Արևմտյան ուժերին պետք է պատերազմ, որի մեջ Իրանն ու Ռուսաստանը ստիպված կլինեն ներքաշվել
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ
հետ
–ՍԴ-ն կայացրեց որոշում, որով արձանագրեց, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցման պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սակայն չեն դադարում արևմտամետների հակառակ պնդումները անհամապատասխանության մասին, նշելով՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է, մինչդեռ ԵՏՄ-ում կան վերպետական մարմիններ, մասնավորապես` ԵՏՄ հանձնաժողովը, որի որոշումները պարտադիր են միության անդամ երկրների համար: Ձեր գնահատականը:
-Կխնդրեի արևմտամետներին ազնվորեն խոստովանել՝ այդ ո՞ր երկիրն է, որը ընտրելով ինտեգրացիոն որևէ ուղղություն ու անդամակցելով որևէ կառույցի չի զիջում իր ինքնիշխանության որոշակի մաս վերպետական մարմիններին: Սակայն խնդիրն այն է, թե ի՞նչ ծավալի զիջման մասին է խոսքը:
Ես որպես հակաարևմտամետ քաղաքագետ, արևմտամետներին հիշեցնում եմ, որ Եվրամիության ցանկացած, անգամ ոչ անդամ, այլ զուտ ասոցացված պետություն վաղուց կորցրել է իր ինքնիշխանությունը: Այդ երկրները ԵՄ հետ ասոցացվելով կառավարվում են դրսից, և շատ հաճախ ստիպված են լինում ի վնաս սեփական ազգային, պետական շահերի քայլեր անել, դառնալով մասնակիցը տարբեր նախաձեռնությունների: Ասվածս հաստատեմ կոնկրետ օրինակով: Թուրքիան 60-ականներից լինելով, ընդամենը, ԵՄ հետ ասոցացված երկիր, պարտադրված է մասնակցել ԵՄ կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցներին՝ ուղղված այս կամ այն պետության դեմ: Տեղյա՞կ են, արդյոք, երևանյան արևմտամետները, որ Թուրքիան միայն ԵՄ հատուկ թույլտվությամբ է կարողանում բնական գազ ստանալ Իրանից: Սա ինքնիշխանության կորուստ չէ՞: Անտեսելով նման փաստերը, այդ մարդիկ լռում էին, երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ հետ ասոցացման գործընթացին, նրանք ցինիկաբար ոչ մի խոսք չէին ասում ԵՄ հետ ինտեգրման վտանգների մասին: Կնշանակի ազնից չեն, գեթ մեկ անգամ չմտահոգվեցին, չասացին, որ Հայաստանն այդ քայլով կկորցնի իր ինքնիշխանությունը: Սակայն այսօր, երբ Հայաստանը նախընտրեց ԵՏՄ ինտեգրման ուղին, աղաղակում են, թե, վա՜յ, կորցրել ենք մեր անկախությունը:
-Արևմտամետներն իրենց լռությունը մեկնաբանում են այսպես՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը մեզ չէր պարտադրում և հնարավորություն էր տալու այլ պետությունների հետ կառուցել մեր ուզած հարաբերությունները:
-Սո՜ւտ են խոսում, ԵՄ-ում շատ ավելի ստրկատիրություն կա, քան որևէ այլ կառույցում: Ստում են, որովհետև վարձված են արևմտյան այն կառույցների կողմից, որոնք հրահանգել են՝ Հայաստանում պաշտպանել իրենց շահերը:
Արևմտամետների պնդումները, թե ԵՏՄ պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը անլուրջ է, քանի որ որևէ հակասություն չկա: Թեկուզ հենց այն իմաստով, որ մեզ չեն պարտադրում, որ մեր երկրի ներսում ընդունենք ստանդարտ օրենքներ, ըստ որոնց, երեխայի համար հայր և մայր այլևս չպետք է գոյություն ունենա, այլ պետք է լինի ՙթիվ մեկ, թիվ երկու՚ ծնող հասկացողությունը: Պարզ չէ՞, թե սա ինչ է: ԵՏՄ անդամակցությունը չի նշանակում մտնել պետությանդ ներքին՝ բարոյական, մշակութային աշխարհ, ոչ ոք քեզ չի պարտադրում երկիրդ լցնել աղանդավորներով, մեզ չի պարտադրվում դուրս գալ ազգային հավատքի դեմ, երկիր ներմուծել օտար, խիստ վտանգավոր գաղափարներ: Իսկ եթե ԵՏՄ անդամակցման դեպքում կա պարտադրանք, ապա դա բխում է միայն ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորման հանգամանքներից, ինչը, բնականաբար, ընդհանուր տնտեսական չափանիշների կիրառումն է:
Ուզում եմ հարց ուղղել ԵՏՄ-ի դեմ աղմկող արևմտամետներին, ինչո՞ւ եք լռում, երբ Եվրամիության բոլոր օղակները, ԵՄ գործիչները պահանջում են, որ Հայաստանը Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս՝ անտեսելով մեր պատմական անցյալը, առկա իրավական հիմքերը: Ինչո՞ւ ժողովրդավար ԵՄ-ն երբեք հարց չի դնում Թուրքիայի առաջ ասելով՝ չես կարող անդամակցել ԵՄ-ին քանի դեռ շարունակում ես ժխտել Հայոց ցեղասպանությունը: Փոխարենը, մեր ցավը խաղարկում են, օգտագործում, որպես լրացուցիչ քաղաքական գործիք Թուրքիայի դեմ: Եվ վերջապես, արևմտամետներին նաև ուզում եմ իրազեկել, գուցե անտեղյա՞կ են, որ ԵՄ-ն այսօր իր հերթին կառավարվում է դրսից, մեկ այլ երկրից՝ ԱՄՆ-ից: Բազմիցս ենք տեսել, թե ինչպե՞ս են ամերիկացիները վիրավորել ու արհամարել եվրոպացիներին, թե ինչպիսի՞ քամահրանքով է Ամերիկայի քաղաքական վերնախավը վերաբերվում Եվրամիությանը: Սա նշանակում է, որ ԵՄ-ն իր հերթին ինքնիշխան չէ որպես կառույց: Երևանյան արևմտամետները սա չե՞ն տեսնում, թե՞ քանի որ վարձված են՝ նախընտրում են ԱՄՆ-ին հանձնել սեփական երկրի ինքնիշխանությունը: Եվ այսպիսիք խոսում են Հայաստան երկրի շահերի՞ց, ներկայնում որպես հայրենասերնե՞ր:
ԱՄՆ շահերով տարված նրանք նաև չեն նկատում մեր տարածաշրջանում կատարվող կարևոր իրողությունը՝ Իրանի աստիճանական ակտիվացումը, մի երկիր, որի հետ ընդհանուր սահման ունենք: Այսօր ՀՀ կառավարությունը վերանայում է Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գործարքը ամերիկացիների հետ, և ես հույս ունեմ, որ վերանայվում է հենց այն կետը, ըստ որի ԱՄՆ-ը փորձում է արգելել Հայաստանին, որպեսզի Որոտանի ՀԷԿ-ի արտադրած էլեկտաէներգիան չփոխանցվի Իրանին: Այս պայմանագիրն առավել քան խոցում է մեր ինքնիշխանությունը:
-Ի դեպ, Ռուսաստանը մտադիր է կառուցել Իրան- Ադրբեջան երկաթգիծը: Սա հետին պլան չի՞ մղի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման կարևորությունը:
-Ոչ, քանի որ այս հարցի քննարկման ժամանակ միաժամանակ խոսվել է Վրաստանի տարածքով Ռուսաստան-Հայաստան -Իրան երկաթգծի վերագործարկման մասին: Նախօրեին Իրանում էր Ռուսաստանի Պետդումայի խոսնակը, ընթանում են ՌԴ-Իրան լայնամասշտաբ բանակցություններ: Շահեկան ծրագրեր կան նաև մեր երկրի համար: Ի հեճուկս արևմտամետների Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր: Բացի այդ, Իրանը դառնում է ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամ:
Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի ու Պարսկաստանի զինված ուժերը վերամիավորվում են մեր տարածաշրջանում: Շատ լուրջ համագործակցություն է, այն մեր առաջ բացում է հնարավորություն օգտվելու Իրանի ռազմական, հետախուզական հնարավորություններից: Այսօր ես ավելին ասել չեմ ուզում, սպասեք գործընթացներին ու առաջնորդվենք միայն մեր ազգային շահերով: Իսկ այդ շահը ռուս-իրանական դաշիքի կայացումն է: Այն կապահովի մեր երկրի էներգետիկ անկախությունը, մենք կախված չենք լինի ո՜չ արաբական շեյխերից, ո՜չ ամերիկյան հեքիաթերից, և դրանով իսկ կունենանք մանևրելու հնարավորություն: Մի խոսքով, այսօր մենք կանգնած ենք խոշոր իրադաձությունների շեմին: Ու ցավալի է, որ մեկ էլ հանկարծ մեզանում ինչ-որ մի մասսա է գլուխ բարձրացնում և խոսում ԵՏՄ անդամակցման դեմ: Դրանք նույն դեմքերն են, նույն թվաքանակով, որ ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս ու հնչեցնում ուրիշի թելադրածը:
-Կիսո՞ւմ եք այն կարծիքը, թե Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացման նպատակներից մեկն էլ Հայաստանի ԵՏՄ անդամակցման վերջնական փուլին խանգարելն էր:
-Չէ, սա մեկ այլ խաղ է: Տեսեք, ամենուր տապալվում, հօդս են ցնդում ամերիկյան վարդագույն հույսերը: ԱՄՆ-ին չի հաջողվում պատժամիջոցներով ճնշել Ռուսաստանին ու պարտադրել նրան վերադարձնել Ղրիմը, իսկ ժամանակը պարզորոշ ցույց տվեց, որ ուկրաինական խաղերում կռվախնձորը Ղրիմի թերակղզին է: Մյուս կողմից Ուկրաինայում գրանցված ամերիկյան ընկերությունները հավաքում են իրենց ունեցած-չունեցածն ու հեռանում, ինչո՞ւ, որովհետև հօդս են ցնդել իրենց հույսերը թերթաքարային գազ հայտանաբերելու մասին, կարծում էին, թե դրանով շատ հարուստ է Ուկրաինայի հարավ-արևելքը: Պարզվեց այդպես չէ: Ամերիկացիների փուչիկը պայթում է նաև Լիտվայում, այս երկրի իշխանությունը հայտարարեց, որ մեծ սիրով պատրաստ է համագործակցել ռուսական <<Գազպրոմ>>-ի հետ:
Տապալվում է ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը կապված Իրանի, Սիրիայի հետ. Սիրիան չդարձավ Լիբիա, իսկ Իրանին չկարողացավ պարտադրել սունա-շիական պատերազմ: Մինչդեռ հակառակ գործընթացի ականատեսն ենք. Իրանը արագ տեմպերով մերձենում է Ռուսաստանին ու Չինաստանին: Որքան ԱՄՆ-ը ավելացնում է իր ճնշումը, այնքան այս երեք երկրներն ավելի ու ավելի են ընդլայնում իրենց համագործակցությունը:
Եվ հիմա տեսեք, թե ի՞նչ է կատարվում մեր պարագայում. արևմտյան ուժերին պետք է պատերազմ, որի մեջ Իրանն ու Ռուսաստանը ստիպված կլինեն ներքաշվել: Իսկ այդ պատերազմի հավանական դաշտը միմիայն հայ-ադրբեջանական հակամարտությունն է: Ահա թե ինչու ամերիկացիները հրահանգեցին Ալիևին գնալ նման քայլերի: Մեր ռազմական գործիչները շատ ճիշտ մեկնաբանեցին, ասելով, որ սովորական հրամանատարը չէր կարող տալ ուրիշի տարածում ուղղաթիռ խփելու հրահանգ, դա եղել է Բաքվից իջած հրահանգ: Այնպես որ, ուղղաթիռի ոչնչացումը ոչ թե ուղղված էր Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը, ինչն իրենց համար այսօր փոքր խնդիր է, այլ Ռուսաստանին ու Իրանին պատերազմի մեջ ներքաշելը:
-Մյուս կողմից տպավորություն կա, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը զուգահեռ փորձ է արվում ակտիվացնել, վերստին հրապարակ բերել ցյուրիխյան մեռած արձանագրությունները:
-Այո, այս հարցում համակարծիք եմ ձեզ հետ և Արևմուտքի շահարգրգռվածությունն ակնհայտ է: Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը, Ցյուրիխան արձանագրություններին կենդանություն տալը կապված է ԵՏՄ-ի ինտեգրման գործընթացի հետ ու ծավալվում է այդ գործընթացի դեմ: Բայց, միաժամանակ նկատում եմ, որ Հայաստանն ամենևին հակված չէ մտնել այդ խաղի մեջ:
Կարծում եմ, որ պետք է նորից վերհիշեցնել Արևմուտքին, որ Արցախի հարցն ու հայ-թուրքական արձանագրություններն իրար հետ առնչություն չունեցող, բոլորովին տարբեր գործընթացներ են: Այս հարցում շահագրգիռ Արևմուտքը թող լավ հասկանա, որ եթե Թուրքիան փորձում է վերանայել արձանագրությունները, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել սպիտակ էջից, քանի որ 2009-ից ի վեր շատ բան է փոխվել քաղաքական արենայում: 2008-ին Թուրքիան՝ Սիրայի կամ Իրաքի սահմանին չուներ կիսապատերազմական իրավիճակ, իսկ այսօր՝ ունի, ուրեմն, թող նախ կարգավորի իր հարցերը, հետո միայն կխոսենք՝ սահմանը բացում ե՞նք, թե՞ ոչ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












