Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես ու չհաշվարկված քայլերի համար. Սեյրան Օհանյան

Նոյեմբեր 26, 2014թ. 00:12

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Եռաբլուր պանթեոնում ունեցած ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես ու չհաշվարկված քայլերի համար:

«Բաքվում պիտի ըմբռնեն, որ փորձելով մահ սփռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողում, ուր անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իրականում հատուցման ժամն է մոտեցնում իրենց խարխուլ դիրքերին: Հակառակորդն այսօր հատուցում է իր բոլոր անհեռատես ու չհաշվարկված քայլերի համար ու իր ժողովրդին դեռ պիտի պատասխան տա այս տարվա օգոստոսին, նոյեմբերին և իր հրահրած Արցախյան ողջ հակամարտության ընթացքում սեփական բանակի մարդկային կորուստների համար, որոնք կարող էին չլինել: Սակայն հայտնի իրողություն է, որ ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես ու անմիտ քայլերի համար ժողովուրդն է վճարում: Բայց այդ խնդիրն իրենցն է, իսկ մերը հիմա կորստյան վիշտն է ու այսպիսի օդաչուներ և զինվորներ ունենալու հպարտությունը»,- հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորության արարողության ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ հատուկ գործողության մասնակիցները, դիվանագիտական քայլերի արդյունքներին չսպասելով, իրականություն դարձրեցին ամեն հայի սպասումը և հայրենի հող վերադարձրեցին Արցախի երկնքի պահապաններին:
«Այդ նրանք էին, որ ևս մեկ անգամ և այնքան փայլուն կերպով վերահաստատեցին նենգության, պարտված զավթիչի անզոր կատաղության դեմ Հայկական բանակի հաղթական գերազանցությունը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ուղղաթիռ խոցելու քայլը հակառակորդի՝ բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսևորումն էր: Այս առումով, Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2014 թվականը դժվար տարի էր և Հայաստանի, և Հայկական բանակի համար: Նախարարը թվարկեց տարվա սկզբից հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր գործողությունները: Նա հիշեցրեց, որ դեռևս տարեսկզբին Բաքուն Մարտակերտի պաշտպանական դիրքերում անփառունակ ջախջախման դատապարտեց իր հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումը:

«Ապա հակառակորդը ոհմակով Քարվաճառ ուղարկեց 16-ամյա պատանի հոշոտող մարդասպաններին, ովքեր Ստեփանակերտի դատարանում այսօր մեկը մյուսին մեղադրելով՝ փորձում են սեփական մորթը փրկել»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ադրբեջանն ականաջալուր չեղավ հայկական կողմի նախազգուշացումներին. «Զգույշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»:
Նախարարի խոսքով՝ հակառակորդը չհասկացավ, փորձեց դիպուկահարների պայքարը տեղափոխել դիվերսիաների դաշտը, բայց դառը դաս ստացավ, երբ հայկական զինված ուժերը բացատրեցին շփման գծում ուժերի իրական հարաբերակցությունը:

«Հակառակորդը լարվածությունը տեղափոխեց որակապես նոր հարթություն՝ դարանից խոցելով զորավարժարանում առանց սպառազինության ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը: Ապա 10 օր շարունակ իրեն բնորոշ հակամարդկային գործելակերպով ամեն կերպ խոչընդոտեց զոհվածների աճյունների վերադարձին»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հակառակորդն այդպես էլ չի հասկանում, որ դարանից զինվոր թե ուղղաթիռ խոցելիս, հայկական բանակին թիկունքից հարվածել փորձելիս ամեն անգամ դիմադարձ հարված է ստանալու, ու հերթական անգամ բացվելու է ադրբեջանական բանակի անզորությունն այլևս քողարկել չկարողացող պատառոտված վարագույրը:

Փոխարենը, նրա խոսքով, հայկական բանակը վստահորեն քայլում է բոլոր դարանները մի օր հայտնաբերելու և ոչնչացնելու ճանապարհով: «Ինչպես նոյեմբերի լույս 22-ի գիշերվա մեր բանակը հատուկ գործողության ժամանակ ոչնչացրեց թե կործանված ուղղաթիռի շուրջ դրված օղակը, և թե այն հսկողներին, ու կատարվեց տրված առաջադրանքը»,- ասաց Սեյրան Օհանյանը:


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն