Տնտեսական շահը կշրջանցի քաղաքական կապրիզներն ու աբխազական երկաթուղին կգործի
Հարցազրույց <Հզոր Հայրենիք> կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ
–Նախօրեին ստորագրվեց ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, այն նախատեսում է ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորքերի ստեղծում, Աբխազիայի ԶՈւ-ը ռազմական նոր տեխնիկայով համալրում, վրաց-աբխազական սահմանի համատեղ պաշտպանություն և այլն: Ո՞րն է նման ռազմական փաստաթղթի ստորագրման քաղաքական ենթատեքստը:
-Համաձայնագիրը պետք է դիտարկել երկու հարթության մեջ: Առաջին. այն ստորագրվեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման տրամաբանության մեջ: Երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը արդեն իսկ ենթադրվում էր, որ դրան հաջորդելու է նման պայմանագրի ստորագրումը: Այսինքն, ընդամենը ժամանակի ու տեխնիկայի խնդիր էր: Երկրորդ, կատարվածը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով, հետխորհրդային երկրներում առաջացած քաղաքական նոր իրողություններով, մասնավորաբար, ուկրաինական, նաև Ղրիմի, Լուգանսկի, Դոմբասի դեպքերով: Մի խոսքով, այս խառնաշփոթում Ռուսաստանի գործադրած ջանքները հասկանալի են, նա ուզում է աշխարհին ցույց տալ, որ իր դիրքերն Աբխազիայում ամուր են և որևէ մեկին թույլ չի տա, խոսքը տվյալ դեպքում Վրաստանի մասին է, սպառնալ Աբխազիայի ինքնիշխանությանը:
–Թեպետ Ռուսաստանը շտապեց հանգստացնել, որ կատարվածը չպետք է մտահոգի Վրաստանին, սակայն դեռ հոկտեմբերից Վրաստանն արդեն մտահոգված էր ու ԱԱԽ նիստում քննարկեցին, թե ի՞նչ սպառնալիքների առաջ կարող է կանգնել Վրաստանը համաձայնագրի ստորագրումից հետո և ինչպե՞ս դիմակայել դրան: Նման տրամադրությունները ենթադրում են նոր լարվածությո՞ւն ռուս-վրացական հարաբերություններում:
-Դուք հիշեցրիք ԱԱԽ քննարկումը, ես էլ հիշեցնեմ օրերս Վրաստանի ԱԳ նախարարի կոչը աշխարհին՝ օգնեք մեզ պաշտպանվելու ռուսական ագրեսիայից: Սա նշանակում է, որ Վրաստանը ակնհայտորեն սպառնալիք է տեսնում Աբխազիայի և Ռուսաստանի ռազմաքաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումից: Այն ավելի է հեռացնում Աբխազիան Վրաստանից: Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերությունների հնարավոր սրացմանը, ապա կարծում եմ, որ այս փուլում այն կավարտվի վրացական կողմի, արդեն իսկ, արտահայտած կոշտ արձագանքով և չի խորանա: Իսկ հետո կրքերը աստիճանաբար տեղիք կտան: Եվ դա ունի իր պատճառը. ռուսներն ու վրացիները գիտակցելով, որ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի խնդիրները տեսանելի ապագայում անլուծելի են, խոհեմաբար գտել են հարաբերությունների կարգավորման երկրորդ հարթակը, դա տնտեսական փոխհարաբերությունների կարգավորումն է առանց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցի քննարկման: Ես ուրախ եմ, որ մեր ռազմարավարական գործընկեր Ռուսաստանն ու բարեկամ, հարևան Վրաստանը կարողացել են նման բարդ իրավիճակում միմյանց հետ լեզու գտնել: Եվ այդ փոխընմռնումը կարծում եմ կշարունակվի: Եթե տնտեսական հարթության մեջ հաջողություններ արձանագրվեն, ապա քաղաքական լուծումը էապես կդյուրանա:
-Իսկ Արևմուտքը չի՞ փորձի օգտվել պահից ու վերստին սրել ռուս-վրացական հարաբերությունները:
-Դա շատ լուրջ խնդիր է: Արևմուտքը, իհարկե, շատ կուզենա Վրաստանում վերականգնել Սահակաշվիլու տարիներին ունեցած իր ազդեցությունը: Բայց կարծում եմ, Վրաստանն իր վերջին տարիների դառը փորձից լուրջ հետևություններ է արել: Հատկապես, 2008-ի օգոստոսյան կարճատև պատերազմի դառը օրերը լուրջ դաս եղան, որ չպետք է տրվել որևէ գերտերության կամ ուժային կենտրոնի խոստումներին, քանի որ գալիս է մի պահ, երբ տվյալ գերտերությունը կանգ է առնում, որովհետև եթե փորձի քայլեր անել՝ կբախվի մյուս տերության հետ: Իսկ այդ բախումը, մեկմեկու ՙոտքեր՚ տրորելը վտանգավոր հետևանքներ կունենան: Հետևաբար, փոքր պետությունները, այդ թվում և մենք, պետք է շատ զգույշ լինենք, պետք է ճիշտ հաշվարկել, թե ցանկացած քայլ ինչի՞ կարող է հասցնել սեփական պետությանը:
Վրաստանի նոր իշխանությունները, բարեբախտաբար, շատ խոհեմ են, քան նախորդները, քանի որ հասկացան՝ պահել Վրաստանի արևմտյան կողմնորոշման կուրսը չի նշանակում Ռուսաստանի հետ շփման եզրեր չունենալ: Եվ նրանց հաջողվել է գտնել այդ եզրերը, այդ մասին են վկայում ռուս-վրացական տնտեսական կապերի ակտիվացումը, վրացական բոլոր բրենդային ապրանքները վերստին զբաղեցնում են ռուսական շուկան ու դա Վրաստանի տնտեսական զարգացման համար կարևոր խթան է:
-Այժմ դիտարկենք, թե ռուս-վրացական ներկայիս լարվածությունը ի՞նչ հետևանքներ կարող է ունենա Հայաստանի համար: Հիշեցնեմ, որ օրերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե հայկական կողմին հաջողվել է ձեռք բերել ԵՏՄ անդամ երկրների համաձայնությունը և Հայաստանի ԵՏՄ անդամակցումը հարցականի տակ չի դնի Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմի առկայությունը: Մյուս կողմից, ԵՏՄ անդամակցմամբ Հայաստանը ակնկալում է կամուրջ դառնալ երկու ինտեգրացիաների միջև: Այս ամենի իրականացման համար շատ կարևոր են ռուս-վրացական կայուն հարաբերությունները:
-Հայ- վրացական հարաբերությունները բավական յուրահատուկ բնույթ են կրում: Վրաստանն ու Հայաստանը շատ լավ բացատրվեցին ու մեկմեկու հրաշալիորեն հասկացան: Վրաստանն ընկալեց Հայաստանի ԵՏՄ ուղղվածության անհրաժեշտությունը, Հայաստանը ընկալեց ու ողջունեց Վրաստանի արևմտյան կողմնորոշումը: Սա շատ կարևոր է: Նաև լավ հասկացան, որ տարբեր ինտեգրացիոն կողմնորոշում ունենալը ոչ թե խանգարելու է, այլ նպաստավոր է լինելու երկուսի համար: Հայաստանն ու Վրաստանը փոխշահավետ համագործակցության հնարավորություններ են ձեռք բերում՝ լինելով ինտեգրացիոն տարբեր հարթություններում: Հայաստանի համար Վրաստանը կարող է հնարավորություն ընձեռել ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու համար, իսկ Վրաստանը կարող է Հայաստանի ԵՏՄ անդամակցումը ամենաբազմազան տարբերակներով իր շահ իրեն օգտագործել: Այս մասին բազմիցս հավաստել են թե՜ հայ, թե՜ վրաց բարձրաստիճան պաշտոնյաները: Այնպես, որ Վրաստանը շահագրգիռ է Հայաստանին ճանապարհ տրամադրել և ազատ առևտրի ռեժիմում գտնվել, չէ՞ որ դա հսկայական եկամուտներ է բերում Վրաստանին: Սրանով հանդերձ համոզված եմ, որ ռուս-աբխազական համաձայնագրի ստորագրմամբ ռուս-վրացական հնարավոր սրացումն ամենևին չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա:
-Աբխազիայի հետ ռազմական համաձայնագրի ստորագրումից հետո, ինչպես ասում են, դեռ թանաքը չչորացած, Պուտինը հայտարարեց՝ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվա- Սուխում- Թբիլիսի-Երևան երկաթուղային հաղորդակցության մասին: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահի այս քայլը, և ինչպիսի՞ն կլինի աբխազական երկաթուղու ճակատագիրը:
-Դա շատ կարևոր ծրագիր է, որը մեկ օր անպայմանորեն պետք է իրականացվի: Ի դեպ, խոսքը ոչ թե նոր երկաթգծի կառուցման, այլ ընդամենը վերագործարկման մասին է: Չէ՞, որ Աբխազիան Հարավային Կովկասին կապող երկաթգիծը դեռ 20-րդ դարի առաջին կեսին է կառուցվել: Իսկ այն չի գործարկվում զուտ քաղաքական դրդապատճառներով:
Դրանից տուժում են և Ռուասատանը, և Վրաստանը, բայց ամենից շատ՝ Հայաստանը: Իսկ Պուտինը նման հայտարարություն արեց, որովհետև համոզված էր, որ պայմանագրի ստորագրմամբ այս փուլում որոշակիորեն կսրվեն ռուս-վրացական հարաբերությունները, ինչի արդյունքում աբխազական երկաթգծի գործարկման հնարավորությունն ավելի մշուշոտ կդառնա: Պուտինն իր խոսքով փորձեց ցույց տալ, որ բոլորովին չի ցանկանում այդ համաձայնագրով վնասել երկաթգծի վերագործարկմանը: Չնայած դրան, պետք է ընդունենք այն փաստը, որ աբխազական երկաթգծի վերագործարկման հնարավորությունն այսօր ավելի մշուշոտ դարձավ: Ես ռուսական մամուլում նկատեցի՝ ռուսները հայտարարում են, թե վրացիները երբեք դեմ չեն եղել երկաթգծի վերագործարկմանը:
-Ի դեպ, դա են փաստում նաև Վրաստանում անցկացված հարցումները. հարցվածների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերագործարկմանը, դեմ է միայն 13 տոկոսը:
-Եվ դա հասկանալի է , քանի որ աբխազական երկաթուղու վերագործարկումը տնտեսական առումով մեծ օգուտ է Վրաստանի համար: Բայց ես նաև հասկանում եմ վրացական կողմի ՙդեմ՚ լինելու պատճառը. այն ենթադրում է բազամակողմանի համաձայնագրի ստորագրում, իսկ դա նշանակում է, որ Վրաստանը ստիպված պետք է լինի մեկ սեղանի շուրջ նստել նաև Աբխազիայի հետ, նաև նշանակում է Աբխազիայի անուղղակի ճանաչում:
Մինչդեռ վրացիները կնախընտրեն երկաթուղու հարցով անմիջականորեն բանակցել Ռուսաստանի ու Հայաստանի հետ, այսինքն՝ խոսք գնա եռակողմ բանակցությունների մասին: Սակայն Աբխազիան այսօր պնդում է, որ մաս կազմի այդ համաձայնության: Սա, իհարկե, ինքնահաստատման քայլ է Աբխազիայի կողմից, որին Ռուսաստանը դեռ չի հակադրվում, թերևս չցանկանալով նեղացնել իր կրտսեր գործընկերոջը:
Բանակցությունների կայացման մյուս խոչընդոտն էլ այն է, որ երկաթգծի վերագործարկում նշանակում է վրաց-աբխազական սահմանի բացում, ինչին դեմ է Վրաստանը: Մի խոսքով խնդիրները քիչ չեն, բայց բոլորն էլ լուծելի են: Եվ դա, վստահ եմ, մի օր տեղի կունենա, երբ կդրսևորվի քաղաքական կամք ու տնտեսական շահագրգռվածությունը կգերադասի քաղաքական կապրիզներին:
– Չե՞ք կարծում, որ ստեղծված ռուս-վրացական լարվող իրավիճակում դիվանագիտական հարթության մեջ մեծ անելիք ունի Հայաստանը:
-Անշուշտ, Հայաստանը պետք է գործի դնի իր բոլոր՝ հնարավոր ու անհնարին միջոցները ռուս-վրացական հարաբերությունների մերձեցմանն ու ջերմացմանը նպաստելու համար: Ի վերջո, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել աբխազական երկաթուղու բացումը: Բացի այդ, Ռուսաստանը մեր ռազմավարական գորընկերն է, Վրաստանը մեր բարեկամ երկիրը, որոնց հետ մենք ունենք բազմազան ու խորը հարաբերություններ, ուրեմն նրանց թշնամանքը ամենևին չի բխում Հայաստանի շահերից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












