Գլխավոր » Politics, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան

Պետք է պատասխանատվության կանչվեն Պերմյակովին Հայաստան զորակոչած անձինք

Հունվար 14, 2015թ. 22:08

Հարցազրույց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Հայաստանի անվտանգության երաշխավոր ռուսական բանակի զինվորը
գնդակահարեց հայ ընտանիքի 6 անդամներին, սվինով խոցեց ընտանիքի 6 ամսական երեխային. կատարված ոճրագործությունը ցնցել է հայ հասարակությանն ու տարբեր ընկալումների տեղիք տվել: Որպես զինվորական ձեր գնահատականը:

-Մարդկային տրամաբանության տեսանյունից կատարված ոճրագործությունը որևէ մեկնաբանություն չունի, այդ վիժվածքի կատարածն անբացատրելի է: Մեր առաջ մարդ չի կանգնած…
Ինքս մեծացել եմ զինվորականի ընտանիքում, բնակվել տարբեր կայազորերում: Ու դեռ մանկությանս տարիներից եմ հիշում, հետո նաև, երբ ինքս զինվորական դարձա, անձամբ ականատես եղել զորամասերում կատարվող բազմաթիվ միջադեպերի, ընդորում, դեռ խորհրդային տարիներին: 70-ական թվականներին էր, զինվորը սպանել էր իր հետ ծառայող 12 զինվորականների ու փախուստի դիմել: Նույն տարիներին մեկ այլ դեպք էլ եղավ Էջմիածնի գնդում. խորհրդային զինվորը տանկը քշել էր շտաբի շենքի դիմաց ու այն պայթեցնելու սպառնալիքով պահանջներ ներկայացրել զինվորական ղեկավարությանը: Հայրս, որն այդ ժամանակ որպես զինվորական ծառայում էր Էջմիածնի զորամասում, կարողանում է համոզել զինվորին հրաժարվել իր վտանգավոր մտադրությունից: Ու հաջողվում է կանխել վտանգը:

-Մեկ այլ դեպք ևս հիշեցնեմ, բայց արդեն ոչ թե խորհրդային տարիներից, այլ անկախության. 1999-ին երկու ռուս զիվորներ հաբած վիճակում դարձյալ Գյումրիում սպանել էին երկու հայ քաղաքացիների, վիրավորել 7-ին: Եվ եթե իրականացված սպանությունը ժամանակին ու մինչև վերջ քննվեր, մեղավորներն արժանի պատիժ կրեին գուցե չլինե՞ր այս դեպքը:

-Գիտեք, իրավական առումով չեմ կարող տալ կոնկրետ դեպքի հետ կապված բացատրություն, բայց, այո, նմաս դեպք եղել է: Հիշեցնեմ նաև 91-ին Էջմիածնում կատարվածը. երեխաները վազելով մտնում են զորամաս, ուր ռազմական դրություն էր հաստատված, և հերթապահ զինվորը անակնկալի գալով բռնում է երեխաներից մեկին ու ավտոմատը պահում վրան՝ ակամա քաշելով ձգանը: Բարեբախտաբար, դժբախտ դեպք տեղի չունեցավ: Ինձ հաջողվեց հարթել այդ իրավիճակը: Պահանջեցի քրգործ հարուցել, և սպան ստացավ իր արժանի պատիժը: Գիտեք, այդ լարված ժամանակներին կատարվածն ինչ-որ տեղ հասկացվեց: Նման ցավալի դեպքեր լինում են ոչ միայն մեզանում, այլև տարբեր երկրներում, եթե ուսումնասիրեք աշխարհի բանակային կյանքը՝ կհամոզվեք: Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում գրեթե ամեն տարի նման դեպքեր են տեղի ունենում: Բայց այդ ամենով հանդերձ, Գյումրիում կատարվածը աննախադեպ է: Նման դաժան սպանության մասին ես երբևէ չեմ լսել. գնդակահարել խաղաղ ընտանիքին, անգամ դանակահարել ու փորձել սպանել 6 ամսական փոքրիկին, անբացատրելի քայլ է: Կրկնում եմ, նման երևույթի չեմ հանդիպել լինելով զինվորական: Պատճառը հասկանալու համար խորը քննություն է հարկավոր:

-Վարկածները շատ են, դրանցից մեկն էլ այն է թե, սա քայլ էր ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, թե փորձ է արվում այս ստահակի ձեռքով ատելություն սերմանել երկու ժողովուրդների միջև:

-Դեպքն այնքան արտառոց է, որ թույլ է տալիս մարդկան տարբեր վարկածներ շրջանառել: Բացի այդ, իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կարող են օգտվելով այս ցավալի իրավիճակից և շեշտարումը տանել հայ-ռուսական հարաբերությունների դաշտ՝ սեպ խրելու, հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակով: Բայց դա սխալ քայլ է, կատարվածը ամենևին պետք չէ կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ, այն քրեական հանցագործություն է: 13 ժամվա ընթացքում ռուս սահմանապահները հայտնաբերեցին վիժվածքին, իսկ մեկ օրում, այն էլ ձմռանը հայտնաբերելը՝ հեշտ գործ չէ: Ե՛վ այս օպերատիվությունը, և՛ ռուսական կողմից ամենաբարձր մակարդակներից հնչող հայտարարությունները, որ խստագույնս կպատժվի այդ զինվորը, փաստում են այն մասին, որ Ռուսաստանը լիովին գիտակցում է դեպքի լրջությունը: Կապի մեջ են երկու երկրների դատախազները, ԱԳ նախարարները, պաշտպանության նախարարները:
Այսօր Հայաստանում է գտնվում Գյուրիում տեղակայված ռուսական բազայի նախկին հրամանատարը , ով ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է, և ինքն էլ ղեկավարում է ծառայողական քննությունը: Ասելիքս այն է, որ Ռուսաստանի պաշտոնյաները լրջորեն անհանգստացած են կատարվածով:

-Կան բազմաթիվ անպատասխան հարցեր. կասկածի տեղիք չի՞ տալիս նրա փախուստը դեպի հայ-թուրքական սահման. դժվար չէ կռահել նպատակը՝ հատել սահմանն ու անցնել Թուրքիա: Ինչու չշտապեց դեպի հայ-վրացական սահման, այլ հենց հայ-թուրքական: Վարկածներից մեկն էլ այս է՝ կատարվածի հետքերը գուցե Թուրքիա՞ են տանում:

-Չեմ կարծում, ճիշտն ասած, ես սա այնքան էլ տրամաբանական վարկած չեմ համարում: Գիտեք, հանցագործները սովորաբար մտածում են որտե՞ղ և ինչպե՞ս թաքնվել, ի՞նչ տեղ գտնեն հարմար պաշտպանության համար: Այս դեպքում, թերևս այս վիժվածքն էլ է մտածել, որ այդպիսի երկիր կարող է լինել Թուրքիան, որտեղ ինքը կարող է որևէ շանս ունենալ թաքնվելու: Բայց կարծել, թե այս սպանությունը հրահրված է Թուրքիայի կողմից՝ քիչ հավանական եմ համարում:

Իսկ որքանո՞վ է տրամաբանական, որ հանցագործը հանցանքի վայրում թողնում է այնպիսի հետքեր, ինչպիսիք են սեփական համազգեստը, կոշիկները, որի վրա գրված է իր ազգանունը: Անգամ կարծիքներ հնչեցին՝ գուցե ռուս զինվորին գողացե՞լ են ինչ-որ անհայտ անձինք և պարտադրել գնալ նման ոճրագործությա՞ն:

-Չէ, սա այդ դեպքը չէ: Իհարկե, քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը, բայց ես հետևելով նրա գործողություններին, նաև նրա տված նախնական ցուցմունքներին համոզվում եմ մեկ բանում, որ այս տականքը նորմալ մարդ չէ: Հակված եմ կարծելու, որ մենք գործ ունենք աննորմալի հետ: Կրկնում եմ, դա են վկայում նրա արած գործողությունները:

-Այդ դեպքում, հարց է առաջանում, ի՞նչ իրավունքով է այս աննորմալ անձը զորակոչվել բանակ, առավել ևս՝ Հայաստան: Ի դեպ, ըստ ռուսական լրատվամիջոցների, մարդասպան Պերմյակովը ՌԴ Չիտայի մարզից է ու մինչ Գյումրի տեղափոխվելը , 6 ամիս ծառայել է Չիտայում, ուր եղել է իրավապահների հսկողության տակ, քանի որ եղբայրը դատապարտված է սպանության մեղադրանքով: Բացի այդ, այս ստահակը իր վեցամսյա ծառայության ընթացքում ևս փոխուստի փորձեր է արել:

-Այ, սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ եթե հաստատվի լրատվամիջոցների տարածած այս տեղեկատվությունը, որ նա Չիտայում ևս փախուստի դիմելու փորձ է կատարել, ապա նրա Հայաստան ուղարկելու հարցը խստորեն կդրվի քննարկման: Պետք է պատասխանատվության կանչվեն այն անձինք, ովքեր որոշում են կայացրել Պերմյակովին ծառայության զորակոչել բանակ, առավել ևս Հայաստան: Եվ ձեր հարցադրումը շատ ճիշտ է՝ ի՞նչ իրավունքով են նման վարքագիծ դրսևորած մարդուն այստեղ ուղարկել: Ի դեպ, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան համարվում է առաջատարներից մեկը, ուր զորակոչվում են լավագույն զինվորականները, հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ է նշանակում Պերմյակովի նմանին այստեղ ուղարկելը: Ծառայողական քննությունն անպայմանորեն իր մեջ կներառի նաև այս հարցի ուսումնասիրությունը:Ես, արդեն իսկ տեղյակ եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Համոզված եմ, հստակեցնելուց հետո պատասխանատվության կկանչվեն նրան Հայաստան ուղարկողները:

-Պարոն Հարությունյան, իսկ ինչպե՞ս է զորակոչիկը կարողացել այդքան հեշտությամբ, այդ ժամին, այն էլ զենքը ուսած՝ դուրս գալ զորամասից: Սա չի՞ փաստում կարգապահական առումով զորանոցի ներսում առկա անվերահսկելի իրավիճակի մասին:

-Նախ, ասեմ, որ անձամբ ճանաչում եմ ռազմաբազայի հրամանատարին, նա գրագետ, շատ լավ մարդ է, հրաշալի սպա ու ղեկավար: Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ապա զորամասում գտնվող զինվորի ձեռքին զենք չի լինում, զենքը գտնվում է փակի տակ է, սահմանված է հերթապահություն: Բայց նա, այո, Գյումրի է մտել ծառայողական զենքով: Հարցերը, իրոք շատ են, բազմաթիվ են նրա կողմից որպես զինվորի կատարած խախտումները: Զորամասը լքել է առավոտյան 6:05-ին, նրա բացակայությունը նկատելով ռազմաբազայի հրամանատարությունն այդ մասին տեղեկացրել է ներքին օրգաններին:

-Կարծում եք, ժամանակի՞ն են տեղեկացրել:

-Կարծում եմ՝ այո: Ինձ ասացին, որ Ավետիսյանների տունը գտնվում է ռազմաբազայից 800 մետր հեռավորության վրա: Ըստ իս, սպանությունը իրականացրել է 6:30-ից- 7:00-ի սահմաններում, այսինքն, զորամասը լքելուց կես ժամ, կամ 40 րոպե անց: Հարևանները չնայած լսել են կրակոցներ, բայց կարծել են, թե Նոր տարվա առիթով հնչող հրաձգություններ են… Չեմ ուզում մտնել ենթադրությունների դաշտ, մանավանդ որ շատ հարցեր դեռ պարզված չեն: Բայց այս պահին եղած փաստերը, ըստ իս, առավել տրամաբանական են դարձնում երկու վարկածների իսկությունը. առաջին, Պերմյակովի փորձել է փախչել զորամասից, ու ինչպես ինքն է ներկայացնում՝ մտել է այդ բնակարան քաղաքացիական հագուստ վերցնելու համար, և կրակել է, դարձյալ ըստ իր ցուցմունքի՝ հետքերը թաքցնելու նպատակով:

-Իսկ 6 ամսական փոքրիկը ինչո՞վ էր նպաստելու նրա հետքերի բացահայտմանը:

-Դժվար է հասկանալ այդ ստահակի տրամաբանությունը, թերևս սվինահարելով փորձել է լռեցնել փոքրիկին՝ վախենալով աղմուկից: Երկրորդ վարկածն այս է, որ նա Ավետիսյանների բնակարան է եկել հատուկ նպատակադրմամբ՝ սպանելու այդ ընտանիքին: Ինչևէ, սպասենք նախաքննությանը: Ես համոզված եմ, որ և՛ հայկական, և ռուսական կողմը ամեն ինչ կանեն կատարված սպանության ամբողջական բացահայտման ուղղությամբ:

-Իսկ այսօր հայ հանրության պահանջը հետևյալն է՝ հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվողը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, դատավարությունը պե՛տք է ընթանա Հայաստանում: Սա նաև շատ կարևոր քայլ է վստահության առումով: Ու պետք է, որ դրանում շահագրգիռ լինի հենց Ռուսաստանը, որպեսզի կատարված ոճրագործությունը հակառուսական տրամադրությունների արտահայտման պատճառ չդառնա: Սակայն մեր այս պահանջի առաջ դրվում է ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետը, թե հանցագործության կատարման մեջ կասկածվող ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:

-Ի դեպ ասեմ, որ ԱՄՆ օրենսդրությամբ ևս արգելված է սեփական զինվորի հանձնումը այլ պետության, անկախ նրանից թե ի՞նչ հանցանք է կատարել այդ զինվորը՝ դատավարությունը իրականացվում է ԱՄՆ-ում:
Դառնալով Գյումրիի դեպքին ասեմ, որ մարդասպանը կատարել է երկու հանցագործություն. լքել է զորամասը և սպանել 6 մարդու: Սա նշանակում է, որ երկու ուղղությամբ է ընթանալու հետաքննությունը: Զորամասը լքելու հարցն առնչվում է Ռուսաստանին ու ռուսական ռազմաբազային, և նրանց կողմից կքննվի: Մինչդեռ սպանությունը տեղի է ունեցել ռազմաբազայից դուրս, Հայաստանի տարածքում, հետևաբար, պետք է գտնվի ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում:
Եվ ես կարծում եմ, երկու կողմերը անպայմանորեն կգտնեն օպտիմալ լուծում, քանի որ գործի բացահայտման հարցում կա երկկողյա մեծ շահագրգռվածություն: Կարող է ստեղծվել համատեղ քննչական խումբ, որն էլ ամբողջականորեն կուսումնասիրի հանցագործությունը:

Իսկ ընդհանրապես, ինձ համար ամենակարևորն այն է, որ քննությունը իրականացվի արդար և հանցագործը ստանա իր արժանի՝ խստագույն պատիժը: Իսկ թե դրան կհասնեն ռուսական կամ հայկական իրավապահները առանձին-առանձին, թե միասնաբար, սա այլևս երկրորդական խնդիր է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Զինված ուժեր, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն