ՀՅԴ շրջանառած փաստաթուղթը խուճապի է մատնել նախկին իշխանություններին
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
–ՀՅԴ խմբակցությունը, ճիշտ պահին՝ ԵՏՄ պայմանագրի վավերացման այս փուլում, հրապարակ հանեց մի փաստաթուղթ, որը ընդունվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, խոսքս՝ 1993-ին կնքված և 1994-ին վավերացված <Տնտեսական միություն տեղծելու մասին> միջազգային պայմանագրին է վերաբերվում: Սրա շրջանառումը նկատելիորեն շփոթեցրել է նախկիններին, քանզի 94-ին ստորագրվել է մի փաստաթուղթ , որը տնտեսական ինքնության կորստի առումով շատ ավելի վտանգավոր է, քան այսօր առաջարկվող ԵՏՄ պայմանագիրը: Ի դեպ, այն անգամ համարվեց ԵՏՄ պայմանագրի նախատիպը՝ առավել կոշտ տարբերակով: Ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը:
-Այո, 1994-ին վավերացված պայմանագրով նախատեսված էր տնտեսական միության ստեղծում ԱՊՀ տարածքի այն երկրների հետ, որոնք այսօրվա ԵՏՄ անդամ երկրներն են: Այդ պայմանագիրը ԱՊՀ մյուս երկրներին միաժամանակ հնարավորություն է տալիս ասոցացված անդամի կարգավիճակով մտնել միություն: Եվ 1997-ին Ուկրաինան ասոցացված կարգավիճակով միացավ այս միությանը: Եվ ուրեմն, ի՞նչ փաստաթուղթ է այն ու ի՞նչ ենք հասկանում կոշտ կամ ինքնության կորստի վտանգ ասելով: Տեսեք, հիշյալ պայմանագիրը բացի միասնական հարկային, մաքսային, բյուջետային քաղաքականությունից անդամ երկրներից պահանջում է արտաքին առևտրային քաղաքականության մեջ առաջնորդվել միմիայն տնտեսական միության շահերով՝ անտեսելով սուբյեկտիվ շահերը: Նաև պարտավորեցնում է ջանքեր գործադրել ստեղծելու ռուբլու միասնական գոտի: Պարտադրում է հրաժարվել որևէ երրորդ երկրի հետ հարաբերությունների հաստատումից, ինչը կարող էր դեմ լինել տնտեսական միության շահերին: Սրանք այն վտանգավոր քայլեր են՝ մեր ինքնության կորստի առումով: Այս պայմանագիրը, միաժամանակ, լինելով շրջանակային, ենթադրում է բոլոր ուղղություններով գործողությունների ձեռնարկում, այսինքն, կնքվել են համաձայնագրեր հետևյալ մարմիների ստեղծման մասին՝ Տնտեսական կոմիտե, որպիսին այսօր ստեղծվում է ԵՏՄ շրջանակներում, Ներկայացուցիչների մարմին, Բարձրագույն խորհուրդ, որը ևս այսօր ձևավորվում է:
-Ի՞նչ է ապացուցում այս պայմանագրի գոյությունը:
-Պարզորոշ է դառնում այն, որ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ շրջանից ու բոլոր ժամանակներում մեզ համար հիմնականը համարվել է երկրի անվտանգությունը: Այդ պայմանագրի գոյությունը փաստում է, որ Հայաստանի ցանկացած իշխանություն, քաղաքական անձ մեկ այլ համակարգ, քան գոյություն ունեցողն է, չի՛ պատկերացրել:
-Ուրեմն, տարօրինակ չէ՞, որ այսօր հենց նախկիններն են՝ ՀՀՇ վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, դեմ հանդես գալիս իրենց իշխանության տարիներին ստորագրված պայմանագրի տրամաբանությանը: Սա՞ ինչպես հասկանալ:
-Չեմ ուզում քննադատել իմ գործընկերներին, ավելին, չընդունելով նրանց փաստարկները, հարգանքով եմ վերաբերվում նրանց կարծիքներին: Ոմանք հակված են կարծել, թե աշխարհում ինչ-որ բան փոխվել է ու Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգության համակարգը: Նույն Ա. Արզումանյանն օրինակ ասում է՝ ԵՄ հետ ասոցացումը շատ ավելի մեծ հնարավորություններ մեզ կտար: Բայց մեզանից որևէ մեկը չտեսավ ու չկարդաց Ասոցացման համաձայնագիրը, փոխարենը ականատես եղանք դրա դրսևորման տխուր իրողությանը. Ուկրաինան հայտնվեց քաղաքացիական պատերազմում, ունեցավ տարածքային կորուստներ:
Տրամաբանության փոփոխման պատճառ է դարձել գուցե և այն, որ մեր որոշ գործիչներ վարդագույն ակնոցներով են նայում ժամանակակից աշխարհին: Մինչդեռ իրականում աշխարհի կանոնները չեն փոխվել. ուժը նրա ձեռքում է, ով ունի ոչ թե իրավական փաստարկներ, այլ այդ ուժը գործադրելու հնարավորություն: Մյուս կողմից, գուցե անհրաժեշտ են համարում այլակարծության դրսևորումը Հայաստանի խորհրդարանում և այսօր հանդես են գալիս հենց այդ դիրքերից: Բայց դրանով հանդերձ, ինձ չի թվում, որ նրանք իրենց մտքում համոզված չեն, որ ճիշտը ազգի գոյության խնդիրն է: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ժամանակին լինելով տվյալ գործընթացի մեջ այսօր վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ԵՏՄ կողմնակիցների հասցեին, ապա այդպիսիք առաջնորդվում են զուտ նեղ քաղաքական ու անձնական շահերով:
ՀԱԿ լրատվամիջոցներից մեկը գրում է՝ ՀՅԴ-ն արխիվները փորփրել ու գտել է մի փաստաթուղթ, թե շուտով երևի Լևոն Տեր-Պետրոսյանին կմեղադրեն Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքելու մեջ: Կներեք, բայց սա անլուջ մոտեցում է: Մարդիկ, ովքեր եղել են պետականության կայացման գործընթացում, գոնե պետք է հարգեն իրենց անցած ուղին, հասկանան, որ չի կարելի րոպեկան շահերից ելնելով մերժել անցյալը:
Ես այն քաղաքական ուժն եմ ներկայացնում, որի համար շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանը չանդամակցեր որևէ միության, լիներ ավելի անկախ, ավելի լայն հանրավորություններով օժտված, համագործակցեր բոլորի հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգության առավել բարձր մակարդակ: Բայց ստեղծված իրավիճակը սթափ մոտեցում է պահանջում: Ազգի գոյության հիմքը ֆիզիկական անվտանգություն է: Արդյոք այս հարցում այլընտրանք ունե՞նք: Ոչ, ուրեմն պետք է ընտրել եղած պաշտպանական համակարգը: Դա նշանակում է գտնվել մեկ տնտեսական միության մեջ այն երկրների հետ, որոնք նաև ՀԱՊԿ անդամ երկրներն են:
Հարց է առաջանում, իսկ դա արդյոք երաշխի՞ք է Հայաստանի անվտանգության համար: Այն որ սա բացարձակ երաշիք չէ՝ ոչ ոք չի վիճարկում, սակայն սա անհրաժեշտ նվազագույնն է: Եթե վաղը կլինի այլընտրանք, ապա ԵՏՄ պայմանագիրը հնարավորություն է տալիս դուրս գալ և նախընտրել այդ այլընտրանքը: Իսկ քանի դեռ այն չկա, մենք չենք կարող հրաժարվել անվտանգության ներկայիս համակարգից ու գնալ անկման: Հայաստանն այսօր շրջափակված է Թուրքիայի, Ադրբեջանի կողմից, գտնվում է տնտեսական մեկուսացման մեջ, ԵՏՄ անդամակցումը կարող է շանս համարվել, որ մեր երկրի տնտեսությունը արագ տեմպերով առաջ ընթանա: Այլ բան է, որ մտահոգություններ են հնչում՝ ի՞նչ է լինելու: Հստակ ասեմ, կլինի այն, ինչ կցանկանա և կուզենա Հայաստանը:
-Ուզում եք ասել ամեն ինչ մեր ձեռքո՞ւմ է, կախված է մեզանի՞ց, իշխանությունների գրագետ քայլերի՞ց:
– Անշուշտ: Կկայանա՞ այս միությունը, թե ո՞չ, դա դեռ հարց է, ի վերջո, Հայաստանը չպետք է իր վրա վերցնի կայացման բեռը, բայց Հայաստանը պետք է փորձի առավելագույնը քաղել ստեղծված հնարավորությունից, պայմաններ դնել այն երկրների առաջ, որոնք ԵՏՄ պայմանագրով ստանձնում են պարտավորություններ: Օրինալ Ռուսաստնի առաջ պետք է դնել աբխազական երկաթգիծը բացելու պարտավորությունը: Պայմանագրում կա այսպիսի դրույթ՝ որևէ երկիր չպետք է կատարի անդամ պետության շահերին հակասող գործողություն: Այս կետը մեզ վաղը հնարավորություն կտա Բելոռուսի, Ռուսաստանի առաջ խնդիր դնել՝ չօժանդակել Ադրբեջանին, ու դրանով չվնասել Հայաստանի անվտանգությանը: Այսինքն, տնտեսական անվան տակ կնքված պայմանագրից կարող ենք քաղաքական լուրջ դիվիդենտներ շահել:
–ԵՏՄ ընդդիմախոսները խորհրդարանական քննակումներում հաճախ հնչեցրին այս միտքը, թե մտնում ենք մի միություն, ուր կորցնելու ենք մեր տնտեսական ինքնուրույնությունը:
-Ժամանակակից համակարգերում չկա բացարձակ ինքնիշխանություն: Այն, որ Հայաստանը առաջնորդվում է ՀԲ-ի, ԱՄՀ-ի սահմանած չափանիշներով՝ ինքնուրույնության կորուստ չէ՞: Եվ դա առկա է բոլոր ոլորտներում: Տնտեսական ցանկացած բարեփոխում մեր երկրում կատարվում է միջազգային որևէ կառույցի աջակցությամբ ու հովանավորությամբ. կրթական ոլորտում ՀԲ-ն է, պետական բյուջեի կազմման, իրականացման գործում՝ ԱՄՀ-ն, և այլն: Այսինքն, մենք մեր ինքնիշխանության մեծաթիվ բաղադրիչներ արդեն իսկ զիջել ենք: Սակայն խնդիրն այն է, արդյոք, սրա՞նք են ժամանակակից աշխարհում ինքնիշխանության բնութագրիչները, իմ համոզմամբ՝ ոչ:
Ինքնիշխանության հիմնական բաղադրիչը ազգի շահը առաջին պլան մղելն է: Եթե մենք ունակ ենք դրան, ունակ ենք ազգայինը նեղ խմբային շահերից վեր դասել, ուրեմն մենք երբեք չենք կորցնի մեր ինքնիշխանությունը: Կկոցնենք այն պահին, երբ կզրկվենք այդ ունակությունից:
–Որքանո՞վ է արդարացի՝ ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկումը, ինչը պատճառ դարձավ մեր արտահանվող ապրանքների գների թանկացմանը, դրամի կուրսի կտրուկ անկումը բերել- կապել ԵՏՄ անդամակցման գործընթացին: Ավելին, այն համարել մեր տնտեսական ինքնության խաթարման առաջին դրսևորում:
-Սա անլուրջ, անտամաբանական և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Սրանք ոչ մի կապ չունեն Հայաստանի ԵՏՄ անդամակցման գործընթացի հետ: Իրականում ԵՏՄ-ի հետ ոչ մի առնչություն չունի արժույթի նկատմամբ հայակական դրամի արժեզրկումը: Դա պայմանավորված է թե՛ արտաքին, թե՛ ներքին պատճառներով:
Ներքին գործոնների շարքում են՝ ստվերային տնտեսությունը, մենաշնորհների առկայությունը, ներքին պահանջարկի նվազումը, գնողունակության անկումը: Ռուբլու արժեզրկումը, անկախ ԵՏՄ-ին անդամակցումից, իր բացասական ազդեցությունը կունենար Հայաստանի վրա: Եվ դա պայմանավորված է Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությամբ:
Բայց մյուս կողմից ԵՏՄ անդամակցումը Հայաստանին կարող է հնարավորություն ընձեռել լրացուցիչ եկամուտներ ապահովելու՝ այլ երկրներին, այդ թվում նաև եվրոպական խոշոր կազմակերպություններին Հայաստանում գործելու հնարավորություն տալու և ստեղծված ապրանքները եվրասիական շուկայում իրացնելու ճանապարհով: Այսինքն, կա հնարավորություն, և մենք պետք է այն ճիշտ օգտագործենք:
–Մյուս հարցադրումն է՝ տնտեսական պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը գահավիժում է, ուրեմն ինչպե՞ս կարող է այդ շուկան մեզ համար լինել արդյունավետ և գրավիչ:
-Պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսությունը որոշակիորն անկումային փուլում է գտնվում: Բայց դրանք երկարաժամկետ ու հավերժ չեն կարող լինել: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի տնտեսությունը հումքային է, դա նշանակում է կան բազիսային գներ, որից ներքև հումքի արժեքը երբեք չի իջնում, իսկ աշխարհի զարգացումը այդ հումքի վրա է այսօր կառուցված: Հետևաբար, ՌԴ-ի տնտեսության մասին չարագուշակ կանխատեսումները իրականություն դառնալ չեն կարող: Ավելին, Հայաստանի արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման հիմք, մի կողմից, կարող է հանդիսանալ ռուսական հումքը, մյուս կողմից արևմտյան նորագույն տեխնոլոգիաները: Մենք այստեղ կարող ենք լուրջ արդյունքներ ունենալ:
–Դուք տնտեսական տեսանկյունից հաստատեցիք այն, ինչ ասվում է քաղաքական հարթության մեջ՝ Հայաստանը կարող է դառնալ ԵՏՄ-ԵՄ կամուջը:
-Իհարկե, և դա հնարավոր է:Ավելին, մենք արդեն իսկ դրա փորձն ունենք, դա Երևանի ՋԷԿ-ն է. Իրանից ներմուծված գազը արևմտյան տեխնոլոգիայով կառուցված ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի ու իրացվում: <Նաիրիտ>-ը ևս կարող է դառնալ այդպիսին՝ արևմտյան տեխնոլոգիա + ռուսական հումք, որից ստացված ապրանքները կարող են իրացվել թե՛ Իրանում, թե՛ Ռուստանում, թե՛ Եվրոպայում: Այսինքն, կա հնարավորություն դառնալու այն օազիսը, ուր արևմտյան տեխնոլոգիան կմիանա ռուսական հումքին և կստեղծի մի նոր արդյունք:
–Խոսում եք կամուջի մասին, մինչդեռ հակա-ԵՏՄ-ականները իրենց կանխատեսումներով պնդում են՝ ԵՏՄ մտնող Հայաստանի առաջ կփակվեն Իրանի Վրաստանի հետ համագործակցային ուղիները:
-Պայմանագրում չկան նման սահմանափակումներ: Ովքեր նման պնդումներ են անում կամ լավ ծանոթ չեն փաստաթղթին, կամ կանխամտածված խեղաթյուրում են իրականությունը: Իրանը չունի անլուծելի խնդիրներ ԵՏՄ անդամ երկրների հետ, ավելին, համարվում է լիդեր երկրի՝ Ռուսաստանի գործընկերը: Ուրմեն, Հայաստանն այս պայմանագրով կարող է շատ ավելի մեծ համագործակցություն ծավալել Իրանի հետ, որպես ԵՏՄ շահերը սպասարկող երկիր՝ Իրանի տարածքում:
Ինչ վերաբերում է Վրաստանին, երբ մենք պաշտոնական այցով գտնվում էինք Վրաստանում, նրա ղեկավարները ոչ միայն հակադրություն չտեսան ԵՄ հետ ասոցացված Վրաստանի ու ԵՏՄ անդամակցող Հայաստանի միջև, այլ հակառակը, խոսում էին օգուտների մասին, որ կարող են ունենալ տարբեր շուկաներին ինտեգրված երկու հարևանները:
-Չեն դադարում շահարկումները Ատոմակայանի շուրջ: Հայտարարում են՝ Ռուսատանը համաձայնվել է ֆինասավորել թուրքական ատոմակայանի կառուցումը, կնշանակի Հայկական Ատոմակայանի ֆինասավորման մասին կմոռացվի: Մինչդեռ հայտնի է, որ 270 մլն դոլար արդեն իսկ հատկացվել է, և այն տարմադրվելու է մինչև 2019 թվականը:
-Հայկական 2-րդ ատոմակայանի կառուցումը կապել թուրքականի հետ խիստ սխալ եմ համարում: Նախ, Ատոմակայանի կառուցումը միայն ՌԴ-ի կամ ԵՏՄ-ի շահերից չի բխում, այս հարցում համատեղվում է նաև միջազգային հանրության շահը: Եթե անգամ ՌԴ-ն չուզենա ֆինանսավորել, ապա վստահաբար կարող եմ ասել, որ դա կանի Արևմուտքը: Սա մի հարց է, որը ազդեցության դաշտ է ապահովում տարածաշրջանում: Այնպես, որ Ռուսաստանը ստիպված կլինի ֆինանսավորել, դա բխում է իր իսկ շահերից:
-Ամփոփենք. ձեր կողմից ԵՏՄ պայմանագրի նման մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Դաշնակցությունը կողմ է քվեարկելու անդամակցմանը:
-Խորքային վելուծությունից, փաստարկների հրապարակումից հետ մենք ասում ենք՝ չկա այլընտրանք, իսկ նման կարևոր հարցում չեզոք դիրք գրավելը ճիշտ չենք համարում: Մենք չենք կարող դեմ լինել Հայաստանի ֆիզիկական գոյության ապահովման համակարգին, հետևաբար, ՀՅԴ-ն կքվեարկի հօգուտ ԵՏՄ պայմանագրի վավերացման:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












