Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Աբխազական երկաթուղու և ավարա-կախեթական ճանապարհի գործարկումը բխում է նաև Վրաստանի շահերից

Դեկտեմբեր 18, 2014թ. 21:39

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու վարած քաղաքականության արդյունքում հարևան երկու երկրների՝ Հայաստանի ու Վրաստանի, հայ և վրաց ժողովուրդների միջև հարաբերությունների սրումը հասել էր բավական վտանգավոր եզրագծի: Վրաստանում աճող հակահայակականությունը օրեցօր նոր դրսևորումներ էր ստանում:

Դրան նպաստում էր նաև Վրաստանի կախվածությունը հարևան Թուրքիայից և Ադրբեջանից: Ադրբեջանա-թուրքական սադրանքը քրիստոնյա երկու ժողովուրդներին մղել էր բախման նույնիսկ հոգևոր դաշտում:

Բարեբախտաբար, իրավիճակն այսօր քիչ այլ է. անցնելով անկախացման շրջանի դժվարություններով՝ երկու հարևան երկրները այլևս գիտակցում են, որ հակասությունների խորացումը չի բխում մեկմեկու շահերից, ավելին, տարաբնույթ մատահրավերների առաջ կանգնած հայ և վրացի քրիստոնյա ժողովուրդների երկկողմ հարաբերությունների սերտացումը այսօր առանձնակի կարևոր է:

Հայ վերլուծաբանները արձանագրում են այն փաստը, որ ի տարբերություն նախկինի, ներկայումս հարևան Վրաստանի որոշակի շրջանակներում առավել հաճախակի են դարձել խոսակցությունները հայ-վրացական քաղաքակրթական նմանությունների մասին, որոնք իրականում կան եւ որոնք կարող են դրական ու հավասարակշռող դեր կատարել Վրաստանի հասարակական-քաղաքական իրողություններում:

Ելնելով այս տրամաբանությունից քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը հայտարարում է՝ եկել է հայ-վրացական եղբայրության դաստիարակության անհրաժեշտության, Հայոսի ու Քարթլոսի պատմության դրական դասերը վեր հանելու, բացասականը մատի փաթաթան չդարձնելու, մերօրյա հայ-վրացական գործակցության համար նոր խորհրդանիշներ փնտրել-գտնելու ժամանակները: Արամ Սաֆարյանը նաև համոզված է ՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որպես կամուրջ կարող է դառնալ հենց վրացահայությունը: “Քաղաքակրթական հատկանիշներով ժողովուրդների նմանությունները դասակարգել փորձող հեղինակավոր հետազոտություններց մեկը պնդում է, որ հայերին այդ հատկանիշով ամենամոտ ժողովուրդը վրացիներն են: Այս պարզ իրողությունը գիտեն նաեւ մեր մյուս հարեւանները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայերի ու վրացիների միջեւ ամեն տեսակի տարաձայնություններն ու հակասությունները փչելու-ուռճացնելու համար: Եվ ինչո՞ւ պետք է թույլ տայինք, որ մեր միջեւ հակասությունները խորանային այն աստիճան, որ քրիստոնյա երկրում ապրող վրացիները, որոնք հայկական արյուն ունեն իրենց երակներում, թաքցնեին կամ ուրանային դա”:

Այնուհանդերձ, Վրաստանի նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքը եղավ այն, որ ներկայումս Վրաստանը մեծ կախվածություն ունի Թուրքիայից և Ադրբեջանից, իսկ այս տանդեմի նպատակը պարզ է՝ ամեն կերպ մեկուսացնել Հայաստանին արտաքին աշխարհից:

Ռուս հայտնի քաղաքագետ, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը օրերս անդարադառանալով այս խնդրին ասել է. “Քանի դեռ Վրաստանում այդ իրավիճակն է, խոսել Վրաստանի կողմից Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկման մասին իրատեսական չէ”: Քաղաքագետը հստակ նշել է, որ երկաթգծի չգործարկման գլխավոր պատճառը ոչ այնքան այն է, թե քաղաքական ի՞նչ ուժեր են կանգնած Վրաստանի իշխանության ղեկին, այլև թուրք-ադրբեջանական գործոնը:

Հետևաբար. “Աբխազական երկաթուղու վերագործարկման որոշման իրագործումը երաշխավորում են Ադրբեջանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները”: Քաղաքագետը նաև հավելում է՝ իրավիճակը, կարող է փոխվել, եթե իհարկե, Վրաստանը կարողանա նվազեցնել այն մեծագույն կախվածությունը, որ այսօր ունի Անկարայից և Բաքվից: Սա համարելով հնարավոր քայլ, Կռիլովն, այնուհանդերձ, կանխատեսում է՝ մոտ ապագայում այն դժվար իրագործվելիք խնդիր է:

Մինչդեռ, կռիլովյան այս կանխատեսումները փոքր-ինչ հետին պլան են մղվում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման ֆոնին իհայտ եկած նոր իրողությամբ: Պարզվում է` աբխազական երկաթուղու վերագործարկումը ոչ միայն ձեռնտու է Հայաստանին, Ռուսաստանին, այլև դրանով սկսել է հետաքրքրվել Թուրքիան: Բերվում է հետևյալ հիմնավորումը. Կարս-Ախալքալակ-Թբիլիսի նորակառույց երկաթուղու միջոցով Թուրքիան կարող է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրել միայն այն դեպքում, եթե վերագործարկվի աբխազական երկաթուղին:

Եվ ուրեմն, բացառված չէ, որ սա կարող է դառնալ այն վճռորոշ ազդակը, որ թուրքական “համապատասխան գերատեսչությունները” երկաթուղու վերագործարկման հարցում դրական մեսիջներ ուղղեն Վրաստանի իշխանություններին: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ “նա ով մեզ խանգարում է, նա էլ կարող է օգնել”:

Մյուս կողմից, հայաստանյան քաղաքական շրջանակներին դրական հույսեր են ներշնչում Վրաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, նաև վրաց հասարակական, քաղաքական շրջանակներում օրեցօր աճող մտահոգությունը Թուրքիա-Ադրբեջան առանցքից Վրաստանի չափազանց մեծ կախվածության առնչությամբ: Ինչպես նկատում է քաղաքական վերլուծաբան Սաֆարյանը. “Վրացիներն արդեն գիտակցում են, որ երկիրը պետք է վարի հավասարակշիռ քաղաքականություն: Իսկ հավասարակշռման մի հնարավորություն է նաև Ռուսաստանի և Հյուսիս-հարավ մայրուղով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը, որը դարձել է հասարակական քննարկումների առարկա”:

Ի դեպ, դառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում ռուսական կողմի շահագրգռվածությանը ռուս քաղաքագետը հետևյալ միտքն է ասում.նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած, «կանաչ լույս» չի տվել աբխազական երկաթգծի վերագործարկմանը, և դա այն պատճառով, որ երկաթգիծը չի անցնում Ռուսաստանի տարածքով, սակայն արել է կարևոր քայլ՝ հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու երկաթուղային փոխադրումների իրականացմանը՝ թե՛ ֆինանսապես, թե՛ տեխնիկապես: Այն, որ ռուսական դիվանագիտական շրջանակներում միանգամայն իրատեսական են համարում բազմակողմ բանակցություններն ու քննարկումները աբխազական երկաթուղու վերագործարկման ուղղությամբ, մեզ հետ զրույցում իր հերթին վկայեց նաև Արամ Սաֆարյանը:

Ոչ պակաս ուշագրավ է և այն, որ աբխազական երկաթգծի վերագործարկմանը զուգընթաց Ռուսաստանում, Վրաստանում ու Հայաստանում ավելի հաճախացել են խոսակցությունները դեռևս 19-րդ դարին կառուցված Դաղստանից դեպի Վրաստան ձգվող ավարա-կախեթական ճանապարհի գործարկման շուրջ: Կողմերը համոզված են, որ դա կնպաստի բեռնաթափել Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան ձգվող միակ ցամաքային երկաթուղին՝ Վերին Լարսը:

Այս ավտոմայրուղու գործարկման մասին դրական կարծիքներ են հնչում հենց Վրաստանից: Օրերս Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին խոսելով ավարա-կախեթական ճանապարհի գործարկման մասին նախ նկատել էր.”Եթե կարծում եք, որ Ռուսաստանն այդ ճանապարհը կօգտագործի որպես հենակետ Վրաստանի վրա հարձակվելու համար՝ սխալվում եք, նա դա կարող է անել Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայաված իր զինուժից”, ապա հավելել՝ ավարա-կախեթական ճանապարհը Վրաստանի անվտանգությանը չի կարող սպառնալ:

Միաժամանակ, կան տեղեկություններ, որ այս ավտոմայրուղու գործարկմամբ շահագրգիռ ռուսական կողմն արդեն իսկ կառուցել է ճանապարհի իր հատվածը:

Այսպիսով, նկատի ունենալով հիշյալ իրողությունները,մասնավորաբար, սեփական երկրի շահերով պարտադրված Վրաստանի իշխանությունների առավել հակվածությունը Ռուսաստանի հետ համագործակցության հարցում, ապա կարող ենք հուսալ, որ առավել հավանական են դառնում Հայաստանի համար շատ կարևոր այս ծրագրերի իրականացումը:

Ինչպես նկատում է քաղաքագետ Արամ Սաֆարյանը, թե՛ աբխազական երկաթուղու, թե՛ ավարա-կախեթական ճանապարհի գործարկման խնդրի բարձրաձայնմանը պետք է լծվեն հայաստանյան տարբեր շրջանակներ, պետք է կազմակերպել քննարկումներ նաև լրատվամիջոցների մասնակցությամբ, հայ հասարակությունն այդ մասին պետք է շատ խոսի, քանզի ակնհայտ է՝ “առանց այս ճանապարհային կապուղու լավացման, Հայաստանը չի կարողանա իրեն լիարժեք անդամ զգալ Եվրասիական տնտեսական մեծ միությունում”:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն