Գյումրիում կատարված ողբերգական դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Այսօր առավոտյան Գյումրիում տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն. սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները` կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, որդու կինը՝ Արաքսյա Ավետիսյանը և թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը:
Ավետիսյանների ընտանիքից կենդանի է մնացել միայն մի քանի ամսական թոռը՝ Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերել են վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկին վիրահատել են, երեխան գտնվում է ծանր վիճակում: Գյումրիից տեղեկացնում են, որ բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:
Հարևանները կրակոցի ձայն չեն լսել, ժամը 10-ի սահմաններում տանտիրուհու՝ տիկին Հասմիկի քույրն է հայտնաբերել իր հարազատներին գնդակահարված վիճակում:
Հանցագործը փախուստի է դիմել:
Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է, ով այսօր մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանորեն սպանելու դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին ասել է ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք հատուկ ստորաբաժանումների հետ մեկնել են դեպքի վայր:
Գյումրիում հայտարարված է ուժեղացված հսկողություն, քանի որ ենթադրվում է, թե հանցագործը, որը ռուս զինվորական է, զինված է:
Գյումրիից տեղեկացնում են, որ ուժեղացված հսկողություն է սահմանվել քաղաքի դպրոցների, սպասարկման օբյեկտների մոտ, բնակիչներին հորդորում են փողոց դուրս չգալ: Հրահանգվել է փակել Գյումրիից դուրս եկող բոլոր ճանապարհները:
Դեպքի վայրում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին, ՊՆ եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ:












