Գլխավոր » TOP, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Կուզենայի, որ 2015-ին վեր դասենք մեր ազգային շահը ու հանկարծ չվնասենք ինքներս մեզ

Դեկտեմբեր 22, 2014թ. 22:02

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

-2014թ. ներքաղաքական կյանքն հիմնականում անցավ արևմտամետների ու ռուսամետների միջև թեժ պայքարում, ուր անհանդուրժողականությունն անցավ բոլոր սահմաները: Ինչո՞ւ մեզանում չի ծավալվում առողջ քաղաքական բանավեճ, ինչո՞ւ է ներքաղաքական պայքարը գաղափարականից վերաճում թշնամանքի:

-Ես զերծ կմնամ նման խիստ գնահատականից ու քաղաքական ուժերի միջև առկա լարվածությունը կորակեմ ոչ թե թշնամանք, այլ քաղաքական ինտրիգ: Ինչ վերաբերում է գաղափարական պայքարին, ապա միշտ ցանկալի է, որ և՜ ընդդիմադիր դաշինքները լինեն գաղափարական, և՜ իշխանությունն ու ընդդիմությունը գտնվեն գաղափարական պայքարի մեջ, դա բավական հեշտացնում է գործընթացները քաղաքական դաշտում: Ցավոք, այդ հարցում մենք բավականին կաղում ենք, քանի որ մեր քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող միավորումները՝ քառյակներ, եռյակներ, զուրկ են ամենակարևորից՝ գաղափարական հենքից: Ինչ վերաբերում է արևմտամետների ու ռուսամետներ միջև ծավալված ՙպայքարին՚, դա ես բնական եմ համարում, քանի որ մեր երկիրը գնաց ինտեգրացիոն մեկ այլ ուղղությամբ, անդամակցեց ԵՏՄ-ին ու պետք է ծավալվեր նման թեժ բանավեճ: Բայց դա, իհարկե, չէր նշանակում ցեխ շպրտել հակառակ դիրքորոշում ունեցողների հասցեին:

Սկզբնական շրջանում կարծիքներ էին շրջանառվում, թե այդ միությունը կձախողվի, հիշեք, թե ինչեր էին տարածում որոշ լրատվամիջոցներ: Մեկ ասում էին՝ չի կայանալու, դեռ չձևավորված փլվելու է, մեկ էլ, թե Բելոռուսն ու Ղազախստանը խանգարելուն են Հայաստանի անդամակցմանը: Մեր ընդդիմախոսները, փաստորեն, այս կերպ ամեն ինչ անում էին խանգարելու ու շեղելու մեզ մեր ճիշտ ուղուց:

Սակայն, իրավիճակը քննարկելով համոզվեցինք, որ մեր ընտրությունը ճիշտ է: Մնում է, որ 2015-ին քաղաքական դաշտը՝ իշխանությունն ու ընդդիմությունը լինեն համախմբված, ողջամիտ, ու կարողանանք վարել ճկուն քաղաքականություն, կարողանանք այս ինտեգրացիոն գործընթացը օգտագործել ի նպաստ մեր պետության: Իսկ դրա համար պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ազգային արժեքները, շահը, որ չվնասենք ինքներս մեզ:

-Մեկմեկու հասցեին ուղղված ծաղր, զազրախոսություն, հիշոցներ, սրանց էլ գումարած որոշ պատգամավորների սիրած զբաղմունքը՝ շոուն՝ այս ամենի ականատես եղանք խորհրդարանի աշնանային նստաշրջանում: Չնայած ասվում է, թե ինտրիգը խորհրդարանական կյանքի անբաժան մասն է, բայց, չե՞ք կարծում, որքան խորհրդարանը հարուստ է նման երևույթներով, այդքանով նվազ է նրա գործունեության արդյունավետությունը:

-Կարևոր հարց եք բարձրացնում, անշուտ՝ նվազում է: Եվ դրանում մենք համոզվեցին տարեվերջյան դրամ-դոլար փոխարժեքի հարցով հրավիրված արտահերթ նիստի ժամանակ, այն մի իսկական ՙէքսպերիմենտ՚ դարձավ: Ընդդիմությունը առաջարկեց նիստը անցկացնել փակ: Եվ ինչ պարզվեց, որ փակ նիստը որակապես տարբերվում է հրապարակայինից: Այսինքն՝ եթե չկան լրատվամիջոցներ, չկան տեսախցիկներ, ուրեմն ամեն ինչ ընթանում է մասնագիտական քննակման շրջանակներում: Փակ նիստում հիմնականում ակտիվ էին կառուցողական գործելաոճ որդեգրած պատգամավորներն ու քաղաքական ուժերը:

Մինչդեռ բաց նիստերի ժամանակ որոշները “կամերա” տեսնելուն պես ակտիվանում են, վերափոխվում, անգամ մոռանում, թե ո՞րն է քննարկման բուն թեման, և սկսում մտածել՝ ո՞ւմ հասցեին ավելի շատ ցեխ շպրտել, ո՞ւմ ավելի վարկաբեկել: Ես չէի ցանկանա “շոու” բառը օգտագործել, սակայն, այս նստաշրջանում, ցավոք, մենք դրա ականատեսը եղանք: Իսկ եթե մեր բոլոր քննարկումները ծավալվեն կառուցողական դաշտում, գերիշխողը լինի առողջ քաղաքական քննադատությունը, ոմանք չմտնեն ուրիշի ընտանիք, չմտնեն ուրիշի անձնական կյանք, ապա դրանից կշահի թե՜ խորհրդարանական գործունեությունը, թե՜ առհասարակ քաղաքական դաշտը: Կարծում եմ, մի օր այս քաղաքական մշակույթը գերիշխող կդառնա մեզանում ու կգիտակցվի, որ պատգամավորներ են դարձել ի նպաստ պետության աշխատելու համար և ոչ թե էժան դիվիդենտներ հավաքելու, հայհոյելու կամ ականաջահաճո մտքեր ասելու:

-Անցնող տարին զերծ չմնաց ներքաղաքական սրացումներից, տարեվերջն էլ հաջողակ չէր՝ պատգամավոր ու ազատամարտիկներ ծեծի ենթարկվեցին: Եվ բոլոր մեղադրանքներն ուղղվեցին իշխանության հասցեին՝ իշխանությունը երկրի ներսում առճակատում չպետք է թույլ տա: Սա նշանակում է, որ կատարվածից իշխանությունը պետք է գա հստակ եզրահանգման:

-Անցած տարին, իրոք, նաև իշխանության համար փորձառության շրջան էր: Նախ, կառավարության կազմը փոփոխվեց, կոալիցիան վերացավ, ՀՀԿ-ն մնաց երկրում միակ պատասխանատվություն կրող ուժը: Եվ ես կարծում եմ, որ այդ առումով մենք ամեն ինչ պատվով կատարեցինք: Ապա Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Ինչ վերաբերում է տարեվերջյան վեճերին, պետք է ճշտել կատարվածի ակունքները, տեղի ունեցածը քաղաքակա՞ն է, թե՞ ունի զուտ անձնական դրդապատճառներ: Եվ վերջապես՝ ո՞ւմ էր ձեռնտու այն: Նման դեպքերը բոլորվին ձեռնտու չեն իշխանությանը: Հակառակը, մենք ամեն ինչ արեցինք երկրի առողջ գործընթացներին խանգարող թեժացումը մեղմելու համար, որպեսզի կարողանանք մեր գործը լիարժեք կատարել:
Դե մարդիկ էլ մտածեցին՝ իշխանությունը գործ է անում, բայց իրենք անկարող եղան խոստացած ՙթեժ աշունը՚ իրականացնել, ու փորձեցին իրավիճակը թեժացնել: Եվ իհարկե, իշխանությունն այս ամենից հանգեց անհրաժեշտ հետևության: Չնայած անցած տարիներին մեր երկրում առավել բարդ իրավիճակներ են եղել, բայց դրանով հանդերձ մեզ համար անընդունելի են անձնական վիրավորանքները, հայհոյանքները, պետության վրա ցեխ շպրտելը, բռունցքներով հաշիվներ պարզելը: Դա չի կարող լինել ի նպաստ մեր երկրի քաղաքական վարկի:

-Քաղաքական ուժերի հասունությունը կայանում է նրանում, որ կարողանան սրված իրավիճակներում գալ համաձայնության ու մեղմել ներքաղաքական լարվածությունը, այսինքն, գործի՝ “Քաղաքականությունը կոմպրոմիսի արվեստ է” սկզբունքը: Մինչդեռ ողջ տարում ոչ իշխանական եռյակը չդադարեց խոսել ուլտիմատումների լեզվով: Անգամ ժողովուրդը հասցրեց հոգնել:

– ՀՀԿ-ն կոմպրոմիսների կողմնակից ուժ է: Ոմանք մեր այդ գործելաոճը մեկնաբանում են սխալ, ասելով, թե կոալիցիա չկա, մենակ են մնացել, դրա համար գործընկերներ են փնտրում: Բայց դա այդպես չէ: Նախ ՀՀԿ-ն լինելով միայնակ ի վիճակի է իր ծրագրերն իրականացնելու, բայց չէ՞ որ քաղաքական դաշտում շատ կարևոր է քաղաքական կոնսոլիդացիան: Հետևաբար, մենք ուզում ենք, որ կայացվեն միասնական որոշումներ, մանավանդ, կարևորագույն խնդիրների շուրջ, որը կբարձրացնի մեր միջազգային իմիջը: Ի դեպ, անցած տարում եղան քաղաքական կոնսոլիդացիայի կոնկրետ դեպքեր:
Հիշեք, քաղաքական ուժերի համախմբումը ադրբեջանական ագրեսիայի շրջանում: Քաղաքական դաշտում կա համակարծություն մեր ազգային կարևորագույն՝ Հայոց ցեղասպանության, ԼՂ հիմնախնդիր կարգավորման հարցերում: Այսինքն, եթե ցանկանում ենք լինել միասնական, դա մեզ հաջողվում է:

Մինչդեռ, երբ հարկ է լինում ներքաղաքական իրավիճակի շուրջ գալ ընդհանուր հայտարարի, հանկարծ գլուխ են բարձրացնում իշխանության մոլուցքով տառապող ուժերն ու ասում՝ եթե գնանք կոմպրոմիսի, կհամարվի, թե աշխատում ենք իշխանության հետ, ու որպեսզի նման տպավարություն չստեղծվի նախընտրում են ամեն ինչին հակադրվելու գործելաոճը. այսինքն՝ իշխանությունը կողմ է, ուրեմն՝ եռյակը դեմ է, անկախ նրանից՝ լա՞վ, թե՞ վատ առաջարկ է ներկայացվում:

ՀԱԿ պատգամավորի ու ազատամարտիկների դեմ իրականացված ծեծը դատապարտող երկու հայտարարություն էր դրվել սեղանին, երկուսի բովանդակությունն էլ նույնն էր, եռյակը մտածեց՝ բերել այնպիսին, որի հետ համակարծիք չլինի իշխանությունը, որպեսզի հանկարծ համատեղ հայտարարություն ԱԺ կողմից չհնչի:

Նրանք նույն կերպ վերաբերվում են նաև օրենսդարական նախաձեռնություններին: Ասում ենք՝ հեղինակ լինելու խնդիր չունենք, ներկայացրեք պետականաշահ առաջարկներ, միասին էլ ճանապարհ գնանք, հակադարձում են՝ դուք կողմ եք, ուրեմն մենք դեմ ենք, ինքներս կլինենք իշխանություն ու մեր քայլերը կիրականացնենք: Չգիտեմ գուցե այս ամենի պատճառը իշխանության հանդեպ կարոտա՞խտն է: Գուցե: Բայց նման տրամաբանությամբ երկիր չեն կառուցում:

-2014-ը ընդդիմությունը սկսեց քառյակ կազմած, բայց ավարտեց անորոշ մի միավորով՝ այսօր ոչ եռյակ է, ոչ էլ երկյակ: Գուցե այդ ամենի պատճառը այս միավորի ներսում առկա անորոշությո՞ւնն է: Չէ՞ որ ուժեղ, ինքնավստահ, կայացած ընդդիմությունն է, որ չի վախենում իշխանության հետ, ի նպաստ երկրի, օգտակար քայլեր անելուց: Մինչդեռ ուլտիմատումը բնորոշ է թույլին, ու չկայացվածության հետևանք է:

-Քառյակը ստեղծվելու պահից մենք արդեն իսկ ունեինք այս մտահոգությունը, և ասում էինք՝ ամեն ինչ պետք է անել, որ քառյակը չքայքայվի, որովհետև մեզ համար ընդունելին միասնական, առողջ ընդդիմության գոյությունն է: Սակայն նաև փաստ էր, որ տարբեր գաղափարական ուժերը չէին կարող միևնույն կաթսայում գտնվել, հետևաբար, նրանց քայլերը չէին կարող իրենց նպատակին ծառայել: Դրա համար էլ քառյակից դարձան եռյակ ու այսօր արդեն անհասկանալի մի խառնաշփոթ է: Այդ միավորը “ՙԿարապի, խեղգետնի ու գայլաձկան” պատմությունն է հիշեցնում:
Չեղավ մեկ անգամ, որ եռյակի որոշումները լինեին միասնական, ուղղված մեկ նպատակի: Եռյակը ներկայացնող քաղաքական ուժերի պատգամավորները մշտապես ունեն տրամաբանորեն հակադիր կարծիքներ: Կան երեք հոգանոց խմբակցություններ, ուր չորս կարծիք կա: Այդ վիճակն է, մասնավորաբար, ՀԱԿ-ում ու “Ժառանգություն”-ում: Հայտարարում են բոյկոտում ենք, բայց խմբակցության մի մաս հրաժարվում է բոյկոտից: Երբեք մասնաբար չեն քվեարկում: Սա նաև մեծամասնության համար հաճելի երևույթ չէ:

Կուզենայի, որ 2015-ին ընդդիմությունը գար անհրաժեշտ հետևության, որքան էլ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր քաղաքականություն իրականացնող ուժեր են, սակայն, երկրին առնչվող կարևորագույն հարցերում, կուզենայի, որ լինեինք միասնական:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն