ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է նախկին վարչապետ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ
–ԵՏՄ անդամակցությունից ակնկալվող «ներդրումային բումի»՝ արտաքին ներդրումների կտրուկ ավելացման հետ կապված ակնկալիքները, ձեր կարծիքով, արդարացվա՞ծ են։
-Օտարերկրյա մասնավոր ներդրումների աճը Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ պայմանավորելը, այն էլ՝ մեզ հետ ընդհանուր սահման չունեցող մեկ այլ երկրի շուկա ներթափանցելու հեռանկարով, կարծում եմ, անհիմն լավատեսություն է։
Մենք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող, տրանսպորտային բազմաթիվ սահմանափակումներ ունեցող երկիր ենք, եւ ցանկացած ներդրող, որն ուզում է աշխատել ռուսական շուկայի վրա, կգերադասի ներդրումներ կատարել Ռուսաստանում եւ զերծ մնալ տրանսպորտային ահավոր դժվարություններից։
Բայց կարեւորում եմ ԵՏՄ-ին մեր անդամակցությունը տեխնոլոգիաների տրանսֆերի տեսանկյունից։ Դիվանագիտության, պետական կառավարման խնդիրն է՝ առավելագույնս օգտվել ցանկացած իրավիճակից, եւ մենք պետք է կարողանանք օգտագործել այդ հնարավորությունը։
-Ի՞նչ նկատի ունեք՝ «տեխնոլոգիական տրանսֆեր» ասելով։
-Հայաստանը, որպես Խորհրդային Միության ընդհանուր տնտեսական տարածքում իր ուրույն տեղն ունեցող եւ այդ թեկուզեւ փակ, հնարավորությունների տեսանկյունից սահմանափակ տարածքում տեխնոլոգիական, ինժեներական կենտրոնի դերը հաջողությամբ իրականացնող երկիր, մեր անկախության տարիներին մոռացվել է։
Մենք չկանք՝ բացակայում ենք տեխնոլոգիական, ինժեներական, տեխնիկական ինդուստրիայի քարտեզի վրա, վերածվել ենք ընդամենը մեր տնտեսության հետ որեւէ կապ չունեցող՝ դրսից եկող մասնավոր դրամական փոխանցումների հաշվին սպառողական պահանջարկի ավելացման եւ ներմուծման ճանապարհով այդ պահանջարկի բավարարման պարզունակ եւ որոշ իմաստով կործանարար տնտեսական մոդել իրականացնող պետության։
Այնինչ միայն հզոր արդյունաբերական համալիր եւ դրան համապատասխան գիտական, կրթական ներուժը իրացնելու դեպքում կարող ենք էական տեղաշարժ ապահովել երկրում եւ վերջապես փոխել գործող անարդյունավետ այս տնտեսական մոդելը։ Չմոռանանք, որ Ռուսաստանը, խնդրահարույց տնտեսություն ունենալով հանդերձ, տիեզերական ավիաշինարարության, միջուկային, արեգակնային եւ ժամանակակից այլ տեխնոլոգիաների սեփականատերն է։
ԵՏՄ անդամակցությունը մեզ համար շանս է՝ օգտվելու գոնե ռուսական տեխնոլոգիաների, տեխնիկական, ինժեներական կրթության եւ գիտության լավագույն փորձի փոխանակման հնարավորությունից, եւ մենք պետք է անպայման իրացնենք այդ շանսը։ Սա չի նշանակում, թե անպայման կիրացնենք. շնորհք է պետք, որպեսզի կարողանանք դա անել։ Եթե կարողացանք՝ կօգտվենք, եթե ոչ՝ համապատասխանաբար, ոչ։
-Չնայած խորհրդարանն արդեն իսկ վավերացրել է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, կասկածները, թե այդպիսով Հայաստանը զրկվում է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունից, մնում են օդում կախված։
-Դե, գիտեք, ընդհանրապես ինքնիշխանության կատեգորիան չի կարելի դիտել «աբսոլյուտի» մեջ։ Ցանկացած միջազգային համագործակցություն ենթադրում է սուվերեն իրավունքի մասնակի սահմանափակում՝ ի շահ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական խնդիրների։
Եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, որոնց համար ֆրանսիական ֆրանկը կամ գերմանական մարկը ազգային ինքնության, ինքնիշխանության դրսեւորումներից մեկն էր, զոհաբերեցին իրենց ազգային արժույթը՝ ի շահ ընդհանուր տնտեսական համակարգի։ Այնպես որ ինքնիշխանության հաշվարկված զիջումը՝ հանուն որոշակի խնդիրների լուծման, ոչ միայն հնարավոր է, այլեւ, շատ դեպքերում՝ ցանկալի։
-Ղարաբաղի հետ «մաքսային սահմանի» հարցը ԵՏՄ շրջանակներում ի՞նչ լուծում կստանա, վերջին հաշվով. վստա՞հ եք, որ մեզ չեն պարտադրի մաքսակետ դնել ԼՂ սահմանին։
-Նման հարց գոյություն չունի։ Ադրբեջանը հասկանալի պատճառով փորձում է խաղարկել դա, մենք էլ կամա-ակամա այդ խաղի զոհն ենք դառնում՝ անընդհատ արծարծելով գոյություն չունեցող այս խնդիրը։ Մենք ԼՂՀ-ն ճանաչում ենք որպես ինքնիշխան պետություն եւ, համապատասխանաբար, միջազգային ատյաններում այդպես ենք ներկայացնում եւ պատրաստ ենք պաշտպանել մեր դիրքորոշումը։
-Օրերս, խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին, նշեցիք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում են մեր տնտեսական իրավունքները՝ շրջափակման մեջ պահելով Հայաստանը։ Շեշտը դնելով արտաքին գործոնների վրա՝ մարդկանց ուշադրությունը չե՞նք շեղում տնտեսության զարգացումը խոչընդոտող ներքին գործոններից։
-Որեւէ երկրի կողմից մեկ այլ երկրի՝ ծով դուրս գալու եւ կոմունիկացիոն այլ ռեսուրսներից զրկելը բռնություն է տվյալ ժողովրդի՝ առեւտրի, բեռների, մարդկանց եւ բնական պաշարների տրանզիտի հնարավորություններից օգտվելու իրավունքի նկատմամբ. որեւէ մեկը իրավասու չէ օգտվելու այդ հնարավորություններից՝ խոչընդոտելով այլոց իրավունքների իրացմանը։
Ավելին՝ այդ իրավունքներից զրկված լինելու հանգամանքը չպետք է դառնա այլ երկրների կողմից այդ երկրի հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառ։ Օրինակ, Հայաստանի շրջափակման փաստը չպետք է օգտագործվի հարեւան Վրաստանի եւ Իրանի հողմից տարբեր տեսակի սակագնային եւ այլ սահմանափակումներ պարտադրելու նպատակով։ Հայաստանի՝ առեւտրի եւ տրանզիտի իրավունքն այսօր բացարձակապես իրացված չէ, եւ դրա պատճառը միայն մեր նկատմամբ իրականացվող շրջափակման քաղաքականությունը չէ։ Տարածաշրջանային հակասությունները, նավթամուղների եւ գազամուղների գերակա ուղղություններով պայմանավորված աշխարհաքաղաքական շահերը, Իրանի միջազգային մեկուսացումը նույնպես մեր տնտեսական իրավունքների խախտում են։
Այդ առումով, մեր տնտեսությունն իսկապես բավական խոցելի վիճակում է, եւ այս իրավունքի վերականգնման շուրջ միջազգային կոնսենսուսի ձեւավորումը պետք է լինի մեր կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը։
Ինչ վերաբերում է ներքին գործոններին, այստեղ առաջնային երկու խնդիր ունենք։ Առաջինը ապրանքի նկատմամբ մաքսակետերում անմիջապես կիրառվող ավելացված արժեքի հարկից գոնե մասամբ՝ որոշակի ապրանքատեսակների մասով, հրաժարվելու անհրաժեշտությունն է։ Կառավարությունը պարտավոր է, ի վերջո, անդրադառնալ 16 տարի առաջ կայացված այդ որոշմանը եւ հարցին լուծում տալ, որովհետեւ դա անմիջապես հարվածում է ՀՀ քաղաքացու տնտեսական իրավունքների իրացմանը։ Սա՝ մեկ։
Երկրորդը մեր տնտեսության կառուցվածքն է, որտեղ հանքարդյունաբերությունը զբաղեցնում է գլխավոր արտահանողի տեղը՝ ե՛ւ ծավալի, ե՛ւ քանակական առումով։ Ռոյալթիի՝ ռենտայի հարկի բացակայության պայմաններում սա հանգում է եղած պաշարների եւ ռեսուրսների ուղղակի սպառմանը՝ ուրիշ ոչինչ։ Այդպիսով խախտվում է քաղաքացու՝ բնական պաշարներից օգտվելու իրավունքը։
Սա լրջագույն խնդիր է, որ պետք է դառնա մեր կառավարիչների քննարկման առարկա։
-Ի՞նչ հնարավորություն եք տեսնում՝ հետամուտ լինելու Հայաստանի քաղաքացու՝ շրջափակման հետեւանքով խաթարված տնտեսական իրավունքների պաշտպանությանը։
-Դրա համար պետք է լինել ավելի հետեւողական եւ ավելի հստակ, գրագետ պաշտպանել մեր շահերը եւ, այո, խախտված իրավունքները միջազգային հարթակներում։
Երկրորդ՝ շրջափակման հետեւանքները հնարավոր է մասնակիորեն «հատուցել»՝ գտնելով մեր սեփական տեղը ռուս-իրանական եւ, որքան էլ կարող է տարօրինակ թվալ՝ ռուս-թուրքական ակտիվացող տնտեսական եւ տեխնոլոգիական համագործակցության համատեքստում՝ ապահովելով հայ արտադրողների ներգրավվածությունը վերջերս կնքված ռուս-իրանական «Նավթ ապրանքի դիմաց» գործարքում։
Խոստումնալից եմ համարում նաեւ մեր մասնակցությունը ռուսական տեխնոլոգիաներով Իրանում եւ Թուրքիայում մեծ թվով ատոմակայաններ կառուցելու շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը. Հայաստանը, որպես մինչեւ վերջերս տարածաշրջանում ատոմակայան շահագործող միակ երկիր, ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու այդ նախագծերին կադրերի պատրաստման, փորձի փոխանակման եւ այլ ձեւերով։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ












