Հայկական կողմը պետք է ստիպի Ադրբեջանին հրաժարվելու իր սադրիչ մտադրություններից
Հարցազրույց քաղաքագետ ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը խփելն աննախադեպ սադրանք էր, հրադադարի ողջ ընթացքում նման դեպք չի եղել: Ի՞նչ նոր իրավիճակի մասին է փաստում կատարվածը, ինչո՞ւ է Ադրբեջանը գնում նման բնույթի սադրանքների:
-Իրավիճակի աննախադեպությունն այն է, որ առաջին անգամ կիրառվել է հատուկ տեսակի զինատեսակ, որպիսին չէր օգտագործվել մինչ օրս: Իսկ թե ի՞նչ նոր իրավիճակի հետ գործ ունենք, ապա առկա են և ներքին են, և արտաքին գործոններ: Ներքին գործոներից մեկը Ադրբեջանում հասարակական քաղաքական կյանքի աստիճանական լճացումն է: Իհլամ Ալիևը 10 տարուց ավելի ղեկավարում է այդ պետությունը, ուր բացակայում է այլախոհությունը, առկա է հանրային դժգոհություն, որը կուտակվում է ու մի օր անպայման պայթելու է: Մյուսը նավթի գների անկման գործոնն է, Ադրբեջանը կախված է նավթային ռեսուրսներից ու նավթի գների մոտ 20 տոկոս անկումը բնականաբար նվազեցրել է ֆինասական մուտքերը, իսկ ֆինասների սղությունը նոր գլխացավանքների պատճառ է դառնում: Անցած շաբաթ Ադրբեջանում բավականին բազմամարդ հանրահավաքներ անցկացվեցին, ենթադում եմ, որ հանրային դժգոհությունները նավթի գների անկմամբ առավել ահագնանալու են: Միջազգային դիտորդները դեռևս 4-5 տարի առաջ էին զգուշացնում, որ Ադրբեջանում նավթադոլարների նվազմանը զուգահեռ արցախյան ճակատում կսրվի լարվածությունը: Բոլորի համար հասկանալի է՝ ռեժիմը հանրայի դժգոհությունն ուղղորդելու խնդիր կունենա: Ադրբեջանական վարչախումբը հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից կշեղի ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ:
-Ադրբեջանում ոչ միայն ներքին լարումների ժամանակ, այլև սեփական ազգը կայացնելու համար մշտապես առաջ է մղվում հակահայակականությունը:
-Այո, Ադրբեջանում հակահայկականությունը համակարգաստեղծ տարր է դարձել: Այնտեղ ազգային ինքնություն, որպես այդպիսին, գոյություն չունի, եթե հանենք հայերի գործոնը: Ադրբեջանը որպես նոր ձևավորվող ազգ, որպես նոր կայացող պետություն հակահայկականությունը դարձրել է այդ պետության կայացման հիմքը: Իրենք անգամ անեկդոտներ են պատմում, ասում են՝ ադրբեջանցիրները կունենան լավ ֆուտբոլ, երբ հայերը այն ունենան: Կան նաև արտաքին բազմաթիվ գործոններ, որոնք իսկապես Ադրբեջանի ղեկավարությանը դրել են ցայքնոտային վիճակի մեջ: Այս առումով առաջին տեղում է Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցումը: Այն կակտիվացնի Հայաստանի տնտեսությունը, անդամակցմամբ կկարևորվի կոմունիկացիաների խնդիր: Սա մտահոգում է Ադրբեջանին, քանի որ նրա նպատակը՝ քամել Հայաստանը ու դրա դիմաց կորզել զիջումներ, չի ստացվում, Ադրբեջանի երկու տասնամյակ տևած շրջափակման քաղաքականությունը պտուղներ չի տալիս: Ցայքնոտի մեջ են, քանի որ իրենց նպատակները չեն իրականանում:
-Թուրքիան մշտապես, ստվերում թե բացահայտ, ուղղորդում է Ադրբեջանին նման սադրանքների իրականացման ժամանակ: Թուրքական հետքն ակնհայտ էր նաև օգոստոսյան դեպքերի օրերին: Իսկ այսօ՞ր:
-Թուրքիան իր քաղաքականության համաձայն մշտապես գործում է բազմապլան: Հասկանալի է, որ 2015-ին ընդառաջ Թուրքիան կփորձի ամենատարբեր գործիքները կիրառել Հայաստանին ու հայությանը ճնշելու համար: Մենք գիտենք, որ ադրբեջանցի զինծառայողները, սպայական կազմը վերապատրաստում են Թուրքիայում, թուրք հրահանգիչներն աշխատում են Ադրբեջանում: Ու այս ամենը թույլ է տալիս ենթադրել թուրքական գոծոնի առկայության մասին, սակայն այս պահին կոնկրետ փաստերի չեմ տիրապետում, հետևաբար, դեռ կդժվարանամ այս սադրանքը ուղղակիորեն կապել Թուրքիայի հետ:
-Սադրանքից հետո Ադրբեջանը հայտարարեց, թե ԼՂՀ օդային տարածքը համարվում է ոչ թռիչքային գոտի: Սա սպառնալիքներով լի հայտարարություն է և նշանակում է խոցել Արցախի երկնքով սավառնող ցանկացած օբյեկտ: Չնայած ԼՂՀ-ն դեռ չճանաչված պետություն է, սակայն այդ տարածքում ապրում է ժողովուրդ, որն ունի անվտանգ տեղաշարժվելու, հարևան երկրի ագրեսիայից զերծ ապրելու իրավունք: Սակայն Ադրբեջանի կողմից հնչող նման հայտարարություններն առաջի պլան են մղում ԼՂՀ ժողովրդի անվտանգության խնդիրը: Իսկ ո՞ւր մնաց միջազգային իրավունքը:
-Վերջին 15 տարում Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև մշտապես թռիչքներ են իրականացվել: Ադրբեջանի ցանկությունը մի բան է, մեկ այլ բան այն իրականություն դարձնելը: Ի վիճակի՞ է այդ եկրիրը իր իսկ հայտարարությունը իրականացնելու, կարծում եմ՝ ոչ: Նման հայտարարության հնչեցումը ընդամենը սեփական դեմքը փրկելու մի փորձ էր, չնայած՝ բավական անհաջող փորձ, կարող էին գոնե ավելի հաջող մի բան հորինել, բայց նման հայտարարությամբ Ադրբեջանն առավել վնասեց իրեն: Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, բոլորիս համար հասկանալի է, որ դրանց իրացումը բավական խնդրահարույց է՝ մանավանդ մերօրյա աշխարհում: Կան երկակի ստանդարտները և ոչ ոք չի վերանայել ուժի իրավունքը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար սպառնում է, Իհլամ Ալիևի իշխանություն գալուց հետո այդ սպառնալիքները բազմապատկվել են, ընդունել տարբեր ձևեր: Բայց հարցն այն է, թե դրանք որքանո՞վ կարող են են իրացվել: ԼՂՀ-ի ժողովուրդը պատերազմով թշնամուն պարտադրեց խաղաղություն ու վաստակեց ազատ ապրելու իր իրավունքը: Եվ ուրեմն, ԼՂՀ ինքնիշխանության, ազատության, անվտանգության հարցը որևէ կերպ չի տուժել ուղղաթիռի դեպքից, և չի կարող տուժել նման ցանկացած դեպքից:
–Այսօրվա թիվ մեկ խնդիրն է, թե ի՞նչ քայեր պետք է իրականացնեն հայկական կողմերը:
– Պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկել կանխելու նման սադրանքները: Մենք ամեն անգամ զոհեր ենք ունենում: Ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ի ու Հայաստանի համար մարդկային կյանքը մեծ արժեք ունի, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկվել կորոստները նվազագույնի հասցնելու համար: Իսկ թե ի՞նչ միջոցներ, ինչ գործողություններ, սա արդեն ռազմական ոլորտի մասնագետները կարող են ասել:
Ես կարծում եմ, որ մեր մոտեցումը մի քիչ սխալ է: Հասկանում եմ, որ կա հանրային կարծիք, կան էմոցիաներ, բայց մեր գործողությունները պետք է լինեն կշռադատված, իսկ հակազդեցությունը ասիմետրիկ: Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից մեր ունեցած ցավալի կորուստներին ի պատասխան մի քանի կորուստ ենք փորձում պատճառել հակառակորդին և մեզ թվում է, թե դրանով խնդիրը լուծեցինք: Սա մոլորություն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հակառակորդի համար մարդկային կյանքն արժեք չունի: Ավելին, ստացվում է, որ մեր մեկ զինվորի դիմաց հակառակորդի 10 զինովորին վնասելը վերջինս հօգուտ իրեն է օգտագործում՝ միջազգային հանրությանը ցույց է տալիս, թե ինքը ավելի շատ է տուժում հակամարտության լուծման ձգձգումից: Դրա համար մենք պետք է փորձենք գտնել ավելի ասիմետրիկ լուծումներ, որոնք ուղղակի կստիպեն հակառակորդին զերծ մնալ նման վարքագծից: Իսկ լուծումներ շատ կան, պարզապես, պետք է կայացնել որոշում ու առաջին հերթին գործել ոչ թե էմոցիաներով, այլ մտածված:
-Անգամ միջազգային լրատվամիջոցներն են շեշտում, թե ադրբեջանական սադրանքը կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումները: Լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգ կա՞:
-Այո, նման ռիսկ կա, ցավոք, վերջին շրջանում ռիսկային իրավիճակները առավել հաճախակիացել են: Իսկ պատերազմը կարող է բռնկվել անգամ մի փոքր ՙկայծից՚, անգամ երկու, դեմ-դիմաց կանգնած դիրքերից հնչած փոխհրաձգության արդյունքում: Օգոստոսյան դեպքերի շրջանում ևս կար այդ վտանգը ու, եթե էսկալացիա գնար ձնագնդի էֆեկտով, ապա մենք այսօր կգտնվեինք պատերազմական դրության մեջ: Կարծում եմ՝ Ադրբեջանը ձգտում է էսկալացիայի տանել հակամարտությունը: Ուրեմն, հայկական կողմը պետք է մտածի ինչ-որ քայլեր, որոնք կստիպի հակառակորդին հրաժարվել իր սադրիչ մտադրությունից:
-Ադրբեջանի նման մտադրություններին չե՞ն նպաստում միջազգային կառույցների հնչեցրած ոչ հասցեական գնահատակաները: Անգամ այս սադրանքից հետո հնչած դատապարտող արձագանքները լղոզված էին, ու ինչպես միշտ, ընդհանուր կոչեր էին՝ ուղղված երկու կողմերին:
– Ի՞նչ պետք է անի միջազգային համարությունը Ադրբեջանին զսպելու համար, ի՞նչ հնարավորություն ունի, դուռը շրխկացնի՞ , թե՞ հնչած հայտարություններում անուններ տա: Ըստ էության նրանց հայտարարություններում կա ակնարկ, թե ո՞վ է մեղավորը: Միջազգային հանրությունը շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի կայունություն, ավելին չի կարող անել:
-Կարծում եք, լղոզված հայտարարություններով ե՞ն կայունություն պահպանում: Ճիշտ հակառակը, որքան Ադրբեջանը անպատիժ է մնում, այնքան երերուն է դառնում խաղաղությունը տարածաշրջանում:
-Համակարծիք եմ, իսկապես միջազգային հանրության արձագանքը հուսադրող չէ, ավելին, անընդունելի է նրա վարքագիծը, երբ աչք է փակում Ադրբեջանի ամենատարբեր սադարանքների առաջ: Ինչն էլ պայմանավորված է առևտրատնտեսական տարբեր շահերով: Բայց ես նաև չեմ կարծում, որ միջազգային հանրությունն ունի այսօր այդ գործիքները ու կարող է միասնականություն դրսևորել ու պատժել մեղավորին:
Սա է իրողությունը, մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում չկա արդարացի դատավճիռ կայացնող միջազգային դատավոր, մենք գործ ունենք միջազգային հարթության հետ՝ իր երկակի ստանդարտներով ու անկարողությամբ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅՆԱ












