Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան

Հնարավոր է ռուս-ադրբեջանական նոր սիրախաղի ականատեսը դառնանք. Գարիկ Քեռյան

Հունվար 9, 2015թ. 23:13

Քաղաքագիտության պրոֆեսոր Գարիկ Քեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

“Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունների վատացումից բխող մարտահրավերները Հայաստանի համար
Հրավկովկասյան տարածաշրջանում քաղաքական նոր գործընթացները հաջորդում են միմյանց բավականին արագ, իրենց հետ բերելով նոր իրողություններ, նոր խնդիրներ ու մարտահրավերներ:

Հայաստանի ու Վրաստանի անդամակցությունն ու ասոսացումը միմյանց հետ հակամարտող և նոր սառը պատերազմի ուղին բռնած Եվրասիական և Եվրոպական միություններին, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս հայ-վրացական հարաբերությունների զարգացման ապագայի առումով, որի մասին մենք արդեն կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ընկերների հետ:

Այժմ բավականին տագնապալի զգացումներ ունեմ Ադրբեջան-Արևմուտք հարաբերությունների սառեցումից: Ամերիկյան և եվրոպական պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հրապարակումները բավականին խիստ տոնով քննադատում են Ադրբեջանին Բաքվում Ազատություն ռադիոկայանի փակման, ձերբակալությունների և այլ հակաժողովրդավարական գործողությունների համար:

Առաջին հայացքից թվում է, թե շատ լավ է: Մեր հակառակորդը կորցնում է իր միջազգային վարկն ու հեղինակությունը, որի հետ կապված նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արևմուտքից սպասվող օժանդակության ակընկալիքները: Սակայն ես այստեղ մեզ համար բավականին լուրջ մարտահրավերներ եմ տեսնում:

Բանն այն է, որ ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանը, Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական դաշինքի պահպանման պատասխանատվությամբ, ականատեսն է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը: Արևմուտքի հետ առճակատման դրության մեջ գտնվող Ռուսաստանն ու Իրանը չեն քննադատում Ադրբեջանին, որը մեծ բավականությամբ ընդունում են Բաքվում: Այս ֆոնի վրա ապագայում հավանական է, որ ռուս-ադրբեջանական նոր սիրախաղերի ականատեսը դառնանք: Դիրքորոշման փոփոխություն կարող է լինել նաև Իրանում, որի հայանպաստ քաղաքականության պտուղները մենք անցյալում տեսել ենք:

Ռուսաստանը հաստատակամ է ողջ հետխորհրդային տարածքում իր լիակատար հեգեմոնիան վերականգնելու քաղաքականության մեջ: Այնպես որ, Ադրբեջանի հանդեպ արևմտյան քննադատությունը ռուսական քաղաքական վերնախավի սրտովն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում հարցեր լուծողը դեռևս Ռուսաստանն է, մեր դիվանագիտության առաջնահերթ խնդիրը ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ամեն քայլին հետևելն ու արձագանքելն է: Աստված մի արասցե, եթե այդ հարաբերությունների ջերմացումը, որն այսօր բխում է Ռուսաստանի պետական շահերից, անմիջականորեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա: Մտահոգություններս կապված են նաև շփման գծում նոր զոհերի և լարվածության աճի հետ: Որտեղից է գալիս ադրբեջանական կողմի ագրեսիվության աճը: Ինչ հույսեր ունի Ալիևը, ինչու է ձգտում խարխլել զինադադարը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ունենանք:

ArmarLur.com


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն