Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Պետք է նպաստել դասական, ասել է թե գաղափարական ընդդիմության ձևավորմանը

Դեկտեմբեր 25, 2014թ. 21:55

Հարցազրույց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-2014-ը, քաղաքական գործընթացների առումով, չափազանց առատ էր, ակտիվ : Բայց այդ ակտիվությունն ու առատությունը որքանո՞վ են եղել ի նպաստ պետության:

-2014-ի քաղաքական գործընթացներում իր կարևորությամբ, նախ, կառանձնացների Հայաստանի ԵՏՄանդամակցումը ու նաև այն, որ միության կազմի մեջ մտնելու գաղափարը լիովին ընկալվեց մեր ժողովրդի կողմից: Եվ բոլոր նրանց քայլերը, որոնք ուղղված էին այս գաղափարի դեմ՝ ի չիք դարձան մի պարզ պատճառով՝ չարժանացան ժողովրդի աջակցությանը: Ճիշտ է, ձևավորվում է տնտեսական միություն, բայց գտնվել այդ միության կազմում նշանակում է, որ մենք կարևորում ենք այն քաղաքակրթական ուղղությունը, որը մեզ համար հոգեհարազատ է, որը մեզ թույլ է տալիս պահպանել մեր ինքնությունը, զարգացնել մեր ազգայինը, զերծ մնալ հնարավոր խեղաթյուրումներից, իսկ այդ վտանգը մշտապես կախված է մեր գլխավերևում: Մյուս կողմից, սակայն, իշխանության քայլերը այս գործընթացին համարժեք չէին. իշխանության խնդիրն էր ապահովել մի այնպիսի իրավիճակ, որը նպաստավոր կդարձներ մեր մուտքը ԵՏՄ: Դրա համար մեր ներքին իրավիճակը պետք է շատ ավելի կայուն լիներ, չպետք է թույլ տրվեր, որ վատնվեին պետություն հզորացման համար տրամադրված միջոցները, պետք էր շահել ժողովրդի վստահությունը և թույլ չտալ, որ ակտիվանային արկածախնդիրները:

2014-ին փոփոխվեց կառավարությունը, ասվեց, թե նոր տնտեսական աճ ենք ունենալու, բայց դա չի լինում այն պարզ պատճառով, որ չնայած կաբինետի փոփոխմանը, իշխանության գաղափարախոսությունը չի փոխվում: Այսինքն, իշխողը նեոլիբերալիզմի գաղափարախոսությունն է, որն ամեն ինչ՝ տնտեսական, քաղաքական, հասարակական ոլորտներում, ինչպես նաև բարոյական հարցերում իշխում է <բեզպրեդելը>: Իսկ սա թույլ չի տալիս որակական փոփոխություններ կատարել երկրում: Փաստորեն, սրանից էլ օգտվեց խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը:

-Եռյակը, որ շրջեց հանրապետության մարզերով, հասարակությանը կոչ արեց ոտքի ելնել ու միասնական արմատական փոփոխություններ իրականացնել, իրականում ինչի՞ հասավ, ո՞րն է այս ուժի ձեռքբերումը:

-Այն, որ ժողովրդի մոտ կա մեծ դժգոհություն, ակնհայտ է, բայց խնդիրն այն է, թե ովքե՞ր են արմատական փոփոխությունների իրականացման մասին հանդես եկողները: Ինչի հասան նրա՞նք՝ ոչնչի և չէին էլ կարող էակական, լուրջ ձեռքբերում ունենալ, որովհետև այնտեղ, ուր գործում են բիզնես շահերը, բիզնեսի օրենքները, երբևէ չի կարող ծնվել մի շարժում, որը կհանգեցնի իշխանափոխության: Դեմկուսը համոզված է, որ մեխանիկական իշխանափոխությունը մեր երկրի համար խիստ վտանգավոր է, որովհետև այն ոչինչ չի տա երկրին: Ուստի, իմ խորին համոզմամբ, 2015-ին պետք է վերափոխել ներկայիս քաղաքական դաշտը, քանի որ Հայաստանի համար սկսվում է որակական մի նոր շրջան, մինչդեռ մեր խորհրդարանի կազմը չի համապատասխանում այդ նոր իրողություններին:
Այս խորհրդարանը ոմանց համար տանիք է, պատգամավորը են դարձել մի կտոր հողակտոր ավել ձեռք գցելու համար, կամ սեփական արտադրությունը ստուգումներից զերծ պահելու, հարկերից խուսափելու համար: Եթե սա է պատգամավորների ուղեղում, ուրեմն, մեր ունեցածը խորհրդարան չէ, կրկնում եմ այն այսօրվա պահանջներին չի համապատասխանում:

Դուք ակնարկում եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ այն էլ իշխանության նախաձեռնությա՞մբ:

-Այո: Լավ կլիներ, որ ներսից առաջանա խորհրդարանի փոփոխման պահանջը, բայց այն այսօր արդեն դարձել է նաև արտաքին պահանջ, այսինքն, նոր իրողությունները մեզ ստիպում են գնալ այդ քայլին: Ես բազմիցս եմ ասել, խորհրդարանում ստեղծվել է մի իրավիճակ, ուր իշխող քաղաքական ուժը հայտնվել է սահմանային գծում, այսինքն, անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար երբեմն հարկ է լինում մոբիլիզացնել բոլոր ուժերը, իսկ դա շատ բարդ է լինելու, հատկապես, այն պահին, երբ կսկսվի ԵՏՄ ընդհանուր օրենքների ընդունման փուլը: Գիտեք, ո՞րն է խնդիրը. խոշոր գործարարները, հատկապես, <սև դաշտում> աշխատողները, իրականում դեմ են ԵՏՄ-ի անդամակցմանը, որովհետև ստիպված են սահմանափակել իրենց մեծ ախորժակը: Հետևաբար, տնտեսական շահերի բախում է լինելու խորհրդարանում:

-Եվ փաստորեն, խորհրդարանի գործարար պատգամավորները, իսկ այդպիսիք գերակշռում են առավելապես ԲՀԿ-ում, առաջնորդվելով սեփական բիզնես շահերով, կարող են քաղաքական մեծամասնության համար լուրջ խնդիրներ ստեղծել հենց քվեարկությունների ժամանակ:

-Իհարկե: ԵՏՄ-ում ձևավորված ընդհանուր կանոնները խփում են ստվերում աշխատող գործարարների գրպանին, որովհետև այսօր 1000 տանողին կասվի՝ 200-ն է քոնը, պարզ չէ՞, որ սրա հետ չի համակերպվելու, ինչն էլ կարտահայտեն իրենց քվեարկությամբ: Իսկ թե ինչո՞ւ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց ԵՏՄ անդամակցմանը, այդ պահին նրանք, պարզապես, ենթարկվեց իրենց լիդերի կամքին:

-Իսկ ի՞նչ խնդիր է փորձում լուծել ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը հայտարարելով՝ համախմբման գործընթաց և հունվարի 20-ին կլոր սեղանի շուրջ հրավիրելով այդ հարցում դերակատարություն ունեցող ուժերին, կառույցներին:

-Նախ ասեմ, որ ժամանակին նման նախաձեռնությամբ հանդես եկավ նախագահ Սարգսյանը, նա երեք խորհրդակցություն նախաձեռնեց ու հրավիրեց կուսակցությունների ղեկավարներին,ւ փակ ռեժիմով քննակեցին կարևորագույն խնդիրներ: Ափսոսում եմ, որ նախագահը չշարունակեց այդ լավ ավանդույթը և այսօր այդ նախաձեռնության գաղափարը շտապեց վերցնել մեկ ուրիշը: Գագիկ Ծառուկյանը որոշել է նման նախաձեռնությամբ հանդես գալ՝ հրավիրել և լսել կարծիքներ: Նման քայլի իրականացումը հարի է երկրի նախագահին, դա նաև անհրաժեշտություն է, մանավանդ երկրի համար այս դժվարին շրջանում, բայց անհասկանալի է, երբ նման քայլի է գնում մի կուսակցության ղեկավար: Հարց է առաջանում՝ հանուն ինչի՞:

-Չե՞ք կարծում, որ նման քայլերը միտված են ԲՀԿ առաջնորդի քաղաքական նպատակների սպասարկմանը՝ 2017-18-ին ընդառաջ, ու ստացվում է, որ հրավիյալներն ընդամենը սպասարկողների դեր են կատարելու:

-Ասվածում կա ճշմարտություն: Դեմկուսն այն քաղաքական ուժն է, որը երբեք կուրորեն քայլ չի կատարել ու ինչ-որ մեկի կամքին չի ենթարկվել, այսօր էլ խնդիր չունենք ճանապարհ բացել այն քաղաքական ուժի համար, որը գաղափարական առումով դեռևս մեզ համար հասկանալի չէ : Թե ովքե՞ր են համաձայնվել կատարելու ԲՀԿ-ին սպասարկողների դեր, արդեն պարզ տեսանելի է… Եթե այդ հավաքում ասվելու է, որ երկրում իրավիճակը շատ վատ է՝ բոլորս գիտենք: Եթե խոսելու են վիճակից դուրս գալու մասին, ապա մեր կուսակցությունը նախ պետք է հասկանա՝ ի՞նչ ծրագրերով, ի՞նչ միջոցներով, ի՞նչ ընդհանուր ճանապարհ է մատնանշվելու, գուցե հարկ է իշխանությանը և՞ս մասնակից դարձնել իրավիճակի փոփոխման գործընթացին, սա կլինի դրական քայլ, ինչին կարելի է մասնակցել: Բայց եթե մենք տեսնենք, որ հավաքը միտված է <այլընտրանքին> իշխանության բերելուն, ուրեմն մենք այնտեղ գործ չունենք անելու:

-Ընդդմության դաշտում առանձնանում են երկու թևեր. մի կողմում, ամեն ինչ՝ անգամ լավը, քննադատողներն են, ցեխ շպրտողները, որոնց նպատակը իշխանության գալն է և ուրիշ ոչինչ: Մյուս կողմում, երկրի շահը առաջնային համարող ուժերն են, որոնք, ընդդիմադիր լինելով հանդերձ պատրաստ են նկատել կատարվող դրական քայլերը, անգամ աջակցել իշխանությանը՝ երկիրը ձախողումներից զերծ պահելու համար: Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի տեղի ունենա այս հատվածի համախմբում՝ արկածախնդիրների, դրսի սպասարկուների դիմացը փակելու համար: Կհաջողվի՞:

-Քանի որ Հայաստանի ընտրություններում կարևոր դերակատարը փողն է՝ գաղափարական, դասական ընդդիմություն մեզանում չի ձևավորվում: Ու դաշտը գրավում են հենց նրանք, ովքեր շատ մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն և գաղափարները հետին պլան են մղվում: Նման իրավիճակում, այո, գլուխ են բարձրացնում ցեխ շպրտողները, որոնք ամեն ինչ սևացնում են միայն, թե լինի իշխանափոխություն: Նմանների համար ոչ մի նշանակություն չունի, թե դա կլինի իշխանական կուրսի փոփոխությու՞ն, թե՞ ուղղակի իշխանության փոփոխություն: Այո, այսօր պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել դասական, ասել է թե գաղափարական ընդդիմության ձևավորման համար: Բայց համախմբումը բարդ խնդիր է, քանի որ գաղափարական տեսանկյունից չկա միատարրություն:

Իսկ արհեստական միավորումների ստեղծումը շատ ավելի կվնասի երկրը: Արտախորհրդարանականներն էլ միատարր չեն, ու եթե փորձենք բոլորին մեկ տեղ բերել կլինի այն վիճակը, ինչն այսօր կա եռյակում: Հետևաբար, պարտադիր չէ միավորվելը, այսօր մեկ այլ իրողություն է ի հայտ գալիս՝ դա հասարակական ու քաղաքական կառույցների համախմբումն է: Եթե ձեր նշած քաղաքական ուժերի առողջ թևը միանա գաղափարական հասարակական կառույցների հետ, այդ միավորումից կարող է լուրջ բևեռ ձևավորվել: Այս ուժն է, որ կարող է պետականանպաստ քայլեր կատարել: Այդ դեպքում արտաքին խնդիրներն էլ կլինեն հեշտ լուծելի, քանի որ երկրի ներսում իշխանությունը կունենա հենարան՝ հանձին ժողովրդի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն