Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Արջի ծառայություն մատուցողներին հարկավոր է փակել վանդակում

Դեկտեմբեր 13, 2014թ. 01:48

“Հայոց Աշխարհ”-ի հարցազրույցը ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ

-Հայ հասարակությունը խորապես մտահոգված է վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող բռնության դեպքերով. ծեծի ենթարկվեցին հրամանատարներ՝ ՙԱրաբոյի՚, ՙԱպարանի՚ ջոկատների հրամանատարները, ոմանք իրենց բազկի ուժը փորձարկեցին նաև ՀԱԿ պատգամավորի դեմ: Շրջանառվող տեղեկատվությունը բավարա՞ր է հասկանալու, թե իրականում ի՞նչ է կատարվել: Ձեր գնահատականը:

-Ճիշտ կլիներ, որ Ոստիկանությունը դեպքերի առաջին իսկ օրը հանդես գար կոնկրետ հատարարությամբ, ասելով՝ տեղի է ունեցել միջադեպ, գործը նախաքննության փուլում է, իրավապահ մարմինները զբաղվում են, սպասեք հաջորդ տեղեկատվությանը: Այսինքն, այդտեղից պետք է սկսվեր կատարված դեպքերի մասին տեղեկատվության տարածումը: Փոխարենը հնչեցին կիսատ-պռատ հայտարարություններ, նաև պաշտոնյաներին ոչ հարիր բառապաշար՝ ՙականջներ պոկել՚, ՙպատերին խփել՚: Նրանք իրավունք չունեն այդ կերպ խոսելու:
Կատարված դեպքերի առնչությամբ մտքումս տարբեր մտորումներ են: Տարիներ առաջ ղարաբաղյան ու հանուն անկախության շարժման մասնակիցները՝ հարթակում գտվողները, ցուցարարներին կոչ էին անում, հորդորում էին չենթարկվել սադրանքի, չբախվել ընդդիմախոսների, իրավապահների հետ, նույնիսկ սիզամարգը չտրորել, քանի որ դա հարիր չէ, չի սազի ազատության, անկախության ճանապարհով գնացող հայ ժողովրդին: Քաղաքացիական անհնազանդության ցույցերը պետք է լինեն քաղաքակրթության շրջանակներում, բռնությունն արգելված էր: Այսինքն, մասսայական ցույցերի ժամանակ մենք պահպանել ենք խախաղություն, հարգել քրեական օրենսգիրքը: Չնայած անգամ այն ժամանակներին ունեցանք ՙփլուզումներ՚` աթոռներ շպրտվեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ղեկավարության վրա, իսկ 96-ին բռնություններ եղան Ազգային ժողովում: Այնուհանդերձ, այն ծանր ժամանակներին մենք հասկացել էինք, որ մեզ հատուկ չէ ընդդիմախոսի նկատմամբ բռնություն կիրառելը ու հպարտացել մեր զսպվածությամբ, հպարտացել, որ մեզ հաջողվում է չքրեականացնել քաղաքացիական գործողությունները, ցույցերը:
Երկրորդ, ինքնադատաստանը արգելված է բոլոր քաղաքակրթություններում: Մեզ մոտ նույնպես այն արգելված է: Եթե անգամ վստահ ես, որ ճիշտ ես, իրավունք չունես դատաստան տեսնել դիմացինիդ հետ: Միայն բացառիկ դեպքերում է թույլատրվում ինքնապաշտպանության համար ուժ կիրառելը:
Երրորդ, տարածաշրջանային այս տագնապների, տնտեսական շրջափակման, հազար ու մի զրկանքների մեջ ապրող հայաստանաբնակ քաղաքացիները հատուկ հարգանքի են արժանի, նրանք պատվավոր մարդիկ են: Իսկ այս հարգարժան քաղաքացիների մեջ կան առավել հարգանքի արժանիքներ, դրանք անձնազոհ հայրենասերներն են՝ ազատամարտիկները, մարդիկ, ովքեր զենքը ձեռքին կամավոր պաշտպանել են հայրենիքը: Հետևաբար, նրանց նկատմամբ պետք է այլ վերաբերմունք լինի: Նաև կուզենայի, որ մեզանում որոշ անձինք, լինեին իրոք անձեռմխելի, քանի որ նրանք կարևոր դեր են կատարել մեր երկրում: Օրինակ Արամ Մանուկյանը, կուզենայի, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակած մարդուն խնայենք, չներքաշենք քաղաքական ինտրիգների մեջ: Ոչ միայն անթույլատրելի է նրա հանդեպ ֆիզիակական բռնություն կիրառելը, այլև շատ կուզենայի, որ նա չմասնակցեր քաղաքական ինտրիգներին ու լիներ այնպիսին, որին որպես պատվավոր անձ կհրավիրեին պետական հանդիսություններին: Ուշադրություն եմ ուզում հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա ևս. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը հին, բարձր կուլտուրա ունեցող երկրի քաղաքացի է, ուրեմն պետք է հարգի ինքն իրեն ու իր դիմացինին: Ասացի, ազատամարտիկն ինքնին հարգանքի արժանի մարդ է, եթե նույնիսկ ՙոմանք՚ նկատել են, որ ազատամարտիկն իրենց սրտով քայլ չի արել, ապա պետք է կարողանային նրան վերապահումով վերաբերվել:

Ինչպես և սպասվում էր, նման դեպքերում բոլոր քննադատական խոսքերը, մեղադրանքները ուղղվում են իշխանություններին: Հետևաբար, կուզենայի խնդիրը դիտարկել հետևյալ հարթության մեջ՝ նման դեպքերը, որոնք ապակայունացնում են երկրում իրավիճակը, նպաստում լարվածությանը, արդյոք բխո՞ւմ են իշխանության շահերից:

-Մարդիկ, ովքեր հասել են իշխանության, կարողացել են անցնել այդ ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտները, հասունացած են ու պատասխանատու, և չեն կարող իրենց շահերը, քաղաքական ծրագրերը իջեցնել փողոցային ծեծկռտուքի մակարդակի: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստան երկրի իշխանությունը իրեն թույլ տա ծեծկռտուքի մակարդակով հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդի հետ: Դա ակնհայտորեն իշխանության շահերից չի բխում: Հայաստանի Հանրապետությունն այսօր տագնապալի ժամանակներ է ապրում, Հայաստանում անթույլատրելի են երկիր վարկաբեկող միջադեպերը, չի՜ կարելի, ոչ միայն այն առումով, որ Հայաստանի քաղաքացիներս արժանի ենք լավ վերաբերմունքի, այլև աններելի է աշխարհում ունեցած մեր վարկի առումով:

Կնշանակի, այն, ինչ արվեց այլ բան չէ, քան արջի ծառայություն հենց նույն իշխանությանը:

-Իհարկե, նրանք, ովքեր նման քայլի են դիմել, չեմ ուզում ասել՝ ցանկացել են քծնել, բայց պետք է ասեմ, որ շատ վատ ծառայություն են մատուցել: Փաստորեն ուզել են ասել, թե իրենք կարող են խստորեն պատժել ընդդիմախոսին, բայց չէ՞, որ իրենք դրա իրավունքը չունեն: Արջի ծառայություն մատուցողներին հարկավոր է վանդակում փակել, նրանց ծառայությունը ո՜չ երկրին է պետք, ո՜չ քաղաքացիներին, ո՜չ իշխանությանը: Եվ ես չեմ ուզենա, որ իմ երկրի իշխանությունը նման դեպքերով թիրախ դառնա տարբեր մարդասիրական ու վերահսկողական միջազգային կազմակերպությունների համար:

-Ի դեպ, երկար ժամանակ է, որ եվրոպական կառույցները”ՙհանգիստ” են թողել մեզ` ժողովրդավարության նժարին ծանր ու թեթև անելուց, հնչում են դրական գնահատականներ: Փոխարենը, Արևմուտքի ուշադրությունը սևեռված է Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա: Իսկ մեզանում կատարված դեպքերը խորհելու մեկ այլ տեղիք են տալիս. գուցե կան ուժեր, որոնց ձեռնտո՞ւ է Հայաստանում իրավիճակի սրումը, երկրի վարկի անկումը, բռնապետական Ադրբեջանի հետ նույն նժարին հայտնվելը:

-Մենք չպետք է մոռանաք, որ Հայաստանը գտնվում է տնտեսական, մշակութային, ռազմական ու քաղաքական մրցակցության մեջ հարևան երկրի հետ ու նրանք, ովքեր դիմում են նման քայլերի խոցելի են դարձնում մեր երկիրը, վնասում են մեզ` օգնելով մեր հակառակորդին: Ես չեմ կարծում, որ որևէ նման դեպք, ծեծկռտուք ճակատագրական կլինի Հայաստանի համար, բայց միևնույն է, այդ մրցակցության մեջ մենք կորուստներ ենք ունենում, նման խժդժությունները վտանգում են մեր անվտանգությունը:

Օմբուդսմենը կոչ հնչեցրեց ուղղված՝ պետական, քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածություն` ավելորդ կրքեր չբորբոքելու համար: Այնուհանդերձ, կրքեր բորբոքողներ կան:

-Եվ օմբուդսմենը, և Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է հանդարտության, զսպվածության, խաղաղության կոչ հնչեցնեն: Բայց ես հատուկ գրաքննություն չէի սահմանի կրքեր բորբոքողներին լռեցնելու համար: Բացատրեմ` ինչո՞ւ:
Հայաստանում ողջախոհությունը, իմաստությունն այնքան մեծ է, որ կարելի է ազատ թողնել այդպիսիններին, չսահմանափակել նրանց արտահայտվելու իրավունքը, դա նաև լուստրացիա է, թող ծայրահեղականները, սադրիչները խոսեն, արտահայտվեն: Մեր կողքին կան մարդիկ, ովքեր դեմ են խաղաղությանն ու անդորին, ովքեր արյուն, խառնակչություն են ուզում, կրակ, հրդեհ են ուզում, իսկ հրկիզել կամեցողը՝ հրկիզելու է: Հայ ժողովուրդ պետք է իմանա, թե ովքե՞ր են այդ վտանգավոր անձինք, իմանա ու լինի զգույշ, զուսպ, գիտակցի, որ նմանների համար կարևորը ծեծկռտուք հրահրելն է, վնասելը: Այդպիսիք գիշերները չեն քնում, առավոտյան էլ արթնանալով պատուհանց դուրս են նայում՝ դժբախտություն, վատ բան տեսնելու հույսով: ՙԻնչքան վատ, այնքան լավ՚ սկզբունքի տեր մարդկանց մենք ճանաչում ենք անուն, ազգանուններով, իրենց ՙդրոշը՚ տեսել ենք, թող գան, շարվեն այդ դրոշի տակ, ու ժողովուրդը ավելի լավ ճանաչի նրանց: Ուրեմն, ինչի՞ եք ուզում, որ թաքնվեն, ընդհատակ անցնեն, քողարկվեն:
Այլ բան է, որ պետք է կարողանանք կանխարգելել նրանց վտանգավոր քայլերը: Դրա համար մեր կողքին կան ՙհրշեջներ՚, որոնք պետք է կարողանան հանգցնել վտանգավոր հրդեհը:
Իսկ այսօր պետությունը ձեռքը պետք է խփի սեղանին ու մեղավորներին, հանցագործներին անմիջապես պատժի: Այդ դեպքում միայն մենք կիմանաք, որ մեր իրավապահ մարմինները օպերատիվորեն կատարում են իրենց պարտականությունները, կմեծանա վստահությունը:

-Պաշտպանության նախարարը դատապարտելով ազատամարտիկների դեմ կատարվածը` նուրբ ակնարկ արեց.”ազատամարտիկներն իրենց վարքով պետք է լինեն օրինակելի հասարակության համար”: Այն, որ ազատամարտիկը պետք է մեծագույն հարգանքի արժանանա, լինի սոցիալապես ապահով՝ երկրորդ կարծիք չի կարող լինել: Սակայն նա չպետք է մոռանա իր դերը՝ դա երկրի պաշտպանությունն է, և ոչ ամենևին քաղաքական խաղերի մեջ ներքաշվելը: Հիշո՞ւմ եք 90-ականների ասֆալտի ֆիդայիներին…

-Իհարկե, հիշում ենք “հաբրգածներին”,”մեր դեմ խաղ չկա” ասողներին:

Իսկ ազատամարտիկը այդպիսին դարձավ` այսինքն, դիմազրկվեց, երբ ներքաշվեց քաղաքականության մեջ: Չե՞ք կարծում, որ կան անձինք, ովքեր այսօր ևս շահարկելով ազատամարտիկի պատվաբեր անունը, հաճախ այն որպես շիրմա օգտագործելով, սեփական քաղաքական խաղն են խաղում:

-Ցավոք, նման երևույթ մեզանում կա, և ես կոչ եմ անում ազատամարտիկներին, իմ մարտական ընկերներին հեռու մնալ իրենց օգտագործողներից, կոչ եմ անում ղեկավարվել միմիայն հայրենիքի, պետության շահերով:
Ազատամատիկը վաստակել է պատվավոր կյանքի իրավունք: Ուրեմն, նա չի կարող դառանալ ինչ-որ ուժերի ձեռքին գործիք, որոնց նպատակը Հայաստանում իրավիճակի ապակայունացումն է:
Երբ ասում ենք՝ ազատամատիկը հատուկ քաղաքացի է, ապա նրա նկատմամբ հատուկ վերաբերմունքը նախ և առաջ բխում է իր իսկ վարքից: Նա պետք է օրինակելի վարք ունենա և՜ իր ընտանիքում, և՜ իր թաղում, և՜ հանրապետությունում: Այս առումով, լիովիան համակարծիք եմ պաշտպանության նախարարի հետ:
Իսկ եթե որևէ ազատամարտիկ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ուրեմն չպետք է բերի ու իր շքանշանները դնի սեղանին: Եթե մտել ես քաղաքականություն, դարձել քաղաքական գոծիչ, կնշանակի պետք է ղեկավարվես միայն քաղաքականության կանոններով: Այսինքն, այս դեպքում ազատամարտիկ լինելը երկրորդ պլան է մղվում: 90-ականներին, երբ դեռ ԵԿՄ-ն չէր ձևավորվել, ես ելույթ ունեցա ԱԺ-ում ու ասացի՝ կողմ եմ պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը, ազատամարտիկները պետք է զինվորագրվեն բանակին ու նոր միայն մեկնեն ճակատամարտի: Ասվածիս նպատակն այն էր, որ ֆիդայու, հետո նաև երկրապահի կարգավիճակ ունենալը չպետք է նշանակեր` դառնալ հատուկ տեսակի ՙքաղաքական գործիք՚: Մինչդեռ ժամանակին մենք դրա ականատեսը եղանք, երբ ազատամարտիկների խմբավարումները վերաճում էին զինված քաղաքական ուժի: Դա վտանգավոր հիվանդություն է:
Կարծում եմ այսօր ևս մեր որոշ ազատամարտիկներ, որոշ խմբավորումներ գործիք են դառնում որոշակի ուժերի ձեռքին: Հայրենասիրությունը բարձր արժեք է, որի կրողն են մեր ազատամարտիկները, ուրեմն, քաղաքական ուժե՜րը պետք է ենթարկվեն ազատամարտիկների հայրենասիրական ամբիցիաներին, և ոչ թե լինի հակառակը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն