Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին այսօր որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: 2013 թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։
Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվեց հայկական եւս մեկ` չորրորդ մշակութային արժեքով:
Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։
«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտին կարելի է ծանոթանալ
http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00559 հղումով։












