ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՈՒ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԵՏՄ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ
Խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք դեմ են ԵՏՄ անդամակցմանը: Չնայած այս փաստը վաղուց հայտնի էր, բայց առավել պարզորոշ դարձավ խորհրդարանական լսումների ժամանակ: Հատուկենտ դժգոհողները նախ նշում էին, թե անդամակցման կողմնակիցները խոսում են ԵՏՄ պայմանագրի կառուցվածքից, այս ու այն կետերից, մինչդեռ՝ ոչ մի խոսք բովանդակությունից:
Այսպիսի «մեղադրանքները» անընդունելի ու վտանգավոր են համարում այն մասնագետները, որոնք մեկ տարի շարունակ լրատվամիջոցներին ներկայացնում էին ԵՏՄ անդամակցման օգուտն ու վնասը: Եվ չնայած դրան՝ «մատների վրա» հաշվվող պատգամավորների համար, պարզվում է, ԵՏՄ-ն շարունակում է մնալ մի «մութ երեւույթ»՝ լի անպատասխան հարցադրումներով:
«Գնում ենք մի միություն, որի հետ կապված անգամ հստակ վերլուծություն չունենք»,- ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում դժգոհել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մեզ հետ զրույցում Քոքոբելյանին հակադարձեց՝ հիշեցնելով, որ մենք ոչ թե նոր ենք գնում, այլ դե ֆակտո արդեն իսկ այդտեղ ենք, արդեն իսկ ինտեգրված ենք այդ միությանը, քանի որ ամուր կապերի մեջ ենք ԵՏՄ լիդեր պետության՝ Ռուսաստանի հետ: Իբրեւ ապացույց Թավադյանը բերեց հետեւյալ օրինակները. առաջին՝ Ռուսաստան ենք արտահանում մեր պատրաստի արտադրանքի գրեթե բացարձակ մեծամասնությունը, երկրորդ՝ գազի 90 տոկոսը, ատոմային վառելիքի 100 տոկոսը, տրանսֆերտների 80 տոկոսը, որը մոտ 2 մլրդ դոլար է ու կազմում է մեր պետբյուջեի կեսից ավելին եւ էապես գերազանցում է մեր արտահանմանը, ստանում ենք Ռուսաստանից: Ցանկը սակայն այսքանով չի ավարտվում. տնտեսագետը հավելում է՝ ուղղակի ներդրումների մոտ 45 տոկոսը իրականացրել է Ռուսաստանը, մեր պաշտպանության համար անհրաժեշտ զինամթերքը գրեթե ամբողջությամբ դարձյալ ստանում ենք Ռուսաստանից:
Իսկ հիմա դառնանք «անհասկանալի» մնացած հարցերին: Մտահոգողներից մեկն այս է՝ Հայաստանում ապրանքների թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:
Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները, նավթի միջազգային գների անկումը պատճառ դարձան ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկման, իսկ թե այն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Աշոտ Թավադյանն ասաց. «Ազդեցություն, իհարկե, կունենա, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փոխկապակցված տնտեսություն, չմոռանանք՝ մեր տնտեսական հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Եվ ահա ռուսական ռուբլու արժեզրկումը պատճառ դարձավ մեր արտահանվող ապրանքների կտրուկ թանկացմանը»:
Սա իր հերթին չի՞ հանգեցնի նրան, որ մեր արտադրողն այլեւս չի կարող ռուսական շուկայից շահույթ ակնկալել, ավելին՝ կա մտավախություն՝ հայ արտադրողը մեծ վնասներ է կրելու: Եթե անգամ նման մտավախություններ կան էլ, տնտեսագետը լուրջ չի համարում դրանք բերել-կապել Հայաստանի անդամակցման հետ. «Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսություններն այնքան շատ են փոխկապակցված, որ այս երեւույթները տեղի կունենային անկախ նրանից՝ Հայաստանը կանդամակցի՞, թե՞ ոչ»:
ՀակաԵՏՄ-ականները մի բան հաստատ խառնում են. «Այսօր կատարվողը ոչ մի առնչություն չունի ԵՏՄ ինտեգրման հետ: Մինչդեռ անդամակցումը կդյուրացնի արդեն իսկ եղած համագործակցությունն ու հարաբերությունները»:
Վերջերս մեզանում սովորություն է դարձել հաճախ մեջ բերել ռուս որոշ տնտեսագետների կանխատեսումները, ըստ որոնց՝ Ռուսաստանի տնտեսությունն այսօր «մեծ քայլերով» գնում է դեպի գահավիժում: Եվ այս ֆոնին հնչում է մյուս մտահոգիչ հարցադրումը. ուրեմն ինչպե՞ս կարող է այդ շուկան մեզ համար լինել արդյունավետ եւ գրավիչ: «Գահավիժում» բառին Թավադյանն ամենեւին համակարծիք չէ, նկատում է՝ դա չափազանցված գնահատական է, իսկ մենք իրավունք չունենք կորցնելու ռուսական հսկայական շուկան: «Վրացիները, չնայած Ասոցացման համաձայնագիրը ստորագրեցին, սակայն այնքան խելացի եղան, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ռուսական շուկա եռապատկեցին: Ի դեպ, այս մասին ասաց հենց իրենց վարչապետը»:
Թավադյանը, իհարկե, չբացառեց, որ այսօր ռուսական շուկայում առկա բացասական երեւույթներն իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա, օրինակ, կկրճատվեն ներդրումները, բայց նաեւ ընդգծեց՝ Հայաստան կատարվելիք ռուսական ներդրումների քանակն այնքան մեծ չէ Ռուսաստանի համար, որ էական նշանակություն ունենա:
Միաժամանակ էլ հիշեցրեց՝ մինչ ԵՏՄ անդամակցումը Ռուսաստանն արդեն իսկ կատարել է իր ամենամեծ ուղղակի ներդրումը՝ 270 մլն դոլար հատկացնելով հայկական ատոմակայանի վերակառուցման համար: «Հակառակ խոսողները գուցե ուզում են, որ ատոմակայանը փակվի՞»,- հարց է տալիս տնտեսագետը:
Պատգամավոր Քոքոբելյանը, մտավախություն հնչեցնելով օտարերկրյա ներդրումների նվազման առնչությամբ, ասել էր՝ եթե մի գործարար ցանկանա մեծ քանակությամբ «Սամսունգ» տեսակի հեռախոսներ ներմուծել Հայաստան ու փորձել այն արտահանել Ռուսաստան, չի կարող, քանի որ «քվոտավորված են բոլոր ճյուղերը»:
Պատգամավորի օրինակը տարօրինակ թվաց տնտեսագետին. «Այսինքն՝ այլ ապրանք բերի Հայաստան ու առանց մաքսազերծման տեղափոխի Ռուսաստա՞ն. կներեք, սա ի՞նչ բան է, սա ընդամենը խաղի կանոնների խախտում է»: Ու առաջարկեց հեռախոսի ներկրումից ստացած օգուտը, որը կարող է կազմել 1 մլն դոլար, համադրել պետություն մտնող այլ ռեսուրսների հետ. տարեկան միայն 145 մլն դոլար ստանում ենք գազից, իսկ մաքսազերծումից ամեն տարի մեր բյուջեն 250 մլն գումար կստանա. «Մի՞թե կարելի է սա համեմատել «Սամսունգի» ներկրումից ստացվող օգուտի հետ: Չի կարելի»:
Իսկ այն պնդումներին, թե ԵՏՄ անդամակցմամբ խիստ կնվազեն օտարերկրյա ներդրումները, տնտեսագետն արձագանքեց. «Բավական է մեր հույսը միայն օտարերկրյա ներդրումների վրա դնենք, փոխարենը եկեք վերափոխենք մեր ներքին տնտեսական համակարգը, շտկենք մեր դրամավարկային, հարկային քաղաքականությունը ու առաջին հերթին խրախուսենք ներքին ներդրումները»:
Այս առումով Աշոտ Թավադյանը չշրջանցեց դրամի արժեզրկման փաստն ու այն համարեց անընդունելի: Նա հիշեցրեց հանրապետության նախագահի միտքը, թե դրամի սահուն, ոչ մեծ տեմպերով արժեզրկումը բարենպաստ կլինի տնտեսվարողների՝ առաջին հերթին արտահանողների համար: «Ես լիովին համամիտ եմ նախագահի հետ, դրամի կուրսի սահուն իջեցումը ճիշտ է, սակայն միանշանակորեն դեմ եմ նման կտրուկ արժեզրկմանը:
ԿԲ-ն հայտարարեց, թե դա անհրաժեշտ էր արտահանողների եւ տրանսֆերտ ստացողների համար, բայց մի՞թե հնարավոր չէր դա կատարել սահուն, կարծում եմ՝ հնարավոր էր: Քանի որ դրամի կուրսի կտրուկ արժեզրկումը ստեղծում է ֆինանսական լարվածություն, ցնցումներ, տալիս սպեկուլյատիվ խաղերի հնարավորություն եւ նպաստում Կենտրոնական բանկի արժութային պահուստների էական կրճատմանը»:
Այսպիսով թե՛ ֆինանսական ցնցումները, թե՛ հակաինտեգրացիոն գործողությունները տնտեսագետը համարում է խիստ վտանգավոր եւ մեր տնտեսության համար քայքայիչ:
Եվ վերջապես, ընդդիմախոսների մյուս մտահոգիչ հարցադրումը. Հայաստանը, բացի Ռուսաստանից ու Բելառուսից, զենք, զինամթերք է ներմուծում նաեւ Չինաստանից։ Ստացվում է, որ ԵՏՄ անդամակցումից հետո դրա դիմաց մաքսատո՞ւրք ենք վճարելու։ «Նման հարցերը կարգավորվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում, կարծում եմ, այս հարցում մենք չենք ունենա որեւէ խնդիր»,- եզրափակեց Թավադյանը:
Ավարտելով դիտարկումները՝ պրոֆեսոր Թավադյանն իր հերթին հարց ուղղեց հակաԵՏՄ-ականներին՝ իսկ գիտե՞ք, թե ի՞նչ իրավիճակում կհայտնվեինք, ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնեինք, եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին. «Դիմադիր թե ընդդիմադիր քաղաքական գործիչները պարտավոր են գիտակցել, որ դե յուրե չանդամակցման դեպքում բացասականը անհամեմատ շատ կլինի»:
Ապա հատուկ ընդդիմախոսների համար ներկայացրեց այդ վտանգները. կունենայինք էներգակիրների գների կտրուկ աճ՝ մասնավորաբար, գազի՝ ընդհուպ մինչեւ 400 դոլար, կնվազեին ուղղակի ներդրումները, քանզի դրանց 45 տոկոսը իրականացրել է Ռուսաստանը, կունենայինք արտահանման անկում: «Հայկական պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, ու եթե չհանվեին մաքսատուրքերը, եւ հակառակը՝ կիրառվեին, այսպես կոչված, «սանիտարական չափանիշներ», ապա կգրանցվեր արտահանման անկում եւ աշխատատեղերի կրճատում»:
Կունենայինք տրանսֆերտների զգալի կրճատում, երկիր մուտք չէր գործի մոտ 200 մլն դոլար եւ կգրանցվեր պաշտպանության համար անհրաժեշտ պարագաների գների կտրուկ աճ:
Եվ վերջապես. միգրացիայի խստացման հետեւանքով կունենայինք պարտադրված ներգաղթ, որը հայաստանյան գործազրկության առկայության պարագայում կհանգեցներ սոցիալական լարվածության: «Գուցե որոշ մարդկանց ձեռնտո՞ւ է՝ երկրում որքան վատ, այնքան իրենց համար լավ, բայց մենք խոսում ենք երկրի շահերից: ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում մենք ոչ թե կհայտնվեինք զրոյական վիճակում, այլ ուղղակի հետընթաց կունենայինք»:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












