Մեր բանակը թույլ չի տա, որ Ադրբեջանը մնա անպատիժ
Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, դուք ուսումնասիրել եք ԼՂՀ ՌՕՈՒ-ին պատկանող ՄԻ-24 ուղղաթիռի խոցման տեսանյութը, որն ի դեպ շրջանառեց ադրբեջանական կողմը: Որպես զինվորական ո՞րն է ձեր գնահատականը, ի՞նչ է կատարվել, արդարացիորե՞ն է հնչում այն մեղադրանքը, թե հայկական ուղղաթիռները շատ էին մոտեցել հակառակորդի դիրքերին:
-Նախ արձանագրենք, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 12-ին խոցելով ուսումնամարզական թռիչք կատարող Արցախի պաշտպանական բանակի ուղղաթիռը, իրականացրեց զինադադարի պայմանագրի կոպտագույն խախտում: Կատարվել է անթույլատրելի հանցագործություն: Անկախ այն բանից` ուղղաթիռը մոտ է եղել շփման գծին, թե հեռու, կարևորն այն է, որ տվյալ ուղղաթիռը գտնվել է հայկական տարածքում, այն չի հարձակվել և զինված չի եղել: Այնպես որ, արցախյան կողմին որևէ մեղադրանք հնարավոր չէ ներկայացնել: Դա նույնիսկ ծիծաղելի է: Հիմա դառնամ տեսաերիզին, վերջինիս ուսումնասիրությամբ հստակ արձանագրում ենք հետևյալը. հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցի՝ <<Իգլան>> հրթիռի արագությունը 570 մ/վ է, իսկ հնչած կրակոցից մինչև ուղղաթիռը խոցելը անցնում է 3,4 վայրկյան: Դա նշանակում է` ուղղաթիռը շփման գծից եղել է առնվազն 1 կմ հեռավորության վրա: Իրականությանը չի համապատասխանում այն, թե ուղղաթիռը մոտեցել էր հակառակորդ դիրքերին, սա անընդունելի է: Կրկնում եմ, հայկական ուղղաթիռը չի մտել Ադրբեջանի տարածք, այն շփման գծից հեռու է եղել 1 կմ, այսինքն գտնվել է Արցախի տարածքում, ուղղաթիռը չի ունեցել մարտական զենք:
-Ինչո՞վ կբացատրեք Բաքվի տարբեր գերատեսչությունների կողմից հնչած հակասական հայտարարությունները:
-Առաջին հայտարարությամբ նրանք ասացին` հայկական ուղղաթիռը փորձել է հարձակում գործել ադրբեջանական դիրքերի վրա և իրենք ստիպված են եղել այն ոչնչացնել: Հետո, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե հայկական ուղղաթիռը խախտել է օդային սահմանը, բայց գիտակցելով, որ նման հայտարարությամբ փաստացի ճանաչում են ԼՂՀ սահմանը, Բաքվի պաշտոնյաները փոխեցին նաև այս ձեւակերպումը, ասելով` հայկական ուղղաթիռը գտնվել է <<ադրբեջանական օկուպացված տարածքներներում>>, դրա համար են խփել: Թե ինչո՞ւ է Ադրբեջանը նման հակասական հայտարարություններ անում, պատճառը մեկն է` որպես հանցագործություն կատարած կողմ փորձում է թաքցնել իր մեղքը` տարբեր կեղծիքներ շրջանառելով:
-Կեղծ հայտարություններին հաջորդեց սպառնալիքը. Ադրբեջանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը հայատարարել է ոչ թռիչքային գոտի, ինչը նշանակում է խոցել Արցախի երկնքով սավառնող ցանկացած օբյեկտ: Ի դեպ, նման հայտարարություն անելիս Ադրբեջանը հղում է անում այն փաստին, թե ԼՂՀ-ն ԻԿԱՕ-ի անդամ չէ:
– Հիշո՞ւմ եք, երբ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է բացվեր Ադրբեջանը հայտարարեց, թե կհարվածի ինքնաթիռներին, սակայն ԻԿԱՕ-ն արձագանքեց, որ անթույլատրելի է ինքնաթիռ խփելը, եթե այն սպառնալիք չի ներկայացնում: Այսինքն, ինքնաթիռ կամ ուղղաթիռ խփում են միայն այդ դեպքում, երբ դրանք սպառնալիք են ներկայացնում: Ինչ վերաբերում է հայկական ՄԻ-24 ուղղաթիռին, այն կատարել է ուսումնամարզական թռիչք: Դարձյալ կրկնում եմ` տեսաերիզում հստակ երևում է, որ ուղղաթիռը չունի մարտական զենք: Իսկ Ադրբեջանի նման պնդումները, թե ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է, ուղղակի անլուրջ են: Այստեղ չի կարող գործել ԻԿԱՕ-ի օրենքը, որովհետև սա հակամարտության գոտի է, այստեղ գործում է զինադադարի պայմանագիրը, որը խստորեն խախտվել է Ադրբեջանի կողմից: Ի դեպ, զինադադարի պայմանագիրը նախատեսում է մի գոտու առկայություն, որը արգելում է թռիչքների իրականցումը շփման գծից 10 կմ աջ և ձախ: Սակայն պայմանագրի այս կետը չի գործում հենց Ադրբեջանի մեղքով: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել իր համաձայնության մասին, մինչդեռ Ադրբեջանը մշտապես մերժել է, այնպես, ինչպես շարունակաբար մերժում ու չի ցանկանում շփման գծից հետ քաշել դիպուկահարներին: 1995 թ պայմանագրով նախատեսված է նաև ստեղծել միջադեպերը բացահայտող մեխանիզմներ, դա հնարավորություն կտա պատժել պայմանագիրը խախտող կողմին, սակայն այս հարցում ևս Ադրբեջանը մշտապես բացասաբար է արտահայտվում: Եվ դա իր բացատրությունն ունի` պայմանագիրը խախտող կողմը մշտապես Ադրբեջանն է:
-Ո՞ւր են տանում Ադրբեջանի նման սադրիչ գործողությունները, նպատակը լայնածավալ պատերազմի վերսկսո՞ւմն է:
-Այդ երկիրը ի վիճակի չէ սկսել լայնածավալ պատերազմ, ի վիճակի չէ հասնել հաղթանակի: Ադրբեջանի ղեկավարությունը լավ գիտի, որ իր բանակը լայնածավալ պատերազմի պատրաստ չէ, ասեմ, ավելին, անտրաստ է հենց պետությունը, նաև բնակչությունը: Բաքուն լավ իմանալով, որ չի կարող ռազմական ճանապարհով հօգուտ իրեն լուծել խնդիրը, որոշել է հաճախակի խախտել զինադադարի պայմանագիրը և հասնել իր հետևյալ նպատակներին: Առաջին՝ Հայաստանում ու Ղարաբաղում վախի մթնոլորտ ձևավորել, լարվածության մեջ պահել հայկական երկու պետությունները: Երկրորդ, նման քայլերով ոգևորել սեփական բնակչությանը: Երրորդ, տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ ու համանախագահներին պարտադրել հակամարտությունը լուծել ադրբեջանամետ տարբերակով: Չորրորդ, ձախողել Հայաստանի ԵՏՄ անդամակցման գործընթացի ավարտը: Բայց Ադրբեջանը չի կարող հասնել իր նպատակներին, դա նրան չի հաջողվի, ինչի վկան մեր բանակն է:
-Ադրբեջանն իր հանցագործ քայլերով միջազգային կառույցներին բազմիցս է առիթներ տվել հնչեցնելու կոշտ գնահատականներ, մինչդեռ վերջինների կողմից մշտապես լսել ենք լղոզված, անհասցե, երկու կողմերին հավասարաչափ զգոնության կոչ անող հայտարություններ: Իսկ այս անգամ միջազգային կառույցների հայտարությունները համարժե՞ք էին կատարվածին:
-Ես կցանկանայի, որ դրանք մշտապես լինեն հասցեական: Պետք է արձանագրել, որ այս անգամ կա առաջընթաց, հնչած հայտարարություններն ադեկվատ էին իրավիճակին, քան նախկինում էր, քանի որ հստակ շեշտվում է, թե ո՞վ է խոցել ուղղաթիռը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հստակ մեղադրում է Ադրբեջանին: Ուշադրություն դարձրեք նրա հայտարարությանը.<<Լեռնային Ղարաբաղում խոցվել է հայկական ուղղաթիռ>>, այսինքն, արձանագրում է, որ դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, և ոչ թե Ադրբեջանի տարածքում: Նաև հստակ նշվում է, որ ուղղաթիռը կատարել է ուսումնական թռիչք, ոչ թե մարտական:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարության մեջ ևս պարզ նշվում է, որ ադրբեջանական կողմն է խոցել ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռը: Իր հերթին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտում է, որ ուղղաթիռի ոչնչացումը հանգեցնելու է հակամարտության լարման: Ի դեպ, հայտարարություններում շետվում է <<սահման>> բառը, ինչը ևս շատ կարևոր է: Միջազգային հանրությունը հստակ պատկերացնում է, թե ի՞նչ է տեղի ունեցել և Ադրբեջանին համարում պատասխանատվություն կրող կողմ: Բայց քանի որ հայտարարություն հնչեցնողները միջնորդական կազմակերպություններ են, հետևաբար, նրանք պետք է նաև զգոնության կոչ անեն հայկական կողմին: Սա արդեն զուտ դիվանագիտություն է:
Սակայն պետք է հավելեմ նաև հետևյալը. Ադրբեջանը աննախադեպ սպառազինվում է` խախտելով սպառազինությունների մասին պայմանագիրը: Այս մասին Հայաստանը ՄԱԿ-ի ամբիոնից ևս հնչեցրեց, մինչդեռ միջազգային կազմակերպություններից չկա որևէ արձագանք: Ուրեմն, մենք պետք է մի բան հասկանանք. դիվանագիտական դաշտում պետք է ակտիվորեն աշխատենք միջազգային կազմակերպությունների հետ, նրանցից առավելագույնը վերցնենք, բայց հարցին լուծում տվողը ինքներս ենք, հույսը պետք է դնենք մեզ վրա: Ես բազմիցս եմ ասել` Ղարաբաղի հարցը լուծված է, մեր բանակն այդ հարցը արդեն լուծել է:
-Արցախում` զորավարժության մասնակիցներին ուղղված իր խոսքում նախագահ Սարգսյանը այսպիսի մի միտք ասաց.<Հիշե’ք, թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաև՝ մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն, և հայ սպաներն են երաշխավորը այդ իրավունքների>: Ուրեմն, որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի քայլերը:
-Լիովին համակարծիք եմ նախագահի մտքի հետ: Ինչ վերաբերում է մեր քայլերին, ապա Հայաստանի ու Ղարաբաղի գործողությունները պետք է ծավալվեն մի քանի ուղղություններով, առաջինը դիվանագիտականն է: Բոլոր միջազգային կառույցների մակարդակով պետք է հնչեղություն տալ հարցին: Սա այն դեպքն է, որը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի հանցագործ դեմքը: Երբեմն միջնորդները չեն կարողանում ճշտել, թե ո՞ր կողմն է մեղավորը, խախտում կատարողը, սակայն այս դեպքում ավելորդ ճիգեր պետք չեն պարզելու մեղավորին:
Ուրեմն, մեր դիվանագետներն այս դեպքը պետք է ճիշտ օգտագործեն ու աշխարհին ցույց տան, որ Ադրբեջանը չի ցանկանում պահպանել զինադադարը և չի ցանկանում բանակցել` հարցի լուծմանը նպաստելու համար: Երկրորդ, պետք է տրվի նաև կատարվածի ռազմական պատասխանը, մի բան, ինչը մեր բանակը գերազանց է կատարում: ԼՂՀ պաշտպանության նախարարը լիարժեքորեն տվեց <<ՙի՞նչ անել>>՚ հարցի պատասխանը, այդ առումով ես մտավախություն չունեմ: Մեր բանակը կոնկրետ քայլեր անելու է, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը զգա իրեն անպատիժ: Հայկական բանակը գործում է գրագետ, հարկ եղած դեպքում նաև կոշտ, այնպես, որ Ադրբեջանն անպատիժ չի մնա, մեր գործողությունները կլինեն կատարվածին համարժեք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












