Գլխավոր » Infowar, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Ժխտման համակարգող կենտրոններ

Նոյեմբեր 12, 2014թ. 00:49

«Ազերնյուզ» կայքի հրապարակած լուրը, որի համաձայն, Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ, ադրբեջանական սփյուռքը համակարգող կենտրոններ են բացվելու աշխարհի տարածքում, ներառյալ` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ուկրաինայում եւ Գերմանիայում, հավանաբար հիմնական նորություն չի փոխանցում:

Ադրբեջանական սփյուռք, դասական հասկացողությամբ, գոյություն չունի. այս նախաձեռնությունը Անկարայի փորձի զուգահեռ բնույթն ունի: Լրատվություններին հետեւողները անպայման կհիշեն, որ Թուրքիան մի քանի անգամ համագումարներ կազմակերպեց թուրքական սփյուռքը համախմբելու եւ հանձնարարականներ տալու նպատակով:

Հայաստանի Հանրապետություն-սփյուռք հետզհետե զարգացող համագործակցությունը իհարկե աննկատ չի անցնում Անկարայի կողմից, եւ ոչ միայն Անկարայի, այլ նաեւ հայտնաբար Բաքվի: Երկու երկրների փորձածներն իրենց խորքում ունեն հակակշիռ գործողության տրամաբանություն: Անկարան իր սփյուռքի գոյությունը մի քանի անգամ զգացրեց հակացույցերով, ինչ որ ավելի համոզիչ դարձրեց այդ նախաձեռնությունների հակակշիռ բնույթը: Թուրքական սփյուռքի այսօրվա պատկերը ուսումնասիրելու համար բնականաբար պետք է հենվել Թուրքիայից դուրս քաղաքացիների ժողովրդագրական սփռվածության, տեղի երկրների հասարակության հետ համարկման միտումների եւ հատկապես Եւրոպայում կատարվող փորձի վրա` քաղաքական հաստատություններում ներկայություն ապահովելու: Սակայն այստեղ իբրեւ թուրք քաղաքացի ներկայացողների ծագման մասին գաղափար կազմելը կարեւոր է` այն պատճառով, որ դրանց կարեւոր մասը ոչ թուրք ինքնություն ունի:

Բայց դա արդեն տարբեր խնդիր է: Հիմա այս դեպքում դիտարժան կետը, թուրքական սփյուռքի հայկական հարցերով կազմակերպվածության աստիճանաչափն է: Հակազդող այս հանգամանքը անհամեմատելի չափերով զիջում է հայկական սփյուռքի քաղաքական նկարագրին եւ կազմակերպվածությանը: Այս դաշտում հայկական կողմը հստակ առավելություններ ունի: Խոսքը չի վերաբերում պետական միջամտություններով կացություններ ստեղծելու կամ շրջելու Անկարայի դերակատարությանը, այլ Թուրքիայից դուրս սփռված Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիների անկազմակերպվածությանը: Էլ ուր մնաց ադրբեջանական մանրապատկերի մասին համեմատություն կատարելը: Այս բոլորի վիճակագրական եւ վերլուծական գնահատական տալը խիստ կարեւոր է, մանավանդ 100-ամյակի դիտանկյուններից:

Թուրքիայից դուրս մղվելիք քարոզչաքաղաքական պատերազմի ուժերի գնահատումը անգիր օրենք է: «Ազերնյուզը» պարզաբանում է, որ ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների գործառույթների մաս է կազմում Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս գործառույթը բացառված չէ, որ նախագծվել է Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենայի կողմից: Ավելի համոզիչ կլիներ, եթե գործառույթներից առաջինը արցախյան հարցի վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը եւ պատմության նենգափոխումը լիներ:

Սակայն, 100-ամյակի նախօրեին ադրբեջանական սփյուռքի համակարգող կենտրոնների ցանցի հայտարարությունը մատնում է Անկարայից եկած ներշնչման եւ պատվերի առկայությունը: Հայկական կողմը առավելություններ ունի. սա սեփական ուժի գերագնահատում չէ: Սփյուռքի կառուցակարգումն ու քաղաքականացումը զարգացում են ապրել եւ հարյուրամյա ճանապարհ անցել: Թուրքական եւ ադրբեջանական համակարգող կենտրոնները պարզապես պիտի աշխատեն հակակշիռ գործողություններ կազմակերպելու տրամաբանությամբ: Եթե աշխատեն…

Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Դիտել Infowar, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն