Ամանորի ազգայինն ու հոգևորը
Այսօր ՀԱՅՔ կենտրոնի կազմակերպած ասուլիսը՝ <Ամանորի ազգայինն ու հոգևորը> թեմայով, վերածվեց մի իսկական տոնի: Կենտրոնի հյուրերն էին Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ԱԺ պատգամավոր Կարինե Աժեմյանը, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հասմիկ Օքսուդյանը
Մատուցվեց հին հայկական ուտեստներից մեկը՝ հայտնի «Ղափաման»:
Ներկայացնում ենք լրատվամիջոցների անդրադարձը.
ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԸՆԿԱԼԵԼ
Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու <Հավատամք> միություն
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Հայք» վերլուծական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ «Ամանորի ազգայինը և հոգևորը» թեմայով ասուլիս, որին մասնակցում էին , Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, Աժ պատգամավոր Կարինե Աճեմյանը, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հասմիկ Օքսուդյանը:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ ամանորը քրիստոնեական տոն չէ, այլ հեթանոսական, բայց քանի որ Քրիստոնեության ընդունումից հետո դեռ տոնվում, առավել ևս որ խորհրդային շրջանում առաջ է մղվել, Քրիստոնեական տոները ստվերելու համար այս դեպքում Սուրբ Ծնունդը,Քրիստոնեությունը որոշակի Քրիստոնեական հոգեվոր բաղադրիչներ է ավելացրել. ինչպես օրինակ՝ տոնածառը, որպես Կենաց ծառի խորհրդանիշ, Ձմեռ պապը՝ Սուրբ Նիկողայոսի խորհրդանիշ և այլն:
301 թվականից հայերը քրիստոնյա ժողովուրդ են և Սուրբ Ծնունդն առ այսօր նշում են հունվարի 6-ին, ի դեպ մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են այդ օրը։ Քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։
Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Քրիստոսի Ծննդյան տոնը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։
Սուրբ Ծնունդը դեպի մարդու փրկություն տանող ճանապարհի մի կարևոր մասն է: Տեր Հակոբը նշեց, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դեկտեմբերի 31-ին, ժամը 24.00-ին, երբ կմեկնարկի ամանորը, կմատուցվի Սուրբ Պատարագ, որին կարող են մասնակցել բոլորը: Ըստ նրա՝ կարևորը տոնի խորհուրդը ճիշտ ընկալելն է: Ամանորը միայն առատ սեղաններից օգտվելը չէ, այլ հոգեպես ընկալելն է, Աստծո հետ հաշտ ու համերաշխ լինելը: Տեր հայրն ասաց ,որ վստահ է,որ ապագայում Սուրբ Ծնունդն ավելի է կարևորվելու:
Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էլ նշեց, որ հայերը նախկինում ունեցել են Նավասարդ և Բարեկենդան /տարվա սկիզբ և տարվա վերջ/ տոները, սակայն դարերի ընթացքում փոփոխվել են դրանք և քանի որ դրանք այլևս չկան, նշում ենք ամանորը: Ամանորը նոր կյանքի սկիզբն է, հավատը լավ ապագայի նկատմամբ, նաև հայ կնոջ մեծարման, հարգանքի տոնն է: Ամանորը նաև ընտանիքի հավաքական երևույթն է: Ըստ նրա՝ կարևոր է մեր ավադույթների պահպանումը: Ամեն տարի, մեր նախնիներն ամանորին «Ղափամա» էին պատրաստում և ընտանյոք ուտում այն:
Կլոր դդումն աշխարհն է խորհրդանշում, իսկ միջի կորիզները՝ մարդիկ են: Ըստ նրա՝ Կենաց ծառի հասկացությունը գալիս է մայրիշխանությունից, այն կնոջ պտղաբերությունն է:
Աժ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ կարևորեց տոնի խորհրդի պահպանումը: Նա ասաց, որ մենք մեր առատ սեղանները բացելուց հետ մեկտեղ պետք է բացենք նաև մեր հոգիներն Աստծո առաջ, ջերմությամբ ու սիրով լցնենք մեր ընտանիքները: Եվ ամենակարևորը՝ 2015 թվականին մեր երկրի սահմաններում կորուստներ չունենանք:
«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի փոխտնօրեն Հասմիկ Օքսուդյանն էլ նշեց, որ ամանորին հին հայկական ուտեստներից այսօր իր հետ բերել էր դդումով պատրաստված հայտնի «Ղափաման», որի մեջ դրվում են չիր, չամիչ, պնդուկ, ընկույզ, որոնք բոլոր էլ ամանորի սեղանի զարդն են:
Ամանորը սիրված ու սպասված տոն է, որն ունի իր ազգային ու հոգևոր արժեքները, որոնք պետք է սիրով ու նվիրումով պահպանել:
«Եկեղեցին բացել է իր դռները, մենք էլ պիտի բացենք մեր հոգիները». Կարինե Աճեմյան
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, aravot.am
«Ամանորի արմատները հեթանոսությունից են գալիս: Այն հեթանոսական շրջանի կարևորագույն տոներից մեկն է եղել, որին հետագայում՝ արդեն քրիստոնեության շրջանում, քրիստոնեությունը փորձեց որոշակի քրիստոնեական նկարագիր և բովանդակություն փոխանցել: Դա արվեց նաև արտաքին բաղադրիչների միջոցով, օրինակ` տոնածառի, Ձմեռ պապի, որոնցից առաջինը Կենաց ծառի խորհրդանիշն է, իսկ Սուրբ Նիկողայոսը Ձմեռ պապի նախակերպարն է:
Այսինքն` Ամանորն ինքնին հեթանոսական տոն է, բայց քանի որ շատ խորն է նստած եղել ժողովրդի մեջ, առանձնահատուկ տեղ է ունեցել տոների ցանկում, Քրիստոնեությունը վերցրեց այն: Բայց ոչ թե նրա համար, որ այդ տոնը դարձնի քրիստոնեական: Պարզապես, որոշ չափով քրիստոնեական նկարագիր ու բովանդակություն հաղորդեց նրան, քանի որ այս տոնը դեռ շարունակում է ազգերի, անհատների, հասարակության կյանքում մնալ ամենասիրված տոներից մեկը»,- այսօր՝ Ամանորին ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Քահանան ափսոսում է, որ Ամանորը մեզանում ավելի է կարևորվում, քան Սուրբ ծնունդը: Դա, ըստ նրա, ինչ-որ տեղ նաև խորհրդային տարիների հետևանք է. «Խորհրդային տարիներին հակաեկեղեցական մեծ քարոզչություն էր գնում, և եկեղեցական տոները նպատակային կերպով ստվերվում էին:
Պետք էր այնպես անել, որ ավելի կարևորվեին ոչ քրիստոնեական տոները, ինչպես, օրինակ, Ամանորը: Այսօր էլ Ամանորը շարունակում է ավելի տոնելի լինել մեր իրականության մեջ, և մենք պիտի փորձենք հնարավորինս քրիստոնեական բաղադրիչներ ներմուծել այնտեղ»,- ասաց քահանան՝ հավելելով, որ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել հասարակության մեջ Ամանորը եկեղեցում աղոթքով ու պատարագով դիմավորելը:
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ գտնում է, որ երբ մենք բոլորս կարողանանք կարևորել և ավելի մեծ նշանակություն տալ հենց Սուրբծննդյան տոներին, այն ժամանակ էլ բոլոր բացասական երևույթներն ու անհանգստությունները կվերանան. «Որովհետև այս տոների խորհուրդը շատ կարևոր է,- ասում է նա,- տեսեք, եկեղեցին բացել է իր դռները, եկեղեցին պատարագ է մատուցում ամանորյա գիշերը, մենք էլ պիտի բացենք մեր հոգիները, ընդառաջ գնանք ու կարևորենք տոների հենց հոգևոր մասը»:
Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էլ խորհուրդ է տալիս բոլոր տոներին ստեղծագործաբար մոտենալ. «Հայ ժողովրդի կյանքում միշտ էլ ծեսերն ու տոները շատ են եղել, և մենք միշտ էլ ստեղծագործաբար ենք մոտեցել այդ ամենին: Օրինակ՝ կանայք, աղջիկները կարող են ձեռագործական աշխատանքներ անել տոնի խորհրդանիշներով և իրենց տունը զարդարել սեփական ստեղծագործություններով»,- ասում է Լ. Ագուլեցին: Ինչ վերաբերում է կերակուրներին, նա խորհուրդ է տալիս ամանորյա սեղանին անպայման ունենալ բուսական ուտեստներ և հատկապես լոբի, որովհետև այն ընտանիքի խորհրդանիշն է:
Ամանորը դիմավորել եկեղեցում. քահանայի հորդորը
Լիանա Եղիազարյան Ռադիոլուր
Ինչպես է ճիշտ նշել Ամանորը: Հարցին մոտեցումներն էլ, պատասխաններն էլ բազմազան են: Սա բնական է, քանի որ հեթանոսական արմատներ ունեցող այս տոնը դարերի ընթացքում փոխակերպվել է, տարաբնույթ դրսեւորումներ ստացել: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը շեշտում է՝ հայ առաքելական եկեղեցին վերջին տարիներին Ամանորի գիշերը եկեղեցիներում մշտապես պատարագ է մատուցում: Խիստ ցանկալի է տարեմուտն ամփոփել ու տարին սկսել եկեղեցում՝ հոգեպես ավելի հարստացած: Դա կարող է ոչ թե փոխարինել, այլ նախորդել տոնական այլ միջոցառումներին: Տեր Հակոբը շեշտում է նաեւ՝ ամանորյա տոնական միջոցառումների շղթայում ոսկե օղակն ամանեւին էլ նոր տարվա գիշերը չէ, այլ Սուրբ ծնունդը:
Շեշտադրումն էլ աստիճանաբար պետք է դեկտեմբերի 31-ից տեղափոխել հունվարի 6-ի վրա:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը թվարկում է նոր տարվա խորհրդանիշերը, որոնք հեթանոսական ծագման են, դրանց եկեղեցին աստիճանաբար քրիստոնեական խորհուրդ է հաղորդել: Օրինակ՝ տոնածառը աստվածաշնչյան Կենաց ծառն է խորհրդանշում, Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը՝ Սուրբ Նիկողայոս Հայրապետի կերպարն ունեն:
Կաթոլիկ աշխարհում դելտեմբերի 31-ը որպես այդպիսին նոր տարվա գիշեր չէ, եվրոպական երկրներում Սուրբ Ծննդյան արարողությունները սկսվում են հենց դեկտեմբերի 25-ին, որը հնում Արեւի պաշտամունքի օրն էր, ու շարունակվում մինչեւ հունվարի 5-ը:
Մեր եկեղեցին ավանդական է ու նման խնդիր չի դրել իր առջեւ, բայց քայլ առ քայլ աստիճանաբար Ամանորին պետք է ավելի շատ հոգեւոր բաղադրիչներ ավելացվեն. շեշտում է քահանան ու նկատում ՝ վերջին տարիներին էլ մեր քաղաքացիների շրջանում որոշակիորեն փոխվել է Ամանորը դիմավորելու ձեւը:
Հայ եկեղեցին Ամանորը նշելու կոնկրետ կանոնակարգ չունի, այդ ձեւաչափը ժողովուրդն է աստիճանաբար մշակել ու զարգացնել, բայց քահանայի խորհուրդն ու հորդորն է՝ տարին սկսել աղոթքով ու ճոխ սեղանների փոխարեն՝ ավելի հարստացած հոգով:
ArmarLur.am












