Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լորենցո Օչոա. Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խումբը ստեղծվել է ԵՄ մանդատի հիման վրա

Նոյեմբեր 14, 2014թ. 00:55

Եվրոպական Խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խմբի ստեղծումը լիովին համապատասխանում է ԵՄ մանդատին և վերջին տարիներին ընդունված ԵՄ փաստաթղթերին, որոնք քաջալերում են եվրոպացի պաշտոնյաների շփումները Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այս մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» ՀԿ-ի տնօրեն Եդուարդո Լորենցո Օչոան:

-Պարոն Լորենցո Օչոա, վերջերս Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի աշխատանքային խումբը, որի նպատակն է խթանել կապերը ԵԽ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև: Ինչպե՞ս է ստեղծվել խումբը, և ի՞նչ իրավական հիմքերի վրա:

-Նախ և առաջ պետք է ասեմ, որ այս խումբը ստեղծվել է երկարատև աշխատանքի արդյունքում, այլ ոչ թե հանպատրաստի որոշմամբ: Նախքան խմբի մեկնարկը մի շարք ԵՄ փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում «Եվրոպական հարեւանության ծրագրի վերանայման վերաբերյալ. արեւելյան ուղղություն» բանաձևը (2011), պատգամավոր Թոմաշ Պորեբայի զեկույցը (2012) , պատգամավոր Կովալի զեկույցը (2014) , ինչպես նաև ԵՄ Խորհրդի՝ Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունած եզրակացությունը և ԵՀՔ՝ Հայաստանի Առաջընթացի զեկույցը (2013):

ԵՄ երեք հիմնական կառույցների կողմից ընդունված այս բոլոր փաստաթղթերը կոչ են անում ԵՄ պաշտոնյաներին կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների հետ: Հետևաբար տվյալ խմբի ստեղծումը ուղղակիորեն հետևում է այս հանձնագրերին:

Խմբի ստեղծմանը նաև նախորդել են տարբեր հանդիպումներ ու շփումներ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Եվրոպական Խորհրդարանի անդամների միջև, հատկապես վերջին տարիների ընթացքում, որոնք որոշիչ դեր են խաղացել թե° կապերի ամրապնդման, և թե° այս խմբի ստեղծման համար: Մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի վերջերս կատարած այցը Բրյուսել ԵԽ անդամների մոտ մեծ համակրանք առաջացրեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Նրա այցը, ինչպես նաև ԵԽ պատգամավորներին Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ միավորելու նրա ջանքերը որոշիչ դեր ունեցան խմբի ստեղծման գործում:

-Իսկ ո՞րն է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (ՀԵԲ) ՀԿ-ի դերը այս խմբի ստեղծման մեջ:
-«Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ի նպատակներից մեկն է աջակցել Եվրոպայի և Հայաստանի ու Ղարաբաղի միջև փոխադարձ սերտ կապերի հաստատմանը: Այսպիսով մեր դերը եղել է նպաստել երկու կողմերի մոտ էլ իրազեկման բարձրացմանը, ինչը նաև համահունչ է ԵՄ պատգամների հետ: Մեր կապերը Բրյուսելում՝ մասնավորապես Եվրոպական Խորհրդարանում, ևս նպաստել են այս նախաձեռնության կայացմանը:

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի խումբը ԵԽ-ում ոչ պաշտոնական, աշխատանքային խումբ է: Ի՞նչ կարգավիճակ և գործառույթ ունեն ԵԽ-ում ոչ պաշտոնական խմբերն ընդհանրապես: Արդյո՞ք ԵԽ-ն ունի պաշտոնական խմբեր ի տարբերություն ոչ պաշտոնականների:

Եվրոպական Խորհրդարանում յուրաքանչյուր խումբ ստեղծվում է պատգամավորների սեփական նախաձեռնությամբ: Խորհրդարանականները կարող են միավորվել և խումբ կազմել ցանկացած խնդիր քննարկելու համար. դա բացառապես նրանց որոշումն է: Ի տարբերություն ազգային խորհրդարանների, պատգամավորների թիվը ԵԽ-ում շատ մեծ է (751), հետևաբար բազմաթիվ այսպիսի աշխատանքային խմբեր են ստեղծվում, որոնց գործունեությունը խորհրդարանը պաշտոնապես չի վերահսկում: Պաշտոնական խմբեր որպես այդպիսին չկան, բացառությամբ քաղաքական խմբերից և խմբակցություններից:

-Լեռնային Ղարաբաղի խումբը ԵԽ-ում նպատակ ունի նաև կազմակերպել եվրոպական պաշտոնյաների և խատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Ադրբեջանն սև ցուցակում է ներառում այն բոլոր օտարերկրացիներին, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ: Արդյո՞ք սա չի հակասում ԼՂ հետ կապերի սերտացման մասին ձեր նշած ԵՄ փաստաթղթերին ու հանձնագրերին: Կարո՞ղ է այն խոչընդոտ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղ այցելություններ կազմակերպելու համար:

-Ադրբեջանի այս սև ցուցակն առաջին հերթին հակասում է ԵՄ հիմնարար սկզբունքին՝ մարդկանց ազատ տեղաշարժին: Այն դեմ է ԵՄ-ի բուն էությանն ու փիլիսոփայությանը: Բացի այդ, վերընշված ԵՄ փաստաթղթերը խրախուսում են, որպեսզի ԵՄ պաշտոնյաները շփումներ ունենան Արևելյան գործընկերության չճանաչված պետությունների (այդ թվում Լեռնային Ղարաբաղի) հետ: Սա ավելի մանրամասն ամրագրված է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան առաջընթացի զեկույցներում: ԵՄ-Հայաստան առաջընթացի զեկույցում մասնավորապես ասվում է, որ ԵՄ-ն հորդորում է Հայաստանին հեշտացնել մուտքը Լեռնային Ղարաբաղ: Հետաքրքիր է, որ ճիշտ նույն նախադասությունը վերարտադրված է նաև ԵՄ-Ադրբեջան առաջընթացի զեկույցում (հորդորում է Ադրբեջանին հեշտացնել մուտքը Լեռնային Ղարաբաղ): Այսպիսով Ադրբեջանը ևս մեկ անգամ հակասում է ԵՄ-ին այս կարևոր հարցում:

Անկեղծ ասած՝ եվրոպացիները դա ընկալում են որպես անախրոնիզմ՝ մի բան, որ այժմ ընդունված չէ, որ մի տեսակ էկզոտիկ է մեր ժամանակներում: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Հունաստանը փակեր իր սահմանը Թուրքիայի հետ Հյուսիսային Կիպրոսի խնդրի պատճառով, կամ որ Հարավային Կիպրոսը սև ցուցակում ներառեր բոլոր նրանց, ովքեր այցելում են Հյուսիսային Կիպրոս: Եվրոպացիների համար սա իսկապես շատ դժվար է ըմբռնել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ այցելություններին, ապա կարծում եմ ժամանակը ցույց է տվել, որ Եվրոպական Խորհրդարանն ունի բազմաթիվ անդամներ, ովքեր հաստատակամ են և ում չի վախեցնում այս 18-րդ դարի սև ցուցակի պրակտիկան: Հետևաբար չեմ կարծում, որ դա մեծ խոչընդոտ հանդիսանա խմբի աշխատանքի համար:

-Ինչպես հայտնի է, ԵՄ-ն ունի նոր ղեկավարական կազմ: Հաշվի առնելով, որ Հայաստանը շարժվում է Եվրասիական միության ինտեգրման ուղիով, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն են ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով ԵՄ ներկայիս ղեկավարների օրակարգը:

-Նախորդ շաբաթ պարզ երևաց Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ, երբ ստորագրվեց ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության հուշագիրը: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարն այցելել էր Բրյուսել և ԵՀՔ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ միասին նրանք կարծում եմ բավականին համապարփակ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: ԵՄ-Հայաստան հետագա հարաբերությունների մասին խոսվում է նաև ՀԵԲ-ի հրապարակած վերջին զեկույցում :

Չնայած նրան, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական միությանը, այնուամենայնիվ ՀՀ և ԵՄ միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան. ի վերջո Հայաստանն ինքնիշխան պետություն է, իսկ ԵՄ-ն միջազգային կազմակերպություն և նրանք երկուստեք պետք է որոշեն, թե որ ոլորտներում են ցանկանում համագործակցել: Այս առումով հատկանշական էր Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-ն պետք է հանդես գա Հայաստանի համար այնպիսի ասոցացման համաձայնագրով, որը կհամապատասխանի վերջինիս ստանձնած նոր միջազգային պարտավորություններին:

Նմանատիպ հայտարարություններ են արվել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանի, ինչպես նաև Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարի կողմից, իսկ այս երկրները կարևոր դիրք ունեն ԵՄ-ում:

-Փաստորեն ԵՄ-ի և Եվրասիական միության անդամ Հայաստանի միջև այնուամենայնիվ կարող է լինել սերտ համագործակցություն անգամ տնտեսական ոլորտում:
-Այո, անշուշտ: Իհարկե տնտեսական համագորակցության առումով կլինեն որոշ սահմանափակումներ, սակայն համագործակցությունը հնարավոր կլինի: Այս առումով միջազգային փորձից մի օրինակ բերեմ – և° Բրազիլիան, և° Ուրուգվայը անդամակցում են ՄԵՐԿՈՍՈՒՐ-ին, որը մաքսային միություն է: Չնայած դրան, ԵՄ-ն հանդիսանում է Բրազիլիայի առաջին առևտրային գործընկերն ու ներդրողը, իսկ Ուրուգվայի՝ երկրորդ: ԵՄ-Հայաստան համագործակցության պարագայում պարզապես պետք է հստակեցնել համագործակցության ոլորտներն ու իրավական դաշտը: Իհարկե տնտեսական ոլորտից բացի կան նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ զարգացում, դատական համակարգի բարեփոխումներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն – սա արդեն իսկ համագոծակցության մեծ դաշտ է, որտեղ հակասություններ և խոչընդոտներ չկան երրորդ երկրների հետ:

Այնուամենայնիվ, այս առումով կցանկանայի ընդգծել, որ Հայաստանում բարեփոխումներ անելու հիմնական շարժառիթը պետք է լինի ո°չ թե ԵՄ-ի հետ ասոցացման կամ որևէ այլ համաձայնագիր ստորագրելը, այլ այն, որ այդ բարեփոխումները շահավետ են հենց Հայաստանի համար. ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը շարունակի իրականացնել դրանք:

Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի
panorama.am


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն