ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ
Ինչպես հայտնի է, կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Մինչ առողջապահության նախարարության պատասխանատուները գովաբանում են այս ծրագիրը՝ հարցով հետաքրքրված մասնագետները ահազանգում են հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ ահազանգում է, որ ծրագիրն ուզում են ներդնել առանց նախնական ուսումնասիրություններ ու բժշկական մոնիտորինգներ իրականացնելու: Առողջապահության, նախարարությունը խոսելով ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին, կցկտուր ներկայացնում է միջազգային վիճակագրական տվյալներ, թե աշխարհում քանի մարդ է տառապում սակավարյունությամբ ու վիտամինային պակասով:
Սակայն բերվող տվյալները չի կարելի տեղայնացնել ու դրանով առաջնորդվելով՝ ենթադրել, որ Հայաստանի բնակչությունը նույնպես ունի այն նույն խնդիրները, ինչ, օրինակ, ԱՄՆ-ի կամ աֆրիկյան որոշ պետությունների բնակչությունը:
«Ծրագիրն առաջարկելուց առաջ պետք է լուրջ, բազմակողմանի ուսումնասիրություններ իրականացնեին, որը չի արվել: Ուստի ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը կիրառելով՝ առողջապահական մեծ ռիսկեր են առաջանալու: Մենք չենք ուսումնասիրել, թե այլ երկրներում ծրագրի կիրառումն ինչ հետեւանքներ է ունեցել, եւ կուրորեն հավատում ենք այն տվյալներին, որոնք ներկայացվում են մեզ:
Օրինակ, ասում են, թե ցորենի ալյուրի հարստացման շնորհիվ հնարավոր է եղել ԱՄՆ-ում նվազեցնել սրտամկանի կաթվածի դեպքերը: Բայց իմ ունեցած այլ տվյալներով՝ դա պայմանավորված է ոչ թե երկաթով հարստացման ծրագրով, այլ գիրության դեմ պայքարի ծրագրով»,- ասում է ՀԿ-ի նախագահը:
Հետո՝ հայտնի չէ, թե մեր հասարակությունը երկաթի պակասի խնդիր ունի՞, թե՞ ոչ, եթե նման խնդիր ունեցող մարդիկ կան, ապա բնակչության քանի՞ տոկոսն են կազմում, եւ կամ խնդիրն ինչի՞ հետեւանք է: Ծրագրի ջատագովների եզրակացությունները հիմնված են սակավարյունության մասին վկայող այն տվյալների վրա, որոնք կազմվել են հեմոգլոբինի հետազոտության համաձայն:
Մինչդեռ միայն հեմոգլոբինի քանակով հնարավոր չէ որոշել արյան մեջ երկաթի պարունակությունը՝ պակա՞ս է այն, թե՞ նորմայի մեջ է: Դրա համար հարկավոր են արյան մեջ ֆերիտինի եւ տրանսֆերինի քանակության լրացուցիչ հետազոտություններ կատարել: Իսկ սակավարյունությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն երկաթի պակասով, այլեւ ուրիշ տեսակի գործոններով: Եվ սննդի մեջ երկաթ ավելացնելով՝ սակավարյունությունն ամենեւին չի վերանա:
Բաբկեն Պիպոյանը նաեւ մտահոգ է, որ առանց պարզելու, թե մեր երկրում քանի՞ մարդ կա, որ երկաթի պակաս ունի, իսկ քանի՞սն է, որոնց հանքանյութի ավելորդ չափաբաժինը հակացուցված է, ծրագիրը պարտադրաբար կիրականացնեն եւ դրանով մարդկանց կյանքի համար լուրջ վտանգներ կառաջացնեն:
Բանն այն է, որ որոշ հիվանդությունների դեպքում երկաթի օգտագործումը հակացուցված է: Երկաթի ավելորդ չափաբաժինը վնասակար է նաեւ նրանց, որոնց մոտ այդ հանքանյութը նորմայի սահմաններում է կամ հարկ եղածից ավելի է: Իսկ մենք որեւէ մոնիտորինգ չենք արել պարզելու համար, թե մեր քաղաքացին օրական որքա՞ն հաց է օգտագործում ու ըստ այդմ որքա՞ն երկաթ կարող է մտնել նրա օրգանիզմ իր հացի օրական չափաբաժնից:
Այս խնդիրների մասին արդեն ահազանգում են ծրագրին տեղյակ բժիշկները, ովքեր իրենց մասնագիտական խորհրդատվությամբ սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի նախագահին հորդորում են թույլ չտալ, որ մեր բնակչության համար այն պատուհաս դառնա:
«Մեր կազմակերպությունը պարբերաբար կապի մեջ է բժիշկ-մասնագետների հետ, արդեն նախնական որոշակի վիճակագրություն կա, թե երկրում քանի տոկոս են կազմում երկաթի պակասով պայմանավորված սակավարյունության դեպքերը: Ըստ այդ տվյալների՝ երկաթդեֆիցիտը տարածված չէ մեր երկրում:
Միայն մեկ պոլիկլինիկայի տվյալներով՝ այնտեղ արված 300 հետազոտությունից 7-ում է երկաթի պակաս նշված, որից 5-ը հղիների հետազոտություններ են: Հղիների համար բարեփոխումներ անելու, եւ նրանց ուժեղ սննդով ապահովելու փոխարեն կառավարությունը մտադիր է այդ 300 հոգուն պարտադրել իրենց օրգանիզմի համար ավելորդ երկաթ ընդունել: Սա անհեթեթություն է»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:
Այն, որ երկրում երկաթդեֆիցիտ չկա, հաստատել է նաեւ կառավարությունը՝ հատուկ չափորոշիչներով սահմանելով մեր երկրի համար սննդի մեջ օգտագործվող երկաթի շեմը: Ամեն երկիր սննդի մեջ թույլատրվող երկաթի առավելագույն շեմ է սահմանում: Մեր երկրում այն շատ ցածր է, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, բնակչությունը կարողանում է այդ հանքանյութը լրացնել երկաթ պարունակող բնական սնունդ օգտագործելով՝ մասնավորապես միս, խնձոր, եւ դա բավարար է օրվա չափաբաժինն ապահովելու համար:
Մինչդեռ Եվրոպայում տարիներ շարունակ թռչնամսին, կարագին, կաթնամթերքի որոշ տեսակներին երկաթի մեծ չափաբաժին է ավելացվում, քանի որ այդ երկրներում մսի ու երկաթ պարունակող մյուս մթերքների վերամշակման հետեւանքով հանքանյութերի քանակը գրեթե զրոյանում է, եւ նրանք արհեստականորեն դրանք ավելացնելու կարքի ունեն:
Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է, որ ամիսներ առաջ Ուկրաինայից կարագ էր ներմուծվել Հայաստան, որն արգելվեց իրացնել՝ կարագի մեջ երկաթի քանակի մեզ համար անթույլատրելի չափաբաժնի պատճառով:
Իսկ հիմա պարզվում է, որ երկրում բնակչությունը երկաթի դեֆիցիտով է տառապում:
Բժիշկ-սննդաբան ՀԱՅԿԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ երկաթից բացի վտանգավոր է համարում նաեւ ալյուրի հարստացման համար նախատեսված ֆոլիական թթուն: Նա հիշում է, որ 1994-95թթ. արտասահմանից վիտամիններ էին ուղարկել Հայաստան՝ դպրոցներում ու մանկապարտեզներում բաժանելու համար, դրանից հետո նաեւ մեծաքանակ ֆոլաթթու էին ուղարկել ու հրահանգել վիտամինների հետ երեխաներին նաեւ ֆոլաթթվի մեծ չափաբաժին տալ: Իբր դա անհրաժեշտ է երեխայի օրգանիզմին ու առողջարար:
Բայց ուսումնասիրելով այդ նյութը՝ սննդաբանը պարզել էր, որ ֆոլաթթուն թույլատրելի է միայն արյան քաղցկեղ ունեցող հիվանդներին, այն էլ՝ ստացիոնար պայմաններում: Բարեբախտաբար բժիշկների ահազանգելուց հետո առողջապահության նախարարությունը դադարեցրել էր այդ ծրագիրը:
Սննդաբանը տեղեկացնում է, որ արհեստականորեն սինթեզված ֆոլաթթուն մարդու վրա ազդում է գենետիկ մակարդակով եւ կարող է նպաստել խեղված երեխաների լույս աշխարհ գալուն կամ չբերությանը:
Կենսատեխնոլոգ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵԼԻՄՅԱՆՆ ասում է, որ այս ծրագիրը կառավարությունը մտադրություն ուներ դեռ մի քանի տարի առաջ ընդունել, սակայն մասնագետների ու սրտացավ մարդկանց աղմուկից հետո դադարեցվեց: Բայց ակնհայտ է, որ ծրագիրը պարբերաբար պարտադրվում է մեզ, եւ հիմա նորից է այն օրվա խնդիր դարձել:
Մինչդեռ եթե մեր բնակչության մեջ իսկապես որոշակի վիտամինների ու հանքանյութերի պակաս կա, կառավարությունը կարող է խթանել ցորենի թեփով պատրաստվող հացի արտադրությունն ու կիրառությունը, քանի որ ցորենի թեփը բնական վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում: Այդպես հնարավոր կլինի լրացնել վիտամինահանքանյութային պակասը:
Ըստ կենսատեխնոլոգի՝ առանց այն էլ վերահսկողության բացակայության պատճառով հացի մեջ այնքան քիմիական փխրեցուցիչներ ու բարելավիչներ են օգտագործվում, որ այդ մթերքը, կարելի է ասել, մեծ մասամբ քիմիական բաղադրություն է ձեռք բերել: Ու միայն հացի միջոցով մենք տարեկան մոտ կես կգ քիմիա ենք ընդունում, որը կուտակվում է մեր օրգանիզմում ու տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնում: Իսկ նոր ծրագիրը նոր ռիսկեր կառաջացնի:
Ալեքսանդր Սելիմյանը նշում է, որ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան, Իսրայելը, Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան, մերժել են այդ ծրագիրը, մինչդեռ նրանց նույնպես պարտադրվում էր։
Իսկ եթե կառավարությունը շահագրգռված է ծրագրի իրագործմամբ՝ մասնագետը հորդորում է սպառողներին ընտրության հնարավորություն թողնել. արտադրել հարստացված ցորենից ու սովորական ցորենից պատրաստված հաց ու անպայման պիտակի վրա նշել, որ հացը վիտամինահանքանյութային հավելումներ է պարունակում: Սպառողն ինքը կընտրի, թե որ հացը գնի: Այդպես գոնե սպառողների իրավունքները չեն ոտնահարվի:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












