Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն

Մտավորականությունը պետք է խոչընդոտի ատելության և միջազգային թշնամանքի աճին. Վիգեն Սարգսյան

Դեկտեմբեր 17, 2014թ. 00:11

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում ԱՊՀ գիտական և ստեղծագործական մտավորականության 9-րդ համաժողովին մասնակից 300 պատվիրակների կոչ է արել պատմական այս խառը ժամանակահատվածում խաղաղության առաքելությամբ հանդես գալ և կամուրջներ ստեղծել ժողովուրդների միջև:

«Զենք վերցնելու, ուղղաթիռ խփելու կոչ անողներն ու այդ գործողություններն արդարացնողներն առանց մեզ էլ շատ են: Անընդունելի է, երբ նման կոչերով հանդես են գալիս մտավորականները, արվեստի, գիտության և գրականության ներկայացուցիչները: Մեր առաքելությունն է` գտնել ճանապարհ խնդիրների կարգավորման համար, կանգնեցնել մարդասիրական նորմերի խախտումն ու մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման կամուրջներ գցել: Մեզանից բացի, բոլորի համար շահավետ է մեր երկրների միջև ընթացող թշնամանքը»,- «Արմենպրես»-ի փ ոխանցմամբ` ասել է Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ հենց մտավորականությունը պետք է խոչընդոտի ատելության և միջազգային թշնամանքի զարգացմանն ու աճին:

Նա շեշտել է, որ, դժբախտաբար, համաժողովն ընթանում է անհանգստացնող ժամանակահատվածում, երբ մասնակիցները ժամանակակիցն են պատմական աղետալի իրադարձությունների: Նա նկատել է, որ այսօր` Մեծ հաղթանակի տարեդարձի նախօրեին, միմյանց դեմ են դուրս եկել ազգեր, քույրեր, եղբայրներ, որոնց պապերը տարիներ առաջ միմյանց թիկունք կանգնած պայքարել են համընդհանուր թշնամու դեմ:

«Դա երբեք հեշտ չի եղել: Հեշտ չի նաև այսօր: 100 տարի անց, երբ Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, կազմակերպիչներն առաջին հերթին ոչնչացրեցին հայ մտավորականությանը` բանաստեղծների, գրողների, երգահանների, հրապարակախոսների: Դա հենց այնպես չարվեց. նրանց ձայնից և ազդեցությունից վախենում էին, ինչպես կրակից, և հենց այդ պատճառով է, որ պատմությունը պահպանել է նրանց անունները: Հենց այդ պատճառով է, որ ապրիլի 24-ին, այն օրը, երբ կազմակերպվեց մտավորականության տեղահանումը Կոստանդնուպոլսից , դարձավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օր»,- ասել է Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ համաժողովի գլխավոր դերակատարությունը պետք է լինի հասարակությունների միջև ինտենսիվ շփումների խթանումը:

Դեկտեմբերի 16-ին Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ գիտական և ստեղծագործական մտավորականության 9-րդ համաժողովը, որին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են հրավիրվել ավելի քան 300 պատվիրակներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն