Գլխավոր » Javakhq, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստան-Վրաստան. կոմունիկացիոն նոր ուղիներ

Դեկտեմբեր 20, 2014թ. 22:40

Հայք վերլուծական-տեղեկատվական կենտրոնն այսօր կազմակերպեց իր ամենշաբաթյա հերթական քննարկում-ասուլիսը:
Թեման՝ Հայաստան-Վրաստան.կոմունիկացիոն նոր ուղիները կդառնան իրականություն:
Հյուրերն էին՝ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու վրացագետ Ջոն Մելքոնյանը

Առանց հաղորդակցության ուղիների խնդրի լուծման Հայաստանը չի կարող իրեն զգալ Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ, հայտարարում են տնտեսագետները: Հետևաբար, այսօր մեր երկրի համար առավել քան կարևորվում է կոմունիկացիոն ուղիների խնդիրը, և այս առումով կարևորվում հարևան Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

Վարդան Այվազյան. «Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առաքելությունը Ադրբեջան-Թուրքիա կապի խորացումն է»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Եվ այդ համագործակցությունը աննախադեպ զարգացում է ապրում» «Վրաստանը մեզ համար դառնում է բարեկամ, հարազատ երկիր, որի հետ իրականացնում, ենք կենսաապահովության եւ ապրանքաշրջանառության մոտ 60 տոկոսը»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա դրանով է պայմանավորում վերջին ժամանակներում հայ-վրացական հարաբերությունների խորացումը. «Այս վերջին տարին շատ ավելի ակտիվ էր, շատ ավելի արդյունավետ եւ արգասաբեր էր նաեւ այս վերջին տարիների նախաձեռնողական իրավիճակն իշխանությունների միջեւ: Ես երկու այցելությունների ժամանակ էլ եղել եմ, եւ արձանագրում եմ, որ իշխանությունների միջեւ սկսվել է փոխշահավետ համագործակցություն, եւ այդ համագործակցությունը աննախադեպ զարգացում է ապրում»:

Վարդան Այվազյանը նշեց, որ սկսած 2010-2011 թվականներից տեղի է ունենում Հայաստանի եւ Վրաստանի ապրանքաշրջանառության, փոխադարձ բիզնեսի զարգացման միտումներ: Նա նկատեց, որ 2014 թվականի ընթացքում Հայաստան են այցելել թե՛ Վրաստանի նախագահը, թե՛ վարչապետը եւ թե՛ ԱԺ նախագահը եւ Վրաստան են այցելել Հայաստանի համապատասխան պաշտոնյաները, ըստ նրա, այդ այցելությունները տվեցին իրենց դրական ազդեցությունները. «Ես կասեմ երկու թիվ. միայն 2014 թվականի ընթացքում ապրանքաշրջանառությունը ամենանվազագույն հաշվարկներով աճել է 45 տոկոսով:

Հայաստանում տուրիստական ընդհանուր ծավալը, եթե հասնում է 500-700 հազարի, ապա Վրաստանում՝ հասնում է 6.2-6.5 միլիոն, որոնց 1 միլիոնը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Այսինքն` հայերը բազում անգամներ իրենց հանգիստը կամ առօրյան կապում են Վրաստանի հետ»: Վարդան Այվազյանը համարում է, որ երկու երկրների հարաբերությունները լուրջ փորձության առջեւ կանգնեցին, երբ Հայաստանը ընտրեց Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, իսկ Վրաստանը՝ Ասոցացման պայմանագիրը. «Սակայն ես այսօր կարող եմ փաստել, որ շնորհիվ քաղաքական ղեկավարություններին այս երկու ինտեգրացման գործընթացները երկու պետություններին բերում են լրացուցիչ դիվիդենտներ եւ օգուտներ: Այսինքն՝ Վրաստանի եւ Հայաստանի անդամակցությունը տարբեր տնտեսական միավորների բացարձակապես ոչ թե աշխատում է իրար ընդդեմ, այլ աշխատում է ի օգուտ մեկը մյուսի»:

www.aravot.am

Վարդան Այվազյան. «Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առաքելությունը Ադրբեջան-Թուրքիա կապի խորացումն է»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Վարդան Այվազյանի խոսքերով՝ Վրաստանը բոլոր դեպքերում պետք է հաշվի առնի, որ Վրաստանի շահն առաջնահերթ է

«Վրաստանը նոր ինտեգրացման, նոր գործընթացների կողմնակից է, բայց ոչ իր հաշվին»,- այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա համարում է, որ աբխազական երկաթգիծը պետք է լինի վրացական եւ ռուսական իշխանությունների համաձայնությամբ՝ փոխշահավետ երկխոսության շրջանակներում. «Մեզ համար դա տնտեսապես ճիշտ է. երբ առաջին ձյունը գալիս է, մենք Լարսի հետ խնդիրներ ենք ունենում: Ես մեր տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս խոսել եմ, կարող եմ հստակ մի բան արձանագրել՝ Վրաստանի տարածքով Հայաստան բիզնես ենթակառուցվածքների ներկայացուցիչներից որեւէ մեկի մոտ անլուծելի խնդիր առաջ չի եկել:

Այդ մարդիկ այս հարցում շատ պատրաստակամ են, միշտ աջակցում են»: Նրա կարծիքով՝ աբխազական երկաթգծի մեջ քաղաքական բաղադրիչ կա, եւ եթե վրացիներն էլ շահագրգռված լինեն այդ հարցում, ըստ նրա, դա պետք է լինի ուղիղ բանակցային գործընթաց ռուս-վրացական հարաբերությունների շրջանակներում. «Աբխազիայի ցանկացած միջամտություն տվյալ պարագայում Վրաստանի՝ Աբխազիայի ինքնիշխանության ճանաչումն է, ուստի՝ ա. պետք է ռուս-վրացական փոխհարաբերությունների շրջանակը եւ բ. հանել դա քաղաքական հարթությունից եւ դարձնել զուտ տնտեսական հարցադրում»: Վարդան Այվազյանը համարում է, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առաքելությունը Ադրբեջան-Թուրքիա կապի խորացումն է: Ըստ նրա՝ դա կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանում. «Վրաստանը բոլոր դեպքերում պետք է հաշվի առնի, որ Վրաստանի շահն առաջնահերթ է»:

aravot.am

Ո՞րն է Հայաստան-Վրաստան այլընտրանքային ճանապարհների բացման լավագույն այլընտրանքը. Ջոնի Մելիքյան
Վարդուհի Ստեփանյան

Վերջին շրջանում լուրջ քննարկումների թեմա է Հայաստան-Վրաստան այլընտրանքային ճանապարհների բացումը:

«Ռուս-վրացական կոնյուկտուրան ուղղակի ազդում է մեզ վրա, մեր միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա Վրաստանով է անցնում: Վերին Լարսի ուղին ձմռանը շատ վտանգավոր կլինի, ուստի նոր ուղիներ պետք է փնտրել: Նոյեմբերից քննարկվում է Ավարա-Կախեթական ուղին, որը միանշանակ բացասական արձագանքներով ընդունվեց ընդդիմության կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Ըստ վրացագետի` հայկական կողմը չպետք է միայն մի ուղղու վրա կենտրոնանա, այլ պետք է փորձի այլընտրանքային ճանապարհներ փնտրել: Վրացագետն ընդգծեց, որ ուղին վտանգավոր չէ մեզ համար, քանի որ հայ պաշտոնյաների Վրաստան կատարած այցի ժամանակ Վրաստանի անվտանգության քարտուղարն անձամբ է հայտարարել, որ ոչ մի վտանգ ճանապարհի բացման համար չի տեսնում:

«Մեր կողմից ևս եղան պաշտոնական հայտարարություններ այն մասին, որ ինչքան շատ ուղիներ լինեն, այնքան ավելի լավ կլինի մեր երկրի համար: Այս հարցում երկու կողմի կարծիքներն էլ համընկնում են: ՌԴ հաշվարկով մոտ 38 մլրդ ռուբլի պետք է ծախսվի այդ ճանապարհը կառուցելու համար: Չանտեսելով այն ճանապարհի այլընտրարքը` մենք պետք է նաև Աբխազական երկաթգծի տարբերակն ունենանք մեր աչքի առաջ: Մենք պետք է բոլոր հնարավոր ուղիներով աշխատենք, որը կստացվի, դրանով էլ առաջ կգնանք»,-եզրափակեց բանախոսը:
operativ.am

Վարդան Այվազյանը` հայ-վրացական տնտեսական հարաբերությունների մասին

Վարդուհի Ստեփանյան

ՀՀ-ն իրեն շրջապատող 4 տարածաշրջանից միայն երկուսի հետ է կոմունկացիոն շփման հետ` Պարսկաստանի և Վրաստանի: Հայաստանը երկու երկրում էլ իրականացնում է առևտրային շրջանառություն, մինչդեռ կառավարման մեխանիզմներով մենք առավել մոտ ենք կանգնած Վրաստանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Վերջին տարիներին հայ-վրացական բարեկամական հարաբերությունների կարգավորման հարցում երկու կողմերն էլ ավելի նախաձեռնող էին: Այս տարի բազմաթիվ փոխադարձ պաշտոնական այցեր եղան, որոնց շրջանակներում փոխշահավետ հարաբերություններ են սկսվել: Նկատվում են նաև բիզնեսի զարգացման միտումներ»,-նշեց բանախոսը:

Պատգամավորի գնահատմամբ` 2014 թ. ապրանքաշրջանառությունը երկրների միջև մինիմալ հաշվարկով 45 %-ով աճել է, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանն իր ապարանքաշրջանառության 80 %-ը իրականացրել է Վրաստանում: Բանախոսն ընդգծեց, որ տուրիզմի տեսանկյունից ևս Հայաստանը Վրաստանի համար գործընկեր է: Եթե ՀՀ-ում տուրիստների ընդհանուր ծավալը 700 հազար է կազմում, ապա Վրաստանում 6.5 միլիոն է, որի մեծ մասը հայերն են:

Բանախոսն անդրադարձավ նաև Հայաստան-Վրաստան հարաբերություններին Հայաստանի` ԵՏՄ անդամակցության կոնտեքստում: «Հայաստանն ու Վրաստանը երկու տարբեր տնտեսական միավորումների ինտեգրվեցին, մինչդեռ սա ոչ թե կվնասի երկկողմանի հարաբերություններին, այլ միայն օգուտ կբերի: Կողմերը կաշխատեն` ի լրումն մեկը մյուսի»,-նշեց բանախոսը` հավելելով, որ երկկողմանի ազատ ապրանքաշինության համար ոչ մի խոչընդոտ չկա:
operativ.am

Աբխազական երկաթուղու վերականգմանը խանգարում է քաղաքական կոմպոնենտը, հարցը պետք է տնտեսական դաշտ տեղափոխել. Վարդան Այվազյան

Times.am

2014թ-ին Հայաստան-Վրաստան ապրանքաշրջանառությունն ավելացել է 45%-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն՝ այն համարելով երկու երկրների իշխանությունների միջև առկա բաց և փոխշահավետ համագործակցության արդյունք:

Այս համատեքստում պատգամավորը հերթական անգամ շեշտեց, որ երկու երկրների որդեգրած ինտեգրացիոն տարբեր ուղղությունները ոչ թե իրար դեմ են աշխատելու, այլ հօգուտ մեկը մյուսին: Իսկ Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի պայմանագրի կանոններն էլ պահպանվելու են, այսինքն՝ ինչ ռեժիմով կատարվել է ապրանքաշրջանառությունը մինչ օրս, այդպես էլ շարունակվելու է. մաքսատուրքեր չեն լինելու՝ Վրաստանից Հայաստան ապրանք է ներմուծվելու զրոյական տուրքով, ավտոմեքենաների դեպքում էլ սահմանված է արտոնությունների ժամկետ, երբ մաքսադրույքաչափերը չեն փոխվելու, առավելություն կլինի նաև վրացի գործընկերների համար:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղու վերականգմանը, ապա այդ հարցը քննարկման փուլում է, սակայն, ելքը կախված է որոշակի գործոններից: Չպետք է մոռանալ, որ այստեղ քաղաքական կոմպոնենտ կա. Վրաստանը նոր ինտեգրացիոն նախագծերի կողմնակից է, բայց ոչ իր տարածքային ամբողջականության հաշվին: Ըստ այդմ՝ երկաթուղու վերականգնումը պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Վրաստանի փոխադարձ համաձայնությամբ, իսկ Հայաստանն այս բանակցություններում պետք է միջնորդական առաքելություն ստանձնի:
«Այս հարցն անհրաժեշտ է տեղափոխել տնտեսական դաշտ»,-լրացրեց Այվազյանը:

Հանդիպմանը ներկա վրացագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ Վրաստանի նոր իշխանությունները փորձում են տարանջատել քաղաքական ու տնտեսական խնդիրները, ինչից լուրջ դիվիդենտներ են շահում: Իսկ ռուս-վրացական կոնյուկտուրան ուղղակի ազդեցություն է ունենում մեզ վրա, ի վերջո, այսօրվա դրությամբ մեր միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա Վրաստանով է անցնում: Այս և աբխազական երկաթուղու վերականգման բարդությունների ֆոնին վրացագետն ուշադրություն հրավիրեց ենթակառուցվածքային մեկ այլ կարևոր ծրագրի վրա՝ նոյեմբերից քննարկվում է Դաղստանի լեռնային շրջաններով անցնող Ավարա-Կախեթյան ճանապարհի վերակառուցման ու գործարկման հարցը, ինչը վրացական ընդդիմությունը սրերով ընդունեց՝ ասելով, թե սա ճանապարհ կբացի ռուսական զորքի համար, սակայն, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ այդտեղից որևէ վտանգ չի տեսնում:

Հանդիպմանը չանտեսվեց նաև այն հանգամանքը, որ Վրաստանը և իր տարածքը կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրների բոլոր նախագծերը անցնում են Վրաստանի տարածքով: ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը խոսելով Վրաստանում թուրքա-ադրբեջանական գործոնից և ազդեցությունից, մասնավորապես, նկատեց, թե Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը նպատակ ունի ավելի սերտացնել Թուրքայի, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ շեշտելով, որ Վրաստանը առաջին հերթին շարժվելու իր ազգային շահերից ելնելով, իսկ այստեղ նաև ադրբեջանական ներդրումները չկորցնելու և Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումները հավասարակշռելու խնդիր կա: «Վրաստանի թիվ մեկ հարկատուն այս պահին SOCAR ադրբեջանական ընկերությունն է»,-ընդգծեց պատգամավորը:

Վրացագետ. Վրաստանի նոր իշխանությունները տարանջատում են քաղաքական ու տնտեսական խնդիրները

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ինչքանով Վրաստանի համար կարևոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այդքանով էլ Վրաստանի տարածքն է կարևոր այդ երկրների համար` իրենց նախագծերի իրականացման առումով: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը, երբ 2012թ. իշխանափոխությունից հետո հայտարարվեց ՌԴ հետ հարաբերությունների լավացման մասին՝ պարզ էր, որ Ադրբեջանին ու Թուրքիային դա դուր չէր գալու:

Ըստ նրա՝ դրանից հետո ռուս-վրացական առևտրային հարաբերությունները վերսկսվեցին ու այսօրվա դրությամբ փոխգործակցությունը շատ ակտիվ շարունակվում է, չնայած 2008-ի պատերազմից հետո մնացած քաղաքական խնդրներին: «Վրաստանի նոր իշխանությունները տարանջատում են քաղաքական ու տնտեսական խնդիրները, ինչով շատ լուրջ դիվիդենտներ են քաղում: Իսկ ռուս-վրացական կոնյուկտուրան ուղղակի ազդում է մեզ վրա և այսօրվա դրությամբ մեր միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա Վրաստանով է անցնում»,- ասաց Ջ.Մելիքյանը:

Նա նշեց, որ Լարսի ճանապարհը ձմռանը շատ խնդիրներ է հարուցում բեռնափոխադրողների համար, և նոր ենթակառուցվածքներ պետք է ստեղծել, մասնավորապես՝ նոյեմբերից քննարկվում է Դաղստանի լեռնային շրջաններով անցնող Ավարա-Կախեթյան ճանապարհի վերակառուցման ու գործարկման հարցը:

Ջ.Մելիքյանի խոսքով՝ այս գաղափարին շատ կտրուկ դեմ արտահայտվեց վրացական ընդդիմությունը, սակայն Վրաստանի էկոնոմիկայի նախարարը կողմ արտահայտվեց դրան, իսկ վերջերս ՀՀ պատվիրակության այցից հետո նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ այդտեղից վտանգ չի տեսնում:

168.am

Վարդան Այվազյան. Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների միջև սկսվել է բաց, փոխշահավետ համագործակցություն

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Վրաստանը Հայաստանի համար բարեկամ, հարազատ երկիր է, որի հետ փոխհարաբերությունների շրջանակը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների միջև սկսվել է բաց, փոխշահավետ համագործակցություն, տեղի է ունենում երկու երկրների ապրանքաշրջանռության, բիզնեսի զարգացման միտումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ Վրաստանը տարեկան ընդունում է 6.2 մլն զբոսաշրջիկ, որից 1 մլնը հայեր են: Վ.Այվազյանը նշեց, որ ԵՄ-ին Վրաստանի ասոցացումից և ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո մտահոգություն կար, որ Վրաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունները կտուժեն, բայց ի շնորհիվ երկու երկրների իշխանությունների այս ինտեգրումները երկու պետություններին էլ բերում են հավելյալ օգուտներ. «Ոչ թե աշխատում են իրար դեմ, այլ՝ հօգուտ մեկը մյուսին»: Նրա խոսքով՝ Վրաստանից տարեկան 40-45 հազար ավտոմեքենա է մտնում Հայաստան, և ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության շրջանակներում ավտոմեքենաների համար սահմանված 5 տարի արտոնությունների ժամկետը, երբ մաքսադրույքաչափերը չեն փոխվելու, առավելություն կլինի նաև վրացի գործընկերների համար:

168.am

Վարդան Այվազյան. Վրաստանի և ՀՀ անդամակացությունը տարբեր ինտեգրացիոն գործընթանցերին բաժանարար գծեր չի առաջացնում

«Հայաստանը իր կենսական անհրաժեշտության խնդիրները լուծում է մեր երկու հարևանների` Վրաստանի և Իրանի շնորհիվ: Վրաստանը մեզ համար բարեկամ երկիր է և հայ-վրացական հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները բավականին ակտիվացել են վերջին տարիների ընթացքում.
«Երկու իշխանությունների միջև սկսվել է աննախադեպ փոխշահավետ փոխգործակցություն»:

Վ.Այվազյանն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան ամենաբարձր մակարդակով փոխայցելություններ, ինչը տալիս է իր դրական արդյունքները. «Վրաստանը ազգությամբ հայերի համար լուրջ պայմաններ ստեղծող երկիր է: Մենք ունենք պատմական հուշարձաններ, ակտիվ հայ համայնք: Վիրահայերին չի կարելի համարել սփյուռք` նրանց պետք է ցուցաբերել առանձահատուկ վերաբերմունք»:

Նրա խոսքով, 2014թ.-ի երկկողմ ապրանքաշրջանառությունը ավելացել է 45%-ով, ինչը զգալի թիվ է. «Վրաստանի և Հայաստանի անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն գործընթանցերին բաժանարար գծեր չի առաջացնում, այլ փոխլրացնում է միմյանց»:

Իր հերթին Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերություններին նշեց, որ Վրաստանը և իր տարածքը կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրների բոլոր նախագծերը անցնում են Վրաստանի տարածքով. «2013թ.-ից սկսված վրացական գյուղմթերքները վերադարձել են Ռուսաստան, այդ թվում վրացական գինիները, որոնք ճանաչում ունեն Ռուսաստանում»:

Ջ.Մելիքյանը նշեց, որ Վրաստանի իշխանությունները փորձում են տարանջատել Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրները տնտեսական հարաբերություններից:

Նրա խոսքով, վերջին շրջանում սկսեց ակտիվորեն քննարկվել ավարա-կախեթյան ճանապարհի բացման հարցերը, որը կարող է փոխլրացնել Վերին Լարսի ճանապարհը:
Panorama.am

Ջոնի Մելիքյան. Հայաստանը պետք է ակտիվ լինի վրացական ուղղությամբ

«Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը նպատակ ունի ավելի սերտացնել Թուրքայի, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ Վրաստանը առաջին հերթին առաջ է շարժվելու իր ազգային շահերից, սակայն Թբիլիսին ցանկանում է հավասարակշռել Թուրքիայի և Ադրբեջանի ներդրումները իր երկրի տարածքում և խորացնում է հարաբերությունները Հայաստանի հետ. «Վրաստանի թիվ մեկ հարկատուն այս պահին SOCAR ադրբեջանական ընկերությունն է»:

Իր հերթին Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ Ռուսաստանը նոր ռազմավարականն պայմանագիր է ստորագրել Աբխազիայի հետ, քանի որ Վրաստանը ավելի է սերտացնում հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. «Հայաստանը պետք է ակտիվ լինի վրացական ուղղությամբ, այդ թվում ավարա-կախեթական ճանապարհի կյանքի կոչման ուղղությամբ»:

Ջ.Մելիքյանը հավելեց, որ Վրաստանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է և դիվանագիտական աշխատանքը վրացական ուղղությամբ պետք է ակտիվացնել:
Panorama.am

ՀՀ եւ Վրաստանի իշխանությունների միջեւ սկսվել է բաց եւ փոխշահավետ համագործակցություն
Լուսինե Վասիլյան

Որքանով է իրական աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը, ինչ այլընտրանքներ կան և ընդհանրապես ինչ վիճակում են են հայ վրացական հարաբերությունները. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու վրացագետ Ջոն Մելիքյանն այսօր քննարկել են այս հարցերը: Պատգամավորի դիտարկմամբ ՝ վերջին տարվա ընթացքում հայ- վրացական տնտեսական հարաբերություններն ակտիվացել են ու այս միտքումը լավատեսություն է ներշնշում, վրացագետի գնահատկամբ՝ լավատեսության հիմքը Վրաստանի իշխանությունների Ռուսատանի նկատմամբ վերանայված քաղաքականությունն է:

Վերջին տարիների ընթացքում հայ- վրացական տնտեսկան հարաբերությունները որոշակիորեն ակտիվացել են. 2014-ին մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալներն ավելացել են 40 տոկոսով, աճել են Հայաստանից Վրաստան արտահանման ծավալները: Մեկ այլ ցուցանիշ, որ խոսում է կապերի ակտիվացման մասին: Վրաստանը տարեկան ընդունում է մոտ 6.2 մլն զբոսաշրջիկ, նրանցից 1 միլիոնը հայեր են:

Այս միտումներին զուգահեռ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը որոշակի փոփոխություն է տեսնում նաև երկու երկրների իշխանությունների փոխհարաբերություններում :

«Հատկապես վերջին տարվա արդյունաերով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների միջև սկսվել է բաց, փոխշահավետ համագործակցություն, որը զարգացման միտումներ ունի»:

Վարդան Այվազյանն այն գործիչների թվում է, ովքեր համոզված են՝ երկու երկրների տնտեսական տարբեր կողմորոշումները ոչ թե խանգարելու են համագործակցությանը, այլ ընդհակառակը ՝ խթանելու են այն: Վրաստանի եվրաասոցացումը և Հայաստանի Եվարսիական կողմնորոշումը Վրադան Այվազյանի համոզմամբ երկու երկրներին կարող է հավելյալ օգուտներ բերել:

«ԵՄ-ին Վրաստանի ասոցացումից և ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո մտահոգություն կար, որ Վրաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունները կտուժեն, բայց շնորհիվ երկու երկրների իշխանությունների այս ինտեգրումները երկու պետություններին էլ բերում են հավելյալ օգուտներ, ոչ թե աշխատում են իրար դեմ, այլ՝ հօգուտ մեկը մյուսի»:

Բայց Վրաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան ցանկալի կլիներ: Վրաստանը տարածքներ կորցրած, Հայաստանը ձեռբերած երկիր է ու դիրքորոծումները տարբեր են տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ վերաբերմունքի հարցում:

Բացի այդ ՝ Վրաստանի առեւտրային գործընկերների եռյակը գլխավորում են Թուրքիան և Ադրբեջանը : Հենց այս երկու երկրներն են ամենամեծ ներդրողներն ու առաջին հարկատուները Վրաստանում : Որքանո°վ է այս գործոնն ազդում հայ-վրացական տնտեսական համագործակցության վրա: Թուրք-վրացական, ադրբեջանա-վրացական փոխադարձ շահեր կան ու այս գործոնը պետք է հաշվի առնել ՝ ասում է վրացագետ Մելիքյանը, նաև հավելում՝ որքանով Վրաստանի համար են կարևոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այդքանով էլ Վրաստանի տարածքն է կարևոր այդ երկրների համար տարբեր նախագծերի իրականացման առումով: Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած են գլխավորապես էներգետիկ ռեսուրսները, հատկապես նավթը:

Դրականը, սակայ այն է, որ Վրաստանի նոր իշխանությունները վերագործարկել են իրենց տնտեսական կապերը Ռուսաստանի հետ ու ըստ էության փոխել քաղաքականությունը: Խոսքն ալկոհոլային խմիչքների, հանքային ջրերի եւ որոշ գյուղատնտեսական ապրանքների Ռուսաստան արտահանելու մասին է: Օրինակ վրացական գինու համար Ռուսատնը կրկին թիվ մեկ շուկան է դարձել: Sա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ Վրաստանի իշախնությունները սկսել են տարանջատել քաղաքակն ու տնետսական խնդիրները:

«Վրաստանի նոր իշխանությունները տարանջատում են քաղաքական ու տնտեսական խնդիրները, ինչով շատ լուրջ դիվիդենտներ են քաղում: Իսկ ռուս-վրացական կոնյուկտուրան դրական է ազդում մեր փոխհարաբերությունների վրա»:

Մեր միակ ճանապարհը դեպի ռուսական շուկա անցնում է Վրաստանով, ավելի ստույգ ՝ Լարսի ճանապարհով, որը ձմռանը լուրջ խնդիրներ է հարուցում բեռնափոխադրողների համար: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ նոր ենթակառուցվածքներ ստեղծելու կարիք կա, մասնավորապես՝ նոյեմբերից քննարկվում է Դաղստանի լեռնային շրջաններով անցնող Ավարա-Կախեթյան ճանապարհի վերակառուցման ու գործարկման հարցը:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղուն, ապա Վարդան Այվազյանը դրա գործարկման հնարավորությունը կրկին կապում է քաղաքական գործոնի հետ ու նշում , որ դրական ելք կլինի մաիյն այն դեպքում, երբ Վրաստանի ու Ռուսատանի իշխանությունները փորձ անեն խնդիրը դիտարկել միայն տնետսական հարթության մեջ:

www.armradio.am


Դիտել Javakhq, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն