Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԷՐ ՌԴ-Ի ՀԱՄԱՐ

Հունվար 13, 2015թ. 01:08

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի 6 հոգու սպանության լուրը ցնցել է ոչ միայն հայ հասարակությանը, այլև ամբողջ Ռուսաստանը: Այդ երկրի լրատվամիջոցները չեն դադարում հրապարակումներ անել ողբերգական դեպքի մասին:

ՌԴ պետական և դիվանագիտական մարմինները ևս հանդես են եկել հատուկ հատարարություններով:

Արդեն օրվա կեսին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին է հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նա ցավակցություն է հատնել հայկական կողմին և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Ավելի ուշ ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ցնցված ենք Գյումրիի դաժան ողբերգությունից. սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք մահացածների հարազատներին և մտերիմներին: Այս դաժան հանցագործությունն իրագործողները պետք է արժանանան ամենախիստ պատժի: Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնց նպատակը տեղի ունեցածի օբյեկտիվ և համակողմանի հետաքննությունն է: Քննչական խմբերը համակարգում են իրենց ուժերը՝ Հանրապետության տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանների մասին համաձայնությանը համապատասխան»:

Ցավակցության և զորակցության հայտարարություն է արել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ «ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց նկատմամբ նման բռնությունը: Խոստանում եմ հնարավոր ցանկացած օժանդակություն և աջակցություն ցուցաբերել զոհերի հարազատներին»:

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, ողբերգության պատճառների հետաքննության համար ռուսական ռազմաբազա ՊՆ հանձնաժողով է ուղարկվել՝ նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ:

Իսկ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «Հայ ժողովրդի հետ մենք ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին: Ծանր վիրավոր երեխային շուտափույթ ապաքինում ենք մաղթում»:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն