Ո՞ՒՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՀՆ ԵՆ ԵՂՎԱՐԴԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԵՐԸ
Անցած շաբաթ գրանցվեց մանկապարտեզում երեխաների համատարած թունավորման հերթական դեպքը: Այս անգամ Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզից 3-6 տարեկան տասնյակ երեխաներ աղիքային սուր հիվանդություն ախտորոշմամբ տեղափոխվեցին հիվանդանոց:
Այսօր արդեն աղիքային վարակ է հայտնաբերվել 67 երեխայի, մեկ դայակի եւ մեկ դաստիարակչուհու մոտ: Երեխաներից 17-ը, ովքեր առավել ծանր վիճակում էին, տեղափոխվել են Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, երկուսին բժիշկները ստիպված են եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք՝ նկատի ունենալով նրանց առողջական վիճակը։
Մեկ հոգի տեղափոխվել է «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մնացած 49 հոգին՝ Եղվարդի «Նաիրի» հիվանդանոց:
Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխաները վարակված են եղել դիզենտերիայի սուր տեսակով։ Հիվանդության զարգացումը ժամանակին չկանխելու դեպքում հիվանդը կարող է մահանալ:
Բարեբախտաբար մահացության դեպքեր չեն եղել, թեպետ երեխաներից ոմանք շատ ծանր վիճակում են հասցվել հիվանդանոց:
«Նաիրի» հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի օրդինատոր ՊԵՏՐՈՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ, իրենց հիվանդանոցում հայտնված երեխաներից 20-ն արդեն ուղեգրվել է տնային բուժման: Այդ երեխաները դեռ դուրս չեն գրվել հիվանդանոցից, սակայն բուժումը կշարունակեն տնային պայմաններում՝ լինելով ընտանեկան բժիշկների հսկողության ներքո։
Մյուս հիվանդանոցներում գտնվող երեխաները եւ մեծահասակները նույնպես շուտով բուժումը կշարունակեն տնային պայմաններում եւ միայն լիովին առողջանալուց հետո դուրս կգրվեն հիվանդանոցից: Իսկ Նոր Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաներն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ: Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար: «Նաիրի» հիվանդանոցի բժիշկ-վարակաբան ԱՐՄԵՆՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հավաստում է, որ վտանգն արդեն հաղթահարված է, սկսվել է երեխաների առողջանալու գործընթացը:
Մեր հարցին ի պատասխան, թե ինչը կարող էր հիվանդության աղբյուր լինել՝ վարակաբանն ասաց, որ նախնական վարկածով այն սննդային ծագում ունի, եւ շատ հավանական է, որ հիվանդության հարուցիչը եղել է կաթնամթերքի մեջ, քանի որ հենց այդպիսի միջավայրում է դիզենտերիայի բացիլն ապրում:
Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն ԱՐԱ ԱՍՈՅԱՆԸ չի բացառում նաեւ, որ վարակը երեխաներին կարող է փոխանցած լինել խոհանոցի աշխատակիցը՝ կեղտոտ ձեռքերի միջոցով: Ամեն դեպքում, ըստ մասնագետի, երեխաները ջրից ու օդից չեն վարակվել, դա ակնհայտ է, որի մասին են վկայում հիվանդության ընթացքն ու ախտանշանները:
Ի դեպ, մանկապարտեզի փոխտնօրենի հավաստմամբ, մանկապարտեզում սա թունավորման առաջին դեպքն է: Այնտեղ 400-ից ավելի երեխա է հաճախում, եւ մինչ օրս անգամ անհատական թունավորման դեպքեր չեն եղել: Սովորաբար իրենք շատ զգույշ են լինում երեխաների սննդակարգի հարցում եւ պատահական մթերքներով նրանց չեն կերակրում: Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին մանկապարտեզի ճաշացանկում եղել են կաթնաշոռ, թթվասեր, կարտոֆիլի խյուս, նրբերշիկ, սպաս, բորշչ: Սննդամթերքները եղել են հայտնի եւ խոշոր ընկերությունների արտադրության:
Թե իրականում այս մթերքներից ու ճաշատեսակներից որն է եղել չարաբաստիկ հիվանդության աղբյուրը, հուսանք, որ կպարզի հետաքննությունն ու լաբորատոր փորձաքննությունը: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ը անհրաժեշտ տեղեկատվություն է հավաքել մանկապարտեզում աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի եւ տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Այդ սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում, դրանք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացրին, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն այսօր երեկոյան՝ փորձաքննության մեկնարկից 72 ժամ անց, որից հետո դրանք կհրապարակվեն:
Բացի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ քննչական կոմիտեն իր հերթին փորձաքննություն է նախաձեռնել արդեն քրեական գործի շրջանակներում: Դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, որոնցով պատիժներ են նախատեսվում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայություններ մատուցելու համար:
Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից: Առգրավվել են մատակարարված սննդի փաստաթղթերը: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:
Այս եւ վերջին ժամանակները մանկապարտեզներում գրանցված սննդային թունավորումների դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ համակարգում բացեր կան, որոնք այդպես էլ չեն շտկվում, որքան էլ որ երեխաների վտանգված առողջությունը դրա համար ահազանգ է դառնում: Այնպիսի տպավորություն է, որ պետական պատկան կառույցները յուրաքանչյուր նման դեպք գրանցվելուց հետո մտածում են ոչ թե հաջորդները կանխարգելելու, այլ իրենց «հեղինակությունը» չարատավորելու նպատակով փաստերը ծածկադմփոց անելու մասին։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ քանիցս արձանագրել է, որ մանկական հաստատություններին սնունդ մատակարարող ընկերությունները որեւէ կառույցի կողմից չեն վերահսկվում: Եվ շատերը դրանից օգտվելով՝ խաղաքարտին են դնում մանկապարտեզի սաների առողջությունն ու կյանքը՝ կորցնելով խիղճն ու բարոյականությունը:
Հասարակական կազմակերպության նախագահի տեղեկացմամբ՝ մանկապարտեզների սննդի մատակարարման ոլորտում խնդիրները բազմաթիվ են: Չկան սննդի տեղափոխման եւ պահպանման չափորոշիչներ, որոնք կսահմանեն, թե մթերքն ինչպիսի պայմաններում պետք է տեղափոխվի մանկապարտեզ, պահեստավորվի այնտեղ, որ չփչանա ու չվտանգի սաների առողջությունը:
Խնդիր է նաեւ այն, որ մատակարարների տվյալները գրանցված չեն սննդի անվտանգության պետական ծառայությունում, ուստի իրենք չեն կարող վերահսկողություն իրականացնել այդ ընկերությունների գործունեության նկատմամբ: Այնինչ քաղաքապետարանները, մարզպետարանները կամ գյուղապետարանները երբ մրցույթով ընտրում են մանկապարտեզների մատակարարներին, պարտավոր են նրանց մասին տեղեկացնել նաեւ սննդի անվտանգության պետական ծառայությանը եւ նրանց իրավասություն տալ վերասկողություն իրականացնել՝ երեխաների անվտանգության շահերից ելնելով:
Այնինչ իրենց դիրքորոշմամբ նրանք փաստորեն պաշտպանում են մասնավոր տնտեսավարողի գործարար շահերը՝ նրանց ազատորեն, առանց հսկողության գործելու հնարավորություն ընձեռելով:
Շատ կասկածելի են նաեւ մրցույթի հաղթողին ներկայացվող չափորոշիչները: Հաղթելու համար հիմնական պայման է դիտվում սննդամթերքի էժան լինելը: Բայց կասկածելի չէ՞ այն սնունդը, որը մատակարարը հանձն է առնում ինքնարժեքից ցածր գնով տալ մանկապարտեզին:
Հենց այդպիսի պայմանով էր մանկապարտեզներին հավ մատակարարելու համար հայտարարված մրցույթում հաղթել տնտեսավարողը, որն այս տարվա ամռանը Ալավերդու գործարանի մակնշմամբ փչացած հավի միս էր բաժանել մի շարք մանկապարտեզների: Բարեբախտաբար երեխաները չէին հասցրել այդ միսն ուտել, ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ այն առգրավվել էր:
Բաբկեն Պիպոյանն անձամբ է ուսումնասիրել մրցույթում հայտ ներկայացրած ընկերությունների փաստաթղթերը: Բոլորն էլ հավի միսն առաջարկել էին իրական գներով, եւ միայն մեկն էր կասկածելի էժան գին առաջարկել: Հենց նա էլ դարձել էր մրցույթի հաղթող: Եվ փույթ չէ, որ այդ ընկերությունը մյուս չափորոշիչներով ամենեւին չի համապատասխանել մրցույթի պայմաններին:
Մինչդեռ եթե մրցույթը կազմակերպած կառույցը փոքր-ինչ կասկածեր, թե տնտեսավարողն ինչպե՞ս է կարողացել ինքնարժեքից էժան գնով հավի միս ձեռք բերել, դա առաջարկել մանկապարտեզներին, թերեւս խիստ վերահսկողությամբ կարողանար բացահայտել արկածախնդրին եւ ոչ թե ոստիկանների հմուտ աշխատանքի, այլ իրենց ջանքերով կկանխվեր մանկապարտեզում հերթական թունավորման դեպքը:
Չի բացառվում, որ նրանց շարունակական անզգուշության, անգործության ու անփութության հետեւանք լինի Եղվարդի մանկապարտեզում բռնկված համաճարակը:
Փչացած հավերի դեպքից հետո «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հասարակական կազմակերպությունը կառավարությանը փաթեթ էր ներկայացրել մանկապարտեզներին սնունդ մատակարարելու համար հայտարարվող մրցույթների կարգի փոփոխման եւ ընդհանրապես սննդի մատակարարման գործընթացը կարգավորելու եւ դժբախտ պատահարները բացառելու համար: Փաթեթով առաջարկվում է մատակարարող ընկերության համար սննդի տեղափոխման, պահպանման պայմաններ սահմանել:
Ձեւավորել հանձնաժողով, որը կսահմանի տվյալ մթերքի իրատեսական գինը, որից ցածր գինն առաջարկողին պետք է համարել առավել ռիսկային ու խիստ վերահսկողություն սահմանել նրա նկատմամբ: Ինչպես նաեւ աուդիտ իրականացնել, թե այն ընկերությունները, որ ցածր գնով սնունդ են մատակարարում, որտեղի՞ց են ձեռք բերում, եւ ի՞նչ որակի է այդ սնունդը:
Բայց ՀԿ-ի առաջարկները պատկան մարմինները այնպես էին խեղաթյուրել, որ կառավարությունում դրանց կիրառումն անիմաստ էին համարել: Ի վերջո ֆինանսների նախարարությունում առաջարկների քննարկման ժամանակ նախարարը փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն է ուղարկել կառավարություն: Բայց դրանից հետո էլ կառավարությունը չի շտապում բարեփոխել ոլորտը՝ հավանաբար ավելի լուրջ պատահարների սպասելով:
Բայց միայն սննդի մատակարարումը չէ, որ մանկապարտեզների սաներին ամեն օր թունավորման ու տարբեր հիվանդություններ ձեռք բերելու վտանգի առաջ է կանգնեցնում: Գոյություն ունեն մանկական հաստատություններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման չափորոշիչներ, որոնք նախատեսում են, որ, օրինակ, մանկապարտեզների խոհանոցում աշխատող անձնակազմը որոշակի ժամանակահատվածը մեկ պետք է բժշկական զննություն անցնի՝ այս կամ այն վարակիչ հիվանդությունների առկայությունը ստուգելու նպատակով:
Հայտնի չէ՝ մեր մանկապարտեզներում հետեւո՞ւմ են այդ կանոնակարգին, թե՞ ոչ: Հաշվի առնելով, որ մատակարար ընկերություններին ընտրելու համար պատկան մարմինները ձգտում են գումարներ խնայել եւ առավել էժան սննդամթերք առաջարկողին են նախապատվությունը տալիս, հավանաբար այս դեպքում եւս, խնայողության նկատառումներով, այդ միջոցառումները չեն իրականացվում կամ իրականացվում են կիսատ-պռատ:
Անգամ եթե բժշկական զննություն արվում է, ապա խորհրդային տարիների ռեժիմով՝ ամեն կես տարին մեկ: Այդպես է պահանջում օրենքը: Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը դա չափազանց մեծ ժամանակահատված է համարում եւ ասում, որ ստուգումներն արդյունավետ կլինեն, եթե իրականացվեն ավելի հաճախ՝ երկու-երեք ամիսը մեկ: Առավել եւս հարկավոր է ուշադրություն դարձնել աղիքային հիվանդություններին, որոնցով երեխաները հաճախ են վարակվում:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












