ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչելու հարցը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում՝ նպատակ ունենալով նախ՝ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որոնք կապված են ուսումնառության պատրվակով զինծառայությունից խուսափելու հետ, ապա՝ բանակն ապահովել զինվորներով ու վերացնել հարուստների ու սոցիալապես անապահով ընտանիքների՝ զինվորագրման տարիքում գտնվող զավակների միջեւ եղած խտրականությունը, երբ հաճախ հարուստի երեխան կարողանում է որոշակի գումարի դիմաց ազատվել պարտադիր ծառայությունից, իսկ աղքատ ընտանիքի երեխան գնում է սահմանները պաշտպանելու:
Պատգամավորների մտավախությունը հասկանալի է, բայց չգիտես ինչու նրանք իրենց առաջարկի մեջ չեն նախատեսել սահմանները պաշտպանող եւ այլընտրանքային զինվորական ծառայություն իրականացնող երիտասարդների միջեւ եղած խտրականությունը վերացնելու համար օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը: Մանավանդ որ «Այլընտրանքային զինվորական ծառայության» մասին օրենքը մեր ազգային անվտանգության դեմ է ուղղված ու բազմաթիվ մարտահրավերներ է նետում պատերազմի սպառնալիքի տակ գտնվող մեր պետությանը:
Զրուցում ենք աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
-Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ աչքի առաջ ունենալով ազգային անվտանգության խոցելիությունը՝ մեր կառավարությունը ժամանակին ընդունեց «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» օրենքը: Կարելի՞ է ասել, որ այդ օրենքը մեզ պարտադրել է Եվրախորհուրդը։
-Կառավարությունը հոժարակամ որոշակի պարտավորություններ է ստանձնել Եվրամիության եւ եվրախորհրդարանական վեհաժողովի առաջ, որոնցից մեկն էլ պարտադիր զինվորական ծառայությունից որոշակի խումբ անձանց, որոնք իրենց խղճի նկատառումներով չեն ցանկանում ծառայել բանակում ու զենք վերցնել, ազատելն է ու դրա համար նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը, ինչը պահանջում էր մեր զինվորական ծառայությունից խուսափելու մասին օրենքը:
Այդ օրենքը բխում է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթներից: Եվ այդ կոնվենցիան ստորագրելով՝ Հայաստանն ակամա պարտավորություն ստանձնեց իր երկրում վերացնելու այդ այսպես կոչված հիմնարար ազատությունների դեմ ուղղված ամեն մի «ոտնձգություն», ինչպիսին փաստորեն համարվում է պարտադիր զինվորական ծառայությունը, օրինակ, Եհովայի վկաների համար:
-Կարելի՞ է արձանագրել, որ այդ օրենքը ստեղծվեց հատուկ Եհովայի վկաների համար, քանի որ հայ քրիստոնյաներից միայն այդ աղանդի ներկայացուցիչներն են օրենքը շահարկում իրենց օգտին:
-Մեր երկրում եւ ընդհանրապես աշխարհում գործող աղանդավորական կառույցներից հենց «Եհովայի վկաներն» են, որ կարողանում են դատական ատյաններով անցնելով՝ հաղթել դատական գործընթացներում եւ պետություններին պարտադրել սեփական իրավունքները պաշտպանող օրենքներ ու որոշումներ կայացնել:
Անգամ ԱՄՆ-ում այդ կառույցը կարողացել է դատավարությունների միջոցով լուրջ իրավիճակներ շրջել հօգուտ իրեն:
Հայաստանում նույնը եղավ. իրավական համակարգի ոչ պրոֆեսիոնալիզմի ու ոչ ճիշտ վճիռների պատճառով ստեղծվեց օրենք, որը մեր պետության դեմ շրջվեց: Բանը նրան էր հասել, որ համալսարանական փորձագետներին՝ անաչառ ու անկողմնապահ մարդկանց, որոցից մեկն էլ ես էի, դատարանը բացարկ հայտարարեց: Համաշխարհային դատական պատմության մեջ նման բան գոյություն չունի, որ փորձագետին բացարկ հայտարարեն:
Եվ փոխանակ մեր հայրենիքի, պետության շահերը պաշտպանենք՝ միահամուռ ուժերով, ամեն ինչ արեցինք աղանդավորական կառույցների համար մեր երկրում նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Ամենեւին հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ մեր երկրի դրությունը յուրահատուկ է, քանի որ ամեն վայրկյան կարող ենք ներքաշվել պատերազմի մեջ, մեր սահմանները պարբերաբար թշնամու կրակոցների տակ են հայտնվում, չնայած նրան, որ զինադադար է հայտարարված:
-Հայրենիքին ծառայելուց հրաժարվող երիտասարդը նույն հաջողությամբ կհրաժարվի նաեւ հայրենի սահմանները խախտած թշնամու դեմ զենք բարձրացնելուց: Այսինքն՝ երիտասարդին այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն ընձեռելով՝ մենք ավելի ենք խրախուսում նրա զինատյացությունը եւ ջուր ենք լցնում հակահայրենասիրական քարոզությամբ զբաղվող աղանդների ջրաղացին:
-Այդպես է, քանի որ գիտենք՝ աղանդները եւ մասնավորապես Եհովայի վկաները ամեն մի պետության մեջ սեփական պետությունն են կերտում ու իր թակարդն ընկած քաղաքացիների մեջ հատուկ մանիպուլյացիոն մեխանիզմներով հայրենիքի, պետության, պետականության դեմ քամահրանք են սերմանում, սովորեցնում, որ նա չպետք է զենք օգտագործի իր պետության թշնամիների դեմ:
Բայց, մյուս կողմից, այդ աղանդի սուրբ գրքում տողեր կան, որտեղ ասվում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ Եհովայի վկաները, նույն զինատյացը, որը հրաժարվում է բանակում ծառայելուց, պետք է զենքը ձեռքն առնի ու պայքարի նրանց դեմ, ովքեր իրենց նման չեն, ովքեր իրենց եղբայրակիցներն ու քույրերը չեն:
Փաստորեն սեփական երկրի, պետության համար պասիվ ու անտարբեր քաղաքացիներ դաստիարակելով՝ այդ աղանդն այնուամենայնիվ ագրեսիվ կրոնավորների է դաստիարակում, եւ ըստ էության նրանց քարոզչությունն ամենեւին զենք վերցնելու դեմ չէ, այլ մարդկանց իրենց ազգային արժեքներից հեռացնելուն եւ այդպիսով պետության հիմքերը թուլացնելուն է միտված:
«Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» օրենքը ավելի է ընդլայնում նրանց մանիպուլյացիոն հնարավորություննեը, եւ կարծում եմ, որ հենց միայն այդ օրենքի շահարկմամբ աղանդի շարքերը մեր երկրում կարող են ավելի խտանալ:
-Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետում գրված է, որ եթե կա ազգային եւ հանրային անվտանգությանը սպառնացող որեւէ հանգամանք, պետությունն իրավասու է սահմանափակելու աղանդավորական կառույցների գործունեությունը: Բայց մենք չօգտվեցինք այդ հնարավորությունից եւ տուրք տվեցինք աղանդավորականների պահանջներին:
-Միայն այդ օրենքը չէ, որ մենք չօգտագործեցինք պետական շահերի համար: Մենք կարող էինք նաեւ հենվել նույն կոնվենցիայի հասարակական բարոյականության օրենքի վրա, որով եթե հասարակության բարոյական արժեքներին կամայական վնաս է հասցվում, ապա կոնվենցիան իրավասություն է տալիս վերանայել մոտեցումը այս կամ այն երեւույթի նկատմամբ:
Բայց մենք որեւէ կերպ չենք օգտվում այդ դրույթներից, քանի որ խոսք ենք տվել եւ առաջնորդվում ենք այդ «ազնիվ խոսքով»: Իսկ նման դեպքերում Հայաստանի Հանրապետության դիմադրությունը պետք է նվազագույնի հասցնել:
-Այդ օրենքով փաստորեն մենք նաեւ գրավիչ ենք դարձնում «Եհովայի վկաներ» աղանդը, քանի որ աղանդում ընդգրկված երիտասարդը կարող է օգտվել բանակում չծառայելու արտոնությունից: Դա վտանգավոր է այնքանով, որ օրենքի ուժով աղանդի գիրկն ենք նետում սեփական քաղաքացիներին:
-Անշուշտ չի կարելի հերքել այդ փաստը, որ միայն նրանով, որ Եհովայի վկա դառնալով՝ երիտասարդն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, շատ տղաներ հոժարակամ կընդգրկվեն այդ աղանդի շարքերը:
Մյուս կողմից՝ ամեն անգամ ծառայել-չծառայելու համար եւ այլ հայցերով դատական գործերում հաղթանակներ տանելը նույնպես հրաշալի քարոզչություն է՝ հօգուտ աղանդի, քանի որ այդ հաղթանակներով ընդգծվում է նրանց հզորությունն ու անպարտելիությունը: Իսկ դա մեր քաղաքացու համար նույնպես գրավիչ է դարձնում աղանդը եւ նրան հրում դրա գիրկը:
-Օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում են կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնող փոփոխություններ կատարել համապատասխան օրենքում, շրջանցում է «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» օրենքը այն դեպքում, երբ դա պակաս ռիսկային չէ կոռուպցիոն առումով: Արդյոք սովորական քաղաքացին, որը ամենեւին Եհովայի վկա չէ, չի՞ կարող օրենքը շահարկել իր օգտին, ինչ է թե ազատվի պարտադիր ծառայությունից:
-Անխոս, օրենքն այդ հնարավորությունը կարող է ընձեռել: Մեր հասարակությունը միայն հայրենանվեր ու բարեխիղճ քաղաքացիներից չի բաղկացած, ու կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն այդ սողանցքերն օգտագործել:
Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ նախ հարկավոր է այդ օրենքում եւս փոփոխություններ կատարել ու վերացնել այն խտրականությունը, որն առկա է բանակում ծառայողների ու այդ ծառայությունից օրենքով ազատվողների միջեւ: Ի վերջո այնպիսի օրենք պետք է սահմանվի, որ ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնական գաղափարներից, պետք է ծառայեն հայոց բանակում, քանի որ դա բխում է պետության ու երկրի շահերից:
Հին Հունաստանում եթե ուզում էին մեկին պատժել՝ զրկում էին հայրենիքը պաշտպանելու հնարավորությունից, մարդիկ ինքնասպան են եղել դրա համար: Հիմա մեզանում հակառակն է, ծուռ հայելիների թագավորություն է: Ուստի մենք անելիք ունենք ոչ միայն օրենսդրական ու իրավական, այլեւ գաղափարական դաշտում, որ երիտասարդը հպարտ լինի հայրենիքին ծառայելով, այլ ոչ թե խուսափի դրանից ու պաշտպանություն փնտրի ինչ-որ աղանդի թեւի տակ:
Մենք պետք է իսկական տղամարդկանց դաստիարակենք, այլ ոչ թե գաղափարական ու բարոյական դասալիքների:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












