Պանթուրքիզմի գրոհին դիմակայելու ուղին Հայոց ցեղասպանության ճանաչումն է
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ
-Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը լրջորեն անհանագստացրել է Արևմուտքին, այլևս ակնհայտ է՝ իսլամի հարվածի կենտրոնը տեղափոխվել է Եվրոպա: Եվ կատարվածն ապացույցն է այն բանի, որ քաղաքակրթությունների` իսլամի և քրիստոնեության բախումը թևակոխել է մի նոր փուլ, Եվրոպայի համար սկսվում են նոր ու վտանգավոր ժամանակներ:
-Այո, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, իրոք, վկայում է քաղաքակրթությունների` իսլամի և քրիստոնեության բախման մասին: Իսկ դրա ապացույցը Անգելա Մերկելի մեկ տարի առաջ արած հայտարարությունն է, թե բազմամշակույթ հասարակության ստեղծումը Գերմանիայում տապալված է: Այսինքն մահմեդական էթնոսը, որի կորիզը թուրքն է՝ չի ձուլվում, հետևաբար, քաղաքակրթական հակամարտությունն առավել սրվում է: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. չնայած Արևմուտքի ղեկավարները սա քաջ գիտակցում են, բայց աշխատում են հնարավորինս անտեսել ու անհրաժեշտ չափով չխոստովանել վտանգի մասին: Ինչո՞ւ, նախ, որովհետև խոստովանել նշանակում է ընդունել տասնամյակների, նաև հարյուրամյակների իրենց քաղաքական ֆլիրտը՝ սիրախաղը, որ Արևմուտքը խաղացել է իսլամի կորիզը համարվող Օսմանյան Թուրքիայի հետ: Եվ երկրորդ, այդ խոստովանությունը առավել ոգևորելու է իսլամիստներին:
-Բայց փարիզյան դեպքից անմիջապես հետո իսլամական ահաբեկչության աճող վտանգի մասին մեկը մյուսի հետևից հայտարարեցին ու սեփական քաղաքացիներին զգուշացրին թե՛ ԱՄՆ պետդեպարտամենտը, թե Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի ղեկավարները:
-Չասել այլևս չեն կարող, բայց անգամ այս պարագայում իրենց ասելիքը թերի է, կոնկրետ քայլերն էլ կիսատ-պռատ: Եվ այդ կիսատ-պռատությունը պատճառ կդառնա նրան, որ Ֆրանսիայում կբռնկվի ահաբեկչության երկրորդ ալիքը: Ես նաև կանխատեսում եմ, որ սրանից հետո պանթուրքիզմն է գրոհելու ամբողջ Եվրոպայի վրա: Եվրոպային թվում էր, թե իրեն հաջողվել է Թուրքիան դարձնել քաղաքակիրթ, արևմտամետ պետություն, բայց Էրդողանի նախագահությամբ Թուրքիան վերստին ստանում է իր իսլամական դեմքը: Այսինքն, չափազանց դժվար է փոխել էթնոսի էությունը: Ուրեմն, այդ ալիքը ծավալվելու է ու չնայած պայքարելու են դրա դեմ, չնայած միջոցներ են ծախսելու, բայց ամեն ինչ շատ բարդ է, ի վերջո, հիշենք, Ֆրանսիայում 7 մլն-ից ավելի մահմեդական կա, որի 1,5 միլիոնը թուրքեր են, Գերմանիայում ևս վիճակն ահավոր է: Սրանք Եվրոպայի միջնաբերդ պետություններն են, որոնք դեռ ենթարկվելու են թուրքական էթնոսի գրոհին ու այդ գրոհը կլինի այն ժամանակ, երբ տեղացի թուրքերը Անկարայից կստանան Եվրոպան նեղելու հրահանգ: Այդ ժամանակ միայն Եվրոպան կհիշի հայկական հարցում 20-րդ դարասկզբին իր դրսևորած նյութապաշտական քաղաքականության ու Հայոց ցեղասպանության հարյուրամյա եղելության մասին:
-Այսօր նաև հարկ է հիշեցնել այն փաստը, որ պանիսլամիզմը քրիստոնեության հանդեպ իր ողջ դաժանությամբ առաջին անգամ դրսևորվել է հայ ժողովուրդի դեմ՝ Օսմանյան Թուրքիայի կողմից 1894-1896 թվականներին: Ասել է, թե ավանդույթը շարունակվում է, մեկ տարբերությամբ՝ այս անգամ թիրախը Եվրոպան է:
-Այո: Սուլթան Համիդը, որ ներկայանում էր որպես ռադիկալ իսլամի նահապետ հետապնդում էր Հայաստանն ու հայ ժողովրդին ոչնչացնելու հստակ քաղաքականություն: Եվ այդ քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ դաժանորեն ոչնչացվեց Արևմտյան Հայաստանի հայությունը: Հայության հանդեպ իրականցվող թուրքական ոճրագործությունների դեմ ժամանակին հանդես եկան հայտնի ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսը, Վիկտոր Բերարը, Ժան Ժորեսը, որոնք պաշտպանելով հայության շահերը միաժամանակ խստորեն դատապարտում էին սեփական կառավարություններին հայ ժողովրդի ողբերգության հանդեպ դրսևորվող անտարբերության համար: Այդ տարիներին Ֆրանսիան Օսմանյան Թուրքիայի ջերմ բարեկամն էր, ու լինելով այդպիսին չմիջամտեց, չկամեցավ կանխել հայության դեմ իրականացվող թուրքական ոճրագործությունը: Ավելին` Ֆրանսիայի ԱԳ նախարար Հանոտոն անձամբ Սուլթան Համիդից ստացավ շքանշան հենց այն բանի համար, որ չմիջամտեց թուրք բարբարոսների ջարդերին ու չնպաստեց հայության կոտորածների դադարեցմանը: Եվ այդ շքանշանը առանց ամաչելու կրեց հայատյաց Հանոտոնը: Գուցե այդ շքանշանն այսօր ֆրանսիական որևէ թանգարանում է պահվում: Կոչ կանեմ Ֆրանսիայի հումանիստ ժողովրդին` գտնել այն ու նետեք աղբարկղը:
Ի դեպ, հայերս հայտնի խոսք ունենք` “Ուխտը մի օր էլ քո դռանը կարող է չոքել”:
-Ասել է, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
-Եվ այն այսօր կրկնվում է: Եթե 20-րդ դարասկզբին Եվրոպան այլ մոտեցում ցուցաբերեր Հայաստանի նկատմամբ, եթե Արևմուտքը չհովանավորեր իսլամը, ապա այսօր այլ իրավիճակ կլիներ: Բերեմ մեկ պատմական փաստ. 1920 թվականին հունիսի 1-ին, երբ ԱՄՆ սենատում քննարկվում էր հայկական հարցը, սենատոր Ռոբինսոնը ելույթ ունենալով ասում է՝ լսեք, դուք կարծես չեք ուզում պաշտպանել Հայաստանին և մանդատը մերժելու եք, բայց պետք է հասկանաք, որ ձեր քայլով քրիստոնեությունը ջախջախիչ հարված կստանա Արևելքում: Եվ ստացավ՝ Արևմուտքի դավաճանական կեցվածքի պատճառով: Այսօր Արևմուտքը ունի իրավիճակից դուրս գալու մեկ ուղի, դա ինձ համար շատ պարզ է, ցավոք, արևմտյան ղեկավարները կարծես դեռ չեն գիտակցում:
-Այդ ուղին, անշուշտ, Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու փոխհատուցումն է:
-Իհարկե, Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթությունների՝ իսլամի ու քրիստոնեության բախման դասական օրինակ է: Պանթուրքիզմի գրոհին դիմագրավելու մեկ ճանապարհ կա՝ ահաբեկչության դեմ ուղղված Արևմուտքի քայլերը կլինեն լիարժեք միայն այն դեպքում, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ: Դատարանի առաջ պետք է կանգնի արյունոտ ձեռքերով այդ պետությունը: Հակառակ դեպքում, վստահաբար ասում եմ, թուրքերը երկրորդ անգամ են շրջափակելու Վիեննան, բայց այս անգամ հենց Եվրոպայի ներսից: Միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ է հնարավոր Թուրքիային նստեցնել այնտեղ, որտեղ պետք է, այդ դեպքում ՙմուսուլման եղբայրներն՚ էլ Թուրքիայից գաղտնի օժանդակություն չեն ստանա: Այդպես կվերականգնվի նաև պատմական արդարությունը, որը քաղաքակրթական մեծ արժեք է:
Մինչդեռ այսօր դեռ Արևմտյան ղեկավարները խուսափում են նման քայլերից, խուսափում են խոստովանել իրենց բացթողումները: Եվրոպան այսօր հանդուժում է Հայաստանի շրջափակումը պանիսլամիստական պետության՝ Թուրքիայի կողմից: Վերջինս ոչնչացնում է Արևմտյան Հայաստանի ժառանգությունը, բայց Եվրոպան դարձյալ չի տեսնում, այն դեպքում, երբ իր ճարտարապետության մեջ ներառել է հայկական եկեղեցիների ճարտարապետական մոդելները: Եվրոպան անարդար է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման հարցում ու այստեղ էլ սխալ դիրքորոշում է որդեգրել:
-Անդրադառնանք Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի հրապարակած ծաղրանկարին: Առհասարակ վերջին տարիներին Ֆրանսիայի պատմության դասագրքերում հաճախ են տեղ գտնում պանիսլամիզմը քննադատող ծաղրանկարներ, որից տեղի թուրքերը շոկի մեջ են հատնվում, քանի որ դրանցում պատկերված են պանիսլամիզմի հայր Աբդուլ Համիդի նկարները` ձեռքերն արյունոտ, բերանում` դաշույն, իսկ նկարների տակ կա այսպիսի գրառում.”Նրանք թող իրենց գործին նայեն, ես մի քիչ հայ սպանեմ”: Փաստորեն, Charlie Hebdo-ը իր ծաղրանկարով ոչ թե կրոնն է ծաղրել, այլև երգիծանքի այս ժանրի միջոցով դատապարտել է ահաբեկչությունը և մատնացույց արել իսլամի վտանգը:
-Իհարկե: Եվ ես պետք է ասեմ, որ այս ժանրը Ֆրանսիայում հարյուր տարուց ավելի պատմություն ունի: Նախադեպը դեռ 1896 թվականից է գալիս: Ֆրանսիացի ծաղրանկարիչ Ռիբելի վրձնին է պատկանում ՙԱբդուլ Համիդ. այրունոտ սուլթան՚ հայտնի ծաղրանկարը, որը 1896 թվականին տեղադրվել է ժամանակի ֆրանսիական հայտնի ամսագրերից մեկի` Le Musee De Sires-ի շապիկին: Ծաղրանկարում արյունարբու Համիդը պատկերված է հայ աղջկա կտրված գլխի, հայկական գանգերի ֆոնին: 1896-ին ֆրանսիացի նկարչի կողմից արված այս ծաղրանկարը վերստին ապացուցում է, որ այսօր ևս ոչինչ չի փոխվել` նույն իսլամն է, բայց փոխվել է այն, որ, նախ` պանթուրքիզմի մարդատյացության արդյունքում Արևմտյան Հայաստանում հայ չկա, երկրորդ` անպաշտպան հայության փոխարեն այսօր իսլամը գրոհում է դեպի Եվրոպա` տվյալ դեպքում դեպի Ֆրանսիա:
Ուրեմն, եկել է ժամանակը, որ արևմտյան ղեկավարները հանգեն հստակ հետևության:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












