Նիկոլ Փաշինյանն ուզում է նվաճել “գերարմատական ընդդիմադիրի” դափնեպսակը
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ
-Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցություններին է ներկայացրել ՙՆախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին՚ նախագիծ: Քաղաքական ի՞նչ նպատակներ է հետապնդում նա. հակված չե՞ք կարծելու, որ Փաշինյանը այս նախագծով եռյակի առաջ լակմուսի թուղթ դրեց ու իմպիչմենտի իմիտացիա ստեղծելով փորձում է բացահայտել նրա՝ իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն լինելը:
-Վերջին ժամանակներս հետևելով ընդդիմադիր այս գործիչի բուռն ելույթներին, դրանցում տեղ գտած շեշտադրումներին, մասնավորաբար, եռյակ-ի գործունեության մասին, սպասվում էր, որ նա կգնա նման քայլի: Փաշինյանի ներկայացրած նախագիծն այլ բան չէ, քան պայքար հանուն ընդդիմության դափնեպսակի կամ ինչպես ինքն է ասում՝ իրական ընդդիմության ՙբացահայտման՚, եռյակի դեմքը պատռելուն ուղղված քայլ: Պատահական չէր, որ եռյակի ներկայացուցիչ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից հնչեց այսպիսի հակադարձում՝ իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմություն լինելը: Կրկնում եմ, սա պայքար է ընդդիմադիր ուժի կամ ընդդիմության առաջնորդի դափնին վաստակելու համար: Ճանաչելով Փաշինյանին, նման քայլ սպասելի էր նրանից:
-Նկատի ունեք՝ Փաշինյանն այն խառնվածքի գործիչ չէ, որ նախընտրի հետևից գնալը, կամ ընդդիմության դաշտում երկրորդ ջութակի դեր կատարելը, ու քանի որ հակված է առաջինը լինելուն, ուրեմն նախագահի իմպիչմենտի մասին նախագծի ներկայացումը լավագույն միջոցն է ուշադրությունը սեփական անձի վրա սևեռելու, կրքերը շիկացնելու առումով:
-Իհարկե, եթե նա թիրախավորեր ոչ թե Հանրապետության նախագահին, այլ մեկ ուրիշ պաշտոնյայի, ապա դա նրա կողմից չէր լինի ուժեղ քայլ: Ինքն էլ է հասկանում, որ թուլիկ քայլերով չի կարող վաստակել ընդդիմության առաջնորդի դափնին: Եվս երկու օր ու մենք կտեսնենք, թե ի՞նչ ավարտ է ունենալու Փաշինյանի նախաձեռնությունը: Չէ՞, որ նախ պետք է ստորագրահավաք իրականացնի: Իսկ նախագիծը արտահերթ կարգով օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:
-Կարծում եք, նրան չի հաջողվի՞ 44-ը հավաքել:
-Չեմ կարծում, որ եռյակն այդքան միամիտ կլինի և կուլ կտա Փաշինյանի նետած խայծը՝ միանալով այդ նախաձեռնությանը: Դա կնշանակի, որ եռյակը իր ծավալած շարժման արդյունքները՝ ներդրված ռեսուրսներով հանդերձ, սկուտեղի վրա կմատուցի Նիկոլ Փաշինյանին: Ու եթե եռյակը, իրոք, միանա նրա նախաձեռնությանը, հաջորդ իսկ պահին Փաշինյանը հայտարարելու է՝ իմպիչմենտի գաղափարն ի՜մ է, նախաձեռնությունն ի՜մն է, ես ամենաարմատականն ու ամենաընդդիմադիրն եմ, ուրեմն ի՜մն է ընդդմիության առաջնորդի դափնին: Ինչ վերաբերում է ներկայացված նախագծի բովանդակությանը, ապա դրանում ոչ մի նորություն չկա այն առումով, որ նման անհիմն մեղադրանքներ բազմիցս են հնչել արմատականների կողմից՝ տարիներ շարունակ: Ուղղակի Փաշինյան Նիկոլը դրանք հավաքել է, կանոնակարգել ու 1-8 կետերով շարել:
Ձեր ուշադրությունը սևեռեմ հետևյալ հանգամանքի վրա: Ամենևին կասկածի տակ չառնելով Փաշինյանի ինտելեկտը, սակայն կարծում եմ, որ նա նախագիծը կազմել է խորհրդակցելով իրավաբանների հետ: Եվ ահա, ինձ զարմացնում են փաստաթղթում առկա ակնհայտ հակասությունները:
-Նկատի ունեք, որ ներկայացվածը իրավաբանորեն թերի՞ է, ոչ գրագե՞տ:
-Այո: Տեսեք, բոլոր 8 կետերը սկսվում են՝ ՙՀայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող՚ ձևակերպմամբ: Բայց Սահմանադրության մեջ նման բառակապակցություն գոյություն չունի, նման պաշտոն առհասարակ գոյություն չունի:
Մի՞թե ատելությունն այդ մարդուն այնքան է կուրացրել, որ անգամ անկարող է եղել որոշման նախագիծը հավուր պատշաճի ներկայացնել, իրավական առումով գրագետ: Ինչպե՞ս կարելի է հղում անել գոյություն չունեցող հոդվածի: Երկրի մայր օրենքի 57-րդ հոդվածում, որին նա անվերջ հղում է անում, հստակ նշված է՝ “Հանրապետության նախագահ”, ուրեմն, ի՞նչ ասել է ՙնախագահի պաշտոնը զբաղեցնող՚, սա ոչ սահմանադրական ձևակերպում է:
Մյուսը, Փաշինյանը մոռանում է, որ մինչև հոդված 57-ը, ուր խոսվում է Հանրապետության Նախագահի պաշտոնանկության մասին, կա հոդված 56, որի 1-ին մասում գրված է. “Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար”: Ուշադրություն դարձրեք, նախագահին վերագրելով այս կամ այն մեղադրանքը, Փաշինյանը գրում է՝ նախագահը կոնկրետ գործողություն է կատարել, նաև շեշտում, որ իր կարգավիճակից բխող գործողություն է կատարել: Հիմա ի՞նչ է ստացվում, որ պատգամավորը նախագահին մեղադրում է իր կարգավիճակից բխող գործողություններ կատարելու մե՞ջ: Սա աբսուրդ է: Ես չեմ կարծում, որ Փաշինյանն այս ամենը չի գիտակցում: Իհարկե, գիտակցում է, ուրեմն, ի՞նչ է նրա նպատակը, անշուշտ իրավիճակի սրում, իսկ դրա համար հարկավոր էր, որ բազմիցս հնչած հարցադրումները հավաքեր 8 կետերի մեջ և ներկայացներ որպես մեղադրանք, որպես պաշտոնանկության նախագիծ:
Առաջիկայում բոլորս ականտեսն կլինենք կատաղի պայքարի՝ իրակա՞ն, թե կեղծ ընդդիմության բացահայտման շուրջ, որ մղվելու է հանուն ընդդիմության լիդերի դափնու նվաճման:
Եռյակը մերժեց 12 կետերի շուրջ իշխանության համագործակցության առաջարկը, Փաշինյան Նիկոլն էլ որոշեց բերել ավելի արմատական որոշման նախագիծ, փաստորեն, նա այդ կերպ ասում է՝ դե, հիմա տեսնենք, թե մեզանից ո՞վ է իսկական ընդդիմադիրը: Նիկոլ Փաշինյանն այլևս չի ուզում բավարարվել “արմատական ընդդիմություն” տիտղոսով, ուզում է նվաճել ՙգերարմատական ընդդիմադիրի՚ դափնեպսակը:
–Թե ո՞վ, ի՞նչ “պսակի” է հավակնում, դա իր գործն է, գուցե նաև ճաշակի հարց է, բայց մտահոգիչ է մեկ այլ բան. Փաշինյան-Փոստանջյան զույգը ոտքի վրա, ձեռքի հետ սրան-նրան “պետական դավաճանի” պիտակ կպցնելը դարձրել են սովորական գործելաոճ: Տեղյակ եք, որ ժառանգական տիկինն իր հերթին սպառնացել է, թե նրանք, ովքեր կհամարձակվեն կողմ քվեարկել ԵՏՄ պայմանագրին՝ պետական դավաճաններ են: Կարծում եմ, մեղմ է, սա անհեթեթություն համարելը:
-Սա հստակ ուղղորդվող գործելաոճ է: Եվ ես դրանում համոզված եմ: Փորձում են ասել, թե իրենք խիզախ են, ոչնչից չենք վախենում և կարող են աջ ու ձախ վիրավորել, պիտակավորել: Իսկ ո՞ւր մնաց բարոյականությունը: Ինչո՞վ է զբաղված այդ տիկինը ԱԺ-ում՝ մարդկանց հասցեին պիտակներ շպրտելով, վիրավորելով: Սա է նրա գործը խորհրդարանում: Այդ կինը կատարում է պետականաքանդ գործունեություն: Հոգնեցրել է բոլորին իր սանձարձակ պահվածքով: Գուցե մտածում է՝ կին է ու տղամարդիկ իրենից պատիվ չեն պահանջի իր վատ պահվածքի համար: Բայց չարությամբ լցված լինելը, միմիայն վատը տեսնելը, իրավիճակը սրելը ամենևին հերոսություն չէ:
Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը, ես դրա կողմնակիցն եմ ու հազար զառաներ էլ վայրահաչեն, ես իմ համոզմունքներից չեմ հրաժարվելու: Ողջունում եմ Հայաստանի ԵՏՄ անդամակցումը, քանի որ համոզված եմ՝ Հայաստանի ապագայի, մեր ժողովրդի բարեկեցության, անվտանգության համար կայացված ճշգրիտ որոշում է: Իսկ թե պատգավորների ո՞ր մասն է “դավաճան”, ո՞ր մասը Զարուհի Փոստանջյան, անուն, որը շատերի համար վիրավորանքի պես է հնչում, շուտով կհամոզվենք: Զառաները կգան ու կգնան, սրանք անցողիկ են, մնայունը մեր երկիրն է, հանուն որի բարեկեցության մենք պայքարում ենք:
-ԵՏՄ պայմանագրի քննարկումը խորհրդարանի սպասվող քառօրյայի օրակարգում է։ Չնայած արդեն իսկ պարզորոշ է քաղաքական ուժերի գերակշիռ մասի դրական դիրքորոշումը, այնուհանդերձ, կարծում եք, քննակումը զերծ կմնա՞ անցանկալի անակնկալներից:
-Համոզված եմ, որ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, համոզված եմ, քանի որ դա է փաստում նրանց տրամադրությունները, ի վերջո, դա մեր ժողովրդի ցանկությունն է: Բայց այս ամենով հանդերձ ես չգիտեմ, թե այդ քննարկումը որքանո՞վ հանգիստ ու հանդարտ կընթանա, արդյոք, որոշ անհանգիստներ չե՞ն փորձի ինչ-որ քայլեր անել: Ե’վ քարտագողություն ենք տեսել, և’ որոշ լրագրողների ոչ մասնագիտական պահվածք ենք տեսել. ես ուզում եմ հարց տա, նման պահվածքը որքանո՞վ է բխում լրագրողական պարտականություններից, արդյոք դա չի՞ նշանակում՝ ներազդել մեզ վրա: Բայց դա նրանց իրավունքն է՞:
Այս բոլոր դրսևորումներն առավելապես ամրապնդում են իմ համոզմունքը՝ պատահական ոչինչ չի լինում: Խոսում են ազատության մասին, բայց խոսողների մի մասը այդ “ազատության” տարբեր օջախներից սնվողներ են, մենք դա շատ լավ ենք հասկանում, որ նստած են ճյուղին ու չեն ուզում այն սղոցել: Նմանների համար երկրի շահը երկրորդական պլանում է:
Կան մարդիկ, որոնք ինչ-որ բան անելու համար կոնկրետ վարձատրություն են ստանում, հենց այդ մարդիկ էլ կփորձեն ինչ-որ քայլեր անել, գուցե աղմկել, աղաղակել: Սցենարը կգնա այնպես, ինչպես կցանկանան նրանց ֆինասավորողները, դեռ մի բան էլ կփորձեն անել ավելին՝ սրել, գունավորել, որպեսզի ցույց տան իրենց նվիրվածությունը տերերին: Մի խոսքով, ցանկացած ցինիկ պահվածք կարող է դրսևորվել, բայց ես որևէ խնդիր չեմ տեսնում, կարևորն այն է, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, կատարում ենք քայլ, որին սպասում է մեր ժողովուրդը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












