ՊՆ նախարարը բանակի հրամկազմին նախահարձակ լինելու ազատություն է տվել
Սեյրան Օհանյանը հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն է տվել: Այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ նախարարը հայտարարել է, որ տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման:
Նախարարի խոքսով, նախ, պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավումը, դիտարկման համակարգի կատարելագործումը, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնել, պարապմունքներ անցկացնել բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ պատժել հակառակորդին եւ որոշ դեպքերում նախահարձակ լինել` չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը:
Նախարարն ընդգծել է, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ: Խորհրդակցության վերջում նախարարը պարգեւատրել է մի շարք զինվորականների ու ՏԻՄ ղեկավարների:












