ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայի հայտնի պարբերականներից մեկը` Le Monde-ը, քննադատել է Փարիզում ահաբեկչության դեմ համերաշխության երթին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը:
Քննադատելով այն երեւույթը, որ մամուլի եւ խոսքի ազատությանն իրենց աջակցությունը ցուցաբերելու նպատակով իրականացված երթին մասնակցել են այնպիսի երկրների ներկայացուցիչներ, որտեղ խիստ սահմանափակված է խոսքի եւ մտքի ազատությունը` Le Monde-ը, ի թիվս այլ երկրների, հիշատակել է Թուրքիային:
Ֆրանսիական պարբերականը հիշեցրել է, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած 2014 թվականի զեկույցի համաձայն, Թուրքիան մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 154-րդ հորիզոնականը: Պարբերականը նշել է նաեւ, որ թուրքական պետությունում ընդդիմադիր լրագրողները հայտնվում են ճաղերի հետեւում, գործողություններ են իրականացվում գյուլենականներին պատկանող լրատվամիջոցների դեմ, թեպետ այդ ամենը չի խանգարում, որ երկրի նախագահ Էրդողանը կանգնի եւ հայտարարի, թե «թուրքական մամուլն ամենաազատն է աշխարհում»:












