ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԵՏՄ-ԻՆ ԲԽՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՑ
Հարցազրույց ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Խորհրդարանականները մի ամբողջ քառօրյա քննարկեցին ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Որքանո՞վ հաջողվեց այդ փաստաթղթի վավերացման կարեւորությունը անհրաժեշտ չափով ներկայացնել աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում, բովանդակային քննարկում ծավալել, եւ արդյոք «դեմ» ու «կողմ» դիրքորոշումները հիմնավորված էին:
-ԵՏՄ Հայաստանի անդամակցման կողմնակից պատգամավորներն ու քաղաքական խմբակցությունները փաստաթուղթը դիտարկեցին տարբեր հարթություններում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Մասնավորաբար շեշտադրվեց մեր երկրի անվտանգության հարցը: Այս առումով ինձ համար հետաքրքիր էին Էդուարդ Շարմազանովի, Արտակ Դավթյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի ելույթները, քանի որ դրանցում կային հստակ հիմնավորումներ:
Ինչ վերաբերում է ընդդիմախոսների ելույթներին, ապա ես հիասթափված եմ, քանի որ չբերվեցին ծանրակշիռ հակափաստարկներ, ընդդիմությունից չլսեցի խորքային վերլուծական ելույթներ:
Ավելին՝ նրանց հակադարձումները շատ թույլ էին, պատճառաբանությունները չհիմնավորված: Բոլորը, կարծես խոսքները մեկ արած, նույն միտքն էին կրկնում՝ մենք կորցնում ենք մեր անկախությունը, մենք գնում ենք ինչ-որ մի «մութ տեղ»:
Կներեք, ի՞նչ է նշանակում անկախության կորուստ, անկախությունը փաստաթուղթ չէ, այն պետականաստեղծ գործընթաց է: Այսինքն, երկրի անկախություն ասելով՝ ես հասկանում եմ ունենալ զարգացած տնտեսություն, ռազմական անվտանգություն: Ահա այս հարթության մեջ նրանք պետք է դիտարկեին ԵՏՄ փաստաթուղթը:
Իսկ ի՞նչ են հաստատում վերլուծությունները. մենք ոչ թե կորցնում ենք, այլ, հակառակը, ուժեղացնում ենք մեր հռչակած անկախությունը, քանի որ դառնում ենք մի միության անդամ, որը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, անվտանգության համակարգի կայունությանը:
Ընդդիմախոսների ելույթներում բացակայում էր ամենակարեւորը՝ իրատեսական վերլուծությունը: Հիմնավորված փաստարկներ բերելու, ԵՏՄ անդամակցումից ի՞նչ կշահի Հայաստանը կամ ի՞նչ կկորցնի, նաեւ «դեմ» լինելով այլընտրանք ներկայացնելու փոխարեն, թե ո՞ւր պետք է գնա Հայաստանը, որպեսզի կարողանա լուծել իր անվտանգության խնդիրները, նրանք խոսում էին բոլորովին այլ բաների մասին: Ասենք, համեմատում էին Եվրոպան ու Ռուսաստանը, ու թե ի՞նչ զարգացում է ապրում առաջինը, ի՞նչ իրավիճակում է երկրորդը: Սա լուրջ չէ, գիտեք:
Եթե ԵՏՄ անդամակցման կողմնակիցները մեկ առ մեկ թվարկում են, թե կոնկրետ ինչ առավելություններ է ստանում Հայաստանը, ապա ես չլսեցի եվրաինտեգրման կողմնակիցներից գեթ մեկ փաստարկ, թե ի՞նչ կարող էր շահել Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում` թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով: Ասելիք չկա, քանի որ ակնկալիքներ չկային:
Ցավում եմ, մինչդեռ շատ կուզենայի խորհրդարանական ընդդիմախոսներից լսել լուրջ, փաստարկված ելույթներ:
-Նկատենք, որ ընդդիմախոսներն իրենց ելույթներով կարծես նպատակ ունեին խուճապ առաջացնել՝ տարածելով իրականության հետ առնչություն չունեցող տեղեկատվություն, ինչպես, օրինակ, «մեկուսացվում ենք», «հայտնվել են ռազմավարական լճացման մեջ», «վերջացավ՝ Հայաստանն այլեւս չի կարող խորացնել իր հարաբերությունները հարեւան Իրանի, Վրաստանի հետ»:
-Դուք արդեն տվեցիք ճշգրիտ գնահատականը՝ դրանք ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Ինչպե՞ս կարելի է խորհրդարանի ամբիոնից խոսել իրականության հետ աղերս չունեցող բաների մասին: ԵՏՄ պայմանագրում չկա որեւէ արգելափակում մեր հարեւանների հետ հարաբերությունների առումով: Նման հայտարարություն անողները կա՛մ չեն կարդացել պայմանագիրը, կա՛մ զբաղված են ապատեղեկատվության տարածմամբ:
Ժամանակագրական առումով փոքր-ինչ հետ գնանք ու հիշենք, թե ինչ կատարվեց մեկ տարի առաջ, երբ Հայաստանը հայտարարեց ԵՏՄ անդամակցման մասին: Նախ եվրոպացի չինովնիկները մեկը մյուսի հետեւից գրեթե սպառնում էին, թե Հայաստանի հետ կսառեցնեն իրենց բոլոր հարաբերությունները: Ներսի արեւմտամետներն էլ սկսեցին աղմկել՝ վերջ, ավարտվեց Հայաստան-Եվրոպա համագործակցությունը:
Իսկ հիմա ի՞նչ է կատարվում. այդ նույն կտրուկ տոնով հայտարություններ անող եվրոպացիները բոլորովին այլ բան են ասում՝ մենք պետք է գտնենք ճիշտ ու համաչափ ձեւաչափ Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար: Եվ Հայաստանը ողջունում է նրանց նման մոտեցումը:
Հիշենք նաեւ, որ երբ Հայաստանը անդամակցում էր ՀԱՊԿ ռազմական դաշինքին, դարձյալ ինչպիսի սպառնալիքներ էին հնչում, սակայն որոշ ժամանակ անց Եվրոպան ոչ մի հակազդեցություն չդրսեւորեց: Եվրոպան լռեց նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին ռազմակայանի բազայի տեղակայման պայմանագիրը: Իսկ այսօր մի մեծ աղմուկ են բարձրացրել զուտ տնտեսական միության անդամակցման շուրջ: Կնշանակի գործ ունենք աշխարհաքաղաքական նոր զարգացումների հետ:
Այն մարդիկ, ովքեր այսօր դեմ են խոսում ԵՏՄ անդամակցմանը, պետք է սա լավ հասկանան` չմոռանալով Հայաստանի դիրքն ու կարեւորությունը:
-Խորհրդարանը 103 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց պայմանագիրը, բայց սա դեռ ամենը չէ, Հայաստանի անդամակցման գործընթացի ավարտի համար հարկավոր է, որ պայմանագիրը վավերացվի Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի կողմից: Եվ ահա շրջանառության մեջ է դրվել մեկ այլ կարծիք, թե կան ուժեր, որոնք հնարավորն անում են այս փուլում պայմանագրի վավերացումը ձախողելու համար: Եվ դա կարող է արվել Ղազախստանի ձեռքով:
-Սա հերթական ապատեղեկատվություն է: Ընթանում է աշխարհի սահմանների, ազդեցության գոտիների վերաձեւման գործընթաց: Այս քաղաքական զարգացումներն ուղղորդում են նաեւ տեղեկատվական հոսքերը: Եվ մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմում:
ԵՏՄ անդամակցման առաջին իսկ փուլից անվերջ խոսվում է այն մասին, թե Ղազախստանը չի ցանկանում եւ ամեն ինչ կանի վիժեցնելու Հայաստանի անդամակցումը: Եթե այդ երկիրը նման մտադրություն ունենար, պետք է իր դիրքորոշումը արտահայտեր պայմանագրի միջոցով: Մինչդեռ Ղազախստանը այս պայմանագրում որեւէ հատուկ կարծիք Հայաստանի անդամակցման դեմ չի ներկայացրել:
Այնպես որ, վստահեցնում եմ՝ Ղազախստանի հետ կապված որեւէ մտավախություն չկա ու չի կարող լինել:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը բխում է ոչ թե անձերի ու քաղաքական ուժերի շահերից, այլ հայ ժողովրդի: Ժողովուրդն այս գործընթացի կողմնակիցն է, որն արտահայտվեց հետեւյալում՝ մի կողմից խորհրդարանական քվեարկությամբ, երբ 103 կողմի դիմաց ընդամենը 7 հոգի դեմ քվեարկեց:
Մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի ու Ազգային ժողովի դիմաց հավաքվածների փոքրաքանակությամբ` 10-15 հոգի: Հետեւությունը թողնում եմ հենց նրանց` այդ փոքրաթիվ ընդվզողներին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












