Գիտության, կրթության ոլորտներում ևս կգործի “և…և”-ի քաղաքականությունը
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ
–Հայաստանի անկախացումից ի վեր գիտական, կրթական ոլորտին առնչվող բազմաթիվ ծրագրեր հիմնականում իրականացվել են եվրոպական կառույցների հետ համատեղ: Եվ հիմա հարց է ծագում՝ ԵՏՄ անդամակցումից հետո գիտական, կրթական բարեփոխումներն ի՞նչ ընթացք կունենան մեզանում: Այդ ծրագրերը կդադարե՞ն իրականացվել, թե՞ “և…և”-ի քաղաքականությունը կարող է արդյունավետ գործել նաև այս դաշտում:
-ԵՏՄ անդամակցմամբ Հայաստանն ստանում է բացառիկ հնարավորություն տնտեսության ոլորտում հասնելու մեծ հաջողությունների: Բացվում է գործունեության լայն դաշտ՝ հանձին 174 մլն շուկայի: Բազմից եմ առիթ ունեցել ասելու՝ սահմանների փոխարեն երկրների միջև կամուրջներ պետք է կառուցվեն, ասել է, թե տնտեսական ակտիվ համագործակցությունը կկամրջի պետություններին: Ու քանի որ տնտեսությունն ու գիտությունը սերտորեն շաղկապված են, ապա ԵՏՄ անդամակցմամբ մենք նույնպիսի ակնկալիքներ ունենք նաև գիտության ոլորտից: Միանալով այս միությանը Հայաստանը գիտության ոլորտում կարող է և պե՜տք է շարունակի իր արդյունավետ համագործակցությունը մեր եվրոպացի գործընկերների հետ: Այո, այս դաշտում ևս գործելու է “և…և”-ի քաղաքականությունը: ԵՄ մեր գործընկերները հաճախ են հարցադրումներ հնչեցնում, թե համագործակցության ի՞նչ եզրեր կարող են գտնել ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանի հետ, խնդրեմ, գիտության ոլորտը դրա համար լավագույնն է:
Որևէ նշանակություն չունի, որ Հայաստանն ընտրել է ԵՏՄ ինտեգրացիոն ուղին, քանի որ հայ գիտնականի տված գիտական արտադրանքը ընդունելի է թե՜ Արևմուտքի, թե՜ Արևելքի համար: Կարևորը ոչ թե այն է, թե դու ո՞ր միության կազմում ես, այլ այն, թե գիտական ինչպիսի՞ արդյունք ես տալիս: Եթե այդ արտադրանքը արժեքավոր է, ունի պահանջարկ, ուրեմն ընդունելի կլինի թե՜ մեկի, թե՜ մյուսի կողմից:
Ի վերջո, հայտնի ճշմարտություն է՝ գիտությունն ազատ է, այն սահմաններ չի ճանաչում: Լավագույն գիտականը ընդունելի է աշխարհի ցանկացած երկրում: Չէ՞ որ գիտությունը մի ոլորտ է, որում արված յուրաքանչյուր նորույթ ոչ միայն տվյալ ազգի, պետության ձեռքբերումն է, այլև աշխարհի: Հետևաբար, ԵՏՄ-ին անդամակցած մեր երկիրը այսուհետ ևս ԵՄ շրջանակներում կշարունակի ու կիրականացնի գիտնական տարբեր ծրագրեր, նպաստելով մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Ինչպես մեր տնտեսագետները համոզված են, որ հայկական արտադրանքի համար բացվում է սպառմա մեծ շուկա, ես ակնկալում եմ, որ ԵՏՄ անդամ երկրների շրջանակում ևս Հայաստանը անպայմանորեն կունենա գիտական նոր ծրագրերի համատեղ իրականացման լայն հնարավորություն: Արդեն իսկ Հայաստանի գիտական կառույցները սկսել են ավելի ակտիվ համագործակցել ռուսաստանյան գործընկերների հետ: Տեղյակ եմ, որ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռուսական մի շարք գիտական կենտրոնների հետ:
Միաժամանակ, կարծում եմ գիտության ոլորտում Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև: Գիտական արտադրանքը մարդկությանն է հարկավոր ու դրա զարգացման չպետք է խանգարել:
-Նորարարական տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանը ակտիվ համագործակցել է Ուկրաինայի հետ, կարծիք կան, որ ԵՏՄ անդամակցմամբ Հայաստանը կարող է դառնալ այդ դաշտում Ռուսատանի ակտիվ համագործակիցը: Նկատի է առնվում այն, որ տեխնոլոգիական մտքի որակով մեր երկիրը տարբերվում է միության անդամ երկրներից:
-Լիովին համակարծիք եմ: Ինովացիոն ոլորտում Հայաստանը համարվում է լուրջ ձեռքբերումներ ունեցող երկիր: Դրա վառ ապացույցն է հայ ծրագրավորողների ակտիվ համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ: Գաղտնիք չէ, որ զարգացած երկրների նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես, առաջատար ընկերություններում, իրենց ներդրումն ունեն հայազգի մասնագետները: Եվ ես, այո, այս դաշտում ևս լուրջ համագործակցություն եմ ակնկալում թե՜ Ռուսաստանի, թե՜ ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ:
-Անցումը 12-ամյա կրթական համակարգին մեզանում կիրառվեց այն տրամաբանությամբ, որ Հայաստանը ընդունելի լիներ այդ համակարգը կիրառող Եվրոպայում: Եվ հիմա, եթե նկատի ունենանք, որ ԵՏՄ լիդեր երկրում՝ ՌԴ-ում գործում է 11-ամյա համակարգը, կարող ենք ասել, որ մեզ համար խնդիրներ են առաջանալու: Եվ առհասարակ, ԵՏՄ պայմանագիրը գիտության, կրթության ոլորտներին առնչվող ինչ-որ չափորոշիչներ սահմանում է՞ անդամ երկրների համար:
-Միանգամից ասեմ՝ ոչ: ԵՏՄ պայմանագիրում նման որևէ պահանջ, պարտադրանք չկա, թե անդամ երկրները ինչպիսի՞ պարտավարություն են ստանձնելու: Իսկ Հայաստանն արդեն իսկ ունի հստակ որդեգրած քաղաքականություն, մեր երկիրը վարում է եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, համարվում ենք Բոլոնյան գործընթացի քարտուղարության երկիր: Հետևաբար, մեր պայմանավորվածություններն այս ոլորտում կշարունակվեն ու կտրուկ շրջադարձեր, վստահ եմ, չեն լինի:
– Ազգային բանակից հետ պետության համար մյուս կարևորագույն կառույցը ազգային դպրոցն է: Բայց արդյոք այսօրվա դպրոցը տալի՞ս է անհրաժեշետ կրթություն, դաստիարակություն: Քանզի մշտապես կա այն մտահոգությունը, թե ոչնչացրինք խորրդային կրթական համակարգը՝ փոխարենը չստեղծելով նորը:
-Դպրոցը պե՜տք է դաստիարակի ազգային արժեքներ կրող քաղաքացու: Եվ այս առումով ես շատ եմ կարևորում դպրոցներում հայեցի դաստիարակությանը նպաստող ծրագրերի իրականցումը: Ամիսներ առաջ “Դպրոց-կենտրոնների միության” և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ “Ազգային հպարտություն” ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր դպրոցներում անցկացրինք բաց դասեր, մրցույթներ:՝ Իրականացվեց “Ինչով եմ ես հպարտ” թեմայով դասուսուցում: Նպատակն այն էր, որ հայ երեխան գիտակցի, թե ինչպիսի՞ արժեքների կրող է ինքը ու սեփական դիտարկմամբ հանգի հետևության, այն է՝ հպարտանալու զգացումը դեռ բավարար չէ, պետք է ձգտել արժանի լինել սեփական մշակութային, պատմական արժեքներին, հերոսներին, դառնալ այդ ամենի կրողն ու արժանի ժառանգորդը: Եվ սրանք, պարզապես, խոսքեր չեն: Սրանք մտածողություն են դաստիարակում:
Ինչ վերաբերում է խորհրդային դպրոցին, ապա ես համաձայն չեմ “ոչնչացնել” գնահատականի հետ: Լինենք օբյեկտիվ. խորհրդային դպրոցը, որքան էլ լավն էր, չմոռանանք, որ այն ծառայում էր Խորհրդային միությանը, նրա հիմնաքարն էր ու ճիշտ աշխատեց հենց խորհրդային համակարգի համար: Հետևաբար, նախկին կրթական մոդելը չէր կարող լիարժեք լինել անկախ Հայաստանի համար: Կնշանակի մեզ նոր կրթական համակարգ է հարկավոր: 20 տարիներն, իհարկե, փոքր ժամանակահատված են անհրաժեշտ արդյունքները ստանալու համար: Ու չնայած մեր կրթական համակարգում դեռ կան չլուծված հարցեր, բայց ակնհայտ է ընթացքը՝ մենք գնում ենք ազգային դպրոցի մոդելի ստեղծման ճանապարհով:
–Վերջերս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հետևյալ միտքն ասաց, թե պետք է ստեղծել կրթական մի այնպիսի մոդել, որը թելադրված չլինի դրսից, միաժամանակ, ապահովի շրջանավարտների ինտեգրումը միջազգային կրթական ծրագրերին՝ դաստիարակելով ազգային մտածելակերպով ու ազգային արժեհամակարգով քաղաքացիներ: Չե՞ք կարծում, որ այս մոտեցումը պետք է լինի մեր կրթական քաղաքականության հիմքում:
-Անշուշտ, համակարծիք եմ ասվածի հետ և այսօր իրականացվող քաղաքականությունը հենց այդ տրամաբանության մեջ է: Բայց նաև պետք է ասեմ, որ դրսից մեզ ծրագրեր չեն թելադրվում, իսկ այն, ինչ առաջարկվում է՝ դրանք ընդամենը ծառայում են մեր ազգային կրթական համակարգի զարգացմանը: Այսինքն, դրսի ծրագրերը վերցնելով ոչ թե դրանց գերին ենք դառնում, այլև տեղայնացնում ենք ու դրանց հիմքի վրա մշակում մեր սեփական մոդելը:
Գիտեք, շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ, հետևաբար, ինչպիսի դաստիարակություն պետք է իրականացնել: Իսկ մեզ պետք է քաղաքացի, որը գլոբալացող աշխարհում չի կորցնի իր ազգային ինքնությունը, կպահպանի սեփական դիմագիծը, ու կկարողանա իր տեսակը արժանավայել ներկայացնել աշխարհին:
Միաժամանակ մենք չենք կարող մեր մեջ ամփոփվել ու արտաքին աշխարհի հետ խզել մեր կապերը: Հակառակը, մեր պետությունը պետք է հնարավորություն տա մեր երիտասարդներին համընթաց գնալ աշխարհին, իսկ դրա համար նրանք պետք է կարողանան կրթություն ստանալ միջազգային կրթական համակարգերում:՝ Այս առումով մեր պետությունը ճիշտ քաղաքականություն է իրականացնում:
–Իսկ մտահոգված չե՞ք, որ դուրսն ամեն ինչ անում է մեր տաղանավոր երեխաներին Հայաստանից պոկել-տանելու համար, և այդ նպատակով հազար ու մի ծրագրեր են մոգոնվում, էլիտար դպրոցներ բացվում:
-Ես հաճախ եմ լսում այդ մտահոգությունը, սակայն եթե խնդիրը ճիշտ ձևակերպենք ոչ մի մտավախություն չենք ունենա: Հայ երեխայի մտածողությունը պետք է ձևավորվի դեռ վաղ տարիքից՝ մինչև դուրս գնալը: Ազգային դաստիրակությունը, սեփական արժեքներին, ինքնությանը ամուր կառչած մնալու գիտակցումը նրա մեջ այնքան խորը պետք է լինի, որ անհնար լինի նրան պոկել-տանելը: Եվ այդ ամենը նրա համար միս ու արյուն պետք է դառնա նախ ընտանիքում: Պատահական չէ, որ Նժդեհը ասում է՝ մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: Ապա ազգային, հոգևոր դաստիարկությունը պետք է շարունակվի մանկապարտեզում ու դպրոցում: Բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն այդ արժեհամակարգի ձևավորմանը: Համոզված եմ, եթե հայ երեխան լինի իրեն ժառանգված արժեքների կրողը, նա չի կարող մնալ դրսում, նա կստանա լավ կրթություն ու հաստատ կվերադառնա: Կգա հենց այդ գիտակմամբ՝ ստացած գիտելիքը հայրենիքին ծառայեցնելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












