Գլխավոր » Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանին հիշեցրին, որ ֆաշիստական վարքը կարող է դրսևորվել միայն հայտարարությունների մակարդակով. ԼՂՀ վարչապետ

Նոյեմբեր 23, 2014թ. 00:30

Tert.am -ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանն ասաց` Հայոց բանակի արժանապատվության հարցն էր ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելը:

Արայիկ Հարությունյանը, ըստ էության, նշեց, որ 16 դար հետո Արցախյան պատերազմի հերոսների օրինակով նորովի պետք է գնահատենք հայի այն տեսակը, ում սխրագործությունների շնորհիվ են ասում՝ «չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»:

-Պարո’ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում, որ ՄԻ24 ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները դուրս բերվեցին հատուկ նշանակության գործողությամբ, այլ ոչ թե դիվանագիտական ճանապարհով:

-Դա երկու հանգամանքի մասին է վկայում. նախ` այն, որ միջազգային հումանիտար իրավունքը չհարգվեց ու չկիրարկվեց Ադրբեջանի կողմից, իսկ միջնորդներն ու համապատասխան միջազգային հումանիտար կառույցները չկարողացան ապահովել դրա կիրարկումը: Թե ինչ պատճառով` արդեն իրենց խնդիրն է:

Երկրորդ` հայոց բանակն ի վիճակի է հակառակորդին պարտադրել խաղի կանոններ՝ հերթական անգամ հիշեցնելով, որ կամակոր և ֆաշիստական վարքը կարող է դրսևորվել միայն հայտարարությունների մակարդակում:

Մենք միշտ կողմ ենք արտահայտվել խնդիրների խաղաղ լուծմանը, սակայն հաշվի առնելով մեր դիմացի կողմի տեսակը՝ երբեք չենք կորցրել մեր զգոնությունն ու ռազմական պատրաստականությունը: Դա վերաբերում է ուղղաթիռի ցավալի դեպքին ևս: Սկզբում փորձեցինք առանց ուժ կիրառելու` դուրս հանել օդաչուների մարմինները, որպեսզի խուսափեն մեր զինվորների կյանքը հարվածի տակ դնելուց, ինչպես նաև` ավելորդ լարում ստեղծելուց, սակայն Ադրբեջանը փորձեց օգտագործել այդ հանգամանքը՝ էլ ավելի լկտի վարք դրսևորելով: Այդ պատճառով կիրառեցինք մեր այլընտրանքային միջոցը, և հայ զինվորը վերստին գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը:

-Սա Ձեզ հիշեցնում՞ է 90- ականները, երբ ողջ միջազգային հանրությունը կոչ էր անում մարդասիրական միջանցք բացել ԼՂՀ հայ բնակչության համար, բայց Ադրբեջանը չէր կատարում, ու հայկական կողմը ինքնուրույն բացեց այն: Եվ համարում եք, որ սա ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարարության ի կատար ածու՞մն էր:

– Այո՛, պատերազմի տարիների հետ նմանություն կա, քանի որ Ադրբեջանի սանձարձակ ձեռագիրը չի փոխվել այն օրերի համեմատ, ուղղակի գիտակցությունն է փոխվել, որ Հայոց բանակի հետ չի կարելի խաղ անել: Մենք հարգել ու հարգում ենք միջազգային իրավունքը, սակայն երբ այն կարող է բազմակի ստանդարտներով և հայության շահերին դեմ օգտագործվել, չենք հապաղի նույն միջազգային իրավունքի կատարումն ապահովել ինքներս՝ հայ զինվորի բազկի միջոցով: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա, ինչպես տեսանք, նրանց հայտարարությունն առնվազն` արհամարհվեց Բաքվի կողմից, և, հետևաբար, մեր զոհերի մարմինների վերադարձման գործում միայն հայկական զինուժը դերակատարություն ունի:

– Ի՞նչ նշանակություն ունի այս հատուկ օպերացիան ԼՂ Պաշտպանության բանակի մարտունակության, մարտական ոգու բարձրացման առումով:

-ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունը կասկածից դուրս է, ինչն ապացուցվել է բազմիցս, այդ թվում` օգոստոսյան դեպքերի և վերջին զորավարժության ժամանակ: Համոզված եմ՝ հայկական զինուժն ի վիճակի է շատ ավելի բարդ օպերացիաներ իրագործել, սակայն այս մեկի առանձնահատկությունն այն էր, որ անհրաժեշտություն կար հայ զինվորականների մարմինները վերադարձնել, ինչը նաև արժանապատվության հարց էր բանակի համար: Այդ տեսանկյունից դիրքերում կանգնած տղաներն իրենց խոցելի չեն զգա ուղղաթիռի անկման հետևանքով:

-Օպերացիան արդեն իսկ որակվեց որպես փայլուն կատարված գործողություն, ի՞նչ կարծիք ունեք հայկական զինուժի պատրաստվածության մասին:

-Ինչպես արդեն նշեցի` բարձր մարտունակությունը կասկածից դուրս է: Դրա օգտին խոսում են թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ ապացույցները: Օբյեկտիվը ռազմական գործողություններում ու զորավարժություններում ցուցաբերած գերազանց պատրաստվածությունն է, իսկ սուբյեկտիվը, որը քիչ կարևոր չէ, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենք պաշտպանված են, ինչպես նաև` ադրբեջանական կողմի վստահությունը սահմանից այս կողմ կանգնած բանակի հզորության հարցում:

-Հայաստանում անցկացված Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ քննարկվում էր Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին սրբադասելու հարցը, և տարբեր կարծիքներ հնչեցին այս առումով: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ նման առաջարկ արվի նաև Արցախյան պատերազմի զոհերի առումով, այն ժամանակվա ու հիմա՝ խաղաղ պայմաններում զոհվածների:

-Թեև Դուք նշեցիք միայն խաղաղ պայմաններում զոհվածների մասին, ես կհավելեի, որ հայրենիքի պաշտպանության համար գիտակցված մահվան գնացածներն առավել ևս արժանի են անմահության՝ սրբադասման միջոցով` նույնպես: Ավելին՝ ամենևին նպատակ չունենալով ստորադասել որևէ մեկի դերը հայրենիքի փրկության գործում՝ կուզենայի, որ ըստ արժանվույն գնահատեինք առաջնահերթորեն հայի այն տեսակը, որը հետևյալ սկզբունքով մեկնեց Վարդանանց սրբազան պատերազմին՝ «չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»: Ուստի համոզված եմ՝ արցախյան գոյապայքարի նահատակների սրբադասման օրն էլ է գալու:


Դիտել Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն