Գյումրիի սպանության գործում ավարտվել է իրավաբանությունը և սկսվել է իրավական սպեկուլյացիայի փուլը. Փաստաբան
«Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարությունը՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձի վերաբերյալ, որոշակի շփոթություն է առաջացրել հենց հայ իրավապահ մարմինների շրջանում, անսպասելի էր, ռուսական կողմից անակնկալ է մատուցվել, որ չեն պատրաստվում հանձնել այդ անձին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով, իրականում Հայաստանի տարածքում տեղի է ունեցել առանձնապես ծանր հանցագործություն, որը ենթադրում է, որ պետք է հարուցվի քրեական գործ, ընթանա նախաքննություն, պարզվեն մեղավորները, նրանց ենթարկեն պատասխանատվության Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Թվում էր՝ ոչ մի արտառոց բան չկա: Սակայն կասկածելի է ոչ միայն ռուսական կողմի հիպերշահագրգռվածությունը, որ ռուս զինծառայողին չհանձնեն հայ իրավապահներին, այլ նաև հայկական կողմի նույնքան հիպերլռությունը»,- ասաց փաստաբանը:
Միաժամանակ Ն. Նորիկյանը շեշտեց, որ Ռուսաստանի Սահմանադրությունը գործում է Ռուսաստանի տարածքում. «Հայաստանի տարածքում Ռուսաստանի Սահմանադրությունը որևէ լիազորություն չունի: Այդ հոդվածին հղումն անհասկանալի է ինձ համար»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտել էին սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հիմնական կասկածյալն է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զորքերի թիվ 102 հենակետի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հունվարի 13-ի գիշերը Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մոտակայքում հայ-թուրքականը սահմանը հատելիս ռուս սահմանապահներն բռնել են նրան: ՀՀ գլխավոր դատախազության նախօրեին տարածած հայտարարության համաձայն. «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը՝ համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:
«Այս պահի դրությամբ այս գործում ավարտվել է իրավաբանությունը և սկսվել է քաղաքական որոշման արդյունքում իրավական սպեկուլյացիայի փուլը, որի մեկնարկը տրվել է դատախազության հայտարարությամբ, որն ինձ համար բովանդակային առումով անընդունելի է»,- ասաց Ն. Նորիկյանը:
Նա նշեց, որ ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրով, եթե հանցագործություններն ու իրավախախտումները ՀՀ տարածքում կատարվում են ռազմակայանի անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների կողմից, կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են ՀՀ իրավասու մարմինները, բացառությամբ երեք դեպքի, իսկ Գյումրիում կատարված հանցագործությունն այդ բացառությունների մեջ չէ: Միաժամանակ փաստաբանը մեջբերեց ՀՀ Քրեական օրենսգքրի 14-րդ հոդվածը, որի համաձայն՝ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասախանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, ՀՀ տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը սկսվել, շարունակվել կամ ավարտվել է ՀՀ տարածքում:
«Ի՞նչ կապ ունի և ի՞նչ իրավազորություն ունի անկախ և ինքնիշխան Հայաստանի տարածքում Ռուսաստանի Սահմանադրությունը և նրա 61-րդ հոդվածը:
Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները մինչև ատամները զինված շրջում Գյումրիում, «որոնում» հանցագործության ենթադրյալ կատարողին:
Ո՞ր իրավական հիմքով է հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերվելուց հետո անմիջապես տեղափոխվել ռուսական բազա»,- հարցադրումներ արեց փաստաբանը:
Ն. Նորիկյանը նաև նշեց, որ «Սահմանապահ զորքերի» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, սահմանապահ զորքերը հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալած անձին պետք է պահեն սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված շինությունում, կամ հանձնեն ՀՀ ԱԱԾ-ին կամ ոստիկանությանը, այլապես ենթարկվում են պատասխանատվության:
«Ի վերջո ինչո՞ւ առաջացավ գլխավոր հարցը՝ ո՞վ պետք է իրականացնի նախաքննությունը: Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի իշխանությունների այս նախանձնախնդրությունը քրեական գործի հետագա ընթացքն իրենց վերահսկողության տակ վերցնելու առումով»,- կրկին հարցադրումներով հանդես եկավ փաստաբանը:
Նա հիշեց կոնկրետ դեպքեր, երբ կրկին նույն ռազմաբազայի զինծառայողները քրեական հանցագործություն էին կատարել և պատասխանատվության էին ենթարկվել ՀՀ օրենքների համաձայն:
«Պատասխանը մեկն է. որոշումը՝ այս գործի հետագա նախաքննությունը պետք է իրականացվի ոչ Հայաստանի իրավասու մարմինների կողմից, ընդունվել է Հայաստանի տարածքից դուրս: Ցավոք, մեր պետությունն ի զորու չէ շրջանցել այդ որոշումը, ինչը նշանակում է՝ վտանգված է Հայաստանի Սահմանադրության առաջին հոդվածը՝ ինքնիշխանության առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է միասնական դիրքորոշմամբ հանդես գան:
Փաստաբանը վերապահումով է մոտենում, որ ռուս զինծառայողը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից:
«Նույնիսկ եթե այդպես է, «Սահմանապահ զորքերի» մասին Հայաստանի օրենքով, ՀՀ տարածքում ծառայություն իրականացնող զորքերը ենթարկվում են ՀՀ օրենքներին, ինչպես նաև՝ «Սահմանապահ զորքերի», «ՀՀ պետական սահմանի» մասին օրենքներով, պետական սահմանը խախտող ցանկացած անձի բռնելուց հետո սահմանապահը պետք է նրան հանձնի Հայաստանի իրավասու մարմիններին:
Որքանո՞վ են սպառվել իրավական ճանապարհները հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ռուս զինծառայողին Հայաստանին հանձնելու համար: Փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց. «Սպառված չեն: Հայաստանի իրավասու մարմինները պետք է ցուցաբերեն սկզբունքայնություն և միջպետական, երկկողմանի կնքված համաձայնագրերի շրջանակում կոնկրետ պահանջ ներկայացնեն՝ ռուս զինծառայողին հանձնել հայկական կողմին»:
Panorama.am












