Փոքրիկ Սերյոժային սկսել են կերակրել զոնդի օգնությամբ
Գյումրիի ոճրագործությունից տուժած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում կան աննշան դրական փոփոխություններ և մոտակա 2-3 օրվա ընթացքում երեխան դեռևս լինելու է արհեստական շնչառության ապարատի ներքո: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ կտրող ծակող վերքերով, որոնցից մեկը ներթափանցում է որովայնի խոռոչ: Երեխան ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բազմագործոն օրգանների անբավարարությունից երեխային հաջողվել է հանել: Ուշադրության կենտրոնում է ուղեղի հյուսվածքի տուժած հատվածը»,- ասաց նախարարը:
Ա.Մուրադյանը միաժամանակ նշեց, որ այս պահին դրական միտում է, որ երեխային սկսել են կերակրել զոնդով: Նախարարը վստահեցրեց, որ երեխան ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներ, պարագաներով, դեղորայքով և գտնվում է առաջատար մասնագետների ուշադրության կենտրոնում:












