Բագրատյանը կա’մ տգետ է, կա’մ միտումնավոր է աղավաղում իրականությունը
Նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը օրերս քննարկման առարկա է դարձել ինչպես սոցիալական ցանցում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում
Հիշեցնենք այդ գրառման բովանդակությունը՝ «Ճրագալույցի պատարագն է: Հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում: Անուրանալի: Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգեւորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով: Չի կարելի պատմությունը կեղծել: Օրինակ, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենեն է: Գոնե մի անգամ թերթեք հանրագիտարանները: Մենք մեզ գովելով չենք էլ նկատում, որ այսօր աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք…»:
Ինչպես պարզաբանում են մասնագետները՝ Հրանտ Բագրատյանի դատողությունները առաջին քրիստոնեական պետության մասին իրականությանը չեն համապատասխանում, սիրողական են ու ապազգային. նա կա՛մ իր տնտեսագիտական կրթությամբ չի կարողացել խորամուխ լինել պատմության էջերի մեջ ու ճիշտ վերլուծություններ կատարել, կա՛մ դիտավորյալ աղավաղել է փաստերը:
Պատմաբան ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ պատգամավորի դատողությունը պոպուլիստական է համարում, որն ինքը չի կարող լուրջ ընդունել: «Նախ՝ Հայաստանը հնագույն ժողովուրդներից մեկն է եւ աշխարհի քաղաքակրթության ու զարգացման մեջ մեծ ներդրում ունի: Համաձայն չեմ, թե մենք հետամնաց ենք: Հետո՝ Հրանտ Բագրատյանի ներկայացրած փաստերը ստույգ չեն ու շատ թերի են, ուստի չեն կարող որեւէ պնդման համար հիմք լինել»,- ասում է պատմաբանը:
Նա ցավով է նշում, որ հատկապես Հայաստանի անկախության 20 տարիներին պատմական սխալ բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել հայ հեղինակների կողմից, եւ դրանք հիմնականում օտարալեզու գրքեր են: Այնպես որ Բագրատյանը միակը չէ, որ անպատասխանատու հայտարարություններով փորձում է ջուր լցնել մեր հակառակորդների ջրաղացին: Մասնավորապես Թուրքիայի ու Ադրբեջանի, որոնք ջանք չեն խնայում ոչնչացնելու, աղավաղելու եւ ստորացնելու հայոց պատմությունը:
«Այսպիսի հրապարակումները շատ վտանգավոր են մեր պետության, ժողովրդի, մեր ինքնության համար: Եվ եթե մեր թշնամին ցանկանա որեւէ փաստ կեղծել ու ներկայացնել աշխարհին, դա նրան հեշտությամբ կհաջողվի, եթե հղում կատարի մեր հեղինակների վերաձեւումներին: Այս ամենի նկատմամբ պետք է պետական վերահսկողություն սահմանել: Այլապես այսօրվա մշակութային ու գիտական բարձիթողի վիճակում ով ինչ ուզում է՝ գրում է ու հրապարակում, անգամ այնպիսի բաներ, որոնք ոչ միայն հակագիտական են, այլեւ շատ վտանգավոր մեզ համար»,- գտնում է մեր զրուցակիցը:
Ինչպես նշում է Արգամ Այվազյանը՝ միայն անհատները չեն, որ աշխուժորեն լծվել են մեր պատմությունը վերանայելու գործին: Նրանց կողքին անխոնջ աշխատում են նաեւ գրանտակեր հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը «Ճանաչենք հայկական հուշարձանները» հասարակական կազմակերպությունն է, որը ժամանակին լծվել էր մեր պատմական հուշարձանների մոտակայքում տեղեկատվական վահանակներ տեղադրելու գործին: Այդ վահանակների վրա ՀԿ-ն ահռելի հակահայկական, հակագիտական փաստեր է ներկայացնում:
Օրինակ, Հաղպատի վանքի մասին հնգալեզու տեղեկատվության մեջ, ներկայացնելով Սայաթ-Նովային, նշել են, թե իբր նա վրաց թագավորի պալատում աշխատել է որպես դիվանագետ եւ Անդրկովկասի երեք թագավորությունների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրեր է կնքել:
Դա դեռ քիչ է՝ Ադրբեջանի կողքը փակագծերում նշված է, թե այն պատմական Աղվանքն է: Դա այն դեպքում, երբ բոլորին փաստում ենք, աղաղակում, թե Ադրբեջան հասկացությունը 1918թ. է ձեւավորվել: Բարեբախտաբար մի շարք պատմաբանների ջանքերով այդ տեղեկատվությունը հանվեց: Բայց դա ընդամենը կաթիլ է ծովում, քանի որ նման պատմական խեղաթյուրումները բազմաթիվ են:
Հանրահայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես, ձեռք ձեռքի տված մեր հասարակական կազմակերպությունների հետ, փորձում է համաշխարհային պատմությունից վերացնել հայոց պատմություն հասկացությունը:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Հաղպատ եւ Սանահին վանքերի մասին այդ կազմակերպության հրապարակած տեղեկատվության մեջ գրված է, թե այդ վանքերը բյուզանդական են, դրանց ճարտարապետական ավանդույթները վերցված են բյուզանդական եւ կովկասյան ճարտարապետությունից: Հայ ճարտարապետության մասին որեւէ տող չկա: Այս տեղեկությունը հրապարակված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետությունների լեզուներով, եւ կարելի է ասել, որ հասանելի է աշխարհով մեկ: Տարիներ անց մենք ինչպե՞ս կարող ենք ապացուցել դրանց հայկական ծագման մասին, երբ ամբողջ աշխարհը դրանք կսկսի ընկալել որպես բյուզանդական ժառանգություն:
Նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Իսկ դա նշանակում է, որ ինֆորմացիոն պարտություն է կրում Հայաստանը, ինչն աններելի է»,- մտահոգվում է Արգամ Այվազյանը:
Մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ Հրանտ Բագրատյանի պնդումները իրականությունից հեռու է համարում. «Փաստերով ապացուցված է, որ Հայաստանն առաջին պետությունն է, որը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Այնպես որ դա անհերքելի է: Ինչ վերաբերում է Օսրոենեին, ապա այնտեղ էլ քրիստոնեության մուտք գործելը կապվում է հայոց Աբգար թագավորի հետ, բայց այդ ժամանակ քրիստոնեությունը պետականորեն չի ճանաչվել»:
Բացի դրանից, գիտնականը խորհուրդ է տալիս հանրագիտարանների տվյալների վրա հիմնվելով՝ պնդումներ չանել, մանավանդ որ հանրագիտական տեղեկությունները գիտականորեն վերանայելու կարիք ունեն, եւ հետո՝ դրանք չափազանց համառոտ տեղեկություն են պարունակում: Իսկ այն, ինչ գրառել է Հրանտ Բագրատյանը, հիմնավոր փաստերի ու ապացույցների կարիք ունի, ինչը հանրագիտարանը չի կարող ապահովել:
«Մեր երկրի չարիքներից մեկն այն է, որ մարդիկ իրենց գործով չեն զբաղվում. կոշկակարը խոսում է հաց թխելու մասին, հացթուխը խոսում է ֆիզիկայից: Ամեն մարդ պետք է իր գործով, իր մասնագիտությամբ զբաղվի»,- ասում է գիտնականը:
Աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ կարծում է, որ Հրանտ Բագրատյանի դատողությունը գիտական հիմնավորումներ չունի: Միայն այն փաստը, որ քրիստոնեության մասին հայկական աղբյուրներն առավել ամբողջական ու հավաստի տեղեկություններ են հաղորդում, վկայում է, որ մենք գալիս ենք քրիստոնեության ծագումնաբանության հիմքերից: Ոչ մի ուրիշ պետություն այդ հարցում չի կարող մրցակցել մեզ հետ. «Այսօր կաթոլիկ եղեկեցու խոշորագույն մասնագետներն ասում են, որ Հիսուսի եւ նրան հաջորդած ժամանակներից եկած ծիսակարգերը միայն հայկական եկեղեցում են պահպանվել: Իսկ աստվածաշնչյան շատ տեղեկություններ միայն հայկական ավետարաններում կարելի է գտնել:
Օրինակ, Աստվածաշնչի հայերեն տարբերակում պահպանվել են մանուկ Հիսուսին այցելած բոլոր քրմերի անունները, ինչը չկա մյուս աղբյուրներում: Սրանք անհերքելի փաստեր են, որպեսզի ասենք, որ մենք կանգնած ենք քրիստոնեության ակունքներում»:
Վարդան Խաչատրյանը բագրատյանական հրապարակումները վտանգավոր է համարում այն նկատառումով, որ դրանք բազմապատկվելով եւ շրջաբերվելով համացանցում՝ ճշմարտանման տեղեկության են վերածվում: Իսկ ճշմարտանման կեղծիքը վտանգավոր է, այն դժվար է բացահայտել եւ կարող է ազդել սերունդների մտածողության վրա, վերաձեւել նրանց մտածողությունը: Այդ դեպքում սերունդը կարող է անգամ իր պատմության դեմ գնալ:
Այդպես ժամանակին ֆրանսիական հեղափոխության կազմակերպիչները երիտասարդների վերաբերմունքը փոխեցին Ֆրանսիայի արքաների նկատմամբ՝ հեղինակազրկելով նրանց: Հետեւանքը եղան արյան լճերը: Աստվածաբանը կարծում է, որ ոչ մի զեղծարարություն անհետեւանք չի մնում, եւ տեղեկատվական աղավաղումները մեզ համար նույնպես կարող են ռիսկային լինել:
«Եթե կոշկակարի ձեռքը նշտար տան ու ասեն, որ կույր աղիք վիրահատի, նա չի համաձայնի, քանի որ կվախենա հիվանդի կյանքի համար: Այդպիսի պատասխանատվությամբ էլ մենք պետք է վերաբերվենք հասարակական գիտակցությանը, քանի որ ամեն հրապարակավ հնչած դատողություն, պնդում կարող է նշտարի ազդեցություն ունենալ, մանավանդ եթե դա անում է ոչ մասնագետը»,- համոզված է աստվածաբանը:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












