: Խոսքը մշակութային և միջմշակութային երկխոսության մասին է: Ադրբեջանը խոսել է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանման մասին, մինչդեռ հայկական պատվիրակությունը առաջարկել է դաշտը ընդլայնել ու խոսել մշակութային ժառանգության անվտանգության ապահովման մասին: Սա արժանացել է եվրոպացիների դրական վերաբերմունքին, հնչել են նաև կարծիքներ հարցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում քննարկելի դարձնելու մասին: Այս առնչությամբ Մհեր Շահգելդյանը նկատեց. “Մենք կարող ենք հետագայում նաև միջազգային իրավունքի հարթության մեջ շեշտադրել խնդիրը, հատկապես, ներառելով ոչ պատերազմական իրավիճակներում մշակութային արժեքների պաշտպանությունը: Իսկ այստեղ մենք կոնկրետ փաստեր ունենք”: Մեր հարցին, թե առիթն օգտագործելով հայ պատվիրակները չե՞ն բարձրացրել Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի վայրագորեն ոչնչացման փաստը, Շահգելդյանն ասաց՝ զեկույցի տրամաբնությունից ելնելով հարցը ընդհանրական է քննարկվել, սակայն մերոնք, անշուշտ, ենթատեքստում նկատի են ունեցել հենց նախիջևանյան խաչքարերի բարբարոսաբար ոչնչացման փաստը:
Ինչևէ, պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ամփոփոխում է. ճիշտ պլանավորելով աշխատանքը 15 հոգանոց հայկական պատվիրակության յուրաքանչյուր անդամ կարողացավ իր տեղում փակել բոլոր այն վտանգները, որոնց շուրջ Ադրբեջանը կարող էր մեզ համար տհաճ խնդիրներ հարուցել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












