Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է, ԹԵ՞ ԱՆՎՏԱՆԳ ՑՈՐԵՆԻ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԸ

Նոյեմբեր 14, 2014թ. 12:23

Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը

Օրենքը կոչված է պայքարելու մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցությունների դեմ, ինչպես նաեւ կարգավորելու հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:

Բանն այն է, որ, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով մինչեւ 5 տարեկան երեխաների 47%-ը եւ հղի կանանց 42%-ը տառապում է սակավարյունությամբ:

Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ երկաթի անբավարարության հետեւանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտանոթային հիվանդություններից, որոնց պատճառն օրգանիզմում անհրաժեշտ նյութերի ոչ բավարար քանակն է:

Իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխաներ տառապում են սուր եւ ավելի քան 120 մլն երեխաներ` քրոնիկական թերսնուցումից: Աշխարհի բնակչության 20%-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A եւ այլն) անբավարարության, որի հետեւանքն են մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակները, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ հանգեցնում են մահվան:

Այդ խնդիրը լուծելու համար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ ավելի քան 50 այլ երկրներում արդեն 60 տարուց ավելի է, ինչ հացամթերքի թխման համար նախատեսված ալյուրը հարստացվում է երկաթով, ֆոլաթթվով եւ վիտամիններով, որպեսզի անգամ ցածր եկամուտ ունեցող մարդիկ, որոնք գոնե ի վիճակի են հաց գնել, կարողանան ստանալ իրենց օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրն ու վիտամինները:

Թե ինչ արդյունավետություն է ունեցել ծրագիրն այդ երկրներում՝ մենք վիճակագրական տվյալներ չունենք, սակայն այն, որ միջազգային կազմակերպությունները ձգտում են իրենց փորձը տարածել նաեւ Հայաստանի նման զարգացող երկրներում, վկայում է, որ Արեւմուտքում ծրագիրն արդյունավետ են համարում:

Դրանից ոգեւորված՝ մեր առողջապահական ոլորտի մասնագետներն արդեն հայտարարում են, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին:

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի խոսքով` ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը ողջ աշխարհում համարվում է հանրային առողջապահական ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, քանի որ շատ փոքր ներդրումով ապահովում է մեծ արդյունքներ: Ըստ պաշտոնյայի՝ դրանք նաեւ մեզանում տեսանելի կլինեն մի քանի տարի անց:

Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը կներդրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, որը Հայաստանին անվճար կտրամադրի ցորենի ալյուրի հարստացման գործում անհրաժեշտ սարքավորումները, ինչպես նաեւ մեթոդաբանական հարցերում շարունակական աջակցություն կցուցաբերի: Բացի դրանից, ընկերությունը մեկ տարի կտրամադրի այն վիտամինահանքանյութային հավելումները, որոնցով հարստացվելու է ալյուրը:

Առաջիկայում օրենքի վեաբերյալ խորհրդարանում կկազմակերպվեն հանրային լսումներ, որից հետո այն հավանաբար գործողության մեջ կդրվի:
Մենք հարցուփորձ արեցինք ալյուր արտադրող տարբեր տնտեսավարողների ու այլ մասնագետների, թե նրանք ի՞նչ են մտածում այս օրենքի մասին, որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել կամ գուցե վնասակար հանրության առողջությանը:

Ալյուր արտադրող «Մանանա Գրեյն» ընկերության աշխատակիցը նշեց, որ ծրագիրը բավական արդյունավետորեն կիրառվում է աշխարհում: Իրենց ընկերությունը հետաքրքրվել է արտասահմանյան ալյուր արտադրողներից՝ արդյոք արհեստականորեն ալյուրի մեջ ավելացված նյութերը չե՞ն կարող վնաս տալ մարդուն, ինչին ի պատասխան՝ ասել են, որ դրանք ոչ միայն չեն վնասում, այլեւ օգտակար են ու որոշ երկրներում անգամ խիստ անհրաժեշտ՝ հաշվի առնելով այդ երկրներում բնակչության շրջանում առկա վիտամինային ու հանքանյութային պակասը:

Մեկ այլ՝ «ՎԹ թրեդ» ընկերության տնօրենը նույնպես արդյունավետ միջոցառում է համարում այս ծրագիրը՝ նշելով, որ իրենք ուսումնասիրել են համաշխարհային փորձն ու միայն դրական կարծիքներ լսել: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանում մասնագետներն են ուսումնասիրել այդ ծրագրի արդյունավետությունն ու իրենց դրական եզրակացությունը տվել՝ ալյուր արտադրողները միմիայն պետք է ողջունեն ծրագիրը, քանի որ այն միտված է ավելի առողջ բնակչություն ունենալուն:
Մենք տնտեսավարողներից հետաքրքրվեցինք, թե արդյոք ալյուրը լրացուցիչ հավելումներով հարստացնելը չի՞ նպաստի ալյուրի, հետեւապես դրանից պատրաստվող մթերքների թանկացմանը, ինչին ի պատասխան՝ նրանք նշեցին, որ երկրի վարչապետը մասնավորեցնելով այդ խնդիրը՝ նշել է, որ ծրագրի իրականացմամբ տնտեսավարողների վրա ֆինանսական առումով լրացուցիչ ծախս չի լինի, քանի որ մեկ կգ ալյուրի համար ծախսը կազմելու է մեկ դրամ:

Սննդաբան, ԱՆ կուրորտաբանության եւ ֆիզիկական բշժկության ԳՀԻ դիետոլոգ-գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ strong>
նշում է, որ ցորենի ալյուրի հարստացումը ցորենն աղալու եւ վերամշակելու ընթացքում միկրոսնուցող կորուստների վերադարձն է ալյուրի մեջ:

Նա բացատրում է, որ ի տարբերություն վիտամիններով հարուստ երկրորդ սորտի ալյուրի, որը պատրաստվում է ցորենի թեփից, առաջին սորտի ալյուրի վերամշակման ժամանակ դրանում վիտամիններն ու հանքանյութերը նոսրանում են, գրեթե դուրս են գալիս: Այնպես որ առաջին սորտի այլուրը չի համարվում վիտամինացված ու հանքանյութերով հարուստ մթերք: Այդ պատճառով այն կարիք ունի լրացուցիչ հավելումների:

Սննդաբանը որեւէ վտանգ չի տեսնում նրանում, որ մեզ մատուցվող հացն ու այլ տեսակի հացամթերքները քիմիական վիտամիններ ու հանքանյութեր են պարունակելու, եւ ասում է, որ կան վիտամիններ ու հանքանյութեր, որոնց քիմիական փոխարինիչներն անվտանգ, ավելին՝ օգտակար են:

Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի ազգաբնակչության զգալի մասը վիտամինային պակաս ունի, որոշակի տարիքային խմբեր ու կարգավիճակ ունեցող խմբեր էլ՝ օրինակ, հղի կանայք, որոշակի տարիքի երեխաները՝ նաեւ երկաթի պակաս, ապա վիտամինացված, հարստացված հացը կարող է քիչ թե շատ լրացնել այդ բացը՝ այդպիսով կանխարգելելով շատ հիվանդություններ: Ինչո՞ւ է ընտրվել հացը, որովհետեւ այն ամենամատչելի մթերքն է մեզանում ու հասանելի է սոցիալական բոլոր խավերին: Բացի դրանից, մենք մեր սննդակարգում շատ ենք հաց օգտագործում:
Սննդաբանը նաեւ նկատում է, որ վիտամինային արհեստական ծագումը վտանգավոր չէ, այլ բան է, որ դրանց առկայությունը հացամթերքում կարող է հիպերվիտամինացում առաջացնել: Բայց նա այդ առումով հանգիստ է, քանի որ, ըստ նրա, ալյուրի մեջ ավելացվող վիտամինների քանակի բաշխումն այնպես է հաշվարկված, որ օգտագործվող հացի օրաբաժինը չի կարող օրգանիզմում վիտամինների ավելցուկի պատճառ դառնալ:

Հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, որը նաեւ «Սելիմյան հաց» արտադրանքի համահիմնադիրն է, ծրագրի մասին այլ կարծիք ունի: Նա կտրականապես դեմ է, որ ծրագիրը ներդրվի Հայաստանում, քանի որ համոզված է՝ սինթետիկ հավելումները ոչ մի լավ ազդեցություն չեն կարող ունենալ օրգանիզմի վրա:

«Մենք բնության օրենքներին դեմ ենք գնում՝ փորձելով բնականին խառնել արհեստական ճանապարհով ստացված նյութեր: Այսօր աշխարհը պայքարում է սննդի մեջ ամեն տեսակ հավելանյութերի առկայության դեմ, իսկ մենք նոր-նոր փորձում ենք մեզանում կիրառել աշխարհի վտանգավոր փորձը:

Ո՞ւմ հայտնի չէ, որ մեծաքանակ հավելանյութեր սննդի մեջ ավելացնում են, որպեսզի դրանք երկար պահպանվեն: Այսինքն՝ հավելանյութերի շնորհիվ կենդանի միկրոօրգանիզմները չեն զարգանում, իսկ դա բնականոն չէ ու չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ: Հարստացված սնունդը ուտելով՝ այդ հավելանյութերը կուտակվում են մարդու օրգանիզմում՝ հիվանդագին հետեւանքներ ունենալով»,- նշում է Խաչիկ Ստամբոլցյանը:

Նա հատուկ միտում է տեսնում այս ծրագրում, որն ի հայտ կգա միայն տարիներ հետո: Ըստ նրա, այդպես տարիներ առաջ Հայաստանում ներդրեցին ընտանիքի պլանավորման ծրագիրը: Դրա հետեւանքով ունեցանք չբերության թվի մեծացում ու վիժման բազմաթիվ դեպքեր:
«Առանց այն էլ այսօրվա հացի արտադրության ժամանակ տարբեր բարելավիչներ ու փխրեցուցիչներ են օգտագործում, որոնք նպաստում են ուռուցքային եւ այլ տեսակի ծանր հիվանդությունների, չբերության առաջացմանը: Այդ նորարարական մեթոդները նույնպես Հայաստան ներթափանցեցին Արեւմուտքից: Հիմա էլ նոր կործանիչ են ուղարկում»,- համոզված է հասարակական գործիչը:

Մեր այն հարցին, թե օրենքն ընդունվելու դեպքում «Սելիմյան հաց» ընկերությունը կհրաժարվի՞ հարստացված ալյուրի օգտագործումից, Խաչիկ Ստամբոլցյանը պատասխանեց, որ իրենք ստիպված կլինեն հրաժարվել մեր ալյուր արտադրողերից հացի պատրաստման հումք գնելուց եւ սեփական ցորենը կաճեցնեն: Այլապես ռիսկի են դիմում իրենց անվտանգ հայտարարվող սնունդը դարձնել վտանգավոր:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն