Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Մի’ լռեք, այլապես մի օր դուք կհայտնվեք զոհի դերում. ամերիկահայ հեղինակի հոդվածը Ցեղասպանության մասին

Հունվար 8, 2015թ. 19:01

Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ատամյանը հեղինակավոր The Huffinghton Post պարբերականում Հայոց ցեղասպանության թեմայով ուշագրավ հոդված է հրապարակել, որը մասնակի կրճատումներով ներկայացնում է tert.am կայքը:

Հեղինակն իր անդրադարձը սկսում է մի շարք պատմական փաստերի ներկայացմամբ` վերհիշելով դեռևս սուլթան Աբդուլ Համիդի օրոք իրականացված սպանդերը, արևմտահայ մտավորականության ոչնչացումը:

«Էթնիկ զտումների հետևանքով սպանվել է 1.5 մլն հայ, մոտավորապես այդքան էլ հույն ու ասորի: Մի խոսքով` Օսմանյան կայսրության գրեթե ողջ քրիստոնյա բնակչությունը ոչնչացվել է:
Քրիստոնյաներին հավաքում ու կողպում էին եկեղեցիներում, ողջ-ողջ այրում: Քրիստոնյաների ունեցվածքն ու փողերը գողանալու, կանանց բռնաբարելու ու ստրկացնելու, հազարավոր մարդկանց բռնի կերպով կրոնափոխ անելու հարցում թուրքերին օգնում էր դաշնակից Գերմանիան»,- գրում է Ատամյանը:

Հեղինակը նկատում է, որ «այդ դեպքերից անցել է 100 տարի. թուրքական պետությունը շարունակում է հերքել տեղի ունեցածը, ինչը հայերին պատճառում է խոր կսկիծ»:

Նրա կարծիքով` Հայոց ցեղասպանության դրդապատճառներից մեկն էթնիկ ատելությունից բացի ֆինանսական խանդն էր: «Հայերն ամենակիրթ շերտն էին: Նրանք ղեկավարում էին ամեն ինչ` պետական դրամահատարանից մինչև կայսրության արդյունաբերությունը: Մինչդեռ Առաջին աշխարհամարտը հիանալի պայմաններ ստեղծեց թուրքերի համար փոքրամասնություններից վրեժ լուծելու ու նրանց դեմ ջիհադ իրականացնելու համար»,- նշում է հոդվածագիրը:

Ատամյանի խոսքով` «այդ դեպքերից 100 տարի անց մենք տեսնում ենք, որ ցեղասպանություն իրականացնելը միայն թուրքերին բնորոշ գիծ չէ»: Նա նշում է հրեաների հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, սերբերի կողմից բոսնիացիների սպանդը, Կամբոջայի դեպքերը, Մյանմայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Այս ամենը, դժբախտաբար, հանգեցնում է մեզ այն մտքին, որ ցեղասպանության բնազդը խորը մխրճված է մարդու ԴՆԹ-ի մեջ»,- կարծում է հեղինակը:

Նա եզրափակում է իր հոդվածը` կոչ անելով մարդկանց չլռել, աչք չփակել մարդության դեմ իրականացվող հանցանքների վրա: «Այլապես մի օր այդ լռողները կհայտնվեն զոհի դերում, քանի որ պատմությունը կրկնվելու դաժան սովորություն ունի»,- գրում է Ատամյանը:

http://www.huffingtonpost.com/christopher-atamian/one-hundred-years-of-soli_b_6419864.html


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն