Պանիսլամիզմի «ուխտը» չոքել է Եվրոպայի դռանը
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ArmarLur.com-ի հետ զրույցում խստորեն դատապարտելով հունվարի 7-ին Փարիզի Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչությունը, կատարվածը դիտարկեց մեկ այլ`պատմա-քաղաքական հարթության մեջ:
Նախ նկատեց, թե. «Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունն ըստ էության, քաղաքակրթությունների` իսլամի և քրիստոնեության բախման դասական օրինակ է: Մի բան, ինչը Հանթինգթոնը վերջին տարիներին փորձում էր ներկայացնել որպես հակամարտություն իսլամի և Չինաստանի միջև: Մինչդեռ ստացվեց այն, ինչ պետք է լիներ. սա այլ բան չէ, քան հակամարտություն իսլամի և Եվրոպայի միջև»:
Եվ Շիրինյանը կատարում է ուշագրավ հայտարարություն. իսլամի ծայրահեղ դրսևորումը` դիմացինին անխղճորեն ոչնչացնելու մոլուցքը և Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից Մուհամեդի ծաղրանկարի շրջանառումը ունեն իրենց պատմական նախադեպերը:
Նախադեպ առաջին.
«Պանիսլամիզմն առաջին անգամ իր մարդատյատությամբ, քրիստոնեության հանդեպ իր ողջ դաժանությամբ դրսևորվել է Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ` դեռևս Սուլթան Համիդի օրոք: Դա հայկական կոտորածների շրջանն է` 1894-1896 թվականները: Ասելիքս այն է, որ իսլամի նման դաժան վերաբերմունքը քրիստոնեության հանդեպ ավանդույթ է: Սուլթան Համիդը, որ խալիֆ էր ու ներկայանում էր որպես իսլամական աշխարհի ղեկավար` «պանիսլամիզմի հայր ու առաջնորդ», հետապնդում էր Հայաստանն ու հայ ժողովրդին ոչնչացնելու հստակ քաղաքականություն: Եվ այդ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ դաժանորեն ոչնչացվեց Արևմտյան Հայաստանի հայությունը»:
Քաղաքագետը համոզված է, որ այս փաստերին լավատեղյակ են Ֆրանսիայի քաղաքական վերնախավը և վերլուծական կենտրոնները, քանի որ հայության հանդեպ իրականցվող թուրքական ոճրագործությունների դեմ ժամանակին հանդես են եկել հայտնի ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսը, Վիկտոր Բերարը, Ժան Ժորեսը և ուրիշներ, որոնք պաշտպանելով հայության շահերը միաժամանակ խստորեն դատապարտել ու քննադատել են սեփական կառավարության անտարբերությունը հայ ժողովրդի ողբերգության հանդեպ:
Հայերս հայտնի խոսք ունենք` «Ուխտը մի օր էլ քո դռանը կարող է չոքել», ասել է, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Եվ քաղաքագետ Շիրինյանը պատմության այս կարևոր էջերը անտեսողներին, նաև բոլոր “մոռացկոտներին” մի կարևոր փաստ է հիշեցնում.”Այդ տարիներին Ֆրանսիան Օսմանյան Թուրքիայի ջերմ բարեկամն էր, ու լինելով այդպիսին չմիջամտեց, չկամեցավ կանխել հայության դեմ իրականացվող թուրքական ոճրագործությունը: Ավելին`Ֆրանսիայի ԱԳ նախարար Հանոտոն անձամբ Սուլթան Համիդից ստացավ շքանշան հենց այն բանի համար, որ չի միջամտել թուրք բարբարոսների ջարդերին ու չի նպաստել հայության կոտորածների դադարեցմանը: Եվ այդ շքանշանը առանց ամաչելու կրեց հայատյաց Հանոտոնը»:
Հայ քաղաքագետը հարց է հնչեցնում`գուցե այդ շքանշանն այսօր ֆրանսիական որևէ թանգարանում է պահվում: Եվ կոչով դիմում է Ֆրանսիայի հումանիստ ժողովրդին` գտեք այն ու նետեք աղբարկղը:
Քաղաքագետի հետևությունն է. «Ժամանակին Ֆրանսիան չպաշտպանեց պանթուրքիզմին զոհ գնացող հայությանը: Եվրոպան չսաստեց ոճրագործին, չբռնեց նրա արյունոտ ձեռքը, և թողեց, որ մի ողջ ժողովուրդ մորթվի: Ու այսօր այդ ոճրագործն իր զենքն ուղղել է հենց եվրոպացու դեմ: Պատմությունը կրկնվում է Եվրոպայի սրտում` Փարիզում»:
Ի դեպ, մի ընդգծում ևս` նկատենք, որ ամենը կատարվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:
Նախադեպ երկրորդ.
Դառնալով ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի կողմից սոցցանցերի պաշտոնական էջերում տեղադրված Մուհամեդի ծաղրանկարին, Լևոն Շիրինյանը հիշեցնում է հետևյալը. «Այս ժանրը Ֆրանսիայում հարյուր տարուց ավելի պատմություն ունի: Նախադեպը դեռ 1896 թվականից է գալիս: Ֆրանսիացի ծաղրանկարիչ Ռիբելի վրձնին է պատկանում «Աբդուլ Համիդ. այրունոտ սուլթան» հայտնի ծաղրանկարը, որը 1896 թվականին տեղադրվել է ժամանակի ֆրանսիական հայտնի ամսագրերից մեկի` Le Musee De Sires-ի շապիկին»: Ծաղրանկարում արյունարբու Համիդը պատկերված է հայ աղջկա կտրված գլխի, հայկական գանգերի սահմռկեցուցիչ պատկերի ֆոնին:
Քաղաքագետը հայտարարում է. «1896 թվականին ֆրանսիացի նկարչի կողմից արված այս ծաղրանկարը վերստին ապացուցում է, որ այսօր ևս ոչինչ չի փոխվել` նույն իսլամն է, բայց փոխվել է այն, որ, նախ` պանթուրքիզմի մարդատյացության արդյունքում Արևմտյան Հայաստանում հայ չկա, երկրորդ` անպաշտպան հայության փոխարեն այսօր իսլամի հարվածի կենտրոնը տեղափոխվել է Եվրոպա, իսլամը գրոհում է դեպի Եվրոպա` տվյալ դեպքում դեպի Ֆրանսիա»:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ֆրանսիայի պատմության դասագրքերում հաճախ են հայտնված պանիսլամիզմը քննադատող ծաղրանկարներ, որոնք շոկի մեջ են գցում տեղացի թուրքերին, քանի որ դրանցում պատկերվում են «պանիսլամիզմի հայր ու առաջնորդ» համարվող Աբդուլ Համիդի նկարները` ձեռքերն արյունոտ, բերանում` դաշույն, իսկ նկարների վրա հետևյալ գրառումն է. «Նրանք թող իրենց գործին նայեն, ես մի քիչ հայ սպանեմ»:
Ի դեպ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը այս օրերին ասելիք ունի նաև տեղական ժողովրդավարներին, ու վերջիներիս խորհուրդ է տալիս` չընկնել ծայրահեղության գիրկը, բավական է անտեսել սեփական շահերը, պետք չէ Երևանում ողբ սարքել, դրա փոխարեն հարկավոր է կարդալ սեփական պատմությունն ու օտարին հիշեցնել, որ պատմությունն իրոք կրկնվելու հատկություն ունի:
Արմինե Սիմոնյան
ArmarLur.com












