Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Գլխավոր դատախազն անելու է ամեն ինչ՝ հնարավորն ու դեռ անհնարինը
«Գլխավոր դատախազն անելու է ամեն ինչ՝ հնարավոր և դեռևս անհնարին, որպեսզի կատարվեն մեր պահանջները: Ուղղակի պետք է որոշակի ժամանակահատված, գլխավոր դատախազն ինձ հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ: Ես խաբելու ոչ մի տրամադրություն չունեմ, խաբվելու ցանկություն չունեմ: Միակ մարդը որ այդ երաշխիքը կարող է տալ, դա գլխավոր դատախազն է»,-հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` Գյումրիի դատախազության շենքի առջև հավաքված ժողովրդին:
«Ձեր հարցերի պատասխանների հետ կապված, սպառիչ կասեմ ամեն ինչ: Արդյոք դիմելու եմ ՌԴ իրավապահ մարմիններին և գլխավոր դատախազին , որպեսզի ՌԴ իրավազորության տակ գտնվող անձին հանձնեն մեր իրավազորության տակ: Ես միանշանակ այս պահանջով դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազությանը»,- հայտարարեց ՀՀ գկխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հավաքված ժողովուրդը, սակայն, դժգոհեց՝ նշելով, որ դատախազն ինքը պետք է վաղուց այդ քայլին դիմեր:
«Երբ մերժում կստանանք, այն ժամանակ միասին կքննարկենք հետո ինչ անել: Հիմա քննիչները զորամասում են, իրենց գործողությունները վերջացնեն, մեր քայլերը կտեսնեք: Ես տղամարդու պես խոստացա, որ ամեն ինչ կանեմ: Տեսնենք առաջին քայլի արդյունքն ինչ է լինում, որպեսզի իմանանք, թե հետո ինչ ենք անելու:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազը կդիմի միջնորդության, սակայն հաջողություն ունենալու համար անհրաժեշտ են գործադիր իշխանության աջակցությունը, ինչպես նաև քաղաքական մարմնի՝ ԱԺ գործողությունները:
«Մենք պետք է իշխանության բոլոր ճյուղերն աշխատեցնենք: Իշխանության մյուս ճյուղերն անտեսում են մեզ: Հիմա կփորձեմ զանգահարել ԱԺ նախագահին և ՀՀ վարչապետին»,- հայտարարեց նա: Փոստանջյանը նշեց, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր լծակները:












