ՀՀ գլխավոր դատախազ. Փորձաքննությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
Վալերի Պերմյակովին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 6 անձի սպանության և մեկ անձի՝ մանկահասակ երեխայի, սպանության փորձի համար: Այս երկու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Այս մասին Գյումրիում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը՝ գնդակներ, պարկուճներ, կոշիկներ, գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավապահների իրավազորության ներքո: Այսօր արդեն հարցաքննություն կանցկացվի ու մեղադրանք կառաջադրվի»,-նշեց Գլխավոր դատախազը:
Ինչ վերաբերվում է հանցագործին անմեղսունակ ճանաչելու մասին վարկածին, Կոստանյանը նշեց, որ նման դատողությունները ենթադրում են բազմաթիվ, բազմատեսակ փորձաքննությունների նշանակում և անցկացում:
«Փորձաքննությունները նշանակվելու են Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի Հանրապետության քրեական գործով՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի կողմից: Փորձաքննությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի փորձագիտական կենտրոններում: Մենք հնարավորություն կունենաք դա էլ գնահատելու»,-նշեց Գ.Կոստանյանը:
Այնուհետ, Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին դիմելով նա հայտարարել է. «Ամենակարևոր հարցը, որ նախորդ հանդիպմանը այստեղ հնչեց, հետևյալն էր. արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, որպեսզի ՌԴ հարուցված քրեական գործը և անձը (անձինք) ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ։ Սա չէ՞ր պահանջը։ Ես հիմա որպես գլխավոր դատախազ և հայ տղամարդ հայտարարում եմ, որ 100%-ով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազությանը և իրավապահ մարմիններին՝ այս պահանջով»:
Ցուցարարների հարցին, եթե մերժում ստանաք, ի՞նչ եք անելու, Գ. Կոստանյանը պատասխանեց։ «Երբ մերժում կստանանք, նոր կքննարկենք հետագա քայլերը իրար հետ։ Բայց առայժմ համբերեք։ Արդեն պայմանավորվեցինք՝ իմ դիմելու հետ կապված։ Մեր քննիչները դուրս կգան, մնացած քայլերը կտեսնեք։ Բայց որ ես դիմելու եմ՝ դա միանշանակ… Տեսնենք առաջին քայլի արդյունքը, նոր քննարկենք։ Ես հիմա չեմ կարող որևէ քայլ ենթադրության հիման վրա ասել»։












