Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

Ես Արմեն Պողոսյանին այլևս սպառողների իրավունքների ու շահերի պաշտպան չեմ համարում

Նոյեմբեր 22, 2014թ. 23:34

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնն ալյուրին պարտադիր կարգով արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ խառնելու առնչությամբ այսօր կազմակերպած ասուլիսին հրավիրել էր նաև «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանին: Թեև սա առաջին դեպքը չէր, որ նա հրապարակայնորեն արտահայտվում էր թեմային կամ խնդրին, «լավագույն» դեպքում, չտիրապետելով, այնուամենայնիվ, կարողացավ իր պահվածքով, դիրքորոշմամբ զարմացնել ներկաներից թերևս շատերին:

Թվում էր, թե պարոն Պողոսյանն ասուլիսին պետք է եկած լիներ կառավարության փաստաթղթային փաթեթն ու թեման ուսումնասիրած (չուսումնասիրելը, կրկնում ենք, «լավագույն» դեպքում, եթե բացառենք նրա կողմից որոշակի դիտավորությունը կամ կառավարության վերոնշյալ սխալ քայլը պաշտպանելու դիտավորությունը) ու պաշտպաներ սպառողների շահերն ու իրավունքները, սակայն ճիշտ հակառակ պատկերն էր` նա հանդես եկավ կառավարության այդ սխալ ու վտանգավոր որոշման մոլի պաշտպանի դիրքերից:

«Մենք տարիներ շարունակ, 88 թվի փետրվարի 20-ից մինչև այսօր լսում ենք` դավադրություն, հայ ազգի դեմ, մարդկային ցեղի դեմ, մեռելածիններ, հրեշածիններ,- ասաց Արմեն Պողոսյանը:- Այդ ի՞նչ սարսափ են թափում ժողովրդի գլխին»:

Ի՞նչ է նշանակում հրեշածիններ… Տալով այս հարցը և ինքն էլ պատասխանելով դրան, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահը ասաց.

«Հրեշածին` նշանակում է երկու գլխանի մարդ, ես փողոցը որ ման եմ գալիս, անգլուխ մարդ շատ եմ տեսել, շատ եմ տեսնում, բայց երկու գլխանի մարդ չեմ տեսել»:

Հիշյալ ՀԿ-ի ղեկավարի կողմից իրականության խեղաթյուրումն ակնհայտ է, քանզի հրեշածինները միայն երկգլխանի մարդիկ չեն: Նրանք հիմնականում շատ արագ մահանում են, ծննդատնից էլ դուրս չեն գալիս, համենայն դեպս, փողոցներում չեն հայտնվում, որպեսզի պարոն Պողոսյանը նրանց տեսնի ու վտանգը հասկանա: Միաժամանակ, դեմ ենք խնդրի ծայրահեղացմանը: Մեզ հայտնի չէ որևէ լուրջ մասնագետ, որն ասի, թե հացի ալյուրին արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ խառնելը հրեշածնության է հանգեցնելու: Իսկ մի՞ թե քաղցկեղի առաջացման վտանգը, որը բխում է ալյուրին արհեստական վիտամիններ խառնելիս, առավել ևս` եթե դրանք, օրենսդրության խախտմամբ, ժամկետանց լինեն, հրեշածին երեխաների ծնվելուց պակաս վտանգ է կամ հանդուրժելի: Այս թեմային մենք արդեն անդրադարձել ենք (http://nyut.am/archives/282065) և առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք:

Ահա պարոն Պողոսյանի «լավագույն» դեպքում անիրազեկ լինելու ևս մեկ վկայություն. «Ո՞վ կարող է գտնել դրա վտանգը, բացի գենետիկայի ամբիոնից»: Իսկ ո՞վ է ասում, թե ալյուրին արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ խառնելը հենց գենետիկ առումով է վտանգ ներկայացնում, եթե այն կարող է քացկեղ կամ, ասենք, ալերգիաներ առաջացնել, ի՞նչ կապ ունի այստեղ գենետիկայի ամբիոնը…

Ելնելով վերը նշվածից, ես Արմեն Պողոսյանին այլևս սպառողների իրավունքների ու շահերի պաշտպան չեմ համարում` առավել ևս, որ նա մերժում է վիտամինահանքանյութային հավելումներ չպարունակող հաց գնելու սպառողների այլընտրանքի իրավունքը, և քաղաքացիական կյանքը պատկերացնում է զորանոցային կյանքի նման` այսօրվա ասուլիսում փորձելով արդարացնել ալյուրին արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ խառնելու պարտադիր լինելը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

nyut.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն