Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ ԵՏՄ անդամ Հայաստանը գտնվի պատերազմական վիճակում
Հարցազրույցը Պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
–Պարոն Հարությունյան, ինչո՞վ կբացատրեք հակառակորդի այսօրինակ ակտիվացումը. հունվարի սկզբից չեն դադարում կրարկողները հայ-ադրբեջանական սահմանին, օրերս հերթական դիվերսիոն հարձակումը տեղի ունեցավ: Ադրբեջանն ստացել է պատերազմը վերսկսելու քաղաքական պատվե՞ր:
-Ադրբեջանի վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների հարթության մեջ: Սրվել է հակամարտությունը Արևմուտքի և Արևելքի միջև և Ադրբեջանը փորձում է օգտտվել այդ լարվածությունից: Ադրբեջանի աշխուժացմանը նպաստում է նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի թուլացումը: Ասացիք քաղաքական պատվերի մասին, այո, կան երկրներ, որոնց ձեռնտու է հայ-ադրբեջանական լարվածությունը: Կարծում եմ, նման քաղաքական պատվեր տրվել է հենց Թուրքիայի կողմից, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այդ լարվածությունն իրոք ձեռնտու է վերջինիս՝ հայության ու աշխարհի ուշադրությունը շեղելու 100-ամյա տարելիցի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներից, ծրագրերից: Եվ վերջապես, հայ-ադրբեջանական լարվածությունը ձեռնտու է Արևմուտքին, չէ՞ որ դա ևս նպաստում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում, խափանում ռուսական նոր ծրագրերի իրականացումը: Այսպիսով, ձեռնտու է այն ուժերին, որոնք դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման գործընթացին, և նրանց, որոնք կողմ են ԵԱՏՄ կայացման գործընթացի ձախողմանը:
-Սակայն կա նաև հակառակ պնդումը, թե Ադրբեջանի ակտիվացումը հրահրվում է Մոսկվայի կողմից: Որքանո՞վ է սա տրամաբանական, արդյոք, լարվածությունը Հարավային Կովկասում բխո՞ւմ է տարբեր ճակատներով պայքարող Ռուսաստանի համար:
-Ծիծաղելի է այդ պնդումը, այն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Նման մտքեր շրջանառողները կա՜մ լավ չեն պատկերացնում տարածաշրջանային գործընթացները, կա՜մ չեն գիտակցում պետությունների շահերը, կա՜մ էլ գտնվում են ինչ-ինչ ազդեցությունների տակ և իրականացնում հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու պատվեր: Ի դեպ, նման մտքերի շրջանառումը առաջին հերթին չի բխում Հայաստանի շահերից: Այն, որ արևմտյան ճնշումների տակ գտնվող Ռուսաստանին ձեռք չի տալիս մի նոր ճակատի բացումը՝ պարզ աքսիոմա է: Ռուսաստանի ռազմական դոկտրինայում ևս գրված է, որ ՌԴ համար լուրջ սպառնալիք է իր սահմանների մոտ հակամարտությունների առկայությունն ու սրումը: Իսկ Հարավային Կովկասը նրա կարևոր դարպասն է: Հիշեցնեմ ևս մեկ փաստը. 1994-ին ոչ թե Եվրոպայի կամ ԱՄՆ-ի, այլ հենց Ռուսաստանի միանձնյա ջանքերով հնարավոր եղավ խաղաղություն հաստատել Ղարաբաղում, Աբխազիայում և Օսեթիայում: Այսօր ևս ոչինչ չի փոխվել: Ավելին, Ռուսաստանի համար չի կարող ձեռնտու լինել, որ ԵՏՄ անդամ պետությունը՝ Հայաստանը, գտնվի պատերազմական վիճակում:
-Հաճախ է ակնարկվում Ադրբեջանի նոր ռազմավարության մասին. ո՞րն է այդ նորը, սրելով իրավիճակը սահմանին ի՞նչ նոր նպատակներ է հետապնդում այդ երկիրը:
-Իրականում ոչինչ էլ չի փոխվել, Ադրբեջանի ռազմավարությունը մնում է նույնը: Փոփոխություն ասվածը թերևս կապված է մեկ այլ հանգամանքի հետ՝ նավթի գնի անկման: Թե ինչ է նավթը Ադրբեջանի համար պետք է նայել նրա բյուջեն, որի 90 տոկոսը ձևավորվում է ի հաշիվ նավթային եկամուտների: Մյուս կողմից, 2010-ից նվազել է նավթի արտահանումը, 20 տարի անց կսպառվեն Ադրբեջանի նավթային պաշարները և այդ երկրի իշխանությունները հասկանում են, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում: Հետևաբար շտապում են հնարավորինս արագ հասնել ղարաբաղան խնդրի՝ իրենց համար ցանկալի լուծմանը: Իսկ դրա համար պետք է իրավիճակը լարել սահմանին, այդ կերպ ճնշում գործադրել Հայաստանի, Ղարաբաղի վրա՝ գնալ զիջումների: Այս լարվածությունը նաև ազդանշան է ուղղված միջազգային հանրությանը՝ արագացրեք լուծումը, թե չէ կսկսվի պատերազմը:
-Մշտապես ասվել է, երբ ավարտվեն Ադրբեջանի նավթային պաշարները պատերազմը կվերսկսվի. այսօր այդ իրողության առաջ ե՞նք կանգնած:
-Ոչ, բացառում եմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը: Պպատերազմ կսկսվի մեկ դեպքում, երբ հայկական կողմը չկարողանա ապահովել ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Ադրբեջանը և՜ այսօր, և; վաղը ի վիճակի չէ սկսել լայնածավալ պատերազմ, վստահ չէ, որ կհասնի հաղթանակի: Եվ դա նրան ապացուցել է մեր բանակը:
Դեռ հակամարտության սկզբից Ադրբեջանը սխալ է գնահատում իրավիճակը. ինչպես այն ժամանակ, նաև այսօր նրա հույսը նավթադոլարներն են ու Հայաստանի տնտեսական թուլացումը: Դրա համար լարելով իրավիճակը ամեն ինչ անում է մեզանում վախի մթնոլորտ հաստատելու, Հայաստանն ու Ղարաբաղը կազմալուծելու համար: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ իրենց հաշվարկները սխալ են, քանի որ իրենց ցանկությունները ներկայացնում են իբրև իրողություն ու կանգնում փաստի առաջ:
-Սահմանային կրակոցներն առավել հաճախակիացան, երբ ուժի մեջ մտավ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցման պայմանագիրրը: Ի՞նչ է ուզում նման միջադեպերով ապացուցել ագրեսոր հարևանը:
– Սահմանային լարվածությունն անմիջականորեն չէի պայմանավորի ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակացմամբ, քանի որ հակառակորդը տարբեր ժամանակներում նման իրավիճակներ է ստեղծել: Բայց մյուս կողմից նաև չեմ բացառում այդ հանգամանքը: Ադրբեջանը թերևս ուզում է ցույց տալ, թե անկախ նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դա չի կաշկանդում իրեն և ինքը չի նահանջի իր ռազմավարությունից: Նման պահվածքով Ադրբեջանն ի ցույց է դնում իր ներքին մտավախությունը, քանի որ շատ լավ գիտակցում է, որ անդամակցումը ԵԱՏՄ-ին բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը: Ու վաղ, թե ուշ պարտադրված են լինելու հաշվի նստել այդ գործոնի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում նախարար Սեյրան Օհանյանի կայացրած որոշումը, համաձայն որի՝ լոկալ զորամիավորումների հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի:
-Շատ ճիշտ որոշում է կայացվել: Նախկինում նախարարը բազմիցս է ասել, որ մենք հակառակորդի բոլոր կրակոցներին չէ, որ արձագանքում ենք: Բայց այսօր իրավիճակ է փոխվել, Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարության նպատակն է մեծացնել լարվածությունը և ՀՀ նախարարի կայացրած որոշումը համարժեք է այս իրավիճակին: Այն թույլ կտա հրամանատարներին տեղում որոշում ընդունել և օպերատիվ արձագանքել հակառակորդի ոտնձգություններին: Հստակ կսահմանվեն, թե ո՞ր դեպքում, ի՞նչ գործողություններ կարող են իրականացնել մեր հրամանատարները: Ադրբեջանական բանակն այս հրամանի իրականացումն անպայման կզգա իր մաշկի վրա, ու կհասկանա, որ իր համար սկսվում է մի նոր փուլ:
–Որքանո՞վ է ճիշտ շարունակել բանակցային գործընթացը այդ ագրեսոր երկրի հետ: Այս առումով, ի՞նչ կարծիքի եք բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին:
-Ճիշտ քայլ չեմ համարում, ինչո՞ւ դուրս գալ, երբ բանակցություններում այսօր մենք դիվանագիտական, տակտիկական հաղթանակ ենք տանում: Հաղթանակ չէ՞ այն, որ միջնորդների առաջարկությունները մերժող կողմը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանը: Սա խոսում է այն մասին, որ բանակցություններն ի շահ մեզ են ընթանում: Ի դեպ, սահմանին միջադեպերի ակտիվացումը ևս դրա հետ է կապված, Ադրբեջանը հասկանում է, որ պարտվում է բանակցային դաշտում ու փորձում կրակոցներով ճնշում գործադրել համանախագահողների վրա: Այս փուլում մենք մեկ խնդիր ունենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, դա միանշանակ է, և գործընթացը դրան է տանում:
-Հայտնի է, որ Մինսկի խմբի ձևաչափի վերացումը ձեռնտու է Բաքվին, նաև Անկարային, վերջինս հույս ունի հնարավոր նոր ձևաչափում ակտիվ դեր ստանձնել: Սակայն, որքանո՞վ է Մինսկի խմբի վերացումը ձեռնտու հիմնական խաղացողներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային:
-Նախ, Ադրբեջանը հասկացել է, որ Մինսկի խմբի ձևաչափում ինքը չի կարող հասնել ադրբեջանանպաստ լուծման, հետևաբար, ձևաչափի փոփոխումը ձեռնտու է նախ իրեն: Ճիշտ նկատեցիք՝ ձեռնտու է նաև Թուրքիային: Ահա ինչու նպատակ ունեն փոխել հարթակը՝ խնդիրը տեղափոխելով ՄԱԿ, ուր բոլոր պետությունները, ունենալով տարածքային ամբողջականության խնդիր, հիմնականում կողմ են այդ սկզբունքին: Ինչ վերաբերում է հիմնական խաղացողներին, նրանք կողմնակից չեն ձևաչափի փոփոխմանը, որովհետև Ռուսաստանն ու Արևմուտքը նաև այս ձևաչափի առկայությամբ են պահպանում իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Անկախ այն բանից, որ երեք տերություններն ունեն տարբեր մոտեցումներ, սա այն հարթակն է որտեղ կարող են և՜ իրենց շահերը պաշտպանել, և՜ գալ բալանսի: Ահա թե ինչու են հօդս ցնդում ձևաչափը փոխելու Ադրբեջանի բոլոր փորձերը: Իսկ Ադրբեջանը անգամ սա չի գիտակցում: Ի դեպ Ադրբեջանը նաև մի շատ կարևոր բան չի գիտակցում, նրան թվում է, թե այս կամ այն երկիր կամ կառույց կարող են ճնշել Հայաստանին ու պարտադրել ՝ հանձնել Արցախը: Սա բացառվում է: Ի տարբերություն Ադրբեջանի՝ սա շատ լավ գիտակցում են հիմնական խաղացողները: Ասեմ ավելին՝ Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին չի բխում Ռուսաստանի շահերից: Եվ այս հարցում հայ- ռուսական դաշինքը Հայաստանին զերծ է պահում նաև նման պարտադրանք-ճնշումներից, ինչպես եղավ Հարավսլավիայում, երբ ստիպեցին ու բաժանեցին:
Մեզ այդ վտանգը չի սպառնում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












