Սերժ Սարգսյան. «Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է»
«The Armenian Reporter» թերթին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե հայկական կողմը երբեք թույլ չի տա սակարկության առարկա դարձնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Նախագահը, պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյո՞ք, Հայաստանը դեռ հավատարիմ է մնում Ղարաբաղի` Ադրբեջանին «ենթակայության անհնարինության» քաղաքականությանը, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Ղարաբաղյան շարժումը սկսվել է կարգավիճակի խնդրից, և այդ խնդրի կարգավորումը միայն կարող է բերել հակամարտության լուծման: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավիճակը: Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ հայկական կողմերը չեն կարող գնալ, դրանք ենթակա չեն սակարկության»:
Միևնույն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Արցախի հիպոթետիկ ենթակայությունը Ադրբեջանին հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե Արցախի ժողովուրդը հանրաքվեով ինքը որոշի այդ մասին: Իսկ թե որքա՞ն է դրա հավանականությունը՝ հայտնի է բոլորին, նույնիսկ ադրբեջանցիներին»:
Armar.am












